Յուլիս 21-ն է արդէն:
Արշաւախումբը կազմ ու պատրաստ է:
Տեղ հասաւ վերջապէս «լրտեսող» ջոկատը, որ գնացել էր ճանապարհները եւ թշնամու դիրքն ուսումնասրիելու: Բանակը տենդային անհամբերութեամբ սպասում է առաջ խաղալու հրամանին...
Մօտենում է այդ ժամը: Ֆէդայիները հրաւիրւում են զինւորի հանդիսաւոր երդումը տալու: Երդման վայրում – հէնց որ հաւաքւում են ամէնքը – նշան է տրւում բարձրացնել Դաշնակցութեան փառահեղ դրօշակը, որ կտակն էր վաղամեռիկ մի ընկերուհու՝ ողբացեալ ՄԱՐՕՅԻ: Դրօշակի հանդիսաւոր վերելքը էլէկտրացնում է բոլոր ներկայ եղողներին: Անասելի ոգեւորութեան մի աղաղակ է դուրս պրծնում կրծքերից:
-«Կեցցէ՜ Դաշնակցութիւնը, կեցցէ՜ Յեղափոխութիւնը, կեցցէ՜ խմբապետը...»
Առաջ է գալիս արշաւախմբի ֆէդայի-քահանան եւ, համառօտակի բացատրելով
ֆէդայու կոչումը՝ բարձրաձայն կարդում է կօմիտէի խմբագրած երդմնագիրը, որ հետեւեալ բովանդակութիւն
ունէր մօտաւորապէս
«Ես, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ֆէդայիս, ազատ կամքով Դաշնակցութեան յաղթական դրօշակի տակ մտնելով, տալիս եմ իմ այս երդում Կուսակցութեանս Վրէժ կեդրոնական կօմիտէին.
Երդւում եմ Դաշնակցութեան յաղթական դրօշակով, երդւում եմ բռնութիւնը կործանող յեղափոխական սրով՝
Որ չեմ դաւաճանի ընկերիս, չեմ դաւաճանի ղեկավարներիս, չեմ դաւաճանի ֆէդայու վեհ կոչումին, չեմ դաւաճանի Դաշնակցութեան դրօշակին...»
Անկարելի էր խորապէս չյուզւել ականատես լինելով այդ վայրկենին՝ երբ ֆէդայիները ուրախութեան արտասուքը աչքերում, գրկում էին իրար, եղբայրական սուրբ համբոյրի մէջ յաւերժացնելու իրենց անսուտ երդումը.
-«Միասին կռւենք եւ միասին մեռնենք:»
Երդման արարողութիւնը վերջանալուց յետոյ առաջ է գալիս ընդհանուր հրամանատարը, որին ընդունում ենք բուռն ծափահառութեամբ ու կեցցէներով: Սակայն, համեստ խմբապետը խնդրում է մեզ լռել, խորին լռութեան մէջ լսւում է իր բարձր, ազդու եւ յուզւած ձայնը...
Երկա՜ր բացատրում է նա Մայր-Հայրենիքի ընդհանուր թշւառութիւնը, նրա դարեւոր ցաւերն ւո տառապանքները, նրա արդի օրհասական կացութիւնը: Բացատրում է այն պատճառները, որոնք ստիպեցին Դաշնակցութիւնը «երեւան գալ եւ անհաւասար կռիւ մղել հայրենիքի թշնամիների դէմ» եւ վերջապէս անցնում է ներկայ գործի՝ արշաւանքի անհրաժեշտութեանը եւ նրա յաջող վախճանից ակնկալւած օգուտներին: «Մեզանից է կախւած յեղափոխական ընդհանուր գործի յաջողութեան մէկ մասը, ասում է նա: ցոյց տանք մեր հասարակութեան թերահաւատ մասին, որ մենք ընդունակ ենք յեղափոխական – թէեւ անհաւասար – կռիւը յաջողութեամբ մղելու, իսկ միւս կողմից ցոյց տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ գիտէ կռւել Հայրենիքի ազատութեան համար...»
Հրամանատարից յետոյ սկսում է խօսել Ն.- – արշաւանքի համար ջերմապէս աշխատողներից մէկը, – որ իր հակիրճ եւ ոգեւորիչ խօսքերով ընդհանուր համակրանք է շարժում.
-«Տղե՛րք, վերջացնում է, նա, վեհանձն եղէք դէպի տկարները. ո՛չ
մի դէպքում ձեռ չտանք կանանց եւ երեխաներին: Իսկ տղամարդկանց՝ անխնայ կոտորեցէ՛ք:»
Խօսում է նաեւ ֆէդայի-բժիշկը, ֆէդայի-քահանան եւ ուրիշներ. բոլորին
էլ վարձատրում են անվերջ ծափահարութիւններով եւ որոտաձայն կեցցէներով: