28 December, 2022

ՄԱՐՕ. Օր. Մարիամ Մակարեան

Ո՞վ էր նա: Այդ հայ աղջիկն ի՞նչ գործ ունէր լուսաւոր կենդրոններից հեռու խուլ վայրում: Ինչո՞ւ մեծ քաղաքների ուրախ կեանքը թողած՝ եկել սիրտ ու մարմին էր մաշում Տաճկաց սահմանին հարեւան մի գաւառում:

Հայրենիքի ազատութեան համար գործելու տենչանքն էր, որ հանգստութիւն չէր տալիս նրան:

Մարօն Կովկասի ծովեզրեայ քաղաքներից մէկումն էր ծնւել 1872 թ.: Նախապաշարւած բարեկամների (ծնողներից զուրկ էր նա մանկութիւնից) կամքին հակառակ, ուսումը վերջացնելուց յետոյ թողնում է իր ծննդավայրը, դիմում է օտարութեան եւ իր նուրբ ուսերի վրայ է առնում հայ վարժուհու ծանր բեռը: Այստեղ տեղն ու ժամանակը չէ մի առ մի պատմել Մարօի մանկավարժական բեղմնաւոր գործունէութեան մասին, քանի որ միւս տեսակի գործունէութեան առջեւ առաջինը նսեմանում է:

Թշւառ հայրենիքին ծառայելն էր Մարօի գլխաւոր հոգսը: Դեռ աշակերտական նստարանի վրայից նա իր հասակակից աղջիկներին հաւաքում, ընկերութիւններ էր կազմում, ժողովներում Րաֆֆիի գրւածքների ընթերցանութեամբ վառում էր իր ընկերուհիների սրտերը արդար հայրենասիրութեամբ: Հաւաքում եւ հրատարակում էր ժողովրդական բերանացի երկերը: Իր գործունէութեան ծաւալը լայնացնում է նա, երբ թողնում է ուսումնարանը եւ իրեն մանկավարժական ասպարէզին նւիրում: Կովկասը նրան այլեւս չէ գոհացնում: 1894 թ. նա անցնում է Երասխը, որ աւելի մօտիկ լինի հայրենիքի այն մասին, որի արեան հոտն այժմ մինչեւ երկինք է բարձրացել:

Պատերազմի դաշտում ընկած հերոս յեղափոխականի սխրագործութիւնների նկարագրութիւնը զարմացնում է ընթերցողին: Այդպիսիների գործը ընկնում է յեղափոխութեան երեսի վրայ: Իսկ աստառի վրայ գործում են մշակներ, որոնց աշխատանքն աւելի համեստ է, աւելի փոքր է, բայց, կարելի է ասել, աւելի հոգի մաշող է, թէպէտ այդ մշակների գործունէութիւնն աչքի չէ զարնում, բայց արդիւնաւէտ է իբրեւ պօլիպների մանր աշխատանք, աշխատանք, որ ծովի յատակից ամբողջ կղզիներ է բարձրացնում:

Յեղափոխական համեստ մշակ էր Մարօն: Նրա խելացի եւ կրակոտ խօսքերը լսողների մէջ եռանդ էին յարուցանում, եւ մինչեւ վերջին շունչը մնաց նա առաջադիմական յեղափոխական կեանքում (այժմ յեղափոխական-պահպանողականները քիչ չեն հայերի մէջ):

Տեղական կօմիտէի ամենաեռանդուն անդամներիցն էր: Յեղափոխական գործին նա նւիրւել էր իր բոլոր ուժերով: Իր գործելու ծրագիրը լայն էր, պահանջները խիստ, ձգտումները բարձր: Բայց Մարօն չէր մեղաւոր, որ իր ֆիզիքական կազմի պատճառով, անզօր էր հետեւել իր հոգու բոլոր պաhանջներին: եւ նա անում էր, ինչ որ իր ուժերը թոյլ էին տալիս:

«Աղջկայ կոչումն է համեստութիւն, խաղաղութիւն, քաղցրութիւն եւ պարզութիւն», գրւած է նրա յիշատակարանի առաջի երեսի վրայ. այս բոլոր յատկութիւնների հետ Մարօն եւ հերոսուհու սիրտ ունէր:

Դեկտեմբերի 28-ին ընկերները գտնում են նրան իր անկողնի վրայ անշնչացած: Մահացու գնդակն անցել էր ուղիղ սրտից եւ մէջքից դուրս եկել: Կողքին ընկած էր իր սիրած րէվօլվէրը: Խելացի, խոշոր, սեւ աչքերը յաւիտեան փակւած էին: Այլեւս չէր նայում նա իր սիրելի հերոս Բաբկէն-Սիւնիի պատկերին, որ միշտ կախած ունէր մօտը պատից, այլեւս չէր տեսնում իր խօսքերով վառած եւ վրէժխնդրութեամբ լցւած փոքր Խէչօի լուսանկարը: Մի կտոր թղթի վրայ գրութիւն էր թողել նա:

« ...անձդ զոհ դի՛ր Հայրենեաց սուրբ սեղանի վրայ,– դիմում է նա իր սիրած յեղափոխականին – Բաբկէն-Սիւնիի նման լեցւի՛ր թունալից վրէժխնդրութեամբ եւ ... կատարիր վերջին կտակս. Դրանով միայն կը հանգստանան ոսկորներս գերեզմանի մէջ: Ես այնքան քաջութիւն ունեցաւ, որ կարողացայ կրակի տալ քո ետեւից բոլոր նաւերը: Այսուհետեւ դու բոլորվին ազատ ես, գործի՛ր: Ներիր ինձ. բիւր համբոյրներ: Վերջին բարեւներս բոլոր ընկերներից»: ՄԱՐՕ

Պարզ օր է: Արեւն այրելու չափ տաքանում է, չնայած ամենուրեք ձեան սպիտակ սաւանը ծածկած էր հաստ շերտով: Զանգակները տխուր հնչում են: Գիւղի տղամարդիկ ու կանայք շրջաոատել են մի կարմիր դագաղ, որը հայդուկները տանում են դէպի բլուրի գագաթը՝ գերեզմանատուն: Սկսած հսկայ Արտոսից մինչեւ Կովկասը ներկայացուցիչ ունէր նրանց մէջ՝ քէօլօզաւոր, չուր-քեազախաւոր, փաստակաւոր, չուխաւոր՝ յուղարկաւորում են իրենց սիրելի «Դադօին», որն այնքան քրտինք է թափել եւ նեարդներ մաշել Հայրենիքի հայդուկ-զինւորների համար:

Սրանք զգում են, որ իրենց զոհւած քրոջ տեղը ոչ ոք չէ բռնելու: Արցունքն առատ թափւում է խորշացած երեսի վրայ եւ կոշտացած բռունցքն անկարող է սրբել...

Հանգիստ ոսկորներիդ, հերոս աղջի՛կ:

«Դրօշակ» - Փետրւար 22, 1897
Թիւ 4