Գոյժը Փարիզից է. սոյն տարւայ յունւար մէկին, թեթև հիւանդութիւնից յետոյ, իր Մօնմարանսի բնակարանում յաւիտենապէս աչքերը փակել է Աբրահամ Գիւլխանդանեանը:
Դառնութեան և վշտի ծանր ճնշման տակ ուժասպառ ընկել է այն հսկան, որ համակ կորով և եռանդ, շարժում և գործ, իր ամբողջ էութեամբ նւիրւած էր հայ ժողովուրդին:
Դադարել է բեղուն այն կեանքը, որ ամբողջ յիսուն տարի – կէս դար – մի հոյակապ տոկունութեամբ աշխատել է, տքնել և տառապել յանուն Հայ Հայրենիքի և նրա ազատութեան.
Յաւիտենապէս փակել է իր աչքերն օտար հորիզոններում՝ պանդխտութեան մէջ, կարօտ հայեացքը դարձրած դէպի այն Սրբավայրը, որի սիրոյն զոհաբերել է իր ամբողջ կարողութիւնները և որի ազատագրման համար յօժարութեամբ յանձն է առել այնքան տառապանք և տանջանք.
Ծնւել էր յեղափոխական: Եւ իր գաղափարական խառնւածքի, իր կազմակերպչական բարձր ընդունակութիւնների և անվերապահ նւիրւածութեան շնորհիւ ղեկավար և առաջնորդ դառնալու բոլոր տւեալներով:
Հանրային գործիչ էր – իր բառի իսկական իմաստով – գործունեայ անդամ հասարակական մի շարք մարմինների, որոնց դէպի գործ, դէպի արդիւնաւէտ աշխատանքների էր մղում, առաջին հերթին ինքը լծւելով դրանց:
Գործի մարդ էր – միշտ ոտքի վրայ, միշտ շարժուն – ամենադժւար ծրագրներ յղացող և իրագործող, բայց միաժամանակ օժտւած խօսքի հմայքով, որ խանդավառում էր զանգւածներին:
Իբրև յեղափոխական կազմակերպութեան ղեկավար և իբրև հանրային կարկառուն գործիչ, անց է կացրել փոթորկալից կեանք, լի ոգևորիչ և խրատական դրւագներով:
Ծնւել է 1875 թ. օգոստ. 13ին Վաղարշապատում, միջակ բարեկեցիկ մի ընտանիքի մէջ: Իր ծննդավայրի նախնական կրթութիւնից յետոյ, մտել է Գէորգեան Ճեմարան և աւարտել վեցերորդ դասարանը: Դեռ Ճեմարանում, 19 տարեկան հասակին՝ 1894ին մտնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը և հէնց այդ օրւանից սկսում է իր եռանդուն գործունէութիւնը: 1898ին անցնում է Բագու, ուր լաւ վիճակ ունէր իր մեծ եղբայրը: Նրա շնորհիւ նիւթապէս ապահովւած՝ Աբրահամը ամբողջովին նւիրւում է կուսակցական աշխատանքներին և աշխատաւորութեան վիճակի բարւոքման: Նրա և մի շարք ընկերների թափած ջանքերի շնորհիւ, Բագուի բանւորութեան մեծամասնութիւնը կազմակերպւում է Հ. Յ. Դաշնակցութեան դրօշակի տակ և մի քանի տարւայ պայքարից յետոյ, մեծ չափերով բարելաւում իր դրութիւնը: Ձեռք բերելով մի շարք աննախընթաց առաւելութիւններ, ինչպիսին են օրինակ ութ ժամեայ բանւորական օր, էլեքտրական լուսաւորութիւն, հւիանդանոց, երեկոյեան դասընթացներ, գրադարան – ընթերացարան, թատրոն-սինեմա, համագործակցական խանութներ, դպրոց երեխաների համար, բնակարաններ և այլն:
Եկեղեցական կալւածների գրաւման դէմ ծառացման ղեկավարը լինելուց յետոյ, Գիւլխանդանեանը երևան է բերում իր կազմակերչական ոգին և իր բարձր կարողութիւնները չարաբաստիկ հայ-թրքական ընդհարումների ժամանակ, Հ. Յ. Դ. Բիւրոյի կողմից նշանակւելով ներկայացուցիչ Գանձակում և վերին աստիճանի յաջող կերպով կազմակերպելով ինքնապաշտպանութեան պատասխանատու գործը: Թէ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ և թէ յետոյ, կազմակերպում է պատիժը այն ոճրագործների, –պետական պաշտօնեաներ և թէ այլք – որոնք դաւադիր դեր էին կատարել հայութեան դէմ և հրահրել երկու հարևան ազգերի թշնամութիւնը:
Յայտնի Լըժինի դատի ժամանակ, ձերբակալււոմ է 1910ին և բանտարկւում ամբողջ երկու տարի:
1913ից կրկին հաստատւում է Բագւում: Անդամակցում է այն պատասխանատու մարմնին, որ պարտականութիւն ունէր պահանջելու հայկական բարենորոգումները, որ պայթում է համաշխարհային առաջին պատերազմը և վերոյիշեալ պատասխանատու մարմինը իբրև Ազգային Խորհուրդ, ստանձնում է Անդրկովկասի հայկական գործերի ղեկավարութիւնն ու կամաւորական խմբերի վերին հսկողութիւնը:
Ազգային Խորհուրդ է կազմւում նաև Բագւում և աշխատաւորութեան միաձայն քւէով Գիւլխանդանեանը ընտրւում է նախագահ: Հանգուցեալի շնորհիւ Ազգ. Խորհուրդը խիստ լաւ յարաբերութիւններ է ունենում 1917ին Ստ. Շահումեանի Բագւում կազմած Ժողկոմխորհի հետ. երկու մարմինների և նրանց ղեկավարների մէջ լինում է վերին աստիճանի սերտ համագործակցութիւն:
1918-ին թրքօ-գերմանական ոյժերի բուռն յարձակումների ժամանակ՝ Բագուի հերոսամարտում մի անգամ ևս երևