Դ. Կռիւները Սիսիանում
Սեպտեմբերի սկզբներին Անդրանիկը ստիպւած եղաւ վերակազմելու իր զօրամասը, բայց կար աւելի կարեւոր մտատանջութիւն: Սիսիանի եւ Նախիջեւանի միջեւ ընկած է Գիւմրի-Գժաձոր շրջանը, ուր կային հայկական գիւղերի կողքին եւ թուրքական գիւղեր: Այդ շրջանը Սիսիանի ռազմական բանալին է: Եթէ Նախիջեւանից արշաւող տաճկական ոյժը գրաէր Գիւմրին ու Գժաձորը, Սիսիանի դիմադրութիւնը կը դառնար հարցական: Տաճիկներն արդէն գրաւել էին այդ շրջանի հայաբնակ գիւղերը մինչեւ Բադամլու. մնացել էին միայն լեռնային գիւղերը՝ ԳԻւմրի, Գժաձոր, Նորս եւ Նորս-Մազրա, որոնք առաջարկութիւն էին ստացել զինաթափ լինելու եւ ենթարկւելու տաճկական իշխանութեանը:
Գիւմրի-Գժաձորը երեսուն վերստով է բաժանւած Սիսիանից: Այդ գիւղերը ամուր պահելու համար, պէտք էր այնտեղ ունենալ որոշ ռազմական ոյժ: Բայց նախ քան հարւածող Զօրամասից մէկ վաշտ այնտեղ ուղարկելը, պէտք էր կարգաւորել պարենաւորման խնդիրը, իսկ դրա համար անհրաժեշտ էր համարւում հրաւիրել Սիսիանի գիւղական կոմիսարների համագումար:
Այդ օրերին Անդրանիկի մօտ ենգալիս Զանգեզուրի Ազգային Խորհրդի անդամներ՝ Արշակ Շիրինեանը, Գէդէոն Տէր-Մինասեանը, եւ լիազօր Յ. Ստեփանեանը՝ տողերիս գրողը: Սեպտեմբեր 5-ին Սիսիանի հայ եւ մալական գիւղերի կոմիսարները հաւաքւել էին Անգեղակոթ. ժողովը տեղի ունեցաւ եկեղեցում: Անդրանիկը յայտնեց իր ցանկութիւնը եւ ուզեց իմանալ ժողովրդի կամքը. արդեօք ժողովուրդը փափաքո՞ւմ է, որ ինքը մնայ Սիսիանում. ժողովուրդը տրամադի՞ր է կռւելու տաճիկների դէմ եւ զինաթափ չի՞ լինի երբեք: Այդ երկու հարցերին դրական պատասխան տալուց յետոյ, ժողովուրդը պէտք է որոշի, թէ արդեօք յա՞նձն առնում է զօրամասի պարենաւորումը եւ ի՞նչ կերպ:
Ժողովին եկած կոմիսարները թէեւ ժողովրդի կամքն էին արտայայտում, քանի որ իրենք նոյն ժողովրդի ընտրած ներկայացուցիչներն էին, բայց որովհետեւ խնդիրը ծանրակշիռ էր, յարմար դատեցին հրաւիրել աւելի լայն ներկայացուցչական համագումար Սիսիանի հայ եւ մալական գիւղացիութեան կողմից, ուր եւ վերջնականապէս պիտի որոշւէին առաջարկւած կէտերը: Այդ համագումարն էլ տեղի ունեցաւ եւ բոլոր կէտերին դրական պատասխան տրւեց:
Երկրորդ ժողովը գումարւեց Սեպտ. 12-ին: Ներկայ էին Սիսիանի հայ եւ մալական գիւղերի կոմիսարները եւ ժողովրդական յատուկ ներկայացուցիչները: Օրակարգն էր՝ ա) Անդրանիկի եւ իր զօրամասի Սիսիանում մնալը կամ չը մնալը, բ) Եթէ հարցը դրական վճիռ ստանայ, նրա պահանջները բաւարարելը, գ) Տեղական ինքնապաշտպանութեան հարց, դ) Թնդանօթների եւ ռազմամթերքի փոխադրութեան հարց: Այս ժողովը տեղի ունեցաւ Անգեղակոթի պատմական եկեղեցում, ուր մի ժամանակ Իսրայէլ Օրին էր գաղտնի ժողովներ կազմակերպում հայ մելիքների մասնակցութեամբ... Անդրանիկը արտասանեց բացման ճառը եւ գեղեցիկ կերպով բացատրեց ժողովի կարեւորութիւնն ու պատմական նշանակութիւնը: Նա շեշտեց, որ եթէ ժողովուրդը չի ցանկանում իր ներկայութիւնը Սիսիանում՝ թող չմտահոգւի թէ Անդրանիկը ուր կերթայ եւ ինչ կանի: Ինքը գիտէ, թէ ուր կերթայ եւ ինչ կանի: Անդրանիկը թողեց ժողովը եւ հեռացաւ, որպէս զի ներկայացուցիչները ազատ արտայայտւեն: Մտքերի թեր եւ դէմ փոխանակութիւններից յետոյ՝ ժողովն որոշեց խնդրել Անդրանիկին, որ իր Զօրամասով մնայ Սիսիանում, իսկ զօրքի պարենաւորման համար վճռեց Սիսիանի 22 գիւղերից հաւաքել ըստ բաշխման ցուցակի առաջին նւագ 4000 փութ ցորեն եւ 2000 փութ գարի, իսկ տեղական ինքնապաշտպանութեան համար 20-25 տարեկաններին զէնքի տակ առնել, կատարել զօրահաւաք, նմանապէս ռազմամթերքի փոխադրութեան համար տրամադրել հարկաւոր քանակութեամբ ձիեր: Այդ ժողովի նախօրեակին, զինւորական դատավարութիւնից յետոյ, Զինւորական Խորհուրդի որոշումով, Անդրանիկի հրամանաով գնդակահարւեցին զինւորներ կիւրինցի Ս. Հ. Եւ շապին-գարահիսարցի Բ. Պ., որոնք Մուխութուրեան գիւղի մէջ խեղդամահ էին արել շապին-գարահիսարցի Մկրտիչ Բաշբեօյիւքեանին՝ նրա ոսկիները յափշտակելու նպատակով: Այդ դէպքը ցնցող տպաւորութիւն թողեց տեղացիների եւ զօրամասի վրա... Սեպտեմբեր 14-ին մեզ կրկին չափազանցւած լուրեր հասան. իբր թէ Բագուի ուժերը հասել են Գանձակ, ուր տեղի է ունենում սաստիկ կռիւ, իսկ միւս կողմից ռուսները հասել են Դուշետ, Թիֆլիզից ոչ շատ հեռու:
Սեպտ. 15-ին Սասունի գնդի հեծելազօրն եւս մեկնում է Դարալագեազ. Խմբապետ Մուշեղը եւ հանգուցեալ քաջ Մանուկը հրաժեշտ են տալիս մեզ, մասնաւորապէս Անդրանիկին, ապա մեկնում են Բազարչայ, այնտեղ էլ Դարալագեազ: Սեպտ. 16-ին Գորիսից նամակ ենք ստանում, ըստ որի իբր թէ Բագուի ուժերը Եւլախն են ռմբակոծում եւ Ասկերանից թնդանօթի ձայներ են լսւում. միաժամանակ յայտնու մեն, թէ Գորիսից Շուշի տանող ճանապարհին մի ձորում կռիւ կայ:
Սեպտ. 17-ին, երեկոյեան լուրեր ստացանք Գորիսից, որ Զարուղի ձորում կռիւ կայ, իսկ հայկական մեծ գիւղը, Ղարղշլաղն այրւում է: Միւս կողմից, Գիւմրի-Գժաձորի ճակատից եւս աննպաստ լուրեր հասան. տաճիկները կրկին պահանջ են ներկայացրել հայերին, որ զինաթափ լինեն եւ պայմանաժամ են տւել: Տաճիկները ներս են մտնում Դարալագեազի խորքերը. արդէն մի քանի հայկական գիւղեր ենթարկւել են նրանց: Լուրեր են պտտում, թէ շուտով 20,000-նոց տաճկական մի բանակ պիտի պաշարէ Սիսիանը, եւ իբր թէ առաջխաղացումը տեղի պէտք է ունենայ Արաւիւս (Սիսիան), Գիւմրի եւ Ջուլ-Մարտիրոս գիւղերի ուղղութեամբ:
Սեպտ. 18-ին լուր տւին Անդրանիկին, թէ Գիւմրի-Գժաձորի կոմիսարը տրամադիր ենթարկւելու տաճիկներին, ուստի եւ անմիջապէս բերել տւաւ նրան եւ Անգեղակոթում զինաթափ արաւ: Դա մի յաղթանդամ, պարթեւ հասակով երիտասարդ էր: Երբ մաուզէր ատրճանակը առին վրայից, այդ հսկան սարսափելի խղճուկ տպաւորութիւն թողեց եւ աղաչանք-պաղատանք արաւ, որ մինչեւ Նախիջեւան էլ կը գնայ կռւելու, միայն թէ վերադարձնեն իրեն իր զէնքերը: Այդ դէպքը բարերար ազդեցութիւն թողեց տատանւող գիւղի վրա: Գժաձորի, Գիւմրիի եւ Անգեղակոթի մեծամեծների խնդրանօք եւ երաշխաւորութեամբ Անդրանիկը շներհեց այդ կոմիսարին նրա զէնքերն ու պաշտօնը՝ խստիւ հրամայելով, որ այլեւս տատանելու խնդիր չլինի: Եւ իսկապէս այդ կոմիսարը այնուհետեւ իրեն շատ լաւ պահեց: Սեպտ. 22-ին, նկատի ունենալով տաճիկների դէպի Սիսիան արշաւելու յամառ լուրերը, Անդրանիկը բաժանեց զինւորներին Սիսիանում գտնւող մեր զինւորական պահեստների մնացորդները:
Արաւիւս-Շխլարի ուղղութեամբ տեղի ունենալիք արաշւանքը ամենից վտանգաւորն էր. եթէ տաճիկներն այդ գծով արշաւէին, ձորով ուղղակի դուրս կը գային Աղուտի-Վաղուտի թրքական գիւղերը, որոնց փախած բնակիչները, նախօրօք իմանալով այդ ծրագիրը, գիշերով կիջնէին եայլաղներից եւ կբռնէին իրենց քաջ յայտնի ամուր դիրքերը, որով Սիսիանը կը բաժանէին երկու մասի, եւ Գորիսի հետ հաղորդակցութիւնը կը խզւէր: Ռազմական այդ ծրագիրը իրագորելու համար՝ Սիսիանի ծայրամասում գտնւող Օրթագիւղ, Ջօմարտլու եւ Արաւիւս թրքական գիւղերն իբրեւ խարիսխ պիտի գործածւէին: Նախիջեւանի կողմից եկած տաճկական զօրամասը այդ գիւղերի մէջ հանգստանալով, կազդուրւելով ու կենտրոնանալով՝ շուտով կարող կը լինէր իրագործել իր ծրագիրը եւ յանկարծակիի բերել հայերին:
Այդ առթիւ Անդրանիկը դարձեալ խորհրդակցութեան հրաւիրեց Սիսիանի կոմիսարներին ու վաշտապետներին եւ պարզեց նրանց յիշեալ գիւղերը տեղահան անելու ռազմական անհրաժեշտութիւնը: Ժողովի տեղի ունեցաւ Բռնակոթ գիւղում: Անդրանիկը բաց արաւ ժողովը, ապա քաշւեց հարեւան սենեակը, որտեղից անշուշտ լսեց ժողովում թեր եւ դէմ խօսողների կարծիքը եւ մէկ էլ յանկարծ ներս մտաւ եւ արտասանեց իրեն յատուկ կրակոտ ճառերից մէկը. շեշտեց որ ժողովականները պէտք է կտրուկ կերպով որոշեն, թէ ի՞նչ են ուզում՝ «կիսալոսին, թէ՞ խաչ»: Արշաւանքի դէմ արտայայտւող Յակոբ Տէրունին եւ Գէորգ Գրիգորեանն անգամ հարկադրւած եղան համակերպելու, բայց աւելի շուտ վախից դրդւած եւ ոչ թէ ներքին համոզումից: Անդրանիկը ժողովից յետոյ շատ էր ջղայնացած եւ շարունակ «վարժապետներին» էր հոլովում իրեն յատուկ ածականներով:
Նախնական պատրաստութիւններից յետոյ տեղի ունեցաւ արշաւանքը: Սեպտ. 23-ի արշալոյսն է: Մերոնք արդէն գրաւել են ռազմական բոլոր կարեւոր դիրքըեր: Թուրքական գիւղերը յամառ կերպով դիմադրում են, սակայն վերջը քաշւում են դէպի Նախիջեւանի սարերը. այդ գիւղերը կրակւեցին, այրւեցին ու ամայացան, հետեւապէս խարիսխ դառնալու հնարաւորութիւնից զրկւեցին: Անդրանիկը երբ տեսաւ ընկած թուրքերի դիակները եւ նրանցից հոսող արիւնը, արտասուեց եւ ձեռները ջղաձգօրէն բարձրացրեց դէպի երկինք ու գոչեց՝ «Դո՛ւ եթէ կաս, Աստւա՛ծ, եւ իմ Հայաստան երկրի ողջակիզւիլը տարար, ա՛ս ալ տար»...
Այդ կռիւներում մի քանի անգամ Անդրանիկի կեանքը մազից էր կախւած, նրա կրծքի շքանշանները, գորշագոյն մեծ գդակը եւ զօրավարական ոսկեայ ուսադիրներն ու փայլուն համազգեստը մատնում էին նրան, եւ թշնամին, որ դիմադրում էր յուսահատօրէն, իր մահից առաջ ցանկանում էր վրէժխնդիր լինել ղասաբ (մսագործ) փաշայից: Այդպէս էին կոչում նրան թուրքերը, եւ պէտք է ասել անիրաւ տեղը, քանի որ Անդրանիկը բարի եւ առաքինի յատկութիւններով էր օժտւած. նա իր ձռեքով արիւն թափել չգիտէր: Իսկ եթէ դարձաւ ֆիդայի, հայդուկ եւ վրէժխնդիր կռւող, այդ էլ կեանքի անարդար պայմանների հարկադրանքով տեղի ունեցաւ, այլապէս Սասնոյ Արծիւը կարող էր մինչեւ իր կեանքի վերջն էլ մնալ իբր մի համեստ շապին-գարահիսարցի ատաղձագործ...
Յայտնի է, որ կռիւներում հրամանատարները աշխատում են հագնել գորշ գոյնի համազգեստ եւ մէկդի են նետում աւելորդ շքանշանները՝ թողնելով նրանցով պճնւելու սովորոյթը խաղաղ օրերին: Անդրանիկը, սակայն, այդպիսի զգուշութիւններից զուրկ էր: Այդ հողի վրա տեղի ունեցաւ մի դէպք, որ այնուհետեւ երեք չը մոռացանք: Կռւի ընթացքում, Սեպտ. 23-ին, դէզի մէջ թագնւած մի հուժկու թուրք տղամարդ անվերջ կրակում էր Անդրանիկի ուղղութեամբ. մի գնդակ եկաւ գզզալով անցաւ նրա կողքով: Ես նկատեցի, որ նշան բռնողը յատկապէս Անդրանիկին էր ուզում խփել, անմիջապէս ուժով հրեցի նրան եւ գլորեցի չոր առտուի մէջ ու ինքս էլ պառկեցի մօտը եւ, դիրք բռնելով, սկսեցի անընդհատ կրակել դէպի դէզի ուղղութեամբ: Դէզի չորացած խոտը սկսեց ծխել, ապա այրւել, իսկ հուժկու թուրքը վիրաւոր՝ շարունակում էր դիմադրել: Շուտով վրա հասան զօրամասի զինւորները, շրջապատեցին դէզը եւ միջից հանեցին յաղթանդամ թւորքին, որի ձեռները ջարդւել էին գնդակներից: Այդ հերոս տղամարդը խոստովանեց, որ ցանկանում էր սպանել փայլուն համազգեստով փաշային...
Սեպտ. 24-ին գիշերեցինք Թազագիւղում: Հետեւեալ օրն անցանք Ուզ, ապա Ղարաքիլիսա: Դրութիւնը թէպէտ նախանձելի չէր արտաքին ճակատներում, բայց գոնէ սիսիանի ճակատից անմիջական վտանգ չկար: Նախիջեւանի Աստապատ գիւղացի Յ. Մ.-ին յաջողւել էր գիշերով գնալ մինչեւ իրենց գիւղը եւ վերադառնալ: Նրա ասելով Նախիջեւանի ամբողջ շրջանում հայ չէին թողել. տղամարդկանց եւ կանանց կոտորել էին, իսկ գեղեցիկ աղջիկներին տարել. չէին խնայել եւ երեխաներին: Գիւղերի մէջ շատ տներ դեռ լեցուն էին հայերի դիակներով, ինչպէս եւ հարեմները հայ գեղուհիներով...
Դ. Տարի, Թիւ 4