15 May, 2025

Քեռի

Խէչօից յետոյ Քեռին...:

Մէկ-մէկ ընկնում են հայ մարտիկները, ինչպէս տերեւները կաղնու՝ խոր աշնան օրերին...

Կամաւորական շարժումը չափազանց զոհեր խլեց մեզանից, եւ դրանց մէջ ամէնից ծանրը, ամէնից անփոխարինելին, անշուշտ, Քեռին էր: Նա՛, ով իր գործունէութեամբ, իր առաքինութիւններով մեր նորագոյն՝ քառորդ դարի պատմութիւնն է յատկանշում:

Հեռագրական լուրը շատ կարճ է. Րէվանդուզի ճակատամարտում սպանուեց Քեռին. դիակը բերում են Թիֆլիս թաղելու»: Բայց երկար է, սրտամորմոք նրա բովանդակութիւնը, ահաւոր՝ նրա հասցրած հարուածը:

Հայ իրականութիւնը կորցնում է իր ամենացցուն, ամէնէն աւելի յարգուած, պէտքական դէմքերից մէկը: Եւ դեռ վաղ է եւ անկարելի է տալ նրա ամբողջ բնութագիծը եւ կեանքի ու գործունէութեան բովանդակ պատկերը:

Այս ցրուած, կցկտուր տողերով ես կը տամ նրա կեանքի եւ գործունէութեան շատ թռուցիկ պատկերը՝ աւելին թողնելով ուրիշ ժամանակների: Ապագան միայն ցոյց կը տայ, թէ ո՞վ է իջնում հայ կեանքի բեմից յանձին Քեռիի:

Քեռին ծնուել է 1862 թ. Կարինում: Նրա իսկական անունն է Արշակ Գավաֆեան: Վառվռուն ու համարձակ երեխայ է եղել: Պատանի հասակից մտել է արհեստաւորի մօտ աշկերտ եւ սովորել է համետագործութիւն ու կաշուեղէն իրար շինել:

Ութսունական թուականների, երբ Կարնում սկսում է փչել ազգային ոգին, երբ

«Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն
Թունդ-թունդ ելան հայ սրտերը զէնքի շաչիւնէն»

Պատանի Արշակը արդէն որդեգրել էր ըմբոստութեան ոգին եւ իր թաղակից ընկերներով պատրաստ էր անձնազոհութեան:

Էրզրումի կեանքը, արհեստաւորական մթնոլորտը նրան չեն գոհացնում: Նրա անհանգիստ ոգին արկածներ է որոնում: Իննսնական թուականներին նա արդէն Կովկասում է, ուր Պետերբուրգի ուսանող Սարգիս Կուկունեանը՝ հայրենասիրական տենդով բռնուած՝ իր գունդն է պատրաստում Տաճկահայաստան արշաւելու համար:

Քեռու փնտռածն էլ այդ էր: Նա իսկոյն մտնում է Կուկունեանի խումբը: Իբրեւ Էրզրումի ու Բասէնի կողմերը լաւ ճանաչող՝ Կուկունեանի համար անգնահատելի գանձ էր Քեռին: Խմբի ամենավստահելի վալատը նա էր լինելու:

Սակայն բաղդը Կուկունեանի այլ բան էր տնօրինել: Նա իր ընկերներով բռնուեց ռուս կառավարութեան կողմից, դատուեց իբրեւ ոճրագործ եւ ուղարկուեց տաժանկիր աշխատանքի Սախալին կղզին: Քեռին կարողացաւ ազատ մնալ ռուսերի ձեռքից եւ շարունակել իր աստանդական կեանքը:

Երբ Կովկասում սկսեց գործել Հ. Յ. Դաշնակցութիւնը, Քեռին նրա ամենագործօն, նուիրուած զինւորներից մէկը դարձաւ: Մի քանի տարի յետոյ նա արդէն Տաճկաստանում է, ուր խումբ է կազմում եւ փորձում ահաբեկել յայտնի հրէշ Շաքիր փաշային, սակայն շնորհիւ դաւաճան ձեռքերի՝ նրա այս ձեռնարկը չի յաջողւում:

Այս փորձից յետոյ Քեռին նորից Կովկասում է, իսկ 1898-ին նա դարձեալ անցնում է երկիր, այս անգամ Սաքօի հետ: Սահման անցնիլը նրա համար ոչինչ բան էր: Նա ճանաչում էր երկրում ամէն քար ու անկիւն, ամէն ծակ ու ծուկ: Նա այնտեղ զգում էր իրեն հարազատ տարերքում եւ աներկիւղ անցնում էր իր ուզած վայրերը: Սաքօի հետ երկիր մտնելիս նա դիմում է խորամանկութեան. Սաքօն ձեւանում է համր, իսկ ինքը կոյր, եւ իբրեւ մուրացիկներ տաճիկ պաշտօնեաների քթի տակին մտնում են երկիր...:

Երկրում նա գործում է իբրեւ Դաշնակցական հայդուկ: Վերին աստիճանի համեստ, միշտ լռակեաց, բայց անսահմանօրէն նուիրուած հայ ժողովուրդին, անձնազոհ՝ նա ամէն տեղ վաստակում է սէր ու համակրութիւն: Ուր երեւում է, նա առաւելապէս գործի մարդ է լինում: Այս գործնականութիւնը նրա յատկանիշն էր ամբողջ կեանքում:

1904-ի Սասնոյ ապստամբութեանը Քեռին այնտեղ է, Անդրանիկի կողքին: Նա մասնակցում է այն հերոսական կռուին, որ մի բուռը քաջեր մղում էին տաճկական բռնապետութեան դէմ: Սասունից անցնում է Պարսկաստան եւ ապա Կովկաս եւ այստեղ մասնակցում հայ թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպուած ինքնապաշտպանութեանը: Զանգեզուրը եղաւ նրա գործունէութեան վայրը, եւ այդ գաւառը դեռ երկար պիտի յիշէ նրան, նրա ժողովրդասիրութիւնը, կազմակերպելու կարողութիւնը: Քեռին այստեղ երեւան է գալիս իբրեւ անվեհեր խմբապետ, որպէս սարսափելի խարազան թշնամիների եւ մտերիմ բարեկամ հայ գեղջուկի:

Հայ թաթարական կռիւները նոր էին վերջացել, մէկ-երկու տարի հազիւ էր անցել, եւ ահա սկսում է Պարսկաստանի ազատագրական շարժումը, որին մասնակցում եւ ղեկավարող դեր է ստանձնում Հ. Յ. Դաշնակցութիւնը: Շարժման առաջին իսկ օրերին Քեռին այնտեղ է՝ անցած Դաշնակցական մարտիկների գլուխը:

Հետհետէ յեղափոխականների յաջողութիւնների հետ բարձրանում է եւ Քեռու դիրքը՝ մինչեւ որ Եփրեմի մահուանից յետոյ նա նշանակւում է ժանդարմների պետ եւ սահմանադրական շարժուն բանակի ընդհանուր հրամանատար: Սակայն այս բարձրութեան վրա էլ Քեռին մնում է նոյն պարզ ու համեստ մարտիկը, որ չի շլանում աշխարհի վայելքներով եւ միշտ հաւատարիմ է մնում իր տարերքին եւ իր դաւանանքին:

1910 թուականին, գրեթէ յիսնամեակին մօտեցած, նա ամուսնանում է եւ փորձում իր ընտանեկան յարկը շինել եւ նրա տակ հանգիստ գտնել: Բայց ամբողջ կեանքը փոթորիկների մէջ ապրած արծիւը երկար չի մնում հանգիստ: Հնչում է նոր եւ աւելի ահաւոր փորձութեան ժամը. սկսում է Ռուս-Տաճկական պատերազմը, եւ Քեռին նորից կանչւում է պարտականութեան գլուխը: Նա նշանակւու է Ազգային բիւրօի կազմակերպած հայ կամաւորական չորրորդ գնդի հրամանատար եւ սեպտեմբերի վերջերին մեկնում կռուի դաշտ դէպի Սարողամիշ եւ ապա Օլթի...:

Ոտքի ձախէն՝ Սիմոն Վրացեան, Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ)Սարգիս Մեհրապեան (Խանասորայ Վարդան)Արտաշէս Յովսէփեան (Մալխաս)Կոստեայ Համբարձումեան (Կոստի, Ուխտաւոր), Արտուշ Աւետեան, Գնդապետ Եգոր Տէր Աւետիքեան
Նստած ձախէն՝ Գերասիմ ԲալայեանՍտեփան Տէր ՄկրտիչեանԱրշակ Գաւաֆեան (Քեռի)Յովսէփ Արղութեան (Իշխան)Միքայէլ Վարանդեան
Պառկած ձախէն՝ Համազասպ ՍրուանձտեանԱրամ Մանուկեան, Միշա Արզումանեան
(Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին)

Չորրորդ գնդի եւ Քեռու գործունէութիւնը արդէն յայտնի է ձեզ: «Հայրենիք»ը մանրամասնօրէն նկարագրել է այդ խիզախ գնդի կատարած քաջութիւնները, Քեռիի ցոյց տուած հերոսութիւնները: Նրա նահանջի շարժումը Նարիմանի մօտ արժանացաւ ռւոս սպայակոյտի յատուկ ուշադրութեան եւ հիացում առաջ բերեց: Իբրեւ Արարատեան գնդի մէկ մասը Քեռու գումարտակը միշտ առաջին շարքերում գտնուեց դէպի Վան կատարուած յառաջխաղացմանը: Նա գրաւեց Ոստանը եւ Դրօի հետ մաքրեց Վանայ լճի հարաւային գաւառները: Վանի աղէտաւոր նահանջին նա Համազասպի հետ ազատեց մօտ 30,000 հայ ժողովուրդ: Նա մասնակցեց ռուս Ատրպատականի զօրաբանակի շարժումներին, Ուրմիի, Սուլտուզի, Սօուղբուլախի, Ուշնիի ճակատամարտերին, եւ վջերպաէս, Մօսուլի ճանապարհին, Րէվանդուզի վերջին սոսկալի կռիւներում, նա էր իր գնդով, որ իր վրայ վերցրեց թշնամու սոսկալի հարուածները: Այս կռւում սպանուեց վաստակաւոր խմբապետը, իր իր հանգիստը գտաւ օտար հորիզոնների տակ: Նրա ընկերները՝ արցունքը աչքերնին՝ շարունակեցին կռիւը եւ յաղթական դուրս եկան, թշնամին մեծ զոհեր տալով փախուստի դիմեց: Հայ գնդերը, ռուս զօրքերի հետ, առաջ են խաղում՝ հաւատացած որ վերջնական յղաթանակը իրենցն է լինելու...:

