22 September, 2021

Բեկորներ Անցեալից. Կուկունեան Խմբի Արշաւանքը

«Հայրենիք» ամսագիրը վերջերս բաւական նիւթ հրատարակեց Կուկունեան խմբի արշաւանքի մասին – Յովս. Մոսէսեանի յուշերը, բայց, մանաւանդ «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան» յաւելւածում տրւած վաւերագրերը: Այդ նիւթերով, կարելի է ասել, ամբողջապէս պարզւում է Հ. Յ. Դաշնակցութեան կեանքի արշալոյսին կատարւած յեղափոխական այդ հետաքրքրական ձեռնարկի բնոյթը: Իբրեւ լրացում տալիս ենք նաեւ Հ. Յ. Դաշնակցութեան ականաւոր գործիչ Ռոստոմի մէկ փոքրիկ գրութիւնը, որ անտիպ մնացել է Հ. Յ. Դ. Կենտր. Դիւանի թղթերում: Գրւածքը կազմւած պէտք է լինի 90-ական թւականների երկրորդ կէսին: ԽՄԲ.:

Կուկունեան արշաւանքի միտքը յղացաւ Կարնոյ դէպքից անմիջապէս յետոյ եւ կազմակերպւում էր յեղափոխական խմբերի բանակցութիւնների հետ միաժամանակ:

Երբեմն Գէորգեան Ճեմարանի, ապա Պետերբուրգի համալսարանի ուսանող Սարգիս Կուկունեանը, իր երկու ընկերների՝ Կոստանտին Լիսինեանի եւ Ռուբէն Յովհաննէսեանի հետ թողնում է Պետերբուրգը, գալիս Կովկաս եւ տեղական խմբերի միջոցով պատրաստւում արշաւանքի:

Դրա մանրամասն պատմութիւնն արդէն յայտնի է հայ հասարակութեան «Կուկունեան խմբի արշաւանքը, Հ. Յ. Դաշնակցութեան տպարան, 1894» ծանօթ գրքոյկից: Աւելացնենք միայն, որ խմբի անդամները որոշ կերպով չէին ներկայացնում իրենց, թէ ի՞նչ պէտք է անեն Տաճկահայաստանում, ինչպէ՞ս պէտք  է անեն, ի՞նչ է սպասում իրենց: Սահմանագլխում ժողովւած այդ հարիւրաւոր երիտասարդները (բացի 78 հոգուց, որոնք մասնակցեցին արշաւանքին, կային դեռ շատ շատերը, որոնք սպասում էին իրենց հերթին) գործնական միջոցների մասին չէին մտածում, չէին խորհում, կարծես կամովին կուրացած՝ դիմում էին դէպի անդունդ: Մի բան նրանց համար շատ պարզ էր. հարկաւոր արիւն թափել, հարկաւոր էր վրէժխնդիր լինել բազմաթիւ անմեծ զոհերի անբիծ արեան համար: Սա մի տարերային հոսանք էր, ազնիւ, վեհ, ոգեւորիչ հոսանք, որի առաջն անկարելի էր առնել ոչ մի յորդորանքով, ոչ մի խելացի պատճառաբանութիւններով, ոչ մի սարսափելի ապագայի նկարագրութիւններով:

Համառօտակի յիշենք, որ խումբը սահմանն անցնելով՝ բարձրանում է Բող-Դաղը, կռւում Թոփրակ-Կալէից եկած զօրքերի եւ շրջակայ գիւղերից ժողովւած քրդերի հետ եւ փախցնում նրանց: Պաշարի պակաս զգալով՝ խումբը դիմում է դէպի Թեփա-Բինա ձորը, այնտեղից՝ Աղբուլազի ձորը անցնելիս սպանում է ճանապարհին պատահած 5 թիւրքեր: Անծանօթ լինելով բոլորովին երկրին (ուղեցոյցները, դժբախտաբար, հէնց առաջւանից փախած են լինում), խումբը շատ դէս ու դէն ապարդիւն թափառելուց յետոյ, քաղցած, ծարաւ՝ որոշում է անդամների մեծամասնութեամբ վերադառնալ Ռուսաստան՝ գարնան նոր արշաւանքի պատրաստւելու համար: Սահմանագլխի Խար գիւղում ընդհարում է տեղի ունենում սահմանապահ ռուս կոզակների ու կուտակւած քրդերի հետ և խումբը ցրւում է: Մի մասը ձերբակալւում է կառավարութեան ձեռքը, դատւում եւ դատապարտւում է:

Խումբն արշաւեց եւ անողոք իրականութեան զարնւելով՝ քայքայւեց, անկարող լինելով իր իղձերը լիովին իրականացնելու: Նրա մի մասը ընկաւ պատերազմի դաշտում, միւս մասը, խմբապետի հետ միասին փտում է Սիբիրիայի խորքերում, մի մասն էլ դեռ եւս շարունակում է հայդուկային խմբերի մէջ գործել:

Ռոստոմ
«ՎԷՄ» Հանդէս Մշակոյթի եւ Պատմութեան (Փարիզ)
Գ. Տարի, Թիւ 1 Յունվար-Ապրիլ 1935