Նորէն Հայաստանի դրօշակի
շուրջ վայնասուն է բարձրացած: Վէճ ու կռիւ Փարիզից մինչեւ Ուստր: Չեն ուզում, որ հանդէսների
ժամանակ ազգային դրօշակ ծածանի, օտար հասարակութեան առջեւ, չեն ուզում ներկայանալ սեփական
դրօշակով: Ուզում են մնալ անդրօշակ ժողովուրդ: Բոշա՛:
Մի թերթ նոյնիսկ,–
Ռամկավարների կենդրոնական բերանը,– առանձին տեսութիւն է հնարել: Դրօշակը, ասում է նա,
յատկանշում է կառավարութիւնները – կառավարութիւնը փոխուելուն՝ դրօշակն էլ կը փոխուի...
Այդ հաշուով Միացեալ
Նահանգները երկու դրօշակ պէտք է ունենան. մէկը՝ Հանրապետականների, միւսը՝ Դեմոկրատների:
Այդ հաշուով՝ Անգլիան երեք դրօշակ պէտք է ունենայ. Բոլդուինը ի՛ր դրօշակով պիտի գայ,
Լոյդ-Ջորջը՝ իր, Մակդոնալդը՝ իր: Իսկ Ֆրանսան հօ՛ տասնեակներով դրօշակ պէտք է ունենայ...
Մինդեռ ամէն տեղ մէ՛կ
դրօշակ կայ: Ինչո՞ւ: Որովհետեւ դրօշակը պետական նշան է եւ ո՛չ կառավարական, ազգային
եւ ո՛չ կուսակցական:
Դրօշակները փոխւում
են, երբ փոխւում են պետութիւնը եւ ո՛չ կառավարութիւնը: Դրօշակը կարող է փոխուիլ եւ
ա՛յն ժամանակ, երբ փոխւում է պետական կազմակերպութեան ձեւը, ռեժիմը: Կայսերական Գերմանիան
մէկ դրօշակ ունէր, Հանրապետականը՝ ուրիշ:
Փոխւում է դրօշակի
ձեւը, փոխւում են գոյները, գոյների դասաւորութիւնը, բայց դրօշակը չի երացւում: Ռեժիմների
փոփոխութեամբ էլ ազգային դրօշակը մնում է: Որովհետեւ դրօշակը խորհրդանիշ է ազգային
անկախ գոյութեան: Դրօշակը պետութեան ցուցանակն է: Անդրօշակ ազգ չկայ:
Հայաստանի դրօշակի
հակառակորդները ձեւի դէմ չէ, որ վիճում են: Եթէ նրանք ասէին, թէ եռագոյնը պէտք է փոխել
ուրիշ դրօշակով, ասածների մէջ դեռ խելք եւ իմաստ կը լինէր: Նրանց կռիւը, սակայն, դրօշակի
գոյութեան դէմ է: Եռագոյնը մերժում են, իսկ ուրիշ դրօշակ չեն առաջարկում – ասել է հակառակ
են Հայաստանի պետականութեան գաղափարին, ուզում են ապրել անդրօշակ: Բոշա՛:
Հասկանալի է բոլշեւիկների
պայքարը. մարդիկ եռագոյնի թշնամի են եւ առաջ են քշում Մոսկովի միագոյնը: Ուզում են
մոսկովեան դրօշով ծածկած պահել եւ Հայաստանը: Ռամկավարների՞ ուզածն ինչ է: Եթէ հանրապետական
դրօշակը ծալենք, մէկ կողմ նետենք, տե՞ղը ինչ պիտի դնենք:
Հայաստանի դրօշակի
հակառակորդների տխմարութիւնը հէնց այստեղ է. եռագոյնը չեն ուզում ճանաչել, իսկ ուրիշ
դրօշակ չունին: Փոխանակ ձտելու սեփական դրօշի, ուզում են ապրել անդրօշակ: Ազգային գիտակցութեան
ամենանախնական, ցա՛ծ աստիճան է այս...