Քեռու դիակը տեղափոխուեց Թիֆլիս, ուր եւ թաղուեց Խոջի վանքի գերեզմանատանը՝ Զաւարեանի եւ Դումանի կողքին: Հայ անփայլ իրականութեան երեք բոցավառ աստղեր, մարած մեր արշալոյսի նախօրեակին: Այդ արշալոյսի կարօտը սրտի մէջ՝ գերեզման իջաւ եւ Քեռին, ուր քառորդ դար շարունակ մաքառեց մի գաղափարի՝ հայ ժողովրդի ազատութեան համար:

Ներկայ ահռելի պատերազմը անմոռանալի կեանքեր խլեց հայ մարտական կազմակերպութեան շարքերից, եւ Քեռին առաջինն է այդ թանկագին զոհերի շարքին...

* * *

Իբրեւ մարդ Քեռին մի զարմանալի երեւոյթ է մեր կեանքի մէջ: Համեստութիւնը նրա մէջ անասելի չափերի հասած էր: Իր մասին նա երբէք չէ խօսում: Եւ առ հասարակ, խօսքի մարդ չէր նա: Ճառել չէր սիրում, չէր էլ կարողանում: Երբ Նարիմանի նահանջից յետոյ, խումբը քայքայուած, Թիֆլիս հասաւ Քեռին, մենք բոլորս անհամբերութեամբ ուզում էինք իր իսկ բերնից լսել պատմութիւնը այս դիւցազնամարտի, որի մասին զինուորական բարձր ներկայացուցիչները յատուկ զեկուցում էին ներկայացրել Կովկասեան զօրաբանկի սպայակոյտին: Մեր բոլոր թախանձանքներին նա մէկ պատսախան միայն տուեց.

Գնացինք, կռուեցինք, Նարիմանի մօտ ջարդուեցինք եւ փախանք...

Նա փախուստ էր անուանում այս նահանջը, որի շնորհիւ միայն ազատուեց Նարիմանի մօտ գործող զօրամասը:

Կազմակերպական բոլոր ժողովներին գրեթէ ներկայ էր լինում Քեռին, բոլոր խօսողներին լսում էր ուշադրութեամբ, բայց ինքը շատ կարճ էր խօսում, եւ իր խօսքը միշտ կամ գործնական առաջարկ էր լինում կամ գործնական պահանջ:

Զարմանալի կերպով մաքուր էր դրամական հարցերի մէջ: Գնդին վերաբերող ծախսերին ո՛չ մի կոպէկ չէր անում իր ձեռքով, բոլոր հաշիւները կոպէկ կոպէկ պահում ու ներկայացնում էր, չափազանց բծախնդիր ու խստապահանջ էր ուրիշների վերաբերմամբ:

Անձնական կեանք չունէր նա: Կոփուած ամուր մի ժայռից՝ նրա սիրտն էլ մի ժայռ էր: Եւ այդ ժայռը, յաճախ, սարսափելի խիստ էր լինում դէպի վատերն ու թուլամորթները: Այդպիսիների նկատմամբ նրա մտրակը գութ չունէր:

Քեռու քաջութիւնն ու անվեհերութիւնը, նրա խորագիտութիւնը առածի կարգ էին անցել: Նա իւրայատուկ ձեւեր ունէր խումբը կառավարելու եւ կռուի ծրագիրներ կազմելու, որ ապշեցնում էր շատերին: Նրա գնդի խիզախ յարձակումներն ու յանդուգն քաջագործութիւնները հիացնում էին իսկական զինուորականներին:

Ո՛չ միայն իբրեւ մարտական ուժ, այլ եւ որպէս հանրային դէմք, բարձր առաքինութիւններով օժտուած մարդ, Քեռին անփոխարինելի էր մեր իրականութեան մէջ: Նրա կորուստով մի խոշոր բաց է մնում, որը լրացնել չենք կարող:

Յարգա՛նք այդ ժողովրդական հազուագիւտ գործիչի անմոռանալի յիշատակին:

«Հայրենիք», Պոսթոն
18րդ Տարի, Թիւ 1306