Ամենավառ ճրագն էր,
որ մարեց Իրանի գորշ ճորիզոններում, եւ գիշերն իջաւ երկրի վրայ – մռայլ, անաստղ, գերեզմանային
գիշերը:
Մահւան ղօղանջն անցաւ,
ռումբի աղէտաւոր որոտի պէս, Պարսկաստանից դէպի հայկական ամենահեռաւոր վայրերը, եւ բոլոր
սրտերը ճմլւեցին, բոլոր աչքերը շշմոլոր, ապշահար հայեցին իրենց շուրջը, որպէս մի վատ,
անողորմ երազի մէջ, մի անհաւատալի եւ սոսկալի անակնկալի հանդէպ: Որովհետեւ Եփրեմը թւում
էր անմահ, որովհետեւ ազատ, մարտնչող Պարսկաստանը աներեւակայելի է առանց Եփրեմի...
Բօթը կանգ չ'առաւ Արեւելքի
սահմաններում: Նա գնաց դէպի լուսաւոր աշխարհի բոլոր կողմերը՝ ծանուցանելու ազատասէր
եւ ռամկավար մարդկութեան, որ մի անսովոր մրադ է գերեզման իջնում, մէկը կլասսիկ եւ տիպար-հրամանատարներից,
որոնց նմանները խիստ սակաւ են ծնունդ առնում ժողովուրդների ծոցից...
«Արեւելքի Դանտօնը»
– ասացին ոմանք: Հայկական Գարիբալդի, Կրօմբէլ, Բօնապարտ – ասացին ուրիշները:
«Իրանի ճակատագիրը
անդարմանելի արւած կրեց» – ասացին ոմանք:
«Իրանը կորցրեց իր
ամենամեծ մարդուն, նրա միջազգային կացութիւնը վտանգի մատնւեց» – ասացին ուրիշները:
Եւ բազմաթիւ յօդւածներ,
եւ խանդավառ ներբողներ, եւ ցաւագին ափսոսանք... Ամբողջ համաշխարհային մամուլը:
Պարսկաստանը, այո՛,
կորցրեց իր մեծագոյն ռահվիրային եւ նրա առջեւ մէկէն ի մէկ բացւեց անյայտութեան մութ
անդունդը: Քանի՜ անգամ նրա մանուկ ազատութիւնը տագնապի ու կորստեան վիճն էր հասել –
եւ ամեն անգամ Եփրեմը հանդէս է եկել, իբրեւ փրկութեան խարիսխ, իբր ազատարար հրեշտա:
Քանի՜ անգամ ռէակցիայի վայրենի խաժամուժը նեղն է գցել սահմանադրական կառավարութիւնը
– եւ ամեն անգամ նա կոչ է արել հայ ռազմավարի բազուկին եւ ուղեղին...
Ոչ ոք, սակայն, չի
կարող այնքան ուժով զգալ, ապրել այդ ահաւոր կորուստը, ինչպէս հերոսին ծնունդ տւող ժողովուրդը
եւ կուսակցութիւնը:
Մի ահագին ստւեր իջաւ
հայկական կեանքի վրայ, մի ահագին ճեղք բացւեց «Դաշնակցութեան» պատնէշի մէջ:
Ամենից շատ մենք էինք
թերահաւատ... Ընդամենը մէկ շաբաթ էր, ինչ ստացել էինք իր լակօնիկ հեռագիրը.
«Սալար Դօվլէի դէմ ղրկւած կառավարական առաջին բանակը
ջախջախւել է, Սալար Դօվլէն սպառնում է Համադանին, այսօր գնում եմ նրա դէմ»...
Գնում էր պատերազմի
դաշտ: Յոռետեսութեան մի շեշտ կար մեր թանկագին ընկերոջ այդ վերջին հեռագրի մէջ. ասես
արդէն գուշակում էր գալիքը:
Գնաց, յաղթեց եւ յաղթւեց...
Զոհ գնաց իր յաղթանակին, իր դանտօնեան յանդգնութեան:
«Եփրեմը անհամբեր առաջ է նետւում եւ իսկոյն զարնւում»
– այսպէս է հեռագրում մեզ Հ. Յ. Դաշնակցութեան Թեհրանի մարմինը:
Ինչպէ՞ս հաւատայինք
հեռագրական գործակալութեան: Առաջին անգամը չէր, որ լսւում էր այդ մահգոյժը: Մի քանի
անգամ տարածւել էր նա – եւ հերքւել: Ինչպէ՞ս հաւատայինք... Իրանի ռազմադաշտերը այնքա՜ն
անգամ հիւրընկալ էին անզուգական ռազմիկին, այնքա՜ն գոռ ու վտանգալի արկածների էր հանդիպել
նա – եւ ամեն անգամ ճողոպրել էր յաղթանակի շքեղ դափնիներով... «Կը ճողոպրի եւ այս անգամ – մխիթարում էինք
ինքզինքնիս – Եփրեմի չի սպանւի, Եփրեմը անխոցելի
է»...
Վաղուց ժողովրդական
հիպերբօլիկ լեզուն աւել է նրան այդ ածականը: Վաղուց, դեռ առաջին իր յաղթական քայլերից,
նա հռչակւել էր դիւցազնական, առասպելական գծերով: Եւ ժողովուրդը իչ խաբւում, նա զուր
տեղը չի «դիւցազնացնում»: Նրա բնազդը չափազանցնում է, բայց իսպառ չի մոլորւում եւ չի
կեղծում: Նա սիրով հնարում է, բայց հնարում է ոչ բոլորը: Վառւած երեւակայութիւնը մէկէն ի մէկ – մի մարդու կամ մի անցքի
ուժգին տպաւորութեան տակ – ստեղծում է «հրաշքներ», որոնց նա առաջինն է հաւատում անկեղծօրէն
եւ որոնք վաղ թէ ուշ դառնում են մասամբ իրողութիւն:
Եւ հաւատը վարակիչ
է: Եւ միմիայն ժողովուրդը չէ, որ յափշտակւում է, լեգենդացնում: Բոլոր նրանք – հայ եւ
օտար – որ տեսել են հերոսին կռւի ատեն կամ խաղաղ կենցաղի մէջ, ընտանեկան, ընկերական
օճախում, տրամադիր են օժտել նրան արտակարգ յատկանիշներով: Բոլորն էլ – ինտելիգենտ եւ
անուս – վկայում են, որ նա ոչ միայն կոչւած, տաղանդաւոր հրամանատար էր, ոչ միայն աներկիւղ, հերոսական մարտնչող, որ գիտէ կանգնել միշտ առաջին շարքերի մէջ, որ գիտէ անայլայլ
վճռականութեամբ նետւել միշտ կռւի ամենաեռուն կենտրօնը, այլ որ նա միաժամանակ եւ աննման
ռազմագէտ էր, օժտւած գործնական մի անվրէպ
բնազդով, յօրինող պատերազմի լաւագոյն ծրագիրների, ժողովներում սակաւախօս, բայց խոհուն
եւ ներհուն, նրա ճառերը հակիրճ, նրա խօսքը կտրուկ հեղինակաւոր եւ համոզիչ, ամենաբարդ
խնդիրները արագօրէն լուծող, ամենաբուռն վէճերը արագօրէն հարթող...
Գործի մա՜րդն էր, որ չէր սիրում երկար-բարակ վիճաբանել. ռազմի անյագ
եւ անհանգիստ ոգին էր, որ շարունակ փնտրում էր նոր արկածներ ու վտանգներ. նա կեանքը
վայելում էր այդ մահացու վտանգներում, գնդակների տարափի տակ, նա բախտը որոնում էր կռւի
ուրագանի եւ զէնքի ժխորի մէջ...: Նա պէտք ունի անդադրում յոյզերի ու շարժումների, նրան
պէտք են ազատ օդ, լայնածաւալ կրկէսներ՝ ըստ կարելւոյն մեծ, ահեղ, նապօլէօնեան ճակատամարտներ
մղելու համար: Պատերազմի դաշտի վրայ նա դիւթական ուժ ունի. կրկէսը շնչում է նրանով,
գետերն ու դաշտերը ժտպւմ են նրան՝ յաղթանակի յոյսերով, բանակը վառւում է, ելեքտրանում
նրա ներկայութեամբ, տարածւում է խինդ ու բերկրանք, յաղթանակի վստահութիւն – եւ թշնամին
յաճախ նրա անունը լսելուն, նրա հայեացքը տեսնելուն պէս՝ դեռ կռիւը չսկսւած, փախչում
է սարսափահար...
Ահա թէ ում կորցրինք:
Այդ լայն ճակատը եւ այդ վսեմ, փայլատակող նայւածքը չունին ոչինչ լանկթամուրեան: Գոռոզ,
այո՛, եւ դժնդակ՝ ազատութեան թշնամու հանդէպ – այդ հայեացքի մէջ ցոլում է սակայն գաղափարային,
ասպետական վեհանձնութիւնը. մոլեգին եւ ահարկու ռազմիկը մի մեղմ, բարի եւ հեշտարար ոգի
էր, տոգորւած իր վսեմ պարտքի գիտակցութեամբ, ներշնչւած բացառապէս աշխատաւոր եւ տառապող
ժողովրդի շահերով, որոնց եւ նւիրաբերել էր իր թանկագին կեանքը, պատանեկութեան օրերից
ի վեր:
Հաշտարար ոգի... Քանի՜
անգամ կատարել էր այդ նւիրական պաշտօնը ազատութեան բանակում իսկ, պարսիկ, բախտիար հրամանատարների
վերաբերմամբ... մի բիրտ ու ապերախտ միջավայրում՝ ուր գաղափարական, անշահախնդիր գործիչներին
պէտք է փնտրել դիօգենեսեան լապտերով:
Դաշնակցական հրամանատարը
իր մի բուռն կտրիճներով անշահախնդիր գաղափարայնութեան կրողն եղաւ մի քանի տարի շարունակ,
այդ բարոյական ամայութեան մէջ: Ազատագրել մի մեծ երկիր, որ հինաւուրց քաղաքակրթութեան
օրրաններից է, փրկել բազմամիլիօն մի ժողովուրդ ասիական վայրենի եւ սանձարձակ բռնապետութիւնից
եւ շաղկապել երկու դարաւոր դրացիներին – հայ եւ պարսիկ, քրիստոնեայ եւ մահմեդական –
համերաշխութեան, համաքաղաքացիութեան սերտ կապերով, կենդանի օրինակ տալ ամբողջ իսլամ
աշխարհին, մասնաւորապէս Թիւրքիային,– ահա նրա մեծ նպատակակէտը եւ նրա տիրական բաղձանքը:
Գաղափարի ռահվիրայ
– եւ համեստ ռահվիրայ: Նա հեռու մնաց այլասեռող գայթակղութիւնից, նրան երբէք չշլացրին
դիրքը, պատիւը, տիտղոսը եւ այն ընդհանուր գինովութիւնը, այն խանդավառ ու մեծադղորդ
ովսաննաներն ու յաղթական կամարները, որով ամբողջ մայրաքաղաքը դիմաւորում էր հերոսին՝
պատերազմի դաշտերից վերադառնալիս:
Պատի՜ւ մեր ֆէդայիներին:
Քիչ չեն նրանց շարքերում այդօրինակ մարդկային համեստութեան ու ազնւութեան, որ կրկնապատկում
է նրանց արժէքն ու թովքը:
Եթէ Հ. Յ. Դաշնակցութեանը
պատմականօրէն վիճակւած էր դուրս հանել բազմաչարչար ժողովրդի արգանդից բոլոր ռազմական
կորովներն ու հիւթերը եւ պատրաստել նրա ռըվանշ-ազատագրումը, ապա միւս կողմից, նրան
վիճակւած էր այդ ռազմական տաղանդների հետ միասին հասունացնել ու հրապարակ կոչել ցեղի
խորունկ ծալքերի մէջ մրափող ամենավեհ քաղաքացիական առաքինութիւնները, որոնք զարդարում
եւ գեղեցկացնում են կեանքը:
Պատի՜ւ մեր ֆէդայիներին:
Ահա մի շքեղ պլէադ, մի փառահեղ բոյլք ուրիշ քաջերի, որ հանգուցեալ զօրավարի հետ երկար
տարիներ վարել են ազատութեան դժւարին կռիւը եւ որ այսօր, նրա մահից յետոյ, շարունակում
են նոյն կռիւը մեր անվեհեր Քեռիի հրամանատարութեան տակ: Շարունակում են, անգմա այնպիսի
մի քաղաքական մթնոլորտում, ուր երկինքը բնաւ չի ժպտում, մասնաւորապէս հայոց դատին,
ուր յոյսերը դեռ նոր փթթւած դալկանում են, թառամում, ուր արտաքին միջամտութեան խարազանը
ցցւել է անողորմ ու սպառնական... Տղերքը շարունակում են իրենց կռիւը, ոգեւորւած, անշուշտ,
այն տարտամ յոյսով, թէ վաղ թէ ուշ իրենց ճիգերը կը պսակւին աջողութեամբ, թէ կը հասնի,
վերջապէս, այն օրը, երբ ազատ ու անկախ Իրանը, առանց ցեղի ու կրօնի խտրութեան, կը տօնէ
իր ներքին խաղաղ վերանորոգութեան տօնը: Եփրեմը մեռաւ... գուցէ նոյն յոյսով:
Յուզիչ մի բան կայ
– եւ խորհրդաւոր, նշանակալի բան – այդ յամառ, երկարատեւ ու առաջապահ կռւի մէջ, որ ստանձնել
են մի բուռ հայերը տասնեակ միլիօնաւոր ազբանակութիւն ունեցող մի երկրում, ուր հայութիւնը
մի փոքրաթիւ գաղութ է միայն...
Այդ գաղութ-ազգի շահերի
անունով բեմ նետւեց հինգ տարի առաջ մեր անփոխարինելի ընկերը եւ անցքերի գոռ ու յարաճուն
ալիքների վրայ աստիճանաբար բարձրանալով, դարձաւ մի ճշմարիտ, հոյատիպար ինտերնացիօնալիստ, հայ եւ պարսիկ ցեղերի մի
զօրաւոր շաղկապ եւ նորագոյն Պարսկաստանի ամենամեծ գործիչ:
Ցեղի աւանդական կօսմօպօլիտիզմը
– համաշխարհաքաղաքացիական բնազդը – միանգամ եւս երկնեց, ընծայելով մարդկութեանը իր
փարթամ ծնունդներից մինը, ստւարացնելով շարանը մեծ, հոյատիպ գործիչների, որոնք այլ
եւ այլ երկրներում, այլ եւ այլ ասպարէզներում վաստակել են համաշխարհային հռչակ...
Եգիպտոս, Ռուսաստան,
Պարսկաստան:
Նուբար փաշա, Լօրիս-Մելիքով,
Եփրեմ...
* * *
Լռեց: Զէնքի յաղթական
շաչիւնը մարեց դառնութեան արցունքների մէջ, որոտընդոստ ծափերը տեղի տւին հանդիսաւոր
ու պատկառոտ լռութեան: Անողոք մահապատանը խլացրեց ամեն ինչ իր ցուրտ կապանքներում...
Գնա՜ց անզուգական ռազմիկը,
իր երիտասարդ փառքի դափնինեորվ ծանրաբեռնւած, իր երկու հայրենիքի գուրգուրանքով շրջաապտւած:
Եւ այսուհետեւ, իբրեւ մի մեծ ստւեր, մի հզօր ուրւական, կը շարունակէ գերեզմանից իսկ
հսկել ազատութեան բանակի վրայ, քաջալերել, ոգեւորել...
Եփրեմը մեռաւ. Պարսկաստանը
պիտի ապրի՞...
«ԴՐՕՇԱԿ»
Ապրիլ 1912, Թիւ 4 (222)