Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Մանուկ հասակից նա սիրեց ազատութիւնը եւ իր նահատակւած ու կենդանի ընկերների հետ փարեց «Մահ կամ ազատութիւն» նշանաբանին:
Նա ծնւեց 1882 թւին, Ղարաբաղի Բռասնի գիւղում: Տասն տարեկան հասակում մտաւ Ղարաբաղի թեմական դպրոցը, ուր եւ աւարտեց իր դասընթացը 1900 թւին: Տակաւին աշակերտ՝ գնաց Բագու, ղեկավարեց զանազան բանւորական խմբեր եւ քիչ յետոյ անցաւ Ղարսի շրջանը:
Այդտեղ նա երկար ժամանակ գիւղէ գիւղ ընկած՝ քարոզում էր յեղափոխութիւն: Առաջին օրից իսկ՝ շրջանի հայ ժողովուրդը սիրեց նրան: Իր անկեղծ զգացումներով, մաքուր ու շիտակ բնաւորութեամբ, ժողովրդի համար մեռնելու պատրաստականութեամբ, քաղցր ու վշտառատ երգերով եւ շանթող ու ոգեւորող խօսքերով՝ նա սիրւեց ժողովրդից, նրա փայփայած հարազատը դարձաւ:
Սակայն այդ դերը Մենակին չէր գոհացնում: Նա ձգտում էր դէպի իր երազած վայրը, դէպի Սասունի ժայռոտ ու արիւնոտ լեռները: Վրէժի զգացումը այրում էր նրա քնքոյշ սիրտը: Երկար դիմադրել իր այդ զգացումին նա չկարողացաւ: 1902 թւին երկու շաբաթով միայն այցելեց Սասունը: Նորից վերադարձաւ Բասեն եւ ահա 1903-ի աշնանը երբ Խանի ձիաւոր խումբը մտաւ Բասեն, հակառակ ընկերների յորդորներին, շտապեց միանալ խմբին: Այդտեղ նա գտաւ իր վերջին հանգիստը: Բասենի հայ ժողովուրդը երկար չէր հաւատում նրա մահւան գոյժին: Հազար ու մի լուրեր էին պտտւում նրա մասին, հազար ու մի յոյսեր տածւում: Եւ դեռ մինչեւ հիմա էլ ժողովուրդը հաւատում է, որ նա կենդանի է, որ այսօր չէ վաղը կը դառնայ իր սիրած զաւակը: Բայց նա գնաց ընդմիշտ... Ո՞վ գիտէ, ուր է հանգչում այն սիրուն գլուխը, ուր է սաւառնում այն բանաստեղծ հոգին...
Սիրենք միշտ նրա սիրած գործը եւ դրանով վառ պահենք նրա յիշատակը: