19 February, 2021

Լրատու. Տիգրան Ծամհուր Սպանւած

Հայաստանի պարլամենտի եռանդուն անդամներից ընկ. Տիգրան Ծամհուր, որ ամբողջ երկու եւ կէս ամիս թագնւած էր բօլշեւիկների ձեռքը չընկնելու համար, սպանւած է փետր. 18-ի առաւօտեան՝ բօլշեւիկեան գնդացիրների կրակին զոհ երթալով: Դժբախտ Տիգրանը զոհ գացած է իր հայրենասիրական եռանդին: Շատերի հետ նա էլ մասնակցած է կռւի, եւ ընկած՝ դաւաճանների ձեռքով:

«Ազատ Հայաստան»
Օրգան Հայաստանի Հանրապետական Կառավարութեան
Կիրակի, 20 Փետրւարի 1921 թ.
Թիւ 2

ՏԻԳՐԱՆ ԾԱՄՀՈՒՐ

Հայ ժողովուրդի վերջին ճիգերը լարելու, էներգիայի վերջին կաթիլը սպառելու միջոցին ենթարկւեց մի նոր փորձութեան, որը բնականօրէն պիտի վերջանար արիւնոտ ողբերգութեամբ, այնքան քսմնտելի եւ այնքան սահմռկեցուցիչ:

Որչափ ցաւաւգին էր այս փորձութիւնը. բանտերում հազարաւորների խոշտանգում, եղբայրասպան կռիւ, այս եւ այն կողմից կրկին հազարաւորների կորուստ, գաղափարի ու հասկացողութիւնների քաօս, էներգիայի ու ժամանակի վատնում, քանդում ու փլուզում:

Ապագան աւելի կպարզորոշէ այս եղեռնալի փորձութեան ամբողջ էութիւնը, որ մեր պատմութեան մէջ, իր որակի հանգամանքներով, համեմատաբար քիչ է կրկնւել:

Տիգրան Ծամհուրն էլ զոհ գնաց այդ փորձութեան. նա սպանւեց փետրւարի 8-ի առաւօտեան քաղաքացիական կռւում, պարլամենտի դրան առաջ:

Քաղաքային այգում տեղի ունեցած կռւի տաք պահուն, Տիգրանը մի ներքին կանչ զգաց եւ երկու ու կէս ամսուայ թագստոցից դուրս նետւելով, վազեց կատարելու կամքը իր ժողովրդի – փակւած աչքերով պարլամենտի ճակատից հայկական դրօշակը կախելու:

Տիգրանին կճանաչեմ Ներսիսեան դպրոցից: Փայլուն յաջողութեամբ աւարտելով Կարնոյ Սանասարեան դպրոցը, հիմնադրի կտակի համաձայն, որպէս յառաջադէմ աշակերտ, պիտի ուղարկւէր Գերմանիա ուսանելու, բայց ունենալով ուժեղ յեղափոխական տեմպերաժենտ, նա հրաժարւեց Գերմանիա մեկնելու մտքից եւ ճանապարհ ընկաւ դէպի Կովկաս, ուր զբաղւեց պրօպագանդայի գործով, լինելով միեւնոյն ժամանակ եւ ուսանող Ներսիսեան դպրոցի ութներրորդ դասարանի:

Դեռ առաջին տարին Տիգրանը իր անձնւէր գործունէութեամբ եւ «Ճէմիօ ստորագրութեամբ յօդւածներով աչքի ընկաւ եւ թէ հասարակական, թէ յեղափոխական շրջանակներու կողմէ համակրանքի արժանացաւ: Երկրորդ անգամ ես Տիգրանին տեսայ 1920 թ. գարնանը, Երեւանում, որպէս պարլամենտի անդամի:

Իր նոր կոչումին մէջ եւս նա մնաց նոյն եռանդուն աշխատաւորը՝ պարտաճանաչ, աչալուրջ եւ գիտակից:

Շատերի հետ նա էլ զոհ գնաց իր ժողովրդի արդար դատի համար:

Յարգանք նրա յիշատակին

 Վ.
«Ազատ Հայաստան»
Օրգան Հայաստանի Հանրապետական Կառավարութեան
Ուրբաթ, 25 Փետրւարի 1921 թ.
Թիւ 6