Ժողովրդականութիւն վայելող մեր ականաւոր ընկեր Ռուբէնը իր «Հայ
յեղափոխականի մը յիշատակները» գրւածքում «Հայրենիք» ամսագրի մէջ այսպէ՛ս է արտայայտւում
Նիկօլ-Դումանի մասին - «Դումանը քաջածանօթ անձնաւորութիւն մըն է. անոր կեանքն այնքան
հարուստ է արկածներով եւ անոր դերը մեր յեղափոխական շարժման մէջ այնքան մեծ է ու բազմակողմանի,
որ պէտք էր ամբողջ առանձին հատոր մը նւիրել զինքը եւ իր գործը ներկայացնելու համար:
Այստեղ կը բաւականանք միայն ըսելով, որ Դումանը Դաշնակցութեան ամենահին մրաւորական
ֆէդային էր: Ան հեղինակութիւն էր մեր բոլոր ֆէդայինեուն համար, ամենահամեստ զինւորէն
սկսած մինչեւ Հրայրը, Գէորգ Չաւուշն ու Անդրանիկը, բոլորն ալ հաւասար սիրով պատրաստ
էին ենթարկւելու այդ Ղարաբաղցի լեռնականին պողպատէ կամքին»:
Այստեղ սիրով պիտի արձանագրեմ, որ «Դումանի կեանքն ու գործունէութիւնը»
ես ամփոփել եմ մի հատորիկի մէջ, բաղկացած տասն եւ եօթ գլուխներից եւ արդէն ուղարկել
եմ «Հայրենիք» ամսագրին տպագրելու համար մեր անզուգական հերոսի մահւան 15 ամեակի առթիւ.
այստեղ նպատակ ունեմ միայն «Դրօշակ»-ի սուղ էջերը ներածին չափով տալու Դումանի չոր
ու ցամաք կենսագրականը, քանի որ նրա մահւան 15 ամեակը լրանում է հոկտեմբեր վերջին:
Հ. Յ. Դաշնակցութեան հեղինակաւոր ռազմիկը ծնւել է պատմական Արցախ-Ղարաբաղի
Խաչէն գաւառի Ղշլաղ (Ծաղկաշատ, Ասկերանի շրջան) գիւղում, 1867 թւին: Նրա հայրը քահանայ էր: 9-10 տարեկան հասակում Նիկողայոս կամ Նիկօլ Տէր-Յովհաննիսեանը
մտել է Շուշւայ թեմական դպրոցը, որի այն ժամանակւայ 5 դասեան դասընթացքը աւարտլ է
1887 թւին:
Շուշին այն ժամանակ կովկասահայութեան քաղաքակրթական կարեւոր
կենտրոններից մէկն էր: Դպրոցն աւարտելուց յետոյ Նիկոլը Արցախի թեմի կոնսիստորիայում
ծառայում է նախ իբր սոսկ գրագիր, ապա քարտուղար եւ արժանանում է կոլլեժսկի րէգիստրատոր
տիտղոսին:
Թողնելով Շուշին, Նիկոլը 2-3 տարի ուսուցչութիւն է անում Հիւսիսային
Կովկասի հայոց դպրոցներում, ապա 1891-ին, տեղափոխւում է Թաւրիզ նոյն պաշտօնով, ունենալով
յեղափոխական գորղունէութեան որոշ հեռանկարներ... «Հայկազեան» դպրոցում նրա մօտ են գրագիտութիւն
սովորել Թաւրիզի արժմեան հասարակական ծանօթ գործիչները՝ Գասպար Յակոբեան, Արմենակ Աֆթանդիլեան
(տեսուչ), Լեւոն Գրիգորեան (երաժիշտ), Միքայէլ Ստեփանեան եւ ուրիշներ:
1893 թւին Նիկոլը տեղափոխւում է Սալմաստ, յատկապէս Ղալասար,
ուր ձեռք է բերում մեծ ժողովրդականութիւն իբրեւ ուսուցիչ, յեղափոխական, ազգասէր եւ
հուժկու մարտիկ: Նիկոլը սոսկ ուսուցիչ չէր միայն, այլ եւ միաժամանակ մարզիչ-յեղափոխական
եւ ղեկավար-գործիչ...
Թաւրիզում եւ Սալմաստում նա հանդիպում է բազմաթիւ արկածների,
ընդհարումներ է ունենում տեղական թուրքերի եւ քրդերի հետ եւ միշտ դուրս է գալիս յաղթող՝
շնորհիւ իր բնածին խիզախութեան, անվեհերութեան եւ ռազմական ճարտարութեան: Նիկոլը հրաշալի
նշանաձիգ էր եւ հմուտ որսորդ: Նա իր մարտական մկրտութիւնը ստացաւ Դերիկայ վանքի կռիւներում:
Նրա զինակիցների մէջ էին Սաքոն, Ջալլադը, Թաւալաքեանը, Դերիկի Մովսէսը եւ ուրիշներ:
1894-ին, աշնանը, Տաճկահայաստանից Սալմաստ է անցնում մի զինատար
խումբ, որ զինւում է եւ վերադառնում Երկիր: Այդ խմբի հետ Երկիր են անցնում եւ Վարդանը,
Իշխանը (Արղութեան), Սարգիսը (Օհանջանեան), Ոսկան Նազարեանը (Աքլոր վարժապետ), Շերօն,
Միքօն, Բազիկը եւ ուրիշներ, թւով 18-20 հոգի: Նոյն 1894-ին Նիկոլը մի խումբ պատրաստեց,
որ Վան անցնի, բայց Փայաջուկ գիւղում արմենականների մէջ գժտութիւն է ընկնում, եւ հաշտարարի
դեր կատարելիս Նիկոլը պատահաբար ազդրից վիրաւորւում է. «Գիժ» Դաւիթը (արմենական), որ
խենջարը քաշում է, որ խփի Ոսկանին, բայց յանկարծ դիպչում է միջամտող Դումանին: Շրջապատողները
ցանկանում են Լինչի դատաստանի ենթարկել Գիժ Դաւթին, բայց Նիկոլը չի թողնում վեհանձնօրէն,
առարկելով, որ նախ Դաւիթը նպատակ չէ ունեցել իրեն խփելու, ապա՝ նա պէտք է գալու գաղափարի
ճանապարհին...
1895-ին սաստկանում է կուսակցական պայքարը դաշնակցականների եւ
արմենականների միջեւ: Նիկոլի դրդմամբ Թեհրանում Վրթ. Փափազեանի խմբագրութեամբ լոյս տեսնող
«Շաւիղ» թերթում զետեղւում են երգիծական յօդւածներ Սալմաստի բարբառով արմենականների
հասցէին. Նիկոլը ձեռք առած միջոցների շնորհիւ վարկազուրկ է լինում արմենական հոսանքը
Սալմաստում եւ փոխարէնը տարածւում է Դաշնակցութեան հմայքը:
1895-ի օգոստոսին Երկիր էին անցել Աւետիսեանը, Մարտիկը եւ Պետօն.
երեք կուսակցութիւնենրն էլ համերաշխ էին գործում ազգային ինքնապաշտպանութեան խնդրում.
Պետօն նոր ոյժ էր պահանջում. նոյն թւին Վազգէնը (Տիգրան Տէրոյեանը) եկաւ Սալմաստ զինատար
խմբով:
Նիկոլը 54 հոգուց բաղկացած մի խումբ կազմեց. նրա հետ կային եւ
10 արմենականներ, որոնց թւում իրեն պատահաբար վիրաւորող Գիժ Դաւիթը եւ Ներսէս Բօզիկեանը,
որին մի անգամ ապտակել էր Նիկոլը... «Մեր նպատակը մէկն է» - ասաց Նիկոլը եւ ընդունեց
նրանց իր խմբի մէջ: Բնութեան արհաւիրքները յաղթահարելով՝ Նիկոլը իր խմբով հոկտեմբերի
վերջին, 1895 թւին, մտաւ Սարայի գոմերը. հայդուկների ոտները սառել էին, փայտացել, նոյնիսկ
արմենական զինագործ Փանոսը ցրտամահ էր եղել: Սարայում Նիկոլը նկատւում է քրդերից, բայց
մի թեթեւ ընդհարումից յետոյ մութն ընկնում է. գիշերով նա շարունակում է ճանապարհը եւ
հասնում Բօղազ-Քեասան. Ցրտամահ է լինում եւ զինւոր Աբգարը, իսկ Սարայի կռւում սպանւում
է Հաֆթւանցի Աւետիսը: Տերոյեանը մի տասնեակով անջատւել էր ճանապարհին. նա առանց կռիւներին
մասնակից լինելու, կարողանում է աննկատելի մնալ եւ ապահովաբար հասնում է Վան, այն ինչ
քրդերը պաշարում են Նիկոլին:
Երկու մարագի մէջ էին տեղաւորւած ցրտահար հայդուկները Բօղազ-Քեասանում.
նրանք թեթեւ կրակ էին արել, որ մահից ազատւեն, ցրտին յաղթահարեն, բայց քրդերի ոհմակները
պաշարում են նրանց: Մի մարագում Նիկոլն էր, Ներսէս Բօզիկեանը (արմենական) եւ 20-ից
աւելի տղաներ, իսկ միւս հայդուկները Ղարաբաղցի Յարութիւնի գլխաւորութեամբ երկրորդ մարագումն
էին: Քրդերը միային Նիկոլի մարագն են նկատում եւ պաշարում, իսկ Յարութիւնի տասնեակը
հանգստանում էր...
Քրդերը բարձրանում են շրջակայ մարագների կտուրները եւ դիրքեր
բռնելով՝ սկսում են կրակել կարկտի պէս. նրանք վառում են խոտի խուրձերը եւ կոյտ-կոյտ
շպրտում ուղիղ մարագի դռան մօտ: Նոյն իսկ մի քանի քրդեր բարձրանում են Նիկոլի մարագը
եւ վերեւից կրակում դէպի մարագի ներսը: Մահը թւում էր անխուսափելի բոլորի համար, սակայն,
անվեհեր Նիկոլը կարգադրում է դուրս գալ մարագից եւ հրացանի կոթով ցիր ու ցան անել խարույկը:
Ինքն էլ մէկէն ցատկում է խարույկի վրայով եւ դիմում դէպի դաշտը, որպէսզի բարձրանայ
մօտակայ սարը: Մարագի կտուրից քրդերը նկատում են «Աստծու կրակին» եւ գնդակներ տեղում
վրան, սակայն, Նիկոլը ո՛չ թէ միայն ազատ է մնում նրանց գնդակներից, այլ եւ ինքը ճանապարհին
մահ սփռում իր շուրջը: Տեսնելով, որ մի ծառի տակ քրդեր կան նստած, Նիկոլը չոքում է
եւ իր հրաշագործ մօսինով տապալում, սպանում Ջնդի եւ Շաւէշ ցեղապետներին: Շփոթութիւնը
կատարեալ էր. թշնամին սարսափահար է լինում եւ խորհրդաւոր, երկարահասակ, միրուքաւոր
գեաւուրին Դուման է կոչում, այսինքն՝ փոթորիկ, մառախուղ... Այդ օրւանից Նիկոլ-Դումանը
դառնում է առասպելական քաջ-դիւցազն, եւ հերոսապաշտ քրդերը բազմաթիւ երգեր են հիւսում
նրա մասին, իսկ հայ մարտիկները գլուխ են խոնարհեցնում նրա առաջ...
Աւելցուկ հրացանների շուրջը որոշ տարաձայնութիւններ են ծագում
Վան հասած դաշնակցականների եւ արմենականների միջեւ. երկու կուսակցութիւնների կոմիտէները
տենդոտ մրցման մէջ են մտնում, սակայն, միջամատում է Դումանը՝ յայտարարելով, որ «այս
վէճը կարող են հարթել իրենք՝ զէնքի ընկերները միայն». երկու հրացան տալով արմենականներին,
երեքն էլ դաշնակցականներին՝ Դումանը ստեղծում է համերաշխութիւն, որ այնքան կարեւոր
էր եւ անհրաժեշտ մեր յեղափոխական պատմութեան այն տագնապալից եւ երազուն ժամանակներում...
Վանում, հայոց թաղում, մի տաճիկ ոստիկան է սպանւում: Հայերի
գլխին կախւում է ընդհանուր կոտորածի ուրւականը, որ, ի հարկէ, ո՛չ մի կապ չունէր ողորմելի
ոստիկանի սպանութեան հետ, այլ դիւային ծրագիր էր, Աբդիւլ-Համիդի կողմից յղացւած...
Երկրում զգացւում էր նոր մարտական եւ զինական ուժերի անհրաժեշտութիւնը:
Վանից Սալմաստ են ճանապարհւում զինատար խմբերը՝ հնչակեաններինը Սարկաւագի, Արմենականներինը
Ներսէս Բօզիկեանի եւ չարվազար Արսէնի, իսկ դաշնակցականներինը Դումանի ղեկավարութեամբ:
Ճանապարհին Դումանը դարձեալ կռւի է բռնւում, այս անգամ Դերիկում:
Նրա խումբը բաղկացած էր 60 հոգուց, ամէնքն էլ ընտիր հայդուկներ՝ Ախբէրը, Շերոն, Փոխիկը,
Դարմօն, Միքօն, Լօրդօն..
1896-ի մայիս ամսին էր, որ Դումանը վերադարձաւ Սալմաստ. 60 հոգուց
12-ը հրացանաւոր էին, 20-25 ատրճանակաւոր, իսկ մնացածը զէնք չունէին: Կռիւը բորբոքւեց
տաճիկ կառավարութեան պահանջով աւերակ դարձած Դերիկայ վանքում: Այստեղ էլ կրկնւում է
Բողազ-Քեսանի գործելակերպը եւ փոթորիկ-Դումանը իր տղաներով բարձրանում է Սպիտակ սարը,
ուր, հանգստանալուց յետոյ, ճանապարհը շարունակում է դէպի Սալմաստ: Ես այստեղ չեմ տալիս
Դերիկայ կռւի մանրամասնութիւնները, միայն պիտի յիշատակեմ, որ թշնամին ունենում է մեծ
կորուստ, իսկ մերոնցից սպանւում են 3-4 հոգի, Դումանն էլ վիրաւորւում է ուսի տակից:
Քեօհնա-Շհարում Դումանը եւ իր տղերքը մատնւում են եւ ձերբակալւում, որովհետեւ չեն ուզում
կռւել պարսիկ զօրքերի դէմ, քանի որ Դումանը հրահանգում է, թէ «գործ չունենք Պարկաստանի
հետ. նա մեր բարկամն է»: Սալմաստի մեր ընկերները կտրուկ միջոցներ են ձեռք առնում եւ
ազատում են Նիկոլ-Դումանի իր զէնքերով եւ տղաքներով: Դումանի խմբի միւս մասը Ղարաբաղցի
Յարութիւնի ղեկավարութեամբ անվնաս հասնում է Սաւրա գիւղը եւ մնում անփորձ:
Արմենական զինատարներն էլ Խոյումն են ձերբակալւում, իսկ հնչակեաններն
անփորձ հասնում են Սալմաստ, բայց չեն կարողանում վերադառնալ Երկիր՝ աննպաստ պայմանների
պատճառով: Մեր դաշնակցական տղաների մեծ մասն էլ ամիսներ բանտարկւած մնալուց յետոյ են
միայն ազատւում:
Վրայ են հասնում Վանի յուլիսեան ընդհարումները, ապա եւ կոտորածները:
Պարսկա-տաճկական սահմանագլխում, Աղբակում, Բարդուղիմէոս առաքեալի վանքի մօտ, ապա եւ
Գարահիսար լերան գլխին նահատակւում են Աւետիսեանը, Մարտիկը եւ Պետօն իրանց խմբերով
եւ գաղթական զանգւածների հետ. ազատւում են 2-3 հոգի, որոնք Սալմաստ գալով՝ գուժում
են սեւ բօթը: Ցնցւում է Դումանը, շտապում օգնութեան մի մեծ խմբով, բայց արդէն ուշ էր
– ո՛չ ոք կենդանի չէր մնացել...
Դումանը մռայլւում է եւ իր գլխում ու սրտում մտմտում է այն օրւանից
միայն սրբազան փոխ-վրէժը...
1896-ի նոյեմբերին նա գնում է Թիֆլիս, տեսնւում է անմահ Քրիստափորի
հետ եւ ուրւագծում Խանասորի արշաւանքը: Երկիր են անցնում Պետրոս Սերեմճեանը, Արամայիսը,
Յարութիւն Զարգարեանը, Աշտարակեցի Լեւոնը եւ շատերը, ապա անցնում է Վան՝ Շեկօն 30 հոգով,
պատրաստւում է գնալ եւ Կարօ Զօրեանը, բայց պայթում է Վանի երկրորդ կռիւը:
Տղերքը հարկադրւած են լինում թողնելու գիշերով Վանը եւ անցնել
Պարսկաստան երկու գծով, ճանապարհին տալով զոհեր...
Այդ օրերին է տեղի ունենում եւ Փայաջուկի վարժուհի դաշնակցական
օրիորդ Մարօի ինքնասպանութիւնը. նա չի ուզում իր սիրով կաշկանդել Կարօին, որ պատրաստւում
էր գնալ կռւի:
Եկել էին Սալմաստ ու Թաւրիզ Հ.Յ. Դաշնակցութեան լաւագոյն զաւակները՝
Ն. Մատինեան (Վահան), Սեւ-Քարեցի Սաքօն, Սամսոնը, օրիորդ Սաթենիկը, Իշխանը, Վարդանը,
Բժիշկը (Ք. Օհանեան), Շատախցի Յովսէփը, Հաջի Մուրադը, Աղբէրը (Մոկացի Յարութիւնը),
Գուրգէնը, Փոխիկը, Թորոսը (Գալուս Ալոյեան), Ս. Օհանջանեանը, Սառիկեանը, Մածուն Խէչօն
եւ շատերը. վերադարձաւ Թիֆլիսից եւ Նիկոլ-Դումանը, իր հետ բերելով Խանասորի արշաւանքի
ծրագիրն ու հրահանգը:
Հանրածանօթ արշաւանքը տեղի ունեցաւ 1897 թւի յուլիս ամսի
25-ին. հայկական փոխ վրէժն էր այդ, սփաթեցրեց տաճկական բռնութեան ձեռքում գործիք դարձած
քրդերին:
Խանասորում զոհւեցին Կարօ Զօրեանը, Գանձակեցի Իւանը, Կրետացին,
Սաղաթել խանը եւ ուրիշները, թւով 19 հոգի:
Այնուհետեւ Դումանին տեսնում ենք Բագու-Բալախանի՝ Տէր-Յակոբեանների,
Ղուկասեանների եւ նաւթատէրերի խորհրդի գործարաններում իբրեւ կառավարչի օգնական կամ վերահսկողի
դերի մէջ: Նա մեծապէս օժանդակում է Քրիստափորի հիմնած «Փոթորիկ»-ի գործունէութեանը,
նմանապէս Կովկասի հայկական ինքնապաշտպանութեան կոմիտէին 1903, 1904 եւ, մանաւանդ,
1905, 1906, եւ 1907 թւականներին թէ՛ կալւածքների ցույցերի, թէ՛ ահաբեկումների եւ թէ՛
հայ-թաթարական ընդհարումների ընթացքում...
Նիկոլ Դումանի խումբէն մաս մը, որ անցաւ սահմանը Սասունի օգնութեան, եւ կռուի բռնուեցաւ Ռազիի մէջ (10 Յունիս 1904)ին: Վերի շարք ձախէն աջ՝ Ռուբէն Տէր Մինասեան, Վանայ Սարգիս, Քիւրտ վալադ Մստօ, Վանեցի Աւտօ (Նահատակուած Ռազիի կռիւի ընթացքին) Նստած՝ Նիկոլ Դուման, կողքը կանգնած՝ Թադէոս Ամիրեան (Դատաշ)
|
Մինչ այդ, 1904 թւին, Դումանը հակառակ իր համոզմունքի, ենթարկւելով
ընկերների որոշմանը՝ խմբով ճանապարհւում է Սալմաստի վրայով դէպի Սասուն, որպէսի տեղ
հասցնէ եւ ղեկավարէ Սասնոյ ծայալւող ապստամբութիւնը, չնայած որ այնտեղ, Սասնոյ լեռներում
կային Հրայր, Գէորգ Չաւուշ, Անդրանիկ... Դումանը համոզւած էր որ ինքը չի հասնի Սասուն,
որովհետեւ Սասունը մինչեւ իր հասնելը պարտութեան կը մատնւի, իսկ լաւ դէպքում կը հասնէ
գուցէ Վան, այնուամենայնիւ իր հետն առնելով 16 կրակ ու բոց, ընտիր տղաներ, բոլորն
էլ ձիաւոր, կատարում է փորձը, ինչպէս անւանում էր ինքը: 1904 թւի մայիսին նա
իր խմբով Սալմաստից շարռւեց Կոթուրի գծով եւ ճանապարհին ընդհարում ունեցաւ քիւրդ աշիրաթների
եւ տաճկական համիդէի զօրքերի հետ. թշնամիների թիւը հասնում է 2-3 հարիւրի, այնուամենայնիւ
Դումանը կարողացաւ դիմադրել որպէս տաղանդաւոր ռազմավար եւ Հ.Յ. Դաշնակցութեան հայդուկապետը
մեծ պատւով դուրս եկաւ այդ աննախընթաց փորձից...
Պակաս շքեղ փորձ չէր Դումանի արածը Բագւում 1905 թւի
փետրւար 6-9 օրերին, երբ Կովկասն ապրում էր նաօրինակ վանդէան, երբ ցարական կառավարութիւնը
յեղափոխական հայերին կոտորել էր տալիս խաւարամիտ թուրք հորդաների ձեռքով, որպէսզի եղբայրասպան
կռիւների պատճառով իրարից բաժանի ըմբոստացող կովկասեան ազգերին եւ այդպիսով ամրապնդէ
իր խարխլած դիրքերը, որոնք շատ էին թուլացել ռուս-ճապոնական պատերազմի եւ յեղափոխական
շարումների շնորհիւ...
Դումանը կրկին արհամարհում է իր ոսկրացաւն ու թոքախտը, որոնք
հիւծում էին իր մարմինը եւ վեր է կենում Բալախանիից՝ եօթ հոգով մտնում արեան քաղաքը,
ուր տասնեակներով գլորւում էին անզէն հայերը. մաուզէրը ձեռին, չորս հոգով, մտնում է
գիշերով թուրքական թաղը, եւ այնտեղից, Հ. Յ. Դաշնակցութեան մի գաղտնի պահեստից, բերում
է 10-12 հրացան, սարքում, կարգի բերում, ապա սկսում իր անօրինակ հունձը. Թուրք ղօչիները,
Ջնդի-Շաւէշ քիւրդ ցեղապետների նման՝ տապալւում են «Աստծու կրակ» Դումանի եւ նրա կրակ
դարձած տղաների՝ Դրօների, Խէչօների եւ Մարտիրոսների ձեռքով...
Երկրորդ եւ երրորդ օրը հայկական կոտորածները դառնում են թուրքական
կոտորածներ շնորհիւ միայն գերբնական Դումանի...
Բագւից Դումանն անցաւ Երեւան եւ կռւեց ու կոփեց Արարատեան Երկրի
հայ զանգւածների ինքնապաշտպանութեան վսեմ գործը. Նա աննման յաջողութեամբ եւ խիզախօրէն
վարեց իրեն վիճակւած պատմական դերը. նա այդ օրերին հայ մարտիկների մարաջախտն էր, թէպէտ
մնաց միշտ համեստ, հեռու սնափառութիւնից եւ ցուցամոլութիւնից...
Գործի եւ ռազմի ասպետն էր Դումանը, բառիս ամենալայն մտքով. Նա
միաժամանակ հանդիսացաւ եւ համայն հայութեան ինքնապաշտպանութեան եւ զինման տեսարանը
իր մի գրքույկով, որ կրում է «Նախագիծ» անունը: Դումանը հայի ֆիզիքական գոյութեան պահպանման
մարտական գաղափարախօսն է, զինւած գիտական-ռազմական տեսութիւններով եւ նրանց գործադրութեան
կերպերով. Այդ գրքույկում նա սովորեցնում է արեան դասեր:
Դարձեալ Դումանն էր, որ հանդէս բերաւ իր պողպատէ կամքը
Միհրանական խժդժութիւնների եւ անջատականների քաշքշուկների օրերին եւ կաորղացաւ հմուտ
ռազմավարի պէս պահել Հ. Յ. Դաշնակցութեան դիրքերը եւ հաշւեյարդարի ենթարկել աջի ու ձախի
վտանգները:
Լըժինի ծուղակի մէջ չընկաւ Դումանը. ծպտւած ապրեց Ռուսաստանում,
ապա արտասահմանում, մասնակցեց Կօպենհագի միջազգային ընկերվարական համագումարին, վարեց
աստանդական կեանք, եղաւ Ժընեւում, Պոլսում, Եգիպտոսում, սակայն, ամէն տեղ էլ նոյն Դումանն
էր՝ կենդանի գործ, գաղտնապահ, խոհուն, հեռատես, անխօս, հպարտ իր գիտակցութեան մէջ,
կամակոր, յանդուգն ու ռազմասէր, կորովի, մի խօսքով Դումանը հէնց ինքը Հ.Յ. Դաշնացկութեան
մարմնացումն էր, նրա կենդանի արտացոլումը...
1911-ին Դումանը մասնակցում է Ատրպատականի պարսակական-յեղափոխական
շարժումներին, թէպէտ ոչ սիրով եւ հակառակ կրկին իր ներքին համոզումների. այնուամենայնիւ
Դումանի հարիւրեակը փայլեց Ղարամելիքի, Լալայի, Վասմինջի կռիւներում եւ ամէն տեղ օգնութեան
հասաւ նեղ ընկած սահմանադրական թուրքերին, որոնք բարձր էին գնահատում նրա ռազմական
տաղանդը եւ սիրով լսում տւած լուրջ խորհուրդները: Նիկոլ-Դումանն այնպիսի ղեկավար էր,
որ առողջանում էր կռիւը սկսւելիս, իսկ խաղաղ ժամանակ հիւանդ տառապում անխօս ու անձայն,
կարծես իր ոսկրաաւն ու թոքախտը ճակատագրական դառն պարգեւներ էին, ուղարկւած նրան մի
անողոք եւ անարդարադատ ոգու կողմից, որ միաժաման եւ նրան օժտել էր բարձր իմացականութեամբ
եւ երկաթէ տրամաբանութեամբ. ինքնատիպ էր իր արտաքին եւ ներքին բարեմասնութիւններով,
կախարդական իր անբիծ բարոյականութեամբ եւ առանձնայատուկ գծերով՝ ընկերասիրութեամբ,
անձնազոհութեամբ եւ ռազմական կորովով...
Ատրպատականում թագաւորում է մի առ ժամանակ ցարական բիրտ ոյժը,
տեղի են տալիս յեղափոխականները. ասպարէզից քաշւում են Սաթթար եւ Բաղըր խաները, սպանւում
է պարսկական յեղափոխութեան շունչն ու ոգին՝ Եփրեմը, Թաւրիզում ճօճում են կախաղանների
վրայ Սեղաթը-Իսլամ, Քաջի-Ալին, Շէյխ Սելիմը... եւ Պետրոս խան Մելիք-Անդրէասեանը...
Դումանը իր հարիւրեակով ճեղքում անցնում է սահմանադրական Տաճկաստան,
ուր մի ժամանակ կռւով էր ներս մտնում. նա հիւրի հանգամանքում մնում է Վանում մի քանի
ամիս, մինչեւ որ ցարական Ռուսաստանի պահանջով տաճկական կառավարութիւնն առաջարկում է
Վանը թողնել եւ անցնել երկրի խորքերը: Դումանը դարձեալ աստանդական կեանք է վարում
1912, 1913 եւ 1914 թւերին եւ շարունակ տառապում է օտարութեան մէջ, միւս կողմից էլ
հիւծւում էր թոքախտի եւ ոսկրացաւի ճանկերում. այդ հիւանդութիւնները բոյն էին դրել նրա
երկաթէ մարմնի մէջ հայդուկային կեանքի եւ որսորդական մոլութեան պատճառով:
1914-ին, համաշխարհային պատերազմը յայտարարելուց յետոյ, Դումանը
գնում է Թիֆլիս եւ զզւած անլեգալ կեանքի «հրապոյրներից», անձնատուր է լինում ոստիկանութեանը
եւ յայտնում իր ինքնութիւնը. նրան բանտարկում են Մետեխում, սակայն, դաշնակցական ընկերներն
անմիջապէս կտրուկ միջոցների են դիմում եւ ազատում նրան. Դումանին նախ փոխադրում են
Թիֆլիսի Արամեան հիւանդանոցը, ապա Բագւի վրայով Հանքային Ջրերը, սակայն այնտեղ էլ
չի դիմանում, վերադառնում է Բագու, ուր հարկադրւած է լինում պառկելու Լարիոնովի հիւանդանոցում,
որտեղ նրան խնամում էին բազմաթիւ ընկերներ, հարազատ եղբայրները, նմանապէս կինը, տիկին
Զարուհին:
1914-ի հոկտեմբեր 20-ին պաշտօնապէս յայտարարւեց ռուս-տաճկական
պատերազմի. Դումանը լսեց եւ իմացաւ, որ հազարաւոր հայ կամաւորներ են խմբւել անւանի
խմբապետների շուրջը եւ պատրաստւում լեգալ կերպով սպառազինւած անցնելու Տաճկահայաստան՝
վրէժ լուծելու դարաւոր թշնամիներից, այն ինչ ինքը կծկւել է մահճում եւ չի կարողանում
վեր կենալ. էլ չի դիմանում Սարայի, Բօղազ-Քեասանի, Դերիկայ, Խանասորի, հայ-թաթարական
կռիւների աննման հերոսը. Նա վճռականօրէն հանում է բարձի տակ պահւած ատրճանակը եւ խփում
է կրծքին, անշնչանում, որովհետեւ անիմաստ է գտնում այդպիսի ձանձրալի կեանքը
47 տարեկան հասակում մեռնում է Դումանը 1914 թւի սեպտեմբեր վերջին (23ին):
Բիւրօից հեռագրով հրահանգ է գնում Բագու՝ «Դումանի դին փոխադրել Թիֆլիս»...
Բագւի ընկերները եւ հազարաւոր հայ բանւորներ ուսամբարձ տանում
են Դումանի դագաղը կայարան եւ դնելով յատուկ վագոնում՝ 40 ներկայացուցիչների ուղեկցութեամբ
ճանապարհում են Թիֆլիս, ուր մեծ շքով, յեղափոխական կուսակցութիւնների ներկայացուցիչների
եւ բազմահազարեան յուղարկաւորողների մասնակցութեամբ՝ Վանքի եկեղեցուց տանում են Խոջիվանքի
գերեզմանատունը եւ հողին յանձնում հայ մարտական կուսակցութեան մեծ զաւակին, ռազմագէտ
Դումանին: Նա հանգչում է Սիմոն Զաւարեանի կողքին, իսկ յետագայում եկան Դումանի կողքին
հանգչելու նաեւ Քեռին եւ մեր մտաւորական լաւագոյն ուժերից մէկը՝ Աւ. Շահխաթունեանը...
Յովակ Ստեփանեան
«Դրօշակ» - Նոյեմբեր 1929
Թիւ 11 (284)