Շապին Գարահիսարի եւ Պօլսի կեանքս, այնտեղից Ռումանիա անցնելը,
մինչեւ Երկիր առաջին անգամ մուտք գործելս
1. Մեր քաղաքի կազմակերպողներն էին՝ Ս.Ճ., բնիկ մեր քաղաքացի,
Տ-Վռամշ., Ա.Պ. եւ Մկրտիչ Սահակեան (Ապրօ): Ս.Ճ.-ի հետ փոքր ժամանակին ծանօթ էի, դպրոցի
մէջ դասընկեր էինք: Նա ինձի մի օր կանչեց եւ արհեստիս վերաբերեալ հարցեր տւաւ: Մեր
մէջ այսպիսի խօսակցութիւն տեղի ունեցաւ.
-Ի՞նչպէս են գործերդ:
-Դէ՜հ, ըսի, լաւ է, կապրինք:
-Ինձի ալ չե՞ս շիներ
մի սնդուկ:
-Ինչո՞ւ չէ:
Այսպէս խօսելով, մանգալով գացինք Մայր Եկեղեցու
առաջը գտնւած խանի երթիկը: Էրզրումի առաջին դէպքը եղած էր, նա ըսաւ.
-Մենք բոլոր երիտասարդներս,
նաեւ մեր հայ աղաները, միշտ իրարու հետ կը կռւինք, չնչին բաներու համար կը դիմենք կառավարութեան,
նա մեզի կը բանտարկէ, երկու կողմից կաշառք կուտէ եւ այդպիսով մեզի կը ջնջտէ: Փոխանակ
այդպէս վարւելու՝ մենք միանանք, սիրով լինինք, ընկերութիւն կազմենք՝ միմեանց պաշտպանենք,
փող հաւաքենք՝ զէնքեր առնենք, մեր դատերը մեր ձեռքով ընենք -Լաւ չ'ըլլա՞ր:
-Ինչի՞ չէ, շատ լաւ
կ'ըլլայ, ըսի:
Նա շարունակեց իր պատմութիւնը, սակայն նեղ սահմանների մէջ, չէր
համարձակէր ամեն բան ըսելու: Ես նրա բոլոր ըսածներուն համաձայնութիւն տւի: Նա իր խօսակցութիւնը
վերջացրեց այսպէս.
-Դէ՛հ, ինչ որ ըսի
քեզի՝ բոլորին չ'ըսես. Միայն անոր կ'ըսես, որուն դու վստահ ես, եղբօրդ ալ վստահ չ'ըլլաս՝
չ'ըսես:
Ես երկար մտածեցի թէ ո՛ւմ կրնամ վստահ ըլլալ, որո՛ւն կարելի
է ըսել: Վերջապէս, Մ. Անունով մի նախկին վարպետ ունէի, որու վստահ էի, գացի նրան ըսի
այն բոլորը, ինչ որ Ճ. Ինձի խօսեցաւ: Մ. ալ ամեն ըսածներուս համաձայնութիւն տւաւ:
Մի օր Ս.Ճ. լուր տւաւ ինձի, թէ այս ինչ օրը պիտի հաւաքւինք Տ.-Վռամշ.-ի
տունը: Եւ ու Մ. Նշանակած օրը գնացինք հոն, ուր գտանք նաեւ 8 ղասապ: Տ.-Վ-. Իրեն հիւանդ
էր ձեւացրել եւ անկողին մտեր: Վարագոյրները քաշած, սեղանի վրայ խաչ, աւետարան եւ սուր
էին դրած: Մենք 10 հոգով երդւեցինք ազգին միշտ հաւատարիմ մնալու. մի-մի արծափ հանեցինք,
վճարեցինք յօգուտ մեր ընկերութեան եւ խոստացանք, ով որ ունի՝ ամսական 5-5 ղուրուշ վճարել:
Այդ երդումը եղաւ, առանց մեզ ըսելու, թէ ի՛նչ կուսակցութեան կը պատկանինք. մենք չգիտէինք
ալ թէ կան կուսակցութիւններ: Այս եղաւ 1891 թւին:
Հէնց այդ ժամանակները եկաւ առաջնորդ մը, որուն կ'ըսէին Խորէն
վարդապետ Դուրեան, որը վերջերս ընդհանուր կոտորածի ժամանակ Բաբերդ սպանւաւ:
Շատ շուտով նա սկսեց յեղափոխականների հետքից պտտել եւ խիստ հալածել
նրանց: Հարբեցողի մէկն էր, կ'ըսէին, թէ շատ լաւ ուսմունք ունի, քանի մ'ալ լեզու գիտէ:
Առաջ որ եկաւ՝ բոլորը պատւով կը վերաբերւէին եւ շատ ծախսեր ալ կ'ընէին նրա համար, բայց
երբ վերջը հասկցան նրա ի՛նչ մարդը ըլլալը՝ աչքից գցեցին, երեսին նայել անգամ չէին ուզեր:
Աշեգեանին գանգատներ կ'ընէին նրա մասին, բայց նա կը պատասխանէր՝ «Շապին-Գարահիսարի
համար այդ դեռ շատ է»:
Այդ ժամանակները սպանւաւ Հաջի-Կարապետ անունով տէրտէրի մմը տղայ,
որ բացարձակ մատնութիւններ կ'ընէր: դա վարժապետութիւն կ'ընէր Բուսէյդ գիւղի մէջ, որը
մեր քաղաքէն մի ժամ հեռու կը գտւնի: Իրեն իրաւունքը (այսինքն ուսուցչական ռոճիկը) տւած
էին եւ արձակած գիւղէն: Հակառակելով գիւղացիներուն՝ նա մատնեց գիւղէն 7-8 մարդ եւ տէրտէրը:
Գիւղին մօտ 500 ոսկի վնաս տւաւ. մարդիկ 4-5 տարով բանտարկւեցան, տէրտէրը աքոսրւեցաւ:
Սկսեց քաղաքացիներու վրայ ալ մատնութիւններ ընել: Մի երեկոյ Հաջի-Կարապետը կը գտնւէր
Ղարիբեան 4 եղբայրներու (Հաջի-Յակոբ, Բաղդասար Էֆէնտի եւ էլի 2-ը) քով, ուր նրանց երեխաներուն
տաճկերէն դաս կուտայ եղեր: Ժամը 4-ին Հաջի-Կարապետը դուրս է եկեր Ղարիբեաններու քովից,
բայց ճանապարհին՝ Թաք-ղաւախի տակ բռներ են, 37 ղանջալ զարկեր ու սպաներ:
Առաւօտ խուզարկեցին Ղարիբեաններու տունը: Այդ տունը հարուստ
ըլլալնուն՝ ձմրան ընթացքում մորթած կ'ըլլային մի 50 ոչխար, 15 եզ, ուստի դուռը, փայտը
եւայլն արիւնոտած էին: Կառավարութիւնը այդ արիւնոտած մասերը կտրեց, հաւաքեց եւ ուղարկեց
Պօլիս քննութեան՝ թէ մարդո՛ւ արիւնն է, չէ նէ տաւարին: Այդ սպանութեան առիթով բանտարկւեցան
Ղարիբեան 2 եղբայրները եւ գիւղէն մօտ 80 երիտասարդ:
Երիտասարդութիւնը չէր ընդուներ, որ այդ մատնիչի մարմինչը գերեզմանատան
թաղէր. մեր գերեզմանատունը կը գտնւի սարի մէջ եւ ունի երկու դուռ: Երիտասարդներուն
համոզեցին մի կերպ, ըսելով՝ «եթէ չթաղենք՝ մեզ վրայ կը հաստատւի այդ սպանութիւնը. թողէ՛ք,
կը տանենք պատի տակ ոեւէ տեղ կը թաղենք»:
Հաջի-Յակոբը կը նստէր ազայի-մէջլիս եւ չէր թողուր, որ պաշտօնեաները
հայերուց կաշառք ուտեն, ուստի բոլոր պաշտօնեաները նրա դէմ գրգռւած էին: Այդ պատճառով
Ղարիբեան եղբայրները չուզեին որ իրենց դատը հոդ ըլլայ, այլ պահանջեցին, որ Սիվազ կատարւի:
Հոն 1000 ոսկի կը ծախսեր իբրեւ կաշառք, բայց չեմ գիտեր վերջը ազատւեցան, չէ նէ ուրիշ
շատ անմեղներու պէս դատապարտւեցան:
Այդ Ղարիբեանները լաւ եւ ազնիւ մարդիկ են. դրանց եղբօր որդին
է Զէյթունի կռւին մասնակցող Հրաչեան՝ Գրիգոր Ղարիբեան, որ այժմս Լօնդօն կը գտնւի:
Դրանից յետոյ էր, մի երկուշաբթի՝ մեռելոցի օրը, Խորէն վարդապետը
բոլոր հայերու խաներն ու խանութները գոցել տւաւ, ըսելով թէ տօն է: Կիւրինցի Խաչիկ անուն
աղայ մը չի գոցեր իր խանութը. Ամբողջ քաղաքի մէջ միայն նա բաց կը թողու: վարդապետը
ինձ եւ Համբարձում Թէլլէզեանին ըսաւ՝ «այս ինչ տղան խանութը չի գոցեր, գացէ՛ք, բարեւեցէ՛ք
եւ ըսէք իմ կողմից, որ գոցէ»: Մենք գացինք, բարեւեցինք վարդապետի կողմից եւ ըսինք՝
վարդապետը քեզ բարեւ կ'ընէ եւ կ'ըսէ՝ ինչո՛ւ մենք ինքը բաց է թողեր խանութը, թող գոցէ»:
Խաչիկը փոխանակ կարգին պատասխանելու, ըսաւ՝ «հիմա վարդապետին ալ, ձեզ ալ» ու սկսաւ
քրֆել: Հոն կը գտնւէր մի յոյն եւ առեւտուր կ'ընէր: Ես չհամբերեցի եւ ըսի՝
-Ա՜յ տղայ, լա՛ւ, չես
գոցեր. ի՞նչ իրաւունք ունիս քրֆելու:
Երբ այսպիսով ղալմախաղ սարքւեցաւ՝ յոյնը թողեց առեւտուրն ու
փախաւ. խանութը կը գտնւէր խանի մէջ:
Խաչիկը ուզեց զարնել երկաթ արշինը: Երբ նա կուզէր զարկել զիս՝
ես բռնեցի երկաթը, ձեռքովս ոլորեցի, ծայրը դիպաւ հէնց իրեն քթին եւ երկու կտոր եղաւ
քթին ծայրը: Սկսեց արիւն հոսել:
Նա դռնից դուրս եկաւ, կուլար, կը պոռար. հարիւրաւոր մարդիկ հաւաքւեցան
գլխին: Ես ու ընկերս օգտւելով այդ հանգամանքից՝ գացինք:
Խաչիկը գացեր, բողոք է գրել տւեր: Բողոք գրողը ինձ հակառակորդ
մարդ էր, որովհետեւ բան պատւիրեց շինելու, իսկ ես կանխիկ պահանջեցի: Բողոքի բովանդակութիւնը
սա էր.
«Անդրանիկը, երկուշաբթի
օրը ժամը 5
½-ին 250 հոգով մտաւ խանութս, ապրանքներս թալանեց, ինձ էլ քիթ
ու պռունգս արիւնեց ու գնաց»:
Ընկերս խանութ չունէր՝ փախաւ, իսկ ես խանութ ունէի՝ չէի կրնար
փախնիլ, որովհետեւ կը վախենայ ինձ վրայ հաստատւէր:
Երկրորդ օրը եկան, ինձ ձերբակալեցին, տարան թաբուր,աղասիին ներկայացուցին:
Ընկերոջս չկրցան գտնել: Թաբուր-աղասին ըսաւ ինձի.
-Դուն ո՞վ ես, որ
250 մարդով օր ցերեկով կը յարձակիս այս մարդու վրայ, խանութը կը թալանես, քիչ ու պռուգն
էլ կ'արիւնոտես:
-Բոլորվին զրպարտութիւն
է, ես չեմ ընդունիր: Վարդապետը ինձ ուղարկեց, ես գացի բարեւ ըրի եւ ըսի թէ՝ վարդապետը
կ'ըսէ խանութը գոցէ: Նա ինձի ալ, վարդապետին ալ սկսաւ քֆրել եւ արշինը վերցրեց, ուզեց
ինձի զարնել: Եթէ Համբարձում Թէլլէզեանը չմտնէր եւ չ'օգնէր, էս մարդը սպանած կ'ըլլար
զիս: Երբ սա դազգեահը բարձրացաւ ինձ զարնելու, արշինը ընկաւ շալվարը, ինքը վայր ընակւ
քիթը արիւնւաւ – հիմա ինձ վրա՞յ կը գձէ:
«Ապա, այդ հրամանը
առաջնորդ տւած չ'ըլլայ... այն ժամանակ յանցաւորը պատիժը կը կրի»:
Միւթէսարիֆ փաշան եւ առաջնորդ ներս մտան սենեակ: Բողոքագիրը
տւին միւթէսարիֆ փաշային. Նա ալ նոյն հարցերը տւաւ: Ես կրկին ըսի՝ թէ «առաջնորդի հրամանով
գացեր ըսեր եմ էդ բաները էս մարդուն»: Խաչիկը իր բողոքագրի մէջ գրած էր, որ ինք կաթօլիկ
ըլլալով՝ այդ տօնը չի ընդունիր:
Միւթէսարիֆը հարցուց առաջնորդին, որ դիմացն էր նստած՝ դու տւե՞ր
ես այդպիսի հրաման: Բայց նա կարմրելով, հակառակ սպասածիս՝ ըսաւ.
-Ես ոչ այս մարդը կը
ճանչնամ, ոչ այդպիսի հրաման եմ տւած:
Ես բարկացայ, մի ոտքս առաջ դրի եւ ձեռքս ուղղելով դէպի առաջնորդը՝
ըսի նրան հայերէն.
-Ինչո՞ւ կուրանաս որ,
դուն չէ՞իր, որ էդ հրամանը տւիր. կուզե՞ս զս կորսունցնել:
-Ո՛չ քեզ կը ճանչնամ,
ո՛չ այդպիսի հրաման տւած եմ:
Միւթէսարիֆն ըսաւ՝ տաճկերէն խօսիր, հայերէն մի խօսիր:
-Քեզի հետ տաճկերէն
խօսիմ, սա հայ է, հայու առաջնորդն է, սրա հետ հայերէն պիտի խօսիմ:
-Տարէք դրան բանտ գցեցէք,
իսկ Խաչիկին ըսաւ՝ «դու գնա՛, որդի, գործիդ»: Ինձ բանտարկեցին:
13 օր մնալուց յետոյ բանտը՝ ինձ կանչեցին մուստանդըխի քով: Նա
երկար ու բարակ հարց ու փորձ ըրաւ թէ՝ որտեղացի ես, ինչ արհեստի եւայլն եւայլն, մի
քանի թուղթ մրոտեց անպէտք հարցերով, վերջապէս
-Սան դա Էրմանի ասկեարի
միսին (դուն ալ հայոց զօրքն ես): Դրանից վերջը նրա օգնականը ըսաւ.
-Հայր էֆէնտըմ, ասկեար
գէյլ բաշ չավուշ դուրս քի բէօլա բիր ամօլարդա բուլունմուշ, իքի իւզ քիշի իլէ սահաթ
բէշ բուչուք սուլարընդա ջար բիլա բօ ադամըն դուքաննը բասմիշ, վէ բուգադար մալնը թալան
էտտըգթըն սօյունրա, Խաչկին բուրնունու քաֆասընը դագըրմըշ: (Չէ, պարոն, սա հասարակ զօրք
չէ, սա յիսնապետ է, որ այդպիսի յանդուգն հրաման ըրած՝ 200 հոգով, ժամը 5 ½-ին մարդուն
խանութը կողոպտած եւ քիթն ու գլուխն ալ ջարդած է):
Նրանք իրարու հետ կը խօսէին, ես իբրեւ անհասկացող մէկը, պաղարիւնութեամբ
ըսի.
-Չեմ հասկնար ինչեր
կ'ըսէք, սուլթանը մեզնից զօրք չէ վերցներ, մարդ 2 կամ 3 արծաթ կը վճարէ...
-Չէ, չէ, ես էդ չեմ
հարցներ, ըս կ'ըսեմ թէ դո՞ւն ալ հայերու համար զօրք ես, հայերու զօրքն ես:
Ես պոռալով պատասխանեցի.
-Դու ի՞նչեր կը հարցնես
ինձի, բողոքագրին մէջ էդ բաներ կա՞ն, որ կը հարցնես:
Մուստանտիգը ըսաւ. «Չէ՛, էֆէնտըմ, էս տղան էդ բաներուց խաբար
չէ: Գնա՛, զաւակս, մի քանի օրէն ես քեզ կ'ազատեմ»:
Ինձ նորէն փոխադրեցին բանտը: Հոն կը գտնւէին նաեւ իմ խասապ ընկերներէն
մի քանիսը, որոնք մատնութեամբ բանտարկւած էին:
27 օր մնալուց վերջը դուրս եկայ բանտէն, շնորհիւ այն բանի, որ
7 ոսկի կաշառք տւի զանազան պաշտօնեաներու եւ հայրս ալ երաշխաւոր կանգնեց: Ալէնի մուհատ
քէմէ (իսկական դատավարութիւն) յետոյ պիտի ըլլար:
Խնդիրը այդպէս թողնելով՝ եկաւ Պօլիս ու սկսեցի Թօփհանէն աշխատիլ:
Ամբողջ տարի մը սուլթան Ազիզի շինել տւած Դօլմա Բաղչայէն վեր Մազկա Ղշլասի ըսաւծ եղը՝
հրացաններ շարելու տեղեր շինեցինք (հոդ կը գտնւի թիւրքաց կառավարութեան ամբողջ ռազմամթերքը):
Այդ տարին զօրքերը 4-5 անգամ գողացան գործիքներս: Միւս կողմից՝
լրտեսներով լի էր ամբողջ Թօփխանան: Ամեն օր կը տենւէրինք, որ լրտեսները մէկ դռնից կը
մտնէին մեր աշխատած տեղը, միւս դռնից դուրս կուգային:
Հոն կ'աշխատէին 75 հայ, բայց բոլորին դուրս արին, մնացինք 3
հոգի: Ինձի ալ մի անգամ էդ տարւայ ընթացքում ըսին՝ «գեաւո՛ւր, գնացիր երկիր, բան մըն
ալ դուն ըրիր էնտեղ»:
Առհասարակ կառավարչական շրջաններում, ուր կը գտնւին հայ ծառայողներ,
պաշտօնեաներ, բոլորին դուրս արին:
Ամբողջ տարւայ վարձը ստացած էի, մնացել էր միայն 440 ղուրուշ:
100 ղուրոշ կերաւ Թօփխանա նստող ինձ ծանօթ ղայմաղամը, 340 ղուրուշ հանեց եւ տւաւ ինձի:
11 արծաթ ոսկի տւի՝ անցագիրս հանեցի, որ այնպէս արժէ կէս ոսկի եւ դուրս եկաւ, գացի
Ռումանիա:
Սասունի առաջին կռիւը եղած է 1894-ին, ուր կը գտնւէր Համբարձում
Բոյաճեանը (որը թէ քրդերից եւ թէ հայերոց կը կոչւէր երկրի մէջ՝ Մուրադ էֆէնտի): Նրա
հետի ընկերներն եղած են՝ Գէորգ Չաւուշ (Պսանաց գաւառի Մկտինք գիւշացի), Հեղինցի Պօղոսը,
Մշոյ դաշտեցի Բօլօզ Յովհանէսը, Կարապետ՝ Վանի գաւառից, Հաջի՝ Սասունցի, Սենեքերիմ՝
ալէքսանդրօպօլցի եւ էլի մի սասունցի տղայ (Սենեքերիմը կռւի ժամանակ մահով մեռած է):
94-ի աշնանը ալւարեցի (Մուշ) Մելքոնի առաջնորդութեամբ Սասուն
գնացած են Աշոտ-Թաթուլը եւ Ապրօն (Մկրտիչ Սահակեան), որոնք իւրաքանչիւր սասունցուն
10-10 ղուրուշ ցրւած են: Ապրօն անցաւ Կովկաս:
Հրայրը (Արմենակ Ղազարեան) Տամատեանի եւ Մուրադի ընկեր ըլլալով՝
93-ի եւ 94-ի մէջ անցած է Կովկաս. կոտորածի ժամանակ եղած է Ռումանիա՝ Սուլինա քաղաքում:
Հոն կազմակերպած է Սուլինա, Գալաս եւ Իբրայէլը, գտած է իրեն համար 50 հոգի, բոլորն
ալ լաւ երիտասարդ ընկերներ: Սրանք բոլորն ալ՝ ոմանք անձնական, ոմանք ալ կազմակերպութեան
միջոցներով անցած են Բաթում, այնտեղից Ղարս, որտեղից խումբը պիտի անցնէր 95-ի մայիս
ամսին:
Խմբի անցնելը զանազան պատճառներով ուշացաւ մինչեւ յուլիսի վերջերը:
Որոշւած էր, որ յուլիսին 26 տղայ անցնի, գլուխ ունենալով 2 ժամանակաւոր տասնապետ: Մեր
այդ 26 հոգուց հաւաքեցին 4 ½ ոսկի տաճկական փող եւ բոլորիս տւին տասնապետներու տրամադրութեան
տակ՝ 6 ոսկի իբր ճանապարհածախս:
Մեր մեկնելուց առաջ ժողովը որոշեր էր, որ 12 օրէն պիտի անցնին
Հրայրի, Թաթուլի եւ Սերոբի խմբերը:
«Դրօշակ» - Ապրիլ 1914
Թիւ 4 (239)