Արճէշի ընդհանուր ջարդի ժամանակ զոհ գնաց Ռուբէն Դերձակեանը, մէկը տաճկահայի ազատագրութեան համար զէնք վերցնող ամենաառաջին մարտիկներից: Նա յայտնի էր Փայլակ, Բժիշկ անուններով: 1912 թւից ի վեր նա ապրում եւ գործում էր Արճէշում:
Ռուբէն Դերձակեանը բուն մշեցի էր, ազատ եւ ըմբոստ երկրի զաւակ: Նա ամէն բանից բարձր էր գնահատում ազատութիւնը, եւ շատ վաղ նետւեց յանուն այդ ազատ կեանքի մղւող վտանգաւոր, բայց գրաւիչ պայքարի մէջ: Տեղական տարրական դպրոցում ստանալով իր սկզբնական կրթութիւնը՝ նա ճանապարհւում է Կ. Պօլիս, ուր շարունակում է իր ուսումը:
Գեղեցիկ Պօլիսը գրաւիչ չէր մշեցի վառվռուն եւ ազատական գաղափարկներով տարւած երիտասարդի համար: Ութսունական թւականների վերջերին սկսւել էր նոր շարժում, գեղեցիկ յոյսերի եւ ակնկալութիւնների շրջանը, միանգամայն գրաւիչ երիտասարդ եւ ազատ հոգիների համար: Տաճկահայկական հարցն էր դրւած հրապարակի վրա: Ուժեղ կերպով ցնցւել էր ռուսահայ մտաւորականութիւնը: Ռուբէն Դերձակեանը թողեց սիրուն քաղաքը, անցաւ Կովկաս եւ միացաւ Սարգիս Կուկունեանի խմբին: Նա էլ ենթարկւեց նոյն ճակատագրին, ինչ նրա մեծ առաջնորդը:
Յետոյ նրան մի կերպ յաջողւեց փախչել աքսորավայրից եւ իրեն ձգել Պարսկաստան, Թաւրիզ: Հաստատւելով վերջնականապէս Ատրպատականում՝ Ռուբէն Դերձակեանը դարձեալ նւիրւեց իր սիրած գործին, իր փայփայած իդէալի իրագործման: Նոյն վառվռուն եւ հաւատացող մարդն էր՝ մեծ ճանապարհի վրա: Երկար տարիների շարքը, տաժանելի կեանքը ոչինչ լաւ բան չէր ոչնչացրել նրա մէջ:
Ատրպատականի զանազան վայրերում, Թաւրիզում եւ Սալմաստում, Խօյում եւ Մակւում, նա գործեց երկար տարիներ, մինչեւ 1912 թիւը, բոլորովին հաւատարիմ իր երիտասարդութեան փայփայած գաղափարների: Այստեղ նա յայտնի էր առհասարակ Փայլակ անունով: Իսկ Խօյում նա ստացաւ նաեւ Բժիշկ անունը: Նա դեղագործ էր, հետեւապէս, յաճախ ժողովրդի օգնութեան էր գալիս նաեւ որպէս բժիշկ եւ բուժում հիւանդներին: Այս երեւոյթը շատ բնորոշ է մեծ ճանապարհի վրա գործող մարդկանց համար: Այդ խորհրդաւոր մարդիկ ամէն ինչ, ամենագէտ պէտք է լինէին: Այդպէս էր նայում նրանց վրա ժողովուրդը: Նրանք պէտք է կարողանային դարման անել ժողովրդի բոլոր ցաւերին: Իսկ Փայլակը արդէն որոշ մասնագիտական պատրաստութիւն ունէր դրա համար:
Ռուբէն Դերձակեանը միշտ էլ մնալով պայքարի դերի մէջ՝ ընկաւ մեծ ճանապարհի վրա, բայց ընկաւ անփառունակ մահով:
Նոյն այդ անփառունակ մահով, Արճէշի կոտորածին մեռաւ նաեւ Տէր-Եղիշէն, որ Ատրպատականում եւ առհասարակ յայտնի էր չարւադար Յակոբ անունոբ: Բայց նա սովորական «չարւադար»ներից չէր. նա չարւադար էր մեծ ճանապարհի վրա, նա Յեղափոխութեան եւ Դաշնակցութեան չարդաւարն էր: Եւ նա պարծենում էր այդ խորհրդաւոր տիտղոսով: