|
«Ուշագրա՜ւ հաւաքածու...
Հայրենիքի եւ աշխարհի այնքա՜ն հեռաւոր ծայրերից համախմբւած՝
պարտքի հերոսների այդ զուգադրութիւնը չէ՞ վկայում արդեօք նրանց դաւանած մեծ գաղափարի
կայունութիւնը եւ գալոց անխուսափելի յաղթանակը...
Անա՜րգ պատահար... Որքա՜ն յաճախ դու խեղդել ես խանձարուրի
մէջ գաղափարական սիրուն ծրագիրներ, վսեմ յղացումներ:
Հինգ թանկագին նահատակները հանգչում են այժմ սահմանից
ասդին եւ ոչ այն երկրում, ուր հողը եռում է տաք աճիւններով, ուսկից վրէժխնդիր, ռազմիկ
սերունդը պաղատագին կանչում էր նրանց... բայց նրանք կը մնան միշտ ազատութեան մեծ նահատակների
շարքում-նոյն արիւնոտւած, տառապող ժողովուրդը երախտագիտութեամբ ծունկ կը չոքէ նրանց
պաշտելի շիրիմների առաջ»:
Կարսի Դինամտիային Պայթումը. Հինգ Զոհեր
«Օգոստոսի 29-ն էր: Ժամը 5-ին
ամբողջ Կարսի հասարկութիւնը, կայծակնահարի պէս, վազում էր դէպի Կռոյի թաղի վերջին ծայրում
գտնւող Վարդան Տօնոյեանցի բնակարանը, ուր դինամիտային պայթումի զոհ էին գնացել հինգ
յեղափոխականներ:
Ոչնչացած հինգ երիտասարդ կեանքեր, յեղափոխութեան նւիրւած
թանկագին ընկերներ: Բայց մի՞թէ կ'ոչնչանան եւ նրանց վառ յոյսերը, մի՞թէ մոռացութեան
կը տրւին նրանց ասածները, նրանց թանկագին յիշատակը...
Ներքեւ բերում ենք կարճ կենսագրական տեղեկութիւններ իրենց
մուրազներին չհասած այդ զոհերի մասին:
ՎԱՐԴԱՆ ՏՕՆՈՅԵԱՆՑ.- Գիւղական ընտանիքի զաւակ էր Վարդանը:
Տասնեւութ տարեկան հասակում կիսատ թողնելով Կարսի քաղաքային դպրոցի դասընթացքը, դուրս
է գալիս նա եւ մտնում ծառայութեան՝ իր բազմանդամ ընտանիքի տնտեսական քայքայումից ազատելու
համար: ... 1902 թւին մտնելով Հ.Յ.Դաշնակցութեան խմբերի մէջ, ընտրւում է քաղաքի ղեկավարող
մարմնի անդամ եւ այդ օրւանից օրէցօր աւելի եւ աւելի եռանդով գործում յեղափոխական ասպարեզում
եւ սիրելի դառնում բոլոր խմբերին: Չկար մի յանդուգն, վտանգաւոր յեղափոխական գործ, որին
մասնակցելու ջերմ պատրաստականութիւն չյայտնէր եւ եռանդով չկպչէր ու գլուխ չբերէր այն:
Այսպիսի վտանգաւոր գործի էլ զոհ գնաց մեր սիրելի Վարդանը:
ՊՕՂՈՍ ՊՕՂՈՍԵԱՆ (Լեռնիկ).- Օդէսայում վերաբնակած Տրապիզոնցի
տաճկահայ էր, 23 տարեկան Երեւանի թեմական դպրոցը վերջացնելով՝ նա անցել էր արտասահման
ուսումը շարունակելու դիտաւորութեամբ:Թողնելով արտասահմանեան համալսարանները, յափշտակւած
հայրենասիրական գաղափարներով, նա թափառում էր Կարսի շրջանի հայ գիւղերը, քարոզում ու
խրախուսում էր հայ ժողովրդին: Նա Հ.Յ.Դաշնակցութեան տեղական կօմիտէի շրջիկ քարոզիչն
էր: Վերջին զինատար խմբերի հետ մայր-հայրենիք գնալու պատրաստութիւն էր տեսնում նա,
բայց ահա կէս ճանապարհին զոհ գնաց անսպասելի փորձանգին:
Աոագայի համար նա տալիս էր աւելի մեծ յոյսեր, բայց բոլորը
տարաւ հետը սառը գերեզման...
ԻՍԱՋԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆՑ.- Չորս մտերիմ ընեկրներ էին, դեռ Շուշու
թեմական դպրոի աշակերտական սեղանի վրայ, երբ ուխտ արին, երդւեցին նրանք նւորւել յեղափոխութեան,
անցնել ցաւերի եւ տանջանքների աշխարհը, զբաղւել հարազատների ազատութեան գործով: Ուխտեցին
եւ կատարեցին: Երկուսը նրանցից (Մենակ եւ Թորգոմ) արդէն երկրումն են, երրորդը (Նժդեհ)
օգնութիւն է հասցնում ընկերներին, չորորդը հենց ինքն էր, որ պատրաստւում էր երկրորդ
անգամ երկիր մտնել, բայց ճակատագիրը այլ կերպ տնօրինեց:
Հաստատակամ, ամուր բնաւորութեամբ, անկեղծ յեղափոխական
էր Իսաջանը. թեմական դպրոցը աւարտելուց յետոյ, իր ընկերների հետ կամաւոր զինւորական
ծառայութեան մտաւ, ապագայ գործունէութեան համար այդ կողմից էլ պատրաստ լինելու համար:
Աւարտեց, պահեստի սպայի պաշտօն ստացաւ եւ թողնելով ծառայութիւնը եկաւ Բագու, մի քիչ
էլ կեանքի մէջ փորձառութիւն ձեռք բերելու համար:
Իսաջանը 1903 թւի ապրիլ ամսին իր ընկեր Նժդեհի հետ անցաւ
Բասեն մի պատասխանատու ձեռնարկութեան յաջողութիւնը ապահովելու համար: Երկու ամսի չափ
Բասենի գիւղերում քարոզելուց յետոյ, իր ընկերպջ հետ նա նորից վերադարձաւ Ռուսաստան,
մի ուրիշ ձեռնարկութեան գլուխ անցնելու նպատակով: Բայց... ընկեր բռնւեց, իսկ ինքը...
զոհ գնաց սոսկալի պատահարին:Կտրւեց այն կեանքը, որ այնքան արդէն բեղմնաւոր եղաւ կարճ
ժամանակամիջոցում:Ծնւեկ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՆԱՀԻԿԵԱՆ.-Ծնւել է 1878 թւին, Խարբերդի Հիւսէյնիկ
գիւղում: Գուղի մէջ նախնական կրթութիւն ստանալուց յետոյ՝ ծնողները նրան ղրկում են Խարբերդի
միսիօնարական դպրոցը: Չորս տարի մնում է նա այնտեղ եւ 1894-ին ձգում դրպոցը: Քիչ յետոյ
թողնում է Խարբերդը, մեկնում է Պոլիս, այնտեղից Ամերիկա:
Հայրենիքի կացութիւնը նա մի վայրկեան անգամ աչքից չի թողնում:
1897-ին Նահիկեան ուրիշ երեք ընկերների հետ, ինքնաբերաբար կազմում է Դաշնակցական մի
կօմիտէ, որ եւ միանում է Ամերիկայի միւս դաշնակցական կօմիտէների հետ:
Եւ ահա 1903-ի յուլիսի 9-ին ձգեց Ամերիկան՝ հայրենիք ուղեւորւելու
հաստատուն որոշումով: Վառ յոյսերով անցաւ Լօնդօն, այնտեղից Պարիզ, Ժընեվ, Թիֆլիս, Կարս...
ուսկից կազմակերպութեան խմբերի հետ պիտի անցեր ներս... Բախը, սակայն, արգելք եղաւ դրան...
Դինամիտը ոչնչացրեց այդ թանկագին կեանքը, ոչնչացնելով նրա հետ եւ այն զինւորական փորձառութիւնները,
որ Նահիկեան ձեռք էր բերել մօտ երկու տարւայ ընթացքում Քանքրտի միլիցիայի մէջ իր արած
վարժութեամբ...
Ռօդոստօցի ՍԱՐԳՍԻ մասին՝ յաջորդ համարում»:
«Դրօշակ» - Դեկտեմբեր 1903
Թիւ 10 (141)
Ռօսդոստօցի Սարգիսի կենսագրականը
չգտանք Դրօշակի յաջորդ մի քանի թիւերուն մէջ