Ա. Նախիջեւանի Շրջանում
Ինչպէս յայտնի է, 1918 թ. մայիսի վերջերին, Անդրանիկը, առանց Ղարաքիլիսայի ճակատամարտին մասնակցելու ու բողոքելով Բաթումի դաշնագրի դէմ, իր զօրամասով թողեց Հայաստանը եւ արշաւեց դէպի Պարսկաստան՝ նպատակ ունենալով միանալ անգլիացիներին: Յայտնի է նաեւ, որ այդ արշաւանքը վերջացաւ անյաջողութեամբ. Անդրանիկը Խոյի մօտից, տաճիկների ճնշման տակ, նահանջեց դէպի Ջուլֆա եւ Արաքսը կտրելով՝ բանակ դրեց նախիջեւանի շրջանի գիւղերում:
Անդրանիկի մօտենալը լսելով, յուլիս 11-ին*), Բիստ գիւղն է գալիս Զանգեզուրի Ազգային Խորհուրդի պատւիրակ Արշակ Շիրինեանը՝ հրաւիրելու համար Անդրանիկին իր զօրամասով անցնել Զանգեզուր: Այդ օրերին Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայկական շրջանները բացառիկ վիճակ էին ապրում: Մէկ կողմից Բագուի ուղղութեամբ դէպի Եւլախ յառաջանում էին բոլշեւիկները, միւս կողմից տաճիկները գանձակին տիրելուց յետոյ՝ ձգտում էին արշաւել Բագուի վրա: Բագուի հայ կռւողների մեծ մասը ղարաբաղցի հայեր էին, որոնց հետ աշխատում էին հաղորդակցութեան մէջ մտնել ղարաբաղցիք: Այդ օրերին, եթէ յաջողւէր Բագուն կապել Ղարաբաղի հետ, թիւրքերի թիկունքին մեծ հարւած կը հասցւէր եւ հայոց համար մե ռազմական խարիսխ կը ստեղծւէր:
Սակայն Նախիջեւանի դրութիւնը աւելի լուրջ էր, քանի որ տաճիկները աւելի սպառնական էին այդ ուղղութեամբ, ուստի Անդրանիկն աւելի անհրաժեշտ էր գտնում մնալ այդ շրջանում: Նրա այդ որոշումը զուտ ռազմական տեսակէտից ճիշդ էր, քանի որ, թշնամուն զբաղեցնելով Նախիջեւանում՝ հնարաւորութիւն էր տալիս Զանգեզուրի հայութեանը թիկունքում ապահով ապրելու:
Հանգուցեալ Արշակ Շիրինեանը վերադարձաւ ձեռնունայն, իսկ Անդրանիկը յուլիս 13-ին Ապրակունիսի վանքում խորհրդակցութիւն ունեցաւ Նախիջեւանից եկած Ազգային Խորհրդի եւ Զինւորական Մարմնի լիազօրների հետ: Երեւանից ստացւած մի հեռագրի համաձայն, տաճկական երկու նգդեր իրենց թնդանօթներով Շահթախտի վրայով յառաջանում էին դէպի Պարսկաստան, իսկ Երեւանից եկողները պատմում էին, թէ Թիֆլիզում տաճիկների եւ գերմանացիների միջեւ իբր թէ երեք օր ընդհարում է տեղի ունեցել եւ վերջը գերմանացիք քշել են տաճիկներին:
Ապրակունիսի ժողովը կարեւոր որոշումներ հանեց: Յուլիս 14-ին Անդրանիկի ստորագրութեամբ յայտարարութիւններ լո՛ս տեսան հայերէն եւ ռուսերէն լեզունեորվ, որոնց բովանդակութիւնը հետեւեալն էր:
Ա. Այս թւականից սկսած Անդրանիկը իր զօրքերով ռուսակկան կենտրոնական կառավարութեան մասն է կազմում եւ ենթարկւում է նրան:
Բ. Համաձայն Բրեստ-Լիտովսկի դաշնագրի՝ Նախիջեւանի շրջանը յայտարարւում է Ռուսաստանի անբաժան մասը:
Գ. Զինաթափում շրջանի ազգաբնակութեան, առանց ազգի խտրութեան:
Դ. Շրջանում յայտարարւում է զինւորական դրութիւն եւ ամբողջ իշխնաութիւնը պատկանում է զօրավար Անդրանիկին, մինչեւ ռուսական կենտրոնական կառավարութեան հետ կապւելը:
Այս յայտարարութիւնից բացի ձեռք են առնւում միջոցներ՝ ստեղծելու համար տեղական վարչութիւնը, սովորական դատարան, գաղթականական մարմին փոխադրութեան միջոցներ, նաեւ զինւորական կարգապահութեան համար հրատարակւում է օրէնք եւ հաստատւում է դաշտային դատարան:
Նախիջեւանի շրջանի հայ երիտասարդութիւնը պէտք է զօրահաւաքի ենթարկւէր եւ ունենար առնւազն 4000 զինւած ոյժ, որի հետ միասին Հարւածող Զօրամասը պէտք է գործէր Անդրանիկի ընդհանուր հրամանատարութեան տակ:
Բժ. Բօնապարտեանը գնում է Կզնուտ գիւղը, որպէսզի անթել հեռագրով վերոյիշեալ կէտերը հաղորդէ խորհրդային իշխանութեան Կովկասի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումեանին, որ այդ ժամանակ գտնւում էր Բագու: Հետագայում իմացանք, որ Բագւում ստացւել էր այդ հաղորդագրութիւնը: Սակայն, թշնամին ժամանակ չտւեց կազմակերպւելու. տաճիկները արդէն Շահթխատումն էին եւ օրէց օր սպասւում էին: Անհրաժեշտ էր նախ եւ առաջ շրջանի ազգաբնակութեան զինաթափումը կատարել, որպէսզի չէզոքացւէր թիկունքի վտանգը: Զինաթափութեան առաջարկութիւն-հրամանը ղրկւեցաւ Նախիջեւանի թւորք խաներին, որոնք դանդաղեցան եւ պատասխանեցին, թէ ժողովուրդը իրենց չի լսում. պարզ է, որ պէտք էր դիմել բռնութեան: Այդ նպատակով Ա. գումարտակը՝ մեկնեց Ղազանչիի ուղղութեամբ, լեռնային շրջանի թրքական գիւղերը զինաթափ անելով անցնելու Նախիջեւան եւ միանալու գլխաւոր զօրամասին, որ դաշտի գիւղերը զինաթափելով՝ պիտի մտնէր Նախիջեւան:
Յուլիս 15-ին լուր է հասնում, որ տաճիկները ուժեր են կեդրոնացրել պարսկական Ջուլֆայում. ռուսական Ջուլֆայում հայերը ունէին դաշտային թնդանօթ եւ ռազմամթերք: Անդրանիկը հրահանգ է ուղարկում , որ դիմադրեն թշնամուն եւ մինչեւ վերջը պաշտպանեն Ջուլֆան ու կամուրջը:
Զինաթափութեան դժւարին գործը սկսւեց յուլիս 16-ից. շրջանի գլխաւոր եւ ուժեղ գիւղներն էին՝ Յաջին, Նեհրամը եւ Ջահրին, որոնց մէջ կային տաճիկ հրահանգիչներ, թնդանօթ եւ մեծ քանակութեամբ զինւած տեղական կռւողներ: Եայջին արդէն ընկել էր, հերթը հասել էր Նեհրամին, որից յետոյ մնում էր Ջահրին: Զօրամասը կենտրոնացաւ Կզնուտում, որից հինգ վերստի վվրա է գտնւում Նեհրամը:
Դէպքերն այնպէս շուտ վրա հասան, որ տեղական զօրահաւաքը գլուխ բերելու ժամանակ չեղաւ եւ 4000 զինւորի փոխարէն միայն 100-200 կռւող հանդէս եկան: Նեհրամը զինաթափման առաջարկին պատասխանեց խրամատներից կրակով: Քիչ յետոյ էլ սկսեցի թշնամու երկու թնդանօթները ռմբակոծել մերոնց դիրքերը: Գիւղը պաշարւում է եւ սկսւում է կանոնաւոր կռիւը: Թէպէտք թուրքերի դիրքերն ամուր էին, բայց հայերը կարողացել էին արդէն գրաւել գիւղի կէսը: Թշնամին յուսահատ փորձում է յետ քաշւել՝ պայթեցնելով ռազմամթերքի պահեստը եւ շարունակում է յուսահատ դիմադրութիւնը:
Օրը շոգ է, յուլիս 17-ը: Զինւորներն իրենց դիրքերի մէջ սաստիկ նեղւում են ծարաւից եւ շոգից: Կռւողները յոգնած են եւ անօթի: Կուզնութցի քաջսիրտ կանայք սկսում են ջուր փոխադրել դիրքերը՝ ծարաւ զինւորների համար: Գիշերը զօրամասը վերադառնում է Կզնուտ, փոքրաթիւ ուժեր թողնելով Նեհրամի շուրջը: Նախիջեւանից լուր է հասնում, թէ այնտեղ թուրքերը կրակ են բաց արել հայերի վրա:
Յուլիս 18-ին կռիւը բորբոքւում է եւ Ջուլֆայի շրջանակներում. զօրամասից ձիաւորների մի հարիւրեակ մեկնում է այնտեղ. Նախիջեւանի մէջ եւս կռիւը շարունակւում է: Թուրքերը ցանկանում են գրաւել զօրանոցները՝ հայերին պէտք է օգնական ուժեր ղրկել:
Յուլիս 19-ին դիմադրութիւնը Ջուլֆայի ուղղութեամբ շարունակւում է, իսկ Անդրանիկը դաշտային թնդանօթներով սաստիկ ռմբակոծելով Նեհրամը՝ շտապում է Նախիջեւանի օգնութեան: Տաճիկները թնդանօթներով ռմբակոծում էին հայկական դիրքերը եւ քաղաք մտնելու վրա էին, երբ հասնում է հարւածող զօրամսը՝ թնդանօթներն ուղղելով դէպի Նախիջեւան: Զօրամասը Եարըմչայէն անցնելով՝ դիրք է բռնում քաղաքի եւ գիւղի մէջտեղ գտնւող առուի փոսի եւ պարտէզների մէջ: Տաճիկները գործ էին ածում 12 թնդանօթներ եւ շատ գնդացիրներ: Աջ կողմից օգնութեան էր հսել առաջին գումարտակը, մօտենում է քաղաքին, բայց չկարողանալով դիմանաթ թշնամու կրակին՝ յետ էր քաշւել: Բուն զօրամասի հետ գնացող երկու հարիւրեակ ձիաւորներն էլ հետեւած առաջին գումարտակին: Երրորդ գումարտակի կողմից տեղի ունեցած անխոհեմ մի շարժում պատճառ եղաւ թշնամու քաջալերութեան. զօրամասն այնուամենայնիւ մինչեւ գիշերւան ժամը տասը մնաց՝ ռմբակոծելով տաճկական հրետանին եւ թրքական թաղը: Տաճիկներն էլ սխալմամբ՝ հայկականի փխոարէն թրքական թաղն էին ռմբակոծում:
Հարւածող զօրամասը այդ ժամանակ ունէր երեք լեռնային եւ մէկ դաշտային թնդանօթ: Քաղաքը գրաւել էր թշնամին, նախ քան զօրամասի քաղաք մտնելը եւ այդ պատճառով գաղթականութեան ծայրը ուղղւեց դէպի Կզնուտ եւ Ապրակունիս: Զօրամասն եւս սկսեց յետ քաշւել եւ կէս գիշեր էր, երբ հասաւ Կզնուտ. թշնամին հետզհետէ սաստկացնում էր իր հետապնդումը. նա թւով եւ տեխնիկայով գերազանցում էր մերոնց: Հէնց նոյն օրն երեկոյեան թիւրքերը գրաւեցին եւ Ջուլֆան, որտեղի գաղթականութիւնը եւս խառնւեցաւ Նախիջեւանի եւ տաճկահայ գաղթականութեանը: Կզնուտի բնակիչներն եւս գաղթեցին, երբ զօրամասը դուրս եկաւ այնտեղից: Կապը առաջին գումարտակի հետ կտրւեց: Յուլիս 20-ին զօրամասը քաշւեց Ապրակունիս: Առաջին գումարտակը հասել էր Ղազանչի, որ նոյնպէս գաղթեց Ապրակունիսի հետ միասին: Հնարաւոր չէ գիտենալ, թէ Նախիջեւանի շրջանի այդ հարուստ եւ բարեկեցիկ բազմամարդ հայութիւնից ինչքանը կրոաւ, ինչքանը մանց եւ ինչքան հարստութիւն ու կեանք փճացաւ:
Գաղթականութիւնը եւ զինւորները մեծ դժւարութիւններով հաւաքւում են Քիստ. Նախիջեւանի գաղթականներն արդէն հասել էին Փարադաշտ: Զօրամասը հետ է նաեւ Գողթնի հայութեան ղեկավար Աշոտ Մելիք-Մուսեանը: Գաղթականութիւնը տեղաւորւում է Բիստում, ուր դիմադրելու շատ յարմարութիւններ կային: Տեղական ուժերը մնում են այդտեղ, իսկ հարւածող զօրամասը պէտք է անցնէր Զանգեզուր:
*Ժամանակագրութիւնը
նոր տոմարով է:
Յովակ Ստեփանեան
«ՎԷՄ» Հանդէս Մշակոյթի եւ Պատմութեան (Փարիզ)
Մայիս-Յունիս 1936
Դ. Տարի, Թիւ 3