17 July, 2025

Նոր Փոխարքան

Հայ ժողովուրդ,

Միապետի սատրապը գալիս է:

Դեռ բռնակալի գահի ոտերի տակ Միապետի նոր փոխարքան մշակել է մի շարք միջոցներ, որոնցով ուզում էխաղաղացնել Կովկասը:

Մի երկու վրացիական նահանգների համար զեմստվօ տալ, հայերի եկեղեցական կալւածները գուցէ եւ դպրոցները վերադարձնել, մահմէտական մզկիթների վակուֆ կալւածները կրկին տալ հոգեւորականութեան ձեռքը, – ահա այն միջոցները, որոնցով ուզում են խաղաղացնել Կովկասը:

Ոչ, դա խաղաղացնել չէ, այլ խաբել:

Ամբողջ Կովկասը հրդեհւած է. հայ ու վրացի 3 միլիոն ազգաբնակութիւնը կեանքի ու մահւան խնդիրներ է դրել, արմատական փոփոխութիւններ է պահանջում ներկայ բռնապետական կարգերի, իսկ նոր փոխարքայ Վօրօնցօվ-Դաշկօվը իր երեք օգնականներով գալիս է մեզ խաբելու զանազան ողորմելի ու ջրի խոստումներով:

Այն ժամանակ, երբ մենք, Կովկասի կուլտուրական ժողովուրդներս, պահանջում ենք Կովկասի համար լիակատար ինքնավարութիւն – ճիշդ այդ ժամանակ բռնակալի նոր ծառան նախ ուղարկում է մեզ հազարաւոր կօզակներ եւ կօզակների ետեւից ինքն է ճանապարհւում, ձեռքին բռնած ձիթենու շինծու եւ կեղծ ճիւղը՝ իբրեւ նշան հաշտութեան:

Հաշտւեցէք, ասում է նա, որովհետեւ՝ վրացիներ, ձեզ տալիս եմ մի ողորմելի զեմստվօ, որից Ռուսաստանի ներքին նահանգները զզւած են, որովհետեւ այդ գիւղական ինքնավարութեան գլխին դրւած է ադմինիստրացիայի եւ ժանդարմերիայի հրէշաւոր կամայականութիւնը: Հայեր, հաշտւեցէք, բղաւում է նա Պետերբուրգից, որովհետեւ ձեզանից խլւած եկեղեցական կալւածների, գուցէ եւ մի երկու ծխական դպրոցների բռնաբարման բարձրագոյն հրամանները կամ օրէնքները խոստանում եմ վերաքննել տալ...

Դա ծաղր է, դժոխային ծաղր ապստամբութեան ներքին ազատագրութեան դրօշը պարզած ժողովուրդների համար:

Եւ գտնւեցին հայ ու վրացի հասարակութիւների միջից սողուններ եւ ողորմելի գրչակներ, որոնք այդ նոր սատրապի ջրի խոստումները մե՜ծ շնորհ համարեցին, ներբողներ, գովաբանական յօդւածներ նւիրեցին: Եւ գտնւեցին հայ բուրժուաներ, վրացի ազնւականներ եւ երկու ազգի հոգեւորականներ, որոնք հրճւեցին, նոյն իսկ պատրաստութիւն տեսան ու դեռ տեսնում են՝ նոր փոխարքային հանդիսաւոր ընդունելութիւն անելո:

Ժողովո՜ւրդ, հարկերի բեռի տակ հեծող, սակաւահող, մայրենի լեզւիցդ զրկւելու դատապարտւած, ազգային ինքնասիրութիւնդ վիրաւորւած, հայ ժողովուրդ, մի՞թէ դու թոյլ կը տաս, որ աղաներն ու հոգեւորականները քո անունից խունկ ծխեն բռնապետի նոր սպասաւորին եւ քո անունից նրան ընդառաջ գնան ու փառքով ընդունեն:

Ոչ մի ընդունելութիւն դուչ ես կարող անել քո բրնաւորի, հարստահարողի եւ կեղեքողի ներկայացուցչին: Դօնզուկովներ, Շերեմետվներ, Գօլիցիններ են եկել եւ գնացել:

Ամէնքն էլ եկել են բազմաթիւ խոստումներով, ամենքն էլ խաղաղութեան պատգամներ են բերել հիւսիսի բռնակալի որջից. եւ ժողովուրդը խաբւած այդ խոստումներից՝ ովսաննաներով է ընդունել է ընդունել նրանց, բայց վերջը... վերջը յուսախաբւած՝ նզովքով ու անէծքներով է ճանապարհ գցել նրանց: Դեռ թարմ են մեր յիշողութեան մէջ այդ արիւն արցունք լացացնող օրերը եւ կրկին խաբւել անկարելի է:

Մենք պահանջում ենք, որ մեր երկրի օրէնքները ժողովուրդը ինքը որոշէ, մեր երկրի օրէնքի բախտը ժողովուրդը ինքը տնօրինէ եւ ոչ թէ Պետերբուրգից եկած Սատրապները:

Հ. Յ. Դաշնակցութեան Կովկասեան Պատասխանատու Մարմին

«ԴՐՕՇԱԿ»
Յուլիս 1905, Թիւ 7 (160)