Բ. Զանգեզուրում
Յուլիս 23-ին Անդրանիկը որոշեց անցնել Սիսիան-Զանգեզուր, որ լեռնոտ շրջան է եւ շատ ցորեն չունի: Զինւորական կարգապահութիւնը թուլցրել էր. զինւորներին ազատելու եւ գաղթական-զինւորութեան վերջ դնելու նպատակով որոշւեց կատարել մասնաւոր զօրացրում, քանի որ հաց ստանալու ժամանակ հարիւր զինւոր էր ներկայանում, իսկ կռւի ժամանակ հազիւ տասը:
Անդրանիկը ի լուր ամենի, յայտարարեց, թէ Զօրամասի զինւորները ազատ են. դէպի Ղափան-Զանգեզուր գնալու համար մի քանի ճանապարհներ կան. մէկը Ալահի գիւղի միջով տանում է Գեղւայ ձորի մօտով Ղափան, միւսը Նասրւայ հայկական գիւղով գնում է դէպի Օճխի ձորը, որտեղից էլ Ղափան, իսկ երրորդ ճանապարհը՝ Ցղնայի վերեւով, Ռամիս հայկական գիւղով տանում է դարձեալ Ղափան: Այս ճանապարհներից ամենահեշտն է առաջինը, երկրորդը թէպէտ բաւականին դժւար է, բայց աւելի ապահով է, մինչդեօ երրորդը հեռու է Բիստից: Գաղթականութեան եւ զինւորների մի մասը հեշտ ճամբան բռնեց, բայց լերան գագաթը բարձրանալով՝ խաշնարած թուրքերի կողմից կրակի ենթարկւեց եւ բաւականաչափ կորուստ ունենալով վերադարձաւ ապա ուղեւորւեց դէպի Ղափան երկրորդ ճամբով: Ժողովրդի մի մասը մնաց Բիստ, Փարակա, Ռամիս եւ Ցղնա գիւղերում՝ Գողթանի շրջանում:
Ինքը Անդրանիկը իւր զօրամասով, ինչպէս եւ տաճկահայ ու նախիջեւանցի գաղթականութեան մեծ մասը ընտրեց երկրորդ ճամբան եւ յաջող կերպով անցաւ Գարուղջըղը, եւ հասաւ վերին Ղափանի գիւղերը:
Քաջարան հայ գիւղում հաւաքւում են թուրքական գիւղերի ներկայացուցիչները եւ ներկայանում են Անդրանիկին՝ յայտնելով իրենց անկեղծ բարեկամութիւնը դէպի հայերը: Ներկայացուցիչները Անդրանիկի հետ ճամբորդում են մինչեւ Հանդ հայկական գիւղը, ուր եւ գիշերում են:
Պէտք է ասել, որ շրջանի բոլոր թրքական գիւղերը բարեկամական վերաբերմունք ցոյց տւին թէ Զօրամասին եւ թէ եկող գաղթականութեանը. եթէ դա թուրքերի կողմից քաղաքագիտութիւն էր, յամենայն դէպս խելացի եւ կշռադատւած քայլ էր:
Այնուհետեւ Զօրամասն անցաւ Դաւիթ Բէկի բերդի (Բաղաբերդ) մօտով. ճանապարհին թուրք գիւղացիները մի եզ ուզեցին մորթել Անդրանիկի ոտքների առաջ, բայց նա չթողեց. թուրքերը նրան հիւրասիրեցին կարագով եւ մեղրով: Երեկոյեան զօրամասը արդէն Ղափանի պղնձահանքերումն էր, Ղաթարի գործարաններում: Յուլիս 26-ին մնում է Ղաթարի հանքերումն եւ պարէնաւորւում է Ազգային Խորհրդի միջոցներով:
Յուլիս 27-ին հետզհետէ հասնում են բանակից յետ մնացած զինւորները, այլ եւ գաղթականները, բոլորն էլ յոգնած, փոշոտւած, անօթի եւ սեւացած, շատերը հիւանդ, ուժասպառ... Մեծ կենդանութիւն էր ստացել այդ օրերին Ղափանի շուկան. մի պատառ հաց կամ մի աման մածուն ձեռք բերելու համար ծախում էին հագուստ, դրաստ, կթան անասուն, զէնք, զարդեր եւ այլն: Կրկին Արշակ Շիրինեանը,- Զանգեզուրի այդ անվեհեր գործիչը – եկել էր Ղաթար՝ Անդրանիկին Գորիս հրաւիրելու, խոստանալով ամէն բանով օժանդակել Զօրամասին:
Օգոստոս 2-ին Անդրանիկը եւ Զօրամասը Ղափանից մեկնում են դէպի Գորիս՝ Տաթեւի ճանապարհով: Գորիսի ժողովուրդը եւ Ազգային Խորհուրդը մեծ հանդիսաւորութեամբ դիմաւորում են ազգային հերոսին:
Օգոստ. 4-ից մինչեւ 13-ը լքման եւ անորոշութեան օրեր էին: Գորիսի շուկան եռուզեռի մէջ էր. գաղթականներն ու զինւորները գրեթէ անօթի եւ առանց դրամի՝ ծառերի խակ պտուղներն էին ուտում, բանջարանոցների գետնախնձորները հանում եփում, արտերի հասկերն էին քաղում, աղանձում.... Զանգեզուրցի հայը սովոր չէր նման երեւոյթի եւ յաճախ զէնքի էր դիմում պաշտպանելու համար իր ստացւածքը: Գիշեր ու ցերեկ երկուստեք հրացանաձգութիւն, նոյն իսկ սպանութիւններ կատարւեցին, մինչեւ որ երկու կողմերն էլ հասկացան նոր ստեղծւած պայմանները եւ հաշտւեցին իրար հետ:
Այստեղից զինւած գաղթականներից ոմանք անցնում են գաղտնի ճանապարհներով դէպի Շուշի, շատերը՝ Սիսիան եւ Երեւան: Օգոստոս 13-ին Զօրամասի զինւորները կարգով շարւեցան Գորիսի հրապարակում, ուր նրանց խօսք ասաց Անդրանիկը:
Նա ասաց, թէ ով ուզում է կարող է գնալ Երեւան, սակայն տեղումը մնացողը պէտք է ենթարկւի զինւորական խիստ կարգապահութեան, քչով բաւականանայ եւ մի անգամ ընդ միշտ որոշէ իր գաղթական կամ զինւոր լինելու հանգամանքը: Մի առ մի շեշտեց այն մտայնութիւնները, որ կան գաղթականութեան եւ զինւորութեան շարքերում: Ասաց, որ մի մասը մտածում է անցնել Երեւան, մի մասը ուզում է անցնել Շուշի-Եւլախ գծով եւ միանալ Բագուից առաջացող ուժերին, ովքեր եւ լինեն այս վերջինները՝ բոլշեւիկ կամ թէ անգլիացի: Մի մասն էլ ցանկանում է անցնել Մեղրի, կտրել Արաքսը, դուրս գալ Մուժամբար-Թաւրիզ, միանալ անգլիացիներին, որոնց մասին լուր կայ, թէ իբր հասել են այնտեղ: Լուրերը հակասական են, իսկ ճշտելու հնար չկայ: Այդ ճառի հետեւանքն եղաւ այն, որ շատերն որոշեցին իրենց անելիքը: Աւելի շատ լուրեր հասնում են Շուշուց եւ Ղարաբաղից, որովհետեւ Գորիսումն էին գտնւում Շուշու եւ Գանձակի գնդերի ղեկավարները, դրանց թւում եւ տողերիս գրողը, իբր այդ գնդերի լիազօր եւ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր կոմիսար, նշանակւած ազգային Մարմինների կողմից: Մենք անդադար սուրհանդակային կապ էինք պահպանում Ղարաբաղի հետ: Գորիս-Շուշի խճուղին, ի հարկէ, փակ էր: Շուշուց եկած լուրերը սկզբում բաւական լաւատես էին: Ղարաբաղից յայտնում էին, թէ 5000 անգլիացիներ 400 թնդանօթներով հասել են Բագւո, 25000 հոգի էլ դեռ պէտք է գան: Իբր թէ զօրավար Ալէքսէեւը 30000 կազակներով առաջանում է դէպի Թիֆլիս, եւ անգլիացիները Թաւրիզի վրայով Ջուլֆա են հասել: Միւս կողմից լուր էր հասնում, թէ տաճիկները կոտորել են Նուխու եւ Արէշի շրջանի հայերին, իսկ Գորիսի եւ Շուշու մէջտեղ գտնւող ձորում թուքրերը պաշարել են Շուշի գնացող հայ գաղթականներին եւ զինւորներին: Երբեմն էլ լուրեր էին պտտում, թէ տաճիկները գրաւել են Բագուն կամ թէ Երեւանում կռիւ կայ եւ այլն: Անդրանիկն անհնարին էր համարում Բագուի անկումը, քանի որ իւր աչքերով տեսած էր քաղքում կուտակւած խոշոր ռազմամթերքը, թնդանօթները եւ զրահապատ ինքնաշարժները, որոնք փոխադրւած էին Բագուի պաշտպանութեան համար: Օգոստոս 21-ին Ղարաբաղից լուր հասաւ թէ տաճիկները գրաւել են Բագուն եւ մէկ ջոկատ զօրք էլ շարժւել է դէպի Ղարաբաղ, այնինչ Օգոստ. 26-ին Երեւանից տեղեկութիւն ստացանք, թէ Բագուի մէջ անգլիացիները մեծ յաղթանակ են տարել եւ իբրեւ թէ 8000 գերի բռնել տաճիկներից: Նմանապէս, իբր թէ, անգլիացիք գրաւել են Թաւրիզը եւ այլ այդ կարգի լուրեր:
Դ. Տարի, Թիւ 3