Ենթադրութիւնները իրականացան...
Միապետական ռուս կառավարութիւնը, որ քառորդ դարուց իվեր՝ դարան մտած, միջոցներ չխնայեց յափշտակելու հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող կալւածներն ու ստացւածքը, տւեց երկրորդ եւ խստագոյն հարւածը:
Առաջին հարւածը՝ հայոց դպրոցներին ուղղածն էր: Նա կատարւեց մի քանի տարի առաջ միայն, բացարձակ ապօրինութեամբ, յափշտակութեան բոլոր ձեւերով եւ այնքա՜ն անարդար կերպով, որ կառավարութիւնից կախումն ունեցող դատարանն անգամ չդիմացաւ եւ հակառակ վճիռներ արձակեց:
Երկրորդ հարւածը, որի կարճ բովանդակութիւնը միայն հաղորդեցին հեռագիրները, անհամեմատ աւելի խիստ է եւ աւելի անարդար: Մենք այժմ ունենք մեր ձեռքի տակ՝ հրատարակւած յայտարարութիւնը, որ ասում է.
«Կովկասի գլխաւոր իշխանութեան հաւաքած տեղեկութիւնները՝ հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող գոյքերը հայ հոգեւորականութեան ձեռքով կառավարելու մասին՝ ցոյց տւեցին, որ այդ կառավարութիւնը չէ համապատասխանում ոչ պետական նպատակներին եւ ոչ էլ հայոց եկեղեցու շահերին: Միեւնոյն ժամանակ, ի հետեւումն բարձրագոյն հրամանների 1897 թ. յունիսի 2-ի եւ 1898 թ. մարտի 26-ի՝ ժողովրդական լուսաւորութեան մինիստրութեան յանձնելու հայ-լուսաւորչական եկեղեցական դպրոցները եւ նրանց գոյքերը, հայ-լուսաւորչական հոգեւորականութեան կողմից ծագեց ընդդիմադրութիւն այդ հրամանի իրագործման ժամանակ, որը արտայայտւեց նրանով, որ հոգեւորականութիւնը պահեց մի քանի կալւածներ, որոնցով պէտք է ապահովւէր այդ դպրոցների գոյութիւնը:
«Այդպիսի երեւոյթների առաջն առնելու համար անհրաժեշտ համարւեց՝ կենտրօնացնել հայ-լուսաւորչական եկեղեցու գոյքերի կառավարութիւնը պետական հիմնարկութիւնների ձեռքում:
«Այս օրէնսդրութիւնը, պահպանելով հայ-լուսաւորչական եկեղեցու սեպհականութեան իրաւունքը այդ գոյքերի վրայ, չէ զրկում նրան եւ ստացւող եկամուտներից, այն մասից, որ ազատ կը մնայ դպրոցների պահպանութեան համար հարկաւոր ծախքերը անելուց յետոյ»:
Համաձայն միննիստրների կօմիտէի առաջարկութեան՝ հիմնւած կառավարչապետ իշխան Գօլիցինի ծրագրի վրայ, Նիկօլայ II 1903 թւի յունիսի 12-ին՝ արձակեց մի բարձրագոյն հրաման, որի իմաստն այս է.
«1) Հայ-լուսաւորչական բոլոր եկեղեցիներին, վանքերին, կրօնական հաստատութիւններին եւ հոգեւոր դպրոցներին պատկանող անշարժ կալւածներն ու դրամագլուխները առնելով հայ հոգեւորականութեան եւ հոգեւոր հաստատութիւնների ձեռքից՝ յանձնել կառավարչական հաստատութիւններին եւ ներքին գործերի մինստրութեան, պահպանելով հայ-լուսաւորչական եկեղեցու սեպհականութեան իրաւունքը այդ գոյքերի եւ դրամագլուխների վրայ:
«2) Ներքին գործերի մինիստրութիւնը, կառավարելով այդ գոյքերը, անելով անհրաժեշտ ծախքերը նրանց պահպանութեան եւ բարգաւաճման համար, ինչպէս եւ հոգալով դպրոցների պահպանութեան ծախքերն, եկամտի եւ տոկոսի մնացորդը յանձնում է այն եկեղեցիներին, որոնցից ստացել է»:
Տպաւորութիւնը մեղմացնելու նպատակով հնարած փոշի է՝ «կառավարել», «հոգալ», «մնացորդը վերադարձնել» բառերը: Ամենակուլ չինօվնիկութեան ձեռքը ընկածը երբէք յետ չի գայ, մանաւանդ որ ներկայ դէպքում չկայ, չէ թոյլատրւում դատաստանական մարմինների միջամտութիւնը, բողոքի ու մեկնութեան ոեւէ ձեւ:
Պետերբուրգի Մետերնիխները անբաւ հարստութիւն են երազում հայոց եկեղեցիների մէջ, հարստութիւն, որը, նրանց կարծիքով, ծառայում է հայկական շարժման եւ հակակառավարչական գործերի: Դրանց իւրացնելը մի նոր զէնք պիտի լինի՝ կրկնակի ուժով ստրկացնելու լուսաւորչական հոգեւորականութիւնը, մտցնելու եկեղեցու մէջ ոստիկանական ոգի, բռնութեան մի նոր հոսանք...
Դա վերջին գործողութիւններից մէկն է այն դրամայի, որ կարելի է «քաղաքական յափշտակութիւն» անւանել եւ որի նպատակը, ծրագիրը ու միջոցները պարզաբանւած են այս նոյն էջերում, «Կովկասեան Խաբրիկների» մէջ, մի այնպիսի անկողմնապահութեամբ, որ թոյլ չէ տալիս ամենափոքր հաւատ անգամ ընծայել Պետերբուրգի կառավարութեան մեկնաբանութեան եւ կամ նրանից ներշնւած ռուս մամուլի անարգական յօդւածներին:
Կովկասեան հայ հասարակութեան վիրաւոր, դառնացած սրտին այս նոր կսկիծն էր պակաս:
Նոր օրեր, նոր ցաւե՜ր...