Քանի նոր դրօշակ չունիք,
պարոննե՛ր, պարտաւոր էք ընդունել հինը: Ուրիշ ճանապարհ չկայ: Հանրապետական դրօշը, եռագոյնը
այսօր էլ մնում է հայոց ազգային դրօշը, Հայաստանի պետականութեան նշանը: Բոլշեւի՞կն
է նստած Երեւանում, Մոսկովի դրօ՞շն է ծածանում Արարատի ստորոտին: Այո՛: Բայց հարիւր
տարուց աւելի Մոսկովի դրօշը տնկուած էր եւ Վարշաւայի գլխին, լեհ ժողովուրդը ելա՞ւ անարգելու
իր բռնաբարուած դրօշակը. ո՛չ, նա սրբութեան պէս պահեց նրան, գուրգուրաց վրան, եւ այսօր
ահա այդ դրօշակը յաղթական՝ ծածանում է Լեհաստանի Խորհրդարանի վրայ: Իրլանտացի ժողովուրդը
դարեր ապրեց անազատ, բայց իր ազգային դրօշակի դէմ կռիւ չարաւ. այսօր Իրլանդիան ազատ
է եւ հին դրօշակի տակ: Նոյնը եւ Ֆինլանդիան, ե՛ւ Չեխիան եւ ուրիշներ:
Նոյնը եւ Հայաստանը:
Եռագոյնը կարելի կը լինի թանգարան դնել ա՛յն ժամանակ, երբ տեղը առաջ գայ Հայաստանի
պետականութիւնը խորհրդանշող ազգային ուրիշ դրօշակ: Քանի այդ չկայ, հայոց միակ դրօշակը
կը մնայ եռագոյնը: Կռուել այդ փաստի դէմ՝ նշանակում է կռուել Հայաստանի պետականութեան
գաղափարի դէմ, նշանակում է լինել հակառակորդ Հայաստանի անկախութեան:
Թող չասեն մեզ, թէ՝
«անկախութիւն չկայ, ուրեմն՝ ի՞նչ դրօշակ»: Անկախութիւն չկայ, բայց պէ՛տք է լինի: Հապա
Լեհաստանի անկախութիւն կա՞ր, երբ լեհ տարագիրները Ամերիկայում եւ այլուր երկիւղածութեամբ
պաշտում էին իրենց տարագիր դրօշակը: Եռագոյնն էլ մեր տարագիր դրօշակն է. նա մեզ համար
յոյսի նշան է այսօր եւ յաղթանակի գրաւական վաղը: Եթէ մի ժողովուրդ գոհանար միայն եղածով
եւ չձգտէր լաւագոյնի, վա՜յ այդ ժողովուրդին. նա կը լինի անասունների նախիր եւ ո՛չ ժողովուրդ:
Եթէ հայ ժողովուրդը բաւարարուած լինէր իր այսօրուան ունեցածով, այսինքն՝ չունեցածով,
ի հարկէ, դրօշակի էլ տեղ չէր մնայ. ի՞նչ դրօշակ անասունների նախիրի համար: Թո՛ղ ամերիկահայը
մնայ Ամերիկայում, ֆրանսահայը՝ Ֆրանսայում, յունահայը՝ Յունաստանում: Այլեւս Հայաստան-մայաստան
չկայ, հայկական հարց, Թուրքահայաստանի ազատութիւն, ներգաղթ, հայ պետութեան շինութիւն
– յիմար-անխելք բաներ են: Նստի՛ր ուր նստած ես, կե՛ր ինչ որ գտնես, համբուրի՛ր ձեռքը
բռնաւորի, հրաժարուիր ազգային ինքնուրոյնութիւնից եւ ազգային միութեան եւ ազատութեան
մտքից – եթէ Ռամկավարների ուզածը ա՞յս է, ի հարկէ, նրանք հետեւողական են: Սողալ սիրողը
թռչիլ չի կարող. իր հոգու մէջ ազատութեան կրակ չունեցողը դրօշակի էլ պէտք չունի: Այդպիսիներին
մսուր է պէտք եւ ո՛չ դրօշակ:
Սակայն, հայ ժողովուրդը
այլ կերպ է մտածում. Այսօր եւ վաղը, Ուստրի մէջ թէ Փարիզ, նրա նուիրական տենչն է՝ ազգային
դրօշակը վերահաստատուած տեսնել Հայաստանի գլխին: Իսկ մինչ այդ՝ եռագոյնը շարունակում
է մնալ միութեան, յոյսի, պայքարի եւ ապագայ յաղթանակի ներշնչման հզօր ազդակ, միակ խորհրդանշանը
Հայաստանի պետականութեան: Յարգա՛նք նրան:
Եւ զգո՛յշ: Եռագոյնի
համար շատ զոհեր են տրուել: Գետերով արիւն է թափուել: Զգո՛յշ: Ով չգիտէ յարգել հայ
հերոսների ու նահատակների արիւնով ներկուած Հայաստանի դրօշակը, զգուշութեամբ մէկ կողմ
պէտք է քաշուի: Ու լռէ՛: Որովհետեւ կարելի չէ անպատիժ անարգել այն, ինչ որ պաշտամունքի
է սահմանուած:
«Հայրենիք», Պոսթոն
31-րդ Տարի, Թիւ 5545