Լաւ չեմ յիշում, բայց կարծեմ թէ 8 կամ 9 տարեկան էի այն ժամանակ, որի մասին խօսում եմ իմ մանկական քնքոյշ սրտի վրայ ստացած խոր ու անջնջելի տպաւորութեան մասին:
Մեր տունը գտնւում էր Պարսկաստանի Թ.աւրիզ քաղաքի, Լիլաւա թաղում:
Երկու սենեակներից բաղկացած, փոքրիկ, հում աղիւսից շինուած մի շէնք էր այն, նեղ ու ցածլիկ լուսամուտներով. նրանցից մէկը, մեր ապրածը, առանց ապակիների էր, ձմեռն էինք միայն թղթով ծածկում եւ վրան նաւթ քսելով թափանցիկ դարձնում: Այդ երկու սենեակներից բացի, ունէինք նաեւ երկու գետնայարկ մառաններ, որոնց մէջ ձմեռուան պաշարն էինք պահում – ալիւր, ցորեն, թխուած ու չորցուած լաւաշ հացեր, թթուեղէն, իւղ, բրինձ եւայլն, եւայլն, մի խօսքով՝ ամբողջ մի տարուան ապրուստի պաշար:
Վերի սենեակներից մէկի մէջ, ինչպէս ասացի, մենք էինք ապրում, իսկ միւսը, աւելի լաւը, տուել էինք վարձով: Չգիտեմ մեր ծանօթներից որի՞ միջնորդութեան շնորհիւ էր հայրս համոզուել քրիհով տալ այն երկու վարժուհիների:
Յիշում եմ, ամէն ինչ մենք էինք տալիս – սենեակ, անկողին, նախաճաշ, ճաշ, ընթրիք, լուացք եւայլն – եւ այդ բոլորի համար ստանում էինք 4 թուման (այդպէս պատմեց մի անգամ մայրս մեր դրացի Ծաղիկ մօրաքոյրին): Սա, ի հարկէ, խնդրի ձեւական կողմն էր միայն, բայց բանը նրանումն էր, որ այդ օրիորդների մօտ ամէն օր եւ ամէն ժամանակ հիւրը անպակաս էր, որոնց մենք էինք հիւրասիրում:
Լաւ եմ յիշում, թէ նոյնիսկ ճաշի վրայ եկած հիւրերին մայրս էր կերակրում ի հաշիւ մեզ. մենք «պանիր հաց» էինք ուտում, իսկ կերակուրը տրւում էր նրանց: Մեր բողոքին՝ մայրս միշտ նոյն պատասխանն էր տալիս.
«Վնաս չունի, զաւակներս, նրանք ազգասէր մարդիկ են, այսօր այստեղ են, էգուց ո՞վ գիտէ ո՛ւր պիտի երթանք, թո՛ղ նրանք ուտեն, դուք ուրիշ ժամանակ էլ կ'ուտէք»:
Ու մենք լռում էինք առանց երկար-բարակ հարցուփորձի, թէեւ ոչինչ, բացարձակապէս ոչինչ չէինք հասկանում նրա այնքան խորհրդաւոր ազգասէր բառից:
Չմոռնամ աւելացնել, թէ մօրս ազգասէրների նկատմամբ ունեցած այդ հոգածութիւնը հետագային էլ շարունակուեց անփոփոխ կերպով:
Այսպէս օրինակ, նոյնիսկ 1903 թուին նա յաճախ էր իմ միջոցով թազա հաց, ղօրմա (ղավուրմա), զանազան տեսակի թթուեղէն ուղարկում մեր փողոցի մէջ ապրող ազգասէրների համար: Քիչ չէր պատահում նաեւ, որ ինձ ուղարկէր նրանց մօտ ասելով. «Գնա՛, հարցուր տես կեղտոտ (աղտոտ) շոր (ճերմակեղէն) կամ ծակ գուլպայ ունե՞ն, բեր, լուանամ, կարկտեմ, տար, ղարիբ տղայ են, մեղք են»: Համոզուած եմ, թէ հայրս էլ յետ չէր մնում այդ կողմից մօրիցս, միայն թէ մենք տեղեկութիւն չունէինք այդ մասին:
Մի գիշեր էլ բաւական աղմուկ կար մեր բակի մէջ, սեւ եափունջիների մէջ փաթթուած ինչ որ խորհրդաւոր մարդիկ գնում-գալիս էին համրաքայլ: Հայրս դուրսն էր, նրանց մօտ, իսկ մայրս՝ միջանցքում, ոչ մի տեղ լամպ չկար, մութ էր: Չգիտեմ ո՞րքան տեւեց այդ բոլորը, միայն թէ առաւօտեան, երբ ելայ անկողնիցս, ոչինչ չկար տարօրինակ, արեւ օր էր եւ ամէն ինչ հանգիստ: Երկու վարժուհիները նախաճաշեցին ու գնացին դպրոց:
Նրանց գնալուց յետոյ դուրս եկայ բակը խաղալու: Յանկարծ նկատեցի, որ օրիորդների սենեակի պատուհանների վարագոյրները բաց չէին սովորականի պէս: Իսկոյն վազեցի վեր ու այդ մասին յայտնեցի մայրիկիս: Նա անտարբեր կերպով պատասխանեց. «Վնաս չունի, ես կը բանամ, դու գնա՛ խաղա»: Բայց լաւ եմ յիշում, թէ այդ ամբողջ օրը նրանց վարագոյրները չբացուեցին, իսկ դրանից յետոյ յաճախ էին գոց լինում նրանք:
Ճաշին երկու օրիորդները միասին վերադարձան տուն: Նրանցից մէկը նիհար էր, բարձրահասակ, կարճ մազերով, իսկ միւսը, ընդհակառակը, կարճ էր, մի քիչ աւելի գէր, դէմքով գեղեցիկ, սեւ մազերը երկու երկար հիւսքերով կախուած էին մէջքի վրայ: Մի ոտքը մի քիչ կաղ այդ օրիորդը՝ օրիորդ Մարօն, կանչեց ինձ եւ շոյելով գլուխս՝ ասաց.
«Գնայ, մայրիկին ասա թող այսօր մի քիչ շատ ճաշ տայ մեզ, շատ սոված ենք»:
Սեղանը պատրսատ էր, մայրս ամէն ինչ դրած պօտնայի (մատուցարան) մէջ, բերաւ մինչեւ օրիորդների սենեակի դուռը, իսկ ես տարի ներս: Ձեռքիս բեռը յանձնելով օր. Մարոյին՝ դուրս եկայ սենեակից եւ, երբ երկրորդ անգամ մտայ ներս կերակուրի ամանները ձեռքիս, զարմանքով միայն նկատեցի, որ մի ինչ որ օտար մարդ էր նստել սեղանի ծայրը: Նրա ածուխի պէս սեւ ու փայլուն աչքերը, երկար, գանգուր մազերն ու խիտ եւ սրածայր մօրուքը յանկարծակիի բերին ինձ, ու ես շփոթած հազիւ կարողացայ սեղանի վրայ դնել ձեռքիս ամանները ու դուրս վազել:
Ինձ համար միանգամայն տարօրինակ թուաց այդ մարդը: Ո՞վ էր նա եւ ե՞րբ ու ի՞նչպէս մտաւ ներս, որ ես չիամացայ. չէ՞ որ ամբողջ ժամանակը բակն էի ու նոյնիսկ օրիորդների գալն իմացայ... Իմ այս երկմտութիւնս մայրս փարատեց ասելով.
«Դու խոհանոցն էիր, որ նա եկաւ»:
Ես թէեւ չհամոզուեցի, բայց հաւատացի. չէ՞ որ մայրս էր ասում, իսկ մայրիկը սուտ կը խօսի՞:
Բայց ընդամէնը մի երկու օր բաւական եղաւ համոզուելու համար, թէ այդ մարդը ոչ թէ դրսից էր գալիս, այլ հէնց ներսը, նրանց մօտ էր ապրում: Նա մեր ամենօրեայ հիւրն էր արդէն, միայն այն տարբերութեամբ, որ նրա մասին մեզ, միամիտներիս, յանձնարարում էին չխօսել եւ ոչ ոքի բան չասել: Միայն նրա տանը եղած ժամանակը հարցնողներին ասում էին «օրիորդները տանը չեն»: Բայց լինում էին տեսակ-տեսակ մարդիկ էլ, որ ուշ չէին դարձնում մեր ասածներին եւ ուղղակի սենեակ էին մտնում եւ երկար ժամանակ մնում այնտեղ:
Ովքե՞ր էին այդ մարդիկը, ինչո՞ւ նրանք նոյնիսկ օրիորդների տանը չեղած ժամանակը կարող էին մտնել ներս, իսկ ուրիշները՝ ոչ – չէի հասկանում:
Ահա՛ այս անորոշութիւնն էր պատճառը, որ այնքա՜ն ինձ լաւ ծանօթ մեր սենեակը կամաց-կամաց խորհրդաւոր բան էր դառնում իմ աչքիս, իսկ այն տեսակ-տեսակ մարդիկը, որ յաճախ գնում-գալիս էին սեւ ու թանձր եափունջիների մէջ փաթաթուած, երկարավիզ կօշիկները հագած եւ միշտ լուռ ու մտազբաղ, մի-մի հսկաներ, որոնցից թէ, վախենում էի եւ թէ՛...
Մի կիրակի առաւօտ էլ քնիցս նոր էի զարթնել եւ ոտաբաց խաղում էի մեր միջանցքում, երբ յանկարծ ներս մտաւ մի անծանօթ մարդ եւ շտապ կերպով անցնելով օրիորդների սենեակը, ցած ձայնով բաներ ասաց նրանց: Քիչ յետոյ մայրիկիս կանչեցին սենեակ, որից յետոյ մայրս ու անծանօթ մարդը գնացին բակը եւ ներս բերին մեր փայտէ երկար սանդուխը, որով բարձրանում էինք կտուրը եւ յարմարցրին դէպի տանիքը: Երբ արդէն պատրաստ էր, կանչեցին Կարոյին* (այս էր մեր մշտական հիւրի անունը), որ սկսաւ շտապ շարժումներով կտուրը բարձրանալ: Քիչ յետոյ վերցրին սանդուխը եւ նորից տարին իր տեղը, իսկ Կարօն մնաց կտուրը: Շուտով ամէն ինչ հանգստացաւ: Փողոցի դուռի երկաթը դրին, ինչ որ սպասողական դրութիւն էր երեւում, կարծես մի անսովոր բան պիտի պատահէր շուտով: Մեզ հրամայեցին սենեակի մէջ խաղալ այդ օրը, ու դուռը փակեցին մեզ վրայ...
Այդ օրը օրիորդները ճաշեցին առանց Կարոյի, տխուր էին ու լուռ, նոյնիսկ ինձ հետ չէին խօսում:
Իրիկուան մօտ նորէն եկաւ առաւօտեան անծանօթը: Այս անգամ նա ուրախ էր զւարթ ու հազիւ մտած սենեակ, ասաց բաւական բարձր ձայնով. «Վտանգն անցած է, Կարօն կարող է ցած իջնել:»
Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ վտանգի մասին էր խօսքը: Պարզ էր, որ ոչինչ չէի կարող հասկանալ. միայն տեսայ, որ դարձեալ բերին սանդուխը եւ կտուրի վրայի մեր հիւրը իջաւ ցած: Օրիորդների սենեակը կենդանութիւնը ստացաւ, այդ օրը առաջին անգամը լինելով անծանօթ մարդը հիւր եղաւ օրիորդներին:
Ճիշդ երեք շաբաթ էր անցել այդ օրից, ես ու քոյրս խաղում էինք բակում, յանկարծ ինչ որ ձայներ լսեցի օրիորդների սենեակի տակ գտնուող մառանից: Առաջ վախեցայ, բայց յետոյ սիրտ առի, ոտքերիս մատների վրայ մօտեցայ նրա ցածլիկ պատուհանին ու մէկ աչքս դնելով պատռած թղթածակին՝ սկսեցի նայել ներս: Ի՜նչ տեսնեմ, տէր Աստուած, ինչ որ մեծ-մեծ գործիքներ էին շարուած այնտեղ, որոնց վրայ երկար ու մէջը ծակ խողովակներ կային դրուած, որոնցից մէկի մօտ կանգնած էր մեր հիւրը, Կարօն, եւ խարտելով ինչ որ մի բան էր շինում:
Զարմանքս է՛լ աւելի մեծ եղաւ, երբ նրա մօտ կանգնած տեսայ հայրս՝ թեւերը վեր քաշած ու մուրճը ձեռքը... Ուզեցի կանչել, բայց լեզուս կապ ընկաւ ու բռնելով քրոջս ձեռքից՝ բարձրացայ վեր, սենեակ:
Այդ օրից յետոյ յաճախ էի մօտենում պատուհանին եւ ներս նայում ծակից: Միշտ նոյն լուռ ու խորհրդաւոր աշխատանքն էր որ կատարում էին այդ երկու մարդիկ...
Իսկ ես շատ տարիներ յետոյ միայն իմացայ, թէ այդ օրերին մեր մառանում Հայրենիքի փրկութեան համար զէնքեր էին շինւում:
* * *
Նոյն տարուան ձմեռն էր: Մենք փակուած էինք սենեակում: Ես հիւանդութեանց պատճառով չէի գնում դպրոց: Ինչո՞վ էի հիւանդ, չգիտեմ, միայն յիշում եմ, թէ երկար ժամանակ չէին թողնում դուրս գալ անկողնից...
Այդ օրերը հիւանդացան փոքր եղբայրս ու միակ քոյրս՝ Փառանձեմը ու ընդամէնը մէկ շաբաթուան մէջ նրանք երկուսն էլ յաւիտեան բաժանուեցին մեզնից: Տէրտէրն ու մեր ծանօթները եկան ու տարին նրանց... Հայրս ու մայրս լալիս էին շարունակ, իսկ մենք ձայնակցում էինք նրանց եւ մեզ լռեցնելու համար մայրս զանազան տեսակի չոր պտուղներ էր տալիս: Հիմա արդէն սենեակի մէջ դրուած քուրսին ինձ ու եղբօրս էր մնացել: Հայրս շարունակ իր գործով էր զբաղած, գիշերներն էր միայն տուն գալիս, իսկ մայրս նորէն ձեռք առաւ տան տնտեսութիւնը ու ըստ երեւոյթին ամէն ինչ մոռացուեցա:
Մի օր էլ, երբ ես ու եղբայրս քուրսու վրայ նստած՝ ընկոյզ էինք խաղում, իսկ մայրս ինչ որ երգ էր մրմռում ցած ձայնով ու կամացուկ լալիս, յանկարծ սենեակի դուռը բախեցին ու առանց պատասխանի սպասելու ներս մտան օր. Մարօն ու իրենց հիւրը՝ Կարօն:
Մեր ու մայրիկի զարմանքը չափ չունէր: Նա հազիւ ժամանակ ունեցաւ սրբելու թաց աչքերը ու ոտքի ելլելով հիւրերն ընդունելու, որոնք առանց հրաւէրի սպասելու նստեցին քուրսու մօտ:
Սովորական հարց ու պատասխանից յետոյ, օր. Մարօն առաջինը սկսեց մխիթարել մօրս
«Է՛հ, տիկի՛ն, Տիրոջ կամքն էր այդ. ամէնքս էլ պիտի մեռնենք: Նորէն դուք բախտաւոր էք, որ արժանցաք ձեր մեռելների վրայ մի բուռ հող լցնելու, իսկ այնտեղ, Տաճկահայաստանում, հազարաւոր մայրեր կան, որոնք իրենց զաւակների գերեզմանները տեսնելու իսկ չեն արժանանում. քիւրդն ու տաճիկը խլում են նրանց ու տանում անդարձ...
Մեզ մօտ մարդիկ մեռնում են բնական մահով, իսկ այնտեղ մեռցնում են ուժով... Բա, ի՞նչ պիտի անեն նրանց մայրերը,որոնք տէրը չեն ոչ իրենց զաւակների եւ ոչ էլ իրենց ստացուածքի»...
Պարզ էր, որ ես ոչինչ չհասկացայ նրա ասածներից, միայն նկատեցի, որ մայրս է՛լ աւելի յուզուեց ու վեր բարձրացնելով երկու ձեռքերը՝ կոչեց. «Աստուա՛ծ, առաջ նրանց օգնութեան հասիր, ետքը մեզի»:
Քիչ յետոյ օր. Մարօն բաց արաւ ձեռքի կապոցը, հանեց նրա միջիցի մի մեծ կտոր կարմիր մետաքս, թել ու ասեղ եւ սկսեց աշխատել: Ես տեսնելով այդ մեծ փայլուն կտորը՝ մօտ վազեցի եւ սկսեցի ուշադրութեամբ նայել:
Օրիորդ Մարօն տառեր էր կարում նրա վրայ, ես հազիւ կարողացայ տառերը իրարու միացնելով կադալ.– (մահ կամ ա...»:
Կիսատ էր, բան չհասկացայ:
Մօրս ցանկութեամբ օրիորդը քուրսու վրայ փռեց այն: Հիմա լաւ տեսայ. կտորի ճիշդ մէջտեղը ինչ որ բահ, սուր եւ ուրիշ բաներ էին ասեղնագործուած, որոնք լաւ չկարողացայ որոշել: Կային նաեւ ուրիշ գրուած բաներ, որոնք նոյնպէս չկարողացայ կարդալ:
Օրիորդը մատով մետաքս կտորի վրայ եղած նշանները ցոյց տալով, ինչ որ բաներ էր ասում, որոնց մայրս գլխով հաւանութիւն էր ցոյց տալիս:
Կարօն, որ մինչեւ այդ լուռ նստած էր քուրսու տակ, հանեց գրպանից մի մեծ տպուած տետրակ ու սկսեց կարդալ անձայն: Ես հազիւ կարողացայ միացնել նրա ճակատի վրայ եղած մեծ ու հաստ տառերը եւ կարդալ «Դրօշակ», բայց ի՞նչ էր դրօշակը, չհասկացայ եւ հասկանալ էլ չուզեցի:
Քիչ յետոյ Կարօն սկսեց բարձրաձայն կարդալ ինչ որ սպանութիւնների մասին, մայրս ուշադրութեամբ լսում էր նրան: Երբ կարդալը վերջացրեց, դարձաւ մօրս եւ ասաց.–
«Այո՛, տիկի՛ն, սրանց համար է, որ մենք պիտի մտածենք շարունակ ու ամէն կերպ օգնութեան հասնենք»:
Մայրս սրբեց աչքերն ու ելաւ՝ գնալու պատրաստուող հիւրերը ճամբելու:
* * *
Գարնան սկիզբն էր արդէն: Ձիւները սկսել էին հալել. մեր բակի մէջ եղած ձիւնակոյտից համարեա բան չէր մնացել: Օրերը տաքացել էին, ու ես բոլորովին առողջացած՝ գնում էի դպրոց:
Մի կիրակի օր էլ նկատեցի, որ մեր հիւր Կարօն չկայ այլեւս: Իմ հարցումին՝ մայրս պատասխանեց գլուխը շարժելով.
«Գնա՜ց, տղա՛ս, ազգասէր մարդ էր, ազգին օգնելու գնաց», ու լռեց:
Մի քանի ամիս յետոյ օրիորդներն էլ գնացին եւ մեր սենեակը մնաց դատարկ... Նրանցից եւ ոչ մէկը էլ չվերադարձաւ այլեւս...
Ժամանակներն անցան...
Բաւական տարիներ յետոյ միայն հասկացայ, որ կարմիր կտորը Խանասորի արշաւախմբի դրօշն էր, Կարօն՝ նրա հոգին, Մարօն՝ նրա զսպանակը, իսկ այն տեսակ-տեսակ եափունջաւոր, երկարավիզ կօշիկներ հագած ու մազոտ փափախներով մարդիկը՝ նրա անմահ զինւորները:
Փա՜ռք նրանց ու իրենց դրօշին:
*Կեղծ անունը Ռոստոմի եղբայր Արիստակէս Զօրեանին