Նոյեմբ. 28-ին տիրում է եռ ու զեռը: Անդրանիկը դադար չունի. ամբողջ ժամանակ կարգադրութիւններ է անում, դասաւորում է, հրահանգներ տալիս, ջղայնացած սրանք – նրան է ծեծում, անգամ անւանի մարդկանց, ինչպէս, օրինակ, հանգուցեալ Արշակ Շիրինեանին, Գէդէոն Տէր-Մինասեանին, Սահակ Հայրապետեանին եւ մանր-մունր շատ կոմիսարների...
Դէպի Շուշի արշաւանքը մի խոշոր պատմական դրւագ է, մի վսեմ ձեռնարկ, որի համար զօրամասի միջոցները բաւարար չեն, հետեւապէս զանգեզուրցին պէտք է օժանդակէ ոչ թէ միայն ամրդկանցով, այլ եւ գրաստներով, հացով, գարիով, դարմանով եւ այլն: Չը նայած, որ Զանգեզուրի Համագումարը որոշել էր միաձայն կերպով այդ բոլորը սիրով ու անխռով տրամադրել, սակայն իրականացման ճամբին շատերն էին դանդաղում, ձգձգում. ահա այդ վայրկեաններին էր, որ ահաւոր էր դառնում Անդրանիկի զայրոյթը եւ նրա հազօր կամքը ծեծի եւ բռնութեան միջոցով էր ի կատար ածում ժողվորդի գրաւոր որոշումները:
Նոյեմբ. 29-ին, առաւօտեան շատ վաղ, ժամը 3-ին արդէն ամէն ոք կազմ ու պատրաստ է. զօրամասերը լուռ ու հանդատ առաջ են շարժւում, որպէսզի աննկատելի կերպով անցնեն Զաբուղի եւ ապա Հագարի ձորերը, խուսափեն աւելորդ ընդհարումներից եւ շուտ գրաւեն իշխող բարձրունքը՝ Մարքիզ սարը, որ կարող է մեծապէս խանգարել զօրամասի առաջխաղացումը:
Նախընթաց օրը Անդրանիկն ինձ նշանակել էր պահեստի զօրամասի պետ, տւել էր ինձ Շուշու եւ Գանձակի վաշտերը, ծանր երկու թնդանօթների հետ միասին: Այդպէս էր արել, ինչպէս կատակով նկատում էր, որ «ողջ եւ առողջ ղարաբաղցի տղաներով մուրազի հասցնէ», սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ Զաբուղի գլխին հրահանգ գար առաջ անցնելու եւ մտնելու ձորը՝ թնդանօթներով հանդերձ: Չնայած որ այդ ռազմական սխալ էր՝ պահեստի զօրքը եւ թնդանօթները դնել առաջին գծի վրա, բայց չէր կարելի չկատարել հրահանգը, եւ ես անյապաղ խճուղու երկու կողմերն էլ գրաւեցի ինձ ենթակայ զինւորներով, իսկ թնդանօթներից մէկը ոջեցրի խճուղու մի յարմար տեղը՝ միւսը պահելով ձորի գլխին, անակնկալի չենթարկւելու համար: Թշնամուն հանդիպեցինք հէնց Զաբուղ գիւղում, որ թեթեւ հրացանաձգութիւնից յետոյ տեղի տւաւ: Հագարիի բարձունքները իշխում էին մեզ վրա, եւ Քեարավուզի բարձրադիր դիրքերից թշնամին անդադար հարւածում էր մեզ: Մենք էլ սկսեցինք նեղել նրան մեր թնդանօթների ծանր ռումբերով, սակայն թշնամին մնում էր անսասան իր բարձունքում, իսկ մենք ձորումն էինք մնացել. թշնամին անպատիժ չէր կարող իջնել,մ ենք էլ չէինք կարողանում բարձրանալ օրը ցերեկով, որովհետեւ թշնամու անշեղ կրակը սպառնում էր հնձել մեր շարքերը: Իմ օգնականներին հարկ եղած ռազմական հրահանգները տալուց յետոյ, ես բարւոք համարեցի յետ գնալ ու դրութեան մասին անձամբ զեկուցանել Անդրանիկին, որ Զաբուղի ձորում, ճանապարհից ոչ շատ հեռու, մի ցցւած ապառաժի մօտ վրան էր զարկել. մինչեւ այժմ էլ այդ ապառաժը կոչւում է «Անդրանիկի քար»:
Խորհրդակցութիւնից յետոյ, Անդրանիկի հետ, ձիերով անցանք դէպի առաջաւոր դիրքերը: Քեարաւուզի վարձունքից թշնամին անմիջապէս նկատեց մեր փոքրիկ հեծելագունդը եւ բուռն հրացանաձգութեան ենթարկեց. Մանաւանդ Անդրանիկի ուղղութեամբ գնդակները տեղում էին կարկուտի պէս: Մեր «պահեստի» զինւորները իրենց դիրքերից եռանդով կրակ բաց արին թշնամու վրա, ներքեւից վերեւ, եւ մի քանի շեշտակի ճամազարկներով ու թնդանօթային ուժգին կրակով թշնամու թափը կոտրեցին:
Հագարուի ձորի միւս կողմում ճանապարհը բարձրանալով անցնում է Ղարաղշլաղ հայկական աւերւած գիւղի միջով, ապա Թթու-Ջուրի (Լոսագորսկ) վրայով մտնում է Շուշի քաղաքը: Մարքիզ գագաթը ցցւած է Զաբուղ եւ Հագարի գետերի խառնարանում եւ իշխում է երկու ձորերի վրա, ուրեմն ցերեկով գրեթէ անհնար է գրաւել, իսկ գիշերն էլ անակնկալների կարելի է ենթարկւել: Զաբուղի ձորն էլ դէպի հիւսիս երկարում է մինչեւ Մինքենդի թրքական լեռնային շրջանները, իսկ Հագարի ձորը դէպի վեր գնում է մինչեւ Հաջի-Սամլուի, թաթար-քրդական շրջանի ձիւնապատ լեռները: Զաբուղ եւ Հագար գետերը միախառնւելով իջնում են դէպի հարաւ եւ թափւում Արաքսի մէջ, Կարեագինի թրքական շրջանում: Վերոյիշեալ ձորերի խորշերում պարփակւած են 20-ից աւելի թրքական գիւղեր՝ Աւդալլար, Մէրքիզ, Ղզլջա, Սուլթանքենդ, Մալիբէկլու, Սուս, Թաթդարասի, Զէյվա, Սիւմիւքլու, Նավրուզլու, Չայքենդ...
Աւազակաբարոյ թուրքեր են այդ գիւղերի բնակիչները, որոնք ռուսական յեղափոխութիւնից յետոյ աւելի սանձարձակ էին դարձել. փակել էին Գորիսից Շուշի տանող խճուղին եւ պատուհասել շատ անգամ տուն վերադարձող զինւորներին, կողոպտելով ու սպանելով նրանց: Այդ ձորերումն էին սպանւել 217 ղարաբաղցի դասալիք զինւորները, որոնց ոսկորները թափթփւած տեսանք այդտեղ: Իսկ ամրանը, երբ տաճկահայ գաղթականութեան մի մասը, վստահացած թուրքերի թոյլտւութեան, փորձեց անցնել Շուշի, Զաբուղի ձորից յետոյ իր առջեւ գտաւ Հագարի կամուրջը փակւած եւ ընկաւ երկու կրակի մէջ, եւ կռւելով ու մեծ կորուստներ տալով՝ հազիւ կարողացաւ նահանջել եւ հասնել Տեղ գիւղը: Նմանապէս այդ շրջանի գիւղերն էին, որ երկու ամիս առաջ, քոչւոր թուրքերի օգնութեամբ, յարձակւեցին հայկական Ղարաղշլաղ գիւղի վրա եւ աւերեցին: Նրանք էին դարձեալ, որ փորձեցին Կոռինձորի եւ Խանածախի ուղղութեամբ արշաւել դէպի Զանգեզուր: Մի շարք յաջողութիւններից յետոյ, մանաւանդ երբ տաճիկները գրաւեցին Շուշին, այդ ձորերի թուրքեըր շատ էին երես առել. նրանք մնայուն պահակներ ունէին մարքիզի գագաթին, որտեղից եւ սկսեցին կրակել մեր զօրամասերի վրա:
Զիգզագ խճուղին կրակի ենթակայ է թէ՛ Մարքիզի եւ թէ Քեարաւուզի դիրքերից միաժամանակ: Պարզւեց, որ թշնամին ունի կանոնաւոր խրամատներ, եւ տեղական աւազակաբարոյ կռւողների հետ միասին կային եւ տաճկական ասկեարներ: Մինչեւ գիշեր զօրամասի ձեռքն անցան որոշ դիրքեր, բայց ունեցանք եւ բաւականաչափ վիրաւորներ եւ սպանւածներ: Վերջիներիս թւումն էր նաեւ ղարաբաղցի փոխ-գլխապետ Ստեփան Սարգսեանը, որի գրական կեղծանունն էր Ստեսար: Նա անզգուշութիւն ունեցաւ խոյանալու դէպի Քեարաւուզի անառիկ դիրքը եւ թշնամու գնդակը փորին առաւ: Դա ամենամեծ զոհն էր, որ տւինք Ղարաբաղի ազատագրութեան ճամբին, 1918 թւին:
Նոյեմբ. 30-ին Անդրանիկի համար գործնականօրէն պարզւեց, որ առանց Մարքիզի գրաւման չի կարելի առաջ շարժւել, այլապէս շատերը կը նահատակւին ապաբախտ Ստեսարի նման: Փոքր ինչ խորհրդակցելուց յետոյ որոշւեց, որ ես «պահեստի» ուժերով կենտրոնից անընդհատ կրակ թափեմ Քեարաւուզի ամուր դիրքերի վրա, իսկ քաջ խմբապետ Աղաջան Բալասանեանը տեղացի ձիաւորներով անցնէ Հագարու գետը, աջ թեւին եւ զարնէ թշնամուն, ջանալով մտնել թիկունքը: Ձախ թեւից կռիւը շարունակւում էր եռանդով՝ Մարքիզի ուղղութեամբ: Չնայած կենտրոնից բացած ուժգին կրակին, երբ Աղաջանը փորձեց անցնել գետը իր ձիաւորներով, թշնամին նրան անմիջապէս առաւ դժոխային կրակի տակ. հետեւանքն եղաւ այն, որ ձիաւորները նահանջեցին, խմբապետ Աղաջանի ձին սպանւեց, իսկ ինքը վիրաւորւեց ոտից թեթեւ կերպով. նրա կողքի զինւորն էլ վիրաւորւեց...
Այդ դէպքից յետոյ Անդրանիկը եափունջին քաշեց գլուխը եւ ուղղակի խճուղու կողքին պառկեց հանգստանալու՝ խիստ պատւէր տալով լինել աչալուրջ եւ անակնկալի դէպքում անմիջաչէս զարթեցնել իրեն: Մարքիզի ուղղութեամբ մեր կռիւը զարգանում էր յաջողութեամբ: Հետեւակ եւ ձիաւոր ուժերը, թէպէտ դանդաղ, հետզհետէ դիմում էին դէպի իշխող գագաթը, գրաւելով օժանդակ դիրքեր:
Ուղիղ կէսօրին Անդրանիկը մէկէն ոտքի ելաւ եւ պահանջեց իր հաւատարիմ «Ասլան» ձին. շոյեց, համբուրեց ամեհի Ասլանին, որ մանկան պէս հեզ էր նրա հանդէպ, իսկ առիւծ էր կտրում ուրիշների մօտենալիս: Անդրանիկը նստեց ձին եւ սլացաւ դէպի Մարքիզ. հաւատարիմ քաջերը հազիւ կարողացան հեծնել իրենց ձիերը եւ հետեւել նրան:
Հրաշալի էր Անդրանիկի վերելքը դէպի Մարքիզ: Թշնամին պարզ նկատեց թէ ո՛վ է եկողը, եւ ջղայնացած գնդակների կարկուտ տեղաց նրա վրա, սակայն քաջասիրտ եւ խիզախ երիվարը իր նոյնքան քաջորդի հեծեալով շարունակ դիմում էր դէպի վեր: Տղաներն իրենց դիրքերից գոռացին՝ «Փաշան գալիս է, փաշան գալիս է», եւ մէկ էլ լսւեցին գոռ հուռռաները: Զինւորներն իրենց դիրքերից մէկէն պկուեցին եւ փոթորկի պէս սլացան դէպի Մարքիզ: Մի քանի րոպէից յետոյ Մարքիզ լերան գագաթին ծածանւեց մեր կարմի դրօշակը: Յետոյ մերոնք գրաւեցին համանուն Մարքիզ կամ Մարքեազ գիւղը, այդ շրջանի արիւնարբուների որջը:
Մարքիզ սարից մեր ուժերն առաջ շարժւելով՝ գրաւեցին Սուսը եւ Զէյվան, իսկ ձիաւորների երկրորդ հարիւրեակը ձախ թեւի կողմից անցաւ ՀԱգարի կամուրջը, մտաւ Աւդալլար առանց դիմադրութեան: Աւդալլարի գրաւումով չէզոքանում էր Քեարւուզի անառիկ դիրքը, քանի որ Աւդալլարից անարգել կարելի էր բարձրանալ Ղարաբաղշլաղի բարձունքը, ապա անցնել Թթու-Ջուրը եւ Շուշի: Հայերի յաղթանակն անսպասելի էր թուրքերի համար, ուստի Հագարիի ձորն ի վայր սկսւեց խուճապահար փախոստը. թուրք բնակիչները ձիերի, էշերի եւ եզների վրա բեռնած իրենց ունեցածը՝ շտապում էին հեռանալ այն վայրերից, ուր հարիւր տարուց ի վեր բնակւում էին: Մէկ անգամ էլ այդպէս դրանց պապերին, քշել էին Դաւիթ Բէկի եւ Աւան Իւզբաշու քաջարի դիւցազները, սակայն ռուսական տիրապետութեան օրով նրանք յետ էին եկել Նուխու եւ Արէշի կողմերից:
Այդ յաղթանակից յետոյ ամենքս սրտատրոփ սպասում էինք հրամանի, որ շարժւենք դէպի Մելիքների հայրենիքը, բայց, դժբախտաբար, լուր բերին, թէ Հարաւ գիւղի վրայով Կոռինձոր է եկել մի սուրհանդակ, որ հեռագիր է բերել զօրավար Անդրանիկի անունով՝ Բագուի անգլիական հրամանատարից եւ մի ուրիշ հեռագիր էլ Ադրբէյջանի նախարարապետ Խան Խոյսկուց: Անգլիական զօրավարը հեռագրում էր Անդրանիկին եւ Շուշու հայկական ուժերի հրամանատարին, որ առաջխաղացութիւնը դադրեցնեն, քանի որ խաղաղութիւնը կնքւած է: Իսկ Խան Խոյսկին հեռագրում էր Շուշու ընդհանուր նահանգապետին, քաղաքագլխին, Ազգային Խորհրդին եւ հայկական զինւորական հրամանատարին, որ անգլիական զօրավարի հեռագիրը անյապաղ հասցնեն Անդրանիկին:
Շուշու մեր ընկերները, տեղւոյն կառավարութեան նախկին անդամները, Վարանդայի հրամանատար Սոկրատ Բէկը, ո՛չ թէ միայն ոչնչով չնպաստեցին մեր յառաջխաղացմանը, այլ եւ գոնէ չուշացրին չարաբաստիկ հեռագիրը, որ մեր զօրամասը հասնէր Թթու-Ջուր եւ Շուշի...
Անգլիական զօրավարի ո՛չ անունը կար եւ ոչ էլ ստորագրութիւնը, ուստի մեր մէջ կասկած ծագեց, որ թուրքերը կարող են խորամանկութեան դիմած լինել: Եթէ անգլիական զօրավարը ցանկանում էր Անդրանիկին մի բան հաղորդել, մի՞թէ չէր կարող հաղորդագրութիւնը հասցնել ուղիղ ճամբով եւ պաշտօնական ներկայացուցչի ձեռքով եւ ո՛չ թէ ծերուկ միականի Հարար գիւղացու միջոցով... Անդրանիկը սկզբում համամիտ եղաւ մեզ եւ որոշեց պատասխանել անգլիական զօրավարին՝ կասկած յայտնելով եկած հեռագրի վաւերականութեան մասին եւ յիաշտակեց այն ապտճառները, որոնց հիման վրա ինքը դիմում էր դէպի Շուշի: Ադրբէջանը տաճկական ուժերի ներկայութիւնից քաջալերւած գրաւել էր Շուշին, տաճիկների հետ միասին. նրանք բանտարկել էին հայ մտաւորականներին, ժողովրդին ճնշել էին եւ հայ ճամբորդներին հարիւրներով սպանել, զէնքերը խլել եւ այլն, որով սպառնում էին հայկական Ղարաբաղի գոյութեանը: Անդրանիկը թէպէտ տատանւում էր, բայց ապտասխանը նոյն ճամբով ուղարկեց: Ամենքս շտապում էինք միւս առաւօտեան, անցնելու դէպի Ղարաղշլաղ, երբ դեկտ. 2-ի առաւօտեան լուր հասաւ, թէ խճուղու վրայով դէպի Աւդալլար է գալիս սպիտակ դրօշակ պարզած մի ինքնաշարժ: Լուր տրւց կամուրջը պահող զինւորներին, որ թոյլ տան առաջ անցնել: Հետեւակ եւ ձիաւոր մէկական վաշտեր զինւորական բարեւ տւին եկող սպաներին:
Նոյեմբեր-Դեկտեմբեր 1936
Դ. Տարի, Թիւ 5