Բաղեշի Ծղակ գիւղում
ծնւեց նա 1870 թւին: Դեռ պատանի հասակում ուրիշ շատ հայրենակիցների հետ, նա եւս ձեռք
առաւ պանդխտութեան գաւազանը եւ գնաց հեռաւոր Ամերիկայ, հայրենիքում թողած իր դժբախտ
ընտանիքին օգնելու նպատակով: Եւ այնտեղ շուտով յարեց Հ. Յ. Դաշնակցութեան եւ եղաւ մեր
ամենալաւ եւ գործունեայ ընկերներից մէկը:
Սակայն Անդրատլանդեան երկրի միատեսակ եւ թէօրիական աշխատանքը չկարողացաւ բաւաարարութիւն տալ Լեւոնեանին: Նրա յեղափոխական ոգին ծարաւ էր դրական, շօշափելի ու յանդուգն գործունէութեան եւ ահա 1902 թւին նա թողեց Ամերիկան, իր բազմաթիւ ընկերներն ու բարեկամները եւ Ժընէվի վրայով անցաւ երկիր, Վան, ուր մի քանի ամիս մնալուց յետոյ, դիմեց դէպի տենչանքի լեռները, դէպի Սասուն: Մի քանի ժամանակ լեռներում մնալուց յետոյ, նա իջաւ Մուշի դաշտ, եւ սկսեց պրօպագանդի գործը – պտտելով հայկական գիւղերը նա յորդորում էր ժողովրդին զինւել իր սեփական միջոցներով, եւ յաճախ իր վրայ էր առնում զէնք գտնելու դժւարութիւնները: Երեք ամիս դաշտում շրջագայելուց յետոյ՝ 1903 թւի վերջերը Լեւոնեան 12 հոգուց բաղկացած խմբով գնաց Ախլաթ, ուր մի կողմից հայ ժողովրդի մէջ զինւելու միտքն էր տարածում գործնականապէս, իսկ միւս կողմից՝ Վանի եւ Սասունի յարաբերութիւնները շաղկապում: Ախլաթ երկար չմնաց: Անցաւ Վան, սակայն դեռ նոր էր այնտեղ եկած՝ տեղական կօմիտէների որոշմամբ՝ նա թողեց երկիրը եւ Պարսկաստանի վրայով անցաւ Եւրոպա՝ Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար:
Ժողովից յետոյ՝ Լեւոնեանը նոր որոշումներով եւ յոյսերով գօտեպնդւած, դիմեց դէպի երկիր: Սասունը արդէն պաշարւած էր եւ ճանապարհները բռնւած: Չը նայած բոլոր դժւարութիւններին, 18 հոգուց բաղկացած խմբով նա ուզում էր օգնութեան հասնել կռւող Սասունին: Յաջողութեամբ հասաւ Արճէշ, բայց այնտեղ կռւի բռնւեց թիւրք զօրքերի եւ աշիրէթների հետ: Կռիւը անհաւասար էր եւ կատաղի:
...Երբ խումբը պատրաստւում է ճանապարհւել – ասում է նկարագրողը – պահապան-զինւորը իմաց է տալիս, որ քրդերի մի ահագին գունդ պաշարել է այն քարայրը, որտեղ խումբը մի քանի ժամ առաջ ապաստանել էր՝ ցրտից ու անձրեւից պատսպարւելու համար: Խմբապետը անմիջապէս կարգադրում է կռւի պատրաստւել: Սկսւում է հրացանաձգութիւնը, մերոնք ներսից, իսկ թշնամին դրսից: Ամբողջ օրը այդ ձեւով անցկացնելուց յետոյ, երեկոյեան՝ խմբապետի հրամանով՝ երկու հոգի փորձում են դուրս գալ այրից եւ մի քիչ շփոթութիւն գցել թշնամու մէջ, որը եւ աջողւում է: Օգտւելով վայրկենական շփոթութիւնից՝ ամբողջ խումբը կազմ ու պատրաստ դուրս է գալիս այրից եւ բացօդեայ սկսւում է մի տաք կռւի: Բայց նախ քան այրից դուրս գալը, խմբապետը դիմում է հետեւեալ միջոցին.- որովհետեւ զանազան պատճառներով խմբից յետ էին մնացել չորս հոգի, երկու հոգի էլ պաշար բերելու ժամանակ սպանւել եւ բռնւել էին, պակասած անդամների աւելորդ բեռը եւ նրանց բաժին պայթուցիկ նիւթերը անհնարին էր հետը վերցնել, ուստի խմբապետը որոշում է այդ բոլոր իրերը այրի մէջ մի տեղ հաւաքել եւ դուրս գալուց առաջ ռումբերի երկար պատրոյգը վառել: Քրդերը իսկոյն գրաւում են այրը: Այդ րոպէին ռումբերի ահռելի պայթիւնը քարուքանդ է անում այրը եւ տեղնուտեղը գետին փռում 20-ի չափ քրդի դիակները: Մնացածները սարսափած այս տարօրինակ երեւոյթից, փախուստ են տալիս, միջոց տալով խմբին ապահով պատռել շղթան եւ անցնել: Մի քիչ հեռանալով տղերքը դիրք են գրաւում եւ սկսում գնդակահար անել փախչող թշնամուն: Մերոնցից սպանւում եւ յետ են մնում ընդամէնը եօթը հոգի, իսկ թշնամուց սպանւում են մօտաւորապէս 55 քիւրդ, որոնցից մի քանիսը ամենայայտնի ցեղապետներից:
Ընկածների մէջ էր եւ Աշոտ-Երկաթը:
Ի՞նչ եղաւ նրա դիակը, ո՞ւր է նրա գերեզմանը – ոչ ոք գիտէ: «Անյայտ» դամբարանի հետ միասին հայ ազատագրութեան էջերին ենք յանձնում նրա սիրելի անունն ու խոստմնալի գործը:
Յարգանք նրա անւան, պատիւ նրա գործին:
«Դրօշակ»
- Մարտ 1905
Թիւ 3
(156)