23 September, 2021

Նիկօլ-Դուման

Մի դագաղ եւս-դէպի հայութեան սրբատաճարը: Մի շիրիմ եւս – ժողովրդական ջերմաբուխ արցունքներով ցօղւած, հարիւր հազարների գուրգուրանքով շրջապատւած: Նիկօլ, Դուման... Հին օրերի նւիրական անուններից է, այն անդրանիկ պլէադից, որ գնացել էր բռնակալութեան եւ ստրկութեան շամբուտների մէջ ճանապարհ հարթելու գալոց ըմբոստ սերունդների համար: 

Երկա՜ր է իր անցած ճանապարհն ևս – անհունօրէն, դաժանօրէն երկար: Թաւրիզ, Դերիկ, Բօղազ-Քեասան, Խանասօր, Բաքու, նորէն Վասպուրական, Երեւան, նորէն Թաւրիզ – այդ ճանապարհի հանգրւաններն են, այդ հոյակապ կեանքի սրտառուչ դրւագները: Հերոսը կանգ էր առնում ամեն մի ծանր ու տանջալի ճիգից յետոյ, նւիրւում էր «օրինական», կուլտուրական աշխատանքի, յոգնում էր, տաղականում եւ առաջին առիթով իսկ գրկում էր վերստին հրացանը, շտկում էր կորացած իրանը, որսորդի սուր ու թափանցող աչքերով հայում էր հօրիզօնը եւ նետւում էր յորձանքի մէջ, պաղ, ստօյիկեան վճռականութեամբ ու արիութեամբ:

Վճռականութիւնը, անսասան կամքը, որոշումների պաղ ու անյողդողդ կատարումը, կուսակցական պողպատեայ դիսցիպլինը-անհրաժեշտ գծեր են ամեն մի կռւում, ևս առաւել հայոց դաժան յեղափոխական պայքարի մէջ: Այդ գծերի անձնաւորումն էր ղարաբաղցի հերոսը եւ նրանց համար պատրաստ էր նա ամեն վայրկեան իր կեանքը զոհաբերելու: Բարոյական ամենաբարձր սկզբունքներն իւրացրած եւ կուսակցութեան անաղարտ դրօշակի նախանձախնդիր՝ նա մարմնացած վեհանձնութիւն էր դէպի թոյլն ու անպաշտպանը.- անգամ թշնամի բանակի մէջ – բայց եւ անհաշտ ու անընկճելի էր, երբ պէտք էր պատժել յանցաւորին, լինէր դա մի թշնամի կամ ցեղակից, մի դաւաճան, մի մատնիչ, կամ թէկուզ կուսակցական դիսցիպլինի դէմ մեղանչող մի անհատ:

Վճռականութիւնը, անսասան կամքը, որոշումների պաղ ու անյողդողդ կատարումը, կուսակցական պողպատեայ դիսցիպլինը-անհրաժեշտ գծեր են ամեն մի կռւում, ևս առաւել հայոց դաժան յեղափոխական պայքարի մէջ: Այդ գծերի անձնաւորումն էր ղարաբաղցի հերոսը եւ նրանց համար պատրաստ էր նա ամեն վայրկեան իր կեանքը զոհաբերելու: Բարոյական ամենաբարձր սկզբունքներն իւրացրած եւ կուսակցութեան անաղարտ դրօշակի նախանձախնդիր՝ նա մարմնացած վեհանձնութիւն էր դէպի թոյլն ու անպաշտպանը.- անգամ թշնամի բանակի մէջ-բայց եւ անհաշտ ու անընկճելի էր, երբ պէտք էր պատժել յանցաւորին, լինէր դա մի թշնամի կամ ցեղակից, մի դաւաճան, մի մատնիչ, կամ թէկուզ կուսակցական դիսցիպլինի դէմ մեղանչող մի անհատ:

Խանասօրի արշաւանքի միջոցին նրա ձայնն էր, որ հնչում էր կտրուկ ու զօրաւոր:

– «Տղերք-ջան, կանանց ու երեխաներին մի՛ ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնայ մորթոտեցէք»:

*

Հայ-թաթարական կռիւների մէջ ենք: Քրդերի սարսափ – Դումանը այժմ թուրքերի սարսափն էր... «Դաշնակցութեան» ընդհանուր հրամանատարի պաշտօնում, Երեւանեան նահանգի մէջ: Քաղաքում եւ շրջակայքում հայերը յաղթող են: Անարգ հակառակորդները չհամարձակւելով փորձել իր ուժը բացարձակ կռւի մէջ, սկսում է գաղտնի տերրօրների մի անվերջ շարան: Ամեն օր այս կամ այն այգու կամ փողոցի մէջ անհետանում է այս կամ այն հայը: Ինչպէ՞ս հակազդել: Նիկօլի համար վարանում չկայ: Պէտք է ամեն գնով վերջ տալ այդ ճարակող անհատական սպանութիւններին: Եւ նա հրամայում է իւրաքանչիւր անհետացած հայի փոխարէն անհետացնել 3-4 թաթար: Մօլակէի հրամանները աւելի ճշտիւ եւ երկուղածութեամբ չէին կատարւում, քան Նիկօլինը: Դաշնակցութեան տերրօրիստները սկսեցին մեթօդով ի կատար ածել իրենց ռազմական առաջնորդի հրամանը. «ակն ընդ ականը» – անսիրտ, բայց փրկարար – գործեց ահաւոր հետեւողականութեամբ եւ կարճ ժամանակում, Նիկօլի այդ դաժան stratagème-ի շնորհիւ, թշնամին խոնարհւեց, սպանութիւնների համաճարակը վերացաւ, հայ ժողովուրդը շունչ առաւ:

*

Անողորմ դէպի վատերը – նաեւ սեփական շարքերի մէջ: Նոյն թաթարական ընդհարումների շրջանում ենք: Մի օր – սիրային թէ այլ խնդրի առիթով – զինւորներից մինը հետապնդում է ու սպանում իր ընկերոջ: Երկուսն էլ Դաշնակցութեան զինւորներ... Հրամանատարը չի կարող հանդուրժել մի այդպիսի արարք, որ դաւաճանութեան համահաւասար էր: Նա հրամայում է հրացանի բռնել յանցաւորին: Ոչ մի աղաչանք չի օգնում այլ եւս: Դաշնակցական կարգապահութիւնն ու բարոյականութիւնը ոտնահարւել են ամենաբիրտ կերպով: Յանցագործը պէտք է քաւէ... Եւ մի օր նա կապւում է ծառի բնին ու գնդակահարւում ամբողջ բանակի ներկայութեամբ... յօրինակ այլոց:

*

Կազմակերպութեան պրեստիժը – ամեն բանից վեր:

Նիկօլի Թիֆլիս է: 1906-ն է. թաթարական խլրտումները դադարել են արդէն: Անդորրացումն է, էլ չկան խօլական ձիարշաւները, ոչ էլ «ստորերկրեայ» դաւադրական ժեստերը: Քաջի իրանը վերստին կորացել է, քայլւածքը դանդաղել, բայց սիրուն աչքերը շարունակում են կայծակել: «Ինտելիգենտ» աշխատաւոր է այժմ, մասնակցում է վարիչ մարմինների գործունէութեան, տալիս է միշտ իր իմաստալի խորհուրդները, խօսում է սակաւ, միշտ տեղին, միշտ խելացի, խօսում է սքանչելի տրամաբանութեամբ, հաղորդում է փայլ ու ջերմութիւն ընկերական հաւաքոյթներին: Եւ մի օր, պատահմամբ, ընկերներից մինը գալիս է ու յայտնում, որ այս ինչ մարմինը մահւան սպառնալիքով խոշոր գումար է պահանջում մի անհատից, որ «Դաշնակցութեան» օժանդակող է եւ նրա պաշտպանութեան ենթակայ: Սպառնացողը մի խմբակ էր, որ հրապարակ էր եկել այդ պատմական օրերին «օգտագործելու» Դաշնակցութեան ստեղծած տրամադրութիւնները: Պատւի խնդիր էր Դաշնակցութեան համար եւ միւս կողմից էլ՝ հարկ էր, վերջապէս, սահման դնել այդ սիստեմատիկ «օգտագործումներին», որոնք գնում էին սնուցանելու մի անօգուտ ու գերազանցապէս պարազիտ գոյութիւն: Նիկօլ անմիջապէս ոտքի է. «տա՛ր ինձ այնտեղ, ուր նշանակւած է ժամադրութիւն սպառնացող դրամաշորթների հետ»: Եւ քիչ յետոյ Դումանի սպառնալիքն է հնչում X...ի գրասենեակի մէջ, ուր յիշատակւած «մարմինը» ղրկել էր իր պատգամաւորը՝ դրամը գանձելու համար:

«Գնացէ՛ք ասացէք ձեզ ղրկողներին, որ հանգիստ թողնեն այս մարդուն, հակառակ դէպքում ձեր ամբողջ կենտրօնական կօմիտէն կեանքով պատասխանատու է իմ առջեւ: Ասացէք, որ սպառնացողը Նիկօլն է»:

Դժւար թէ կուսակցական նախանձախնդրութիւնը – անձնազոհութեան բնազդը յանուն մի մեծ կազմակերպութեան պատւի ու հմայքի – դժւար թէ նա երբեւիցէ աւելի ուժեղ արտայայտւած լինի մի գաղափարական անհատի մէջ: Սպառնալիքը այնքա՜ն էր վճռական, խօսելու տոնը այնպէ՜ս կտրուկ ու համոզիչ... Նիկօլի սովորական տոնն էր այդ. լսողը զգում էր, որ այդ մարդը պատրաստ է իրոք իր անձը դնել քարտէզի վրայ յանուն այս կամ այն սկզբունքի. նա սպառնացող եւ իրագործող էր. այդ լաւ գիտէին հակառակորդներն ու բարեկամները, եւ ի՞նչ ասել կ'ուզէ, սպառնացող «մարմինը» համակերպվեց:

*

Ինչքա՜ն վեհութիւն կայ այն պատմական – թէկուզ եւ տխուր – վայրկեանի մէջ, երբ (1905-ի փետրւարին) Բաքւի փողոցներում, թաթարական գազաանցած խուժանի դէմ նա մեն-մենակ սլացաւ հրացանը ձեռին, փողոցէ-փողոց, կտուրէ-կտուր, դարանից-դարան, թափօրելով ու գնդակահարելով: Այս, մեն-մենակ... Դաւադիր ոստիկանութիւնը շղթայ էր կապել ամենուրեք եւ ահագին դժւարութիւններով էր, որ ընկերների մի քանի խմբեր Բալախանիից ու Սեւ Քաղաքից եկան միացան խմբապետին: Նրանց յարձակման թափը եւ գետնին փռած հարիւրաւոր թուրք դիակները վայրկեանաբար շշմեցրին հակառակորդին եւ ստիպեցին նրան դիմել խաղաղութեան բանակցութիւնների...

Բաքուն խաղաղւեց... մինչեւ մի նոր պրօվօկասիօն. եւ ահագին քաղաքի մէջ խմբապետի մինչ այդ գրեթէ անյայտ անունը մէկէն ի մէկ շրջան առաւ եւ ամէնքը խոստովանեցին, որ Նիկօլը իր անձնական ու վճռական նախաձեռնութեամբ «փրկեց Բաքուն»: Առաջին անգամն էր կովկասեան գոռոզ թուրքութիւնը գլուխ խոնարհեցնում մինչ այն արհամարհած հայութեան առջեւ...

*

Կօպենհագ ենք: Նիկօլը «Ինտերնացիօնալի» ժամադրավայրում: Ճաշակ չունէր ընկերվարական խնդիրների համար. չէր զբաղւում նրանցով եւ շատ քիչ էր հետաքրքրւում: Բայց քանի որ պատահաբար Ժընեւ էր, ուզեց տեսնել Միջազգային Համագումարը: 1910-ի օգոստոսին Կօպենհագ ենք: Ինտերնացիօնալի ամենատպաւորիչ կօնգրէսներից մէկն էր: Հարիւր հազար սօցիալիստ գործաւորներ անցնում էին հսկայական թափօրով Դանիայի մայրաքաղաքի փողոցներով եւ քիչ յետոյ սօցիալիզմի աշխարհահռչակ հռետորները ճառում են լայնածաւալ պարտէզի մէջ, այլ եւ այլ ամբիօններից, նոյն հսկայ բազմութեան առջեւ: Հայդուկապետը լուռ ու խորունկ յուզմունքով դիտում է իր աչքին խորթ ու դիւթական այդ տեսարանը, ծանօթանում է Ժօռէսի ու այլ սօցիալիստ գործիչների հետ եւ ի վերջոյ, մի առանձին նիստի մէջ, ուր հաւաքւած էին լեհական, ֆինլանդական ու այլ բազմաթիւ պատգամաւորները, խօսք է առնում իր Կուսակցութեան անունից, եւ նոյն հակիրճ ու վճռական բառերով ծանուցանում է նրա գալոց թատերամուտը:

«Մենք ասօր ցիր ու ցան ենք, ընկերները մեծ մասամբ փախած, ապաստանած են այս կամ այն պետութեան սահմաններում, բայց հէնց որ ժամը կը հնչէ, մենք վերստին կը փողահարենք, կը թմբկահարենք – Դաշնակցութեան լէգէօնը անմիջապէս կը հաւաքւի, կուռ ու պատրաստ եւ կ'արշաւէ թշնամու դէմ»...

Հին ռազմիկի խօսքն ու դէմքը ընդհանուր հետաքրքրութիւն են յարուցանում, ամենքը սիրով ծանօթանում են ու զրուցում են հետը, մի քանիսը խնդրում են պատմել իր ռազմական արկածները, ուրիշները առաջարկում են գրաւոր զեկուցում տալ հայդուկային տակտիկայի մասին Հայաստանում...

*

Ժամը հնչեց... Հինաւուրց կաղնին նորէն ահա տատանւեց հողմի գոռ հարւածներից, «Դաշնակցութեան» լէգէօնները ասես յանկարծ լոյս ընկան գետնի տակից եւ կուռ ու կազմ նետւեցին աւանդական թշնամու դէմ. Անդրանիկ, Դրօ, Խէչօ եւ ուրիշ նւիրական անուններ մի անգամ եւս հոլովւեցին ու անցան բերնէ բերան. բայց հէնց այդ գոռ, պատմական վայրկեանին լռեց ընդմիշտ Կօպենհագի մարգարէի ձայնը, կտրւեց նրա բուռն, հարուստ, արկածալի կեանքի թելը: Թանկագի՜ն կեանք՝ որ դեռ այնքան պէտք էր մեզ իր ահագին փորձառութեամբ եւ իր ջինջ գաղափարային մաքրութեամբ...

*

Նիկօլ, Դուման... Անուններ կան, որ մի-մի դրօշակ են: «Դաշնակցութեան», հայ ժողովրդի ներկայ ու գալոց սերունդները պատկառանքով կը խոնարհւին նաեւ այս մեծ շիրմի առջեւ, որ կը դրւի Քրիստաֆօրների ու Սիմօնների կողքին: Հայկական ազատամարտի առաջին ծիծեռնակներն են դրանք, յեղափոխական կազմակերպութեան անդրանիկ ու բազմերախտ սերունդը: Նրանց ձեռքով չ'ազատագրւեց հայրենիքը բռնութեան ճիրաններից, բայց նրանց ձեռքով սրբւեց ընդմիշտ հայի ճակտից ստրկութեան ժանգն ու մուրը, նրանց առնական գաղափարական ճիգերով ստեղծագործւեց Նոր Հայութիւնը: Պատի՜ւ նրանց, փա՜ռք նրանց:

«Դրօշակ» - Սեպտեմբեր-Դեկտեմբեր 1914
Թիւ 9-12 (242)