11 May, 2025

Դէպքերի Նկարագրութիւնը. Նախիջեւանի Գաւառ

Պետերբուրգ, 13 մայիսի

Անդրկովկասից ստացւող լուրերը վրդովեցուցիչ են:

Հայ-թիւրքական ընդհարումները դաւադիր ծրագրի արդիւնք պէտք է համարել անկասկած: Պարսկաստանից թիւրք եւ քիւրդ հրոսակախմբերի սահման անցնելը եւ յարձակումներ գործելը – ապացոյց է, որ տեղական իշխանութիւնը ոճրագործութեան հասած անտարբերութեան է հասել:

Բագու, 13 մայիսի

Նախիջեւանի ջարդը սկսւեց մայիսի 12-ին, միաժամանակ քաղաքում եւ գիւղերում: Քաղաքում կողոպուտի է ենթարկւած միայն բազարը, ուր գտնւող հայերին սրի անցկացրին: Քչերը կարողացան ազատւել: Առ այժմ գտնւած են մօտ երեսուն դիակներ, որոնց թւում Կարապետ Ադամօվի, նրա փեսայի, գործակատարի, երեք Խալաթեանների: Տեղական իշխանութիւնը անգործութեան աններելի նշաններ ցոյց տւեց: Զօրքը վրայ հասաւ երկու ժամ յետոյ միայն եւ բաժանւած զօրախմբերի՝ տեղ բռնեց թաղերի մէջ: Լուրերին նայելով զոհերի թիւը հարիւրից աւելի է: Ջահուկցիների եւ միւս հայ գիւղերի դրութիւնը ծանր է: Զոհերի թիւը որոշ չէ: Շխմահմուտ գիւղում հաւաքւել են Նազարապատ, Դիզի, Ուզունօբա, Դիդուվար, Խալիլու, Քիւլթափա գիւղերի բնարկիչները: Քաջիվար գիւղը այրել են:

Երեւան, 14 մայիսի

Նախիջեւանի առաջին սպանութիւնը պատահում է այսպէս.– մի թիւրք անյայտ չարագործենրի ձեռքով սպանւում է քաղաքի ծայրում, Ալիապատ հայ գիւղի ճանապարհին: Թիւրքերը սպանութիւնը անպայման հայերին վերագրելով, գրգռւում են հայերի դէմ: Մի քանի մութ անձինք դիտմամբ կրակի վրայ իւղ են ածում: Դէպքը տեղի է ունենում երեկոյեան ժամը 9-ին. իսկ առաւօտեան թւիրքերը օր ցերեկով սպանում են մի բոլորովին անմեղ հայի: Նոյն օրը ճաշին վիրաւորւում է մի ուրիշ հայ. յետոյ երրորդը: Միւս օրը Ջահուկ գիւղի թիւրքերը, Շխմահմուտ հայաբնակ գիւղից անցնելիս, իրենց տաւարները հայերի արտերի մէջ են բաց թողնում, որի պատճառով թիւրքերի ու մի հայի մէջ կռիւ է ծագում. հայը թիւրքերից մէկին սպանում, իսկ միւսին վիրաւորում է: Սպանւած թիւրքի համագիւղացիները, վրէժխնդրութեամբ լցւած, մի քանի հարիւր անձով (մեծամասնութիւնը զինւած) լցւում են ոստիկանատուն բողոքելու եւ հետեւանքին չսպասած՝ յետ են վերադառնում եւ Չխմահմուտի ամբողջ հօտը քշում, տանում: Տեղի է ունենում փոխադարձ կատաղի հրացանաձգութիւն: Այդ դէպքից յետոյ արդէն թիւրքերի կազմակերպւած յարձակումը տեղի ունեցաւ: Երէկ ահագին քանակութեամբ թիւրքեր մի հայի տան վրայ յարձակւեցան: Նոյն գիշերը զինւած թիւրքեր Խալիլու հայ գիւղը մտնելով՝ ամենաբարբարոսաբար կտոր-կտոր են անում հարուստ Խաչատուր Բաբասեանին իր կնոջ եւ մօր հետ: Միւս գիւղերից եկող լուրերը նոյնպէս շատ ծանր են:

Թիֆլիս, 14 մայիսի

Ուշադրութեան արժանի է այն հանգամանքը, որ Նախիջեւանի հայերն էլ, ինչպէս ուրիշ դէպքերում, զոհ եղան խաբէութեան: Նախիջեւանի քաղաքային աւագը, Ռահիմ խան Նախիջեւանցին, դիմելով հայերին, որոնք զգուշութեան համար խանութները չէին բանում, յորդորում, աղերսում է նրանց գնալ իրենց գործին, բաց անել խանութները, հաւատացնելով, որ խաղաղութիւնը վերջնական է եւ ինքը երաշխաւոր է ապահովութեան համար: Հայերը հաւատում են եւ գնում շուկայ: Հէնց որ բաց են անում խանութները, անմիջապէս տեղի է ունենում թիւրքերի յարձակումը, կոտորած եւ հրդեհաձգութիւն: Թւիրք ամբոխը զինւած էր բերտաններով, ատրճանակներով եւ խէնջալներով: Մի՞թէ քաղաքային աւագը անպատիժ պիտի մնայ այդ գարշելի վարմունքի համար:

Երեւանի, 16 մայիսի

Նախիջեւանի եւ շրջակայ գիւղերի հայերին հասած սարսափներն ու թշւառութիւնները նկարագրել անկարելի է: Թեմական առաջնորդից եւ ուրիշ անձերից ստացւած հեռագիրների համաձայն՝ քաղաքում սպանւած եւ վիրաւորւած հայերի թիւը 100-ից աւելի է: Վեց հոգի այրւած են: Գիւղերում տեղի են ունեցել սպանութիւնները, կողոպուտ, հրդեհաձգութիւններ: Մի քանի գիւղերից անասունները քշել տարել են: Գիւղացիներից շատերը ամէն ինչ թողնելով, հաւաքւում են քաղաք: Կարիքը ծայրայեղ է: Անհրաժեշտ է շուտափոյթ եւ լայն նիւթական օգնութիւն: Թէ ինչո՞ւ մինչեւ հիմա զօրք չէ ուղարկւած – մնում է գաղտնիք: Յարձակում գործեցին նոյնիսկ եկեղեցիների եւ վանքերի վրայ:

«ԴՐՕՇԱԿ»
Յուլիս 1905, Թիւ 7 (160)