Խօսւած 1915 թ. յուլիսի 11-ին
Այսօր հաւաքւել ենք հողին յանձնելու մի մարմին ևս. Խէչօի մարմինն է... Բոլորդ գիտէք, թէ ով էր նա, ժողովրդական այդ հերոսը, որ մեր առաջ, այլևս մեզ չի լսում: Կսկծելի է մտածել, որ նա չի ապրում այլևս և բռնութեամբ է, որ մարդու յաջողւում է այսքան մեծ կորուստի օրին, այսքան մի հսկայ վշտի ու ցաւի ժամին խօսել: Թւում է, թէ միակ յարմարը, միակ ելքը կը լինէր լռութիւնը, խորին լռութիւնը, բայց միւս կողմից էլ առանց մի ճիչ արձակելու, լուռ ու մունջ պահ տալ նրան հողին, առանց վերջին անգամ խօսելու նրա հետ, մնաս բարով ասելու, անկարելի է: Կարճ, կարճ կը խօսեմ, երկու խօսք միայն: Լսի՛ր ինձ Խէչօ:
Հալածական, անտէր ու ապաբախտ ժողովրդի ծոցից բուսար, ծլեցիր, բարձրացար հոյակապ հասակով, գանգուր մազերով եւ խելօք աչքերով: Կրծքիդ տակ ամբարեցիր քո ժողովրդի վիշտն ու ցաւը եւ ստրկութեան մթնոլորտում առաջիններից մէկը եղար, որ վառւեցիր ազատատենչ կրակով: Ընտրեցիր յեղափոխական փշոտ ճամբան, հալածանքի ու զրկանքի բեռը առար շալակդ ու զինւած բարոյական մաքրութեամբ, անձնւէր քաջութեամբ քաջալերեցիր... 20 տարուց աւել: Կեանքիդ գեղեցիկը, հոգիդ ամբողջ տւիր առանց վարձատրութիւն պահանջելու, համեստօրէն, վեհօրէն:
Այսօր ընկար կռւի դաշտում պաշտելի, սիրելի Խէչօ: Կարօտով չը գնաս հայոց աշխարհից, քնի՛ր հանգիստ քնով: Յիշո՞ւմ ես, որ 20 տարի առաջ ձեր թիւը քիչ էր, մատների վրայ կը համրւէր, իսկ այսօր հազարներ են ծնւել, հազարներն են պայքարի վայրում... Յիշո՞ւմ ես, հայը շողոքորթ ու վախկոտ էր, իսկ այժմ ապստամբ ու մարտնչող, զէնքի սիրահար:
Յիշում ես հային կաշկանդւած, անկերպարան...
Այսօր քաղաքական առողջ թռիչքի տէր, նոր գրականութիւն-գեղարւեստով, կատարելագործած ուղիներով: Կարօտով չգնաս մեզանից, չէ՞ որ դու առաջինը ինքդ մտար ու գրկախառնւեցիր Հայաստանի ծոցում ազատագրւած հային, ազատ Վանում: Տրամաբանօրէն շիտակ ճամբով գնացիր ու Մշոյ դաշտի բերանին, Բիթլիսի մուխն ու հրդեհը տեսար: Լսի՛ր մեզ, հայկական ռազմական փոթորիկը յաջող շարունակում է իր սկսած արշաւանքը եւ քո աշակերտները վրէժխնդիր կատարւածի առթիւ, կռւում են հերոսաբար Նեմրութի ու Գրգուռի սարերում:
Կարօտով չգնաս, վերածնւում է քո սիրած ժողովուրդը այսօր յաղթական: Գնա՛, քնի՛ր հանգիստ քնով: