Արեան ալիքը տարածւում է... Բագւից նա անցաւ Երեւան, եւ այժմ Հին-Նախիջեւանն է՝ իր շրջակայ գիւղերով, որ դարձել է քաղաքական ընդհարման բեմ, ներկւած հարեւանների արիւնով եւ բռնկւած մոլեռանդութեան կրակով:
Իշխան Գօլիցին, ապաստանած Պետերբուրգ, ուր նա կայսերական սիրելիների շարքն է դասւել, եւ իշխան Նակաշիձէ, ապաստանած գերեզմանատանը, ուր նրան տէռօրիստի արդարադատ բազուկը տեղաւորեց, երկուսն էլ կարող են պարծենալ իրենց գործով, իրենց դաւերի հսկայական արդիւնքով: Արժանաւոր աշակերտներ սուլթան Համիդի, ներշնւած նոյն ատելութեամբ դէպի ըմբոստ ժողովուրդը, նոյն թոյնով դէպի «անհանգիստ» հայութիւնը,– այդ ոճրագործորները արեան դարագլուխ բաց արին այն երկրի ծոցում, ուր աշխատաւորի քրտինքը խոպան հողն էր մշակում եւ համերաշխութիւնը ծաղկում անարգել...
Հիասթափւած փետրւարեան դէպքերի արդիւնքից Բագւում, աւելի եւս Երեւանի մէջ, թիւրք-հայկական ընդհարումներ պատրաստողները իրենց աչքերը դարձրին դէպի Նախիջեւանի գաւառը, ուր զօրեղ է մահմէտական տարրը, ուր պարսկական հարեւանութեան շնորհիւ, մահմետականութիւնը կարող է «հրաշքներ» գործել եւ անպատիժ կերպով արիւն ու կրակ տարածել հայ ազգաբնակութեան թոյլ մասերում:
Կոտորածը վաղուց է պատրաստւած եղել:
Դեռ մայիսի 10-ին, Երեւանից, բաւական կասկածելի աղբիւրից բղխած մի հեռագիր ահա այսպէս էր նախագուշակում իրերի վիճակը Նախիջեւանի կողմերում.
«Բագւի դէպքերից յետոյ, Նախիջեւանի թիւրքերը ամէն ջանք գործ են դնում՝ լաւ յարաբերութիւններ պահպանելու հայերի հետ: Մահմէտականների կողմից ոչ մի առիթ չի տրւել՝ ազգայնական հողի վրայ, մինչդեռ մայիսի 6-ին, հինգ հայեր ատրճանակի հարւածներով սպանեցին մի թիւրք, որ երեկոյեան աղօթքն էր անում: Մայիսի 9-ին, Շխմահմուտ գիւղի հայ բնակիչները սպանեցին երկու թիւրք մեծ-ճանապարհի վրայ: Թմբուլ գիւղում սպանւեց մի մահմէտական: Երևանի մօտ թիւրքահպատակ հայերը մահացու վէրք տւին մի մահմէտաանի, որը քիչ յետոյ մեռաւ: Գրգռումը Նախիջեւանի մէջ ահագին է. ազդեցիկ թիւրքերը հազիւ են կարողանում զսպել ժողովրդական ցասման բռնկումը: Տրամադրութիւնը աղմկայոյզ է: Եթէ հայերը չդադարեցնեն իրենց յարձակումները թւիրքերի վրայ, մասսային կոտորածները ամբողջ նահանգի մէջ շատ հաւանական են: Եւ կարգը վերահաստատելու համար՝ ոստիկանական եւ զինւորական եղած ուժերը բաւական չեն լինի»...
Այդ հեռագիրը գալիք կոտորածի մարգարէացումն էր: Եւ այն մարդիկ, որոնք ներշնչել են այդ տեղեկագիրը, դեռ մայիսի սկզբին քաջ գիտէին, որ մասսային ջարդ տեղի պիտի ունենայ Նախիջեւանի կողմերում, ինչպէս եւ այն, որ «ոստիկանական եւ զինւորական ուժերը բաւական չեն լինի» կարգը հաստատելու համար:
Եղեռնը տեղի ունեցաւ:
«Նախիջւանի կոտորածը – ասում է Թիֆլիսից Պարիզի մամուլին ուղարկւած հեռագիրը – Բագւի ջարդից էլ աւելի սոսկալի է: Հայերի բոլոր խանութները թալանւած եւ այրւած են: Կոտորածը տարածւում է հարեւան գիւղերի վրայ: Քաղաքը պաշարման վիճակի մէջ է: Ոստիկանութիւնը աջակցութիւն չէ ցոյց տալիս զոհերին: Հայերի վիճակը ողբալի է»:
Ահա ուրեմն մի արիւնոտ Ուրֆա, մի Ակն, մի Էրզրում, մի Այգեստան՝ տեղափոխւած Անդրկովկաս, այն վայրերը, ուր սաւառնում է քրիստոնեայ «բարեխնամ» ցարի հոգին, ուր իբր թէ չէ հասնում Համիդի արիւնոտ ձեռքը եւ նրա գործակալների սեւ պրօպագանդը...
Եւ որպիսի՜ նշանակալից զուգադիպութիւն...
Նոյն օրերին, երբ կովկասեան գլխաւոր քաղաքներում՝ յափշտակւած ուղերձներով Վօրօնցօվ-Դաշկօվի մուտքն է ողջունւում, երբ նրա գալստեան մէջ ամբողջ Կովկասը երազում է տեսնել իր հանգիստն ու երջանկութիւնը, նոյն այդ օրերին՝ Նախիջևանի գաւառը դառնում է համիդեան դէպքերը թատերաբեմ, պատրաստւած Գօլիցինի հոգեզաւակներով, ցարի ոստիկանութեան նենգամիտ աջակցութեամբ:
Պատահականութի՞ւն է այս, թէ՞ ծրագիր:
Մեր կարծիքով՝ ծրագիր: Ցարի կառավարութիւնը, հակառակ իր ջանքերին, անկարող է թագցնել, որ՝ Կովկսի արդի տագնապի միջոցին, նա ձգտում է, նոյնիսկ ոճրագործութեան գնով, կանգնեցնել մոլեռանդ, հակայեղափոխական թիւրք տարրը՝ հայերի եւ վրացիների դէմ, իբրեւ մի վստահելի փականք կամ զօրեղ միջոց: Եւ տարաբախտաբար, այդ նենգամիտ միջոցը, հակառակ համերաշխութեան այնքա՜ն ջերմ կոչերին, աջողութեան բացարձակ նշաններ ունի...
Դիւրահաւատ եւ քաղաքանապէս անհասուն թիւրք տարրերի համար միապետական թակարդը՝ անտեսանելի է: Մի քանի խօստումներ, որոնք տրւեցին մահմէտական պատգամաւորութեանը Պետերբուրգում, այլեւ «բարձրաստիճան» ժպիտները, որոնց արժնանում են թիւրք ազդեիկները կովկասենա գլխաւոր քաղաքների մէջ, բաւական են շոյելու թիւրք ազգաբնութեան ինքնասիրութիւնը եւ կանգնեցնելու նրան այն ժողովրդի դիմաց, որը նա բախտակիցն է եղել պատմութեան ընթացքում եւ նրա ընկերը պիտի լինի՝ գալիք մեծ ու ծանր օրերին...
Ահա ածխացած դիակներ, տներ՝ թալանի ենթակայ, ահա աւերակ գիւղեր, արիւն, արտասուք, ահա հարեւան ըահրեւանի դէմ, երկրացին՝ երկրացու կրծքին չոքած.- այդ ողբերգական պատկերը, գիտենք, հրճւանք պիտի պատճառէ Եըլդըզի Մեկնակեացին, որ այդ ծրագրի անդանիկ ստեղծագործողն է, եւ նրա «քրիստոնեայ» գործակիցներին, որոնց անունն է՝ Նիկօլայ եւ Գօլիցին: Խաղաղ եւ անմեղ ժողովրդի այդ դաւադիր ջարդը,– այդ էլ գիտենք – նոր յոյսեր պիտի տայ ցարի ոստիկանութեան՝ նոյնպիսի փորձեր անելո եւ այլ կէտերում, ուր փոքրաթիւ եւ անպատրաստ է հայ ազգաբնութիւնը.– սակայն այդ բոլորը անվերջ չէ եւ ոչ էլ մշտական աջողութեամբ պսակւելու բախտով օժտւած...
Պատիժը խիստ կը լինի եւ անողոք:
Պլէվէ, Բօբրիկօվ, Անդրէեվ, Բըկօվ, Նակաշիձէ նոյնպէս իրենց երազում էին մեծազօր եւ ամենակարող, երբ դժոխային դաւեր էին սարքում, երբ մի ժողովուրդ միւսի դէմն էին հանում՝ որպէս զի արեան եւ արտասուքի մէջ խեղդեն ազատութեան ծիլը եւ ըմբոստների արդար աղաղակը:
Նրանք արժանի պատիժը կրեցին:
Նոյն պատիժը, հատուցման միակ միջոցը, որ բռնապետութեան սահմաններում տրւած է մարտական-յեղափոխութեանը, կը հասնի եւ նրանց յաջորդներին – այն անորակելի ոճրագործներին, որոնք ցանում են ատելութիւն, կռիւ, ջրադ, արիւն, դիակներ...
Իսկ դու, հայ մարտիրոս ժողովուրդ, որ վաղուց կրում ես ազատագորւթեան ծանր լուծը՝ կոյր եւ ապերախտ հարեւանների ծոցում, հեռու վանիր քեզանից յուսահատ ու սեւ մտքերը: Արիւնը թող վախ չ'ազդէ քեզ: Հաւատարիմ մնացիր քո կոչման, քո պատմական դերին, անցիր զոհերի վրայից, ու զէնքը ձեռքիդ՝ ծառացիր թշնամուդ առաջ: Այդ զոհերը՝ քո մեծութեան պատւանդանն են:
Նոր զոհերը՝ նոր կռիւ են պահանջում: