...Մեր մեծ-ընկեր՝ անմոռանալի Քրիստափոր Միքայէլեանի բնակարանի հասցէն ձեռքիս մտայ նրա մօտ: Անունը լսել էի, բայց իրան դեռ չէի տեսել: Առաւօտեան ժամը 7 էր: Քրիստափորը տակաւին անկողնում պարկած էր: Ինձ առաջնորդեցին ուղղակի նրա ննջարանը եւ իմ աչքին պատկերացաւ հետեւեալ տեսարանը:
Երկու փոքրիկ սենեակներ, անշուք, աղքատիկ կարասիներով, մի հասարակ մահճակալ, ծռած ոտքերով, նրա վրա կուչ եկած մի լղարիկ, նիհար, դեղնած դէմքով, միջին տարիքով մարդ: Մահճակալի կէսը հազիւ էր բռնել նրա փոքրիկ մարմինը. Թւում էր, թէ պառկողը մի պատանի է: Սակայն, ակնոցների տակից փայլող մի զոյգ թափանցող աչքերը, խիտ, յետ սանրած մազերով ծածկւած, լայն ճակատով նրա գլուխը, փոքրիկ, ցանցառ մօրուքը վկայում էին, որ մահճակալի վրա երեխայի մարմնով կուչ եկած մարդը «մեր» ամենքիս պաշտելի, կուսակցութեան հրամանատար Քրիստափորն է:
Դպրոցական աշակերտին յատուկ ամօթխածութեամբ մօտեցայ նրան բարեւեցի եւ առաջարկեցի «յանձնարարական»:
–Ժենեա, կարգադրիր ինքնաեռը բերեն...
Մենք ծանօթացանք: Մէկը Կարսից, միւսը Ալեքսանդրապոլից էր գալիս: Մինչ այս, մինչ այն, դուրս եկաւ եւ Քրիստափորը:
Կարճահասակ, մի ոտքը կաղին տալով մօտեցաւ սեղանին, ուր փոքրիկ, բայց մաքուր ինքնաեռը կարծես բարկացած մի բանի վրա, աղմկում էր եւ հաճելի գոլոշի արձակում:
Կարճ եւ կրունկների կողմից բաւական աչքի ընկնող չափով մաշւած անդրավարտիք, հնամաշ, գոյնը տւած վիզիտկա, շէշունչայի վիզը յետ ծալած շապիկ եւ վզկապի փոխարէն սպիտակ փող – ահա նրա ամբողջ պճրանքը: Խօսում էր մեղմ, հանգիստ ձայնով: Յոգնած-վաստակած եւ կեանքից ձանձրացած մարդու տպաւորութիւն էր թողնում առաջին հայեացքից: Խոստովանում եմ, առաջին տպաւորութիւնս շա՜տ աննպաստ էր: - Միթէ այս խղճուկ մարմնով, ընկճւած, յուսահատ դէմքով մարդիկ են, որ պիտի ղեկավարեն կազմակերպութիւնը – մտածում էի ես: Բայց երբ ձայնը բարձրացնում էր եւ ակնոցների տակ փայլող մի զոյգ աչիկների՝ մինչեւ հոգուդ խորքը թափանցող հայեացքն ուղղում էր քեզ, զգում էիր, որ այդ վտիտ մարմնի մէջ մեծ հոգի է պարունակում: Հետագայում, երբ յաճախ, շա՜տ յաճախ առիթներ ունեցայ այդ «կաղլիկ-հսկային» տեսնելու եւ լաւ ճանաչելու իր ամբողջ ոյժի մէջ, իր բարոյական խոշոր կերպարանքով, այն ժամանակ միայն պարզւեց, որ այդ մարդը յիրաւի արժանի է կազմակերպութեան հոգին, խիղճը, հրամանատար-ղեկավարը լինելու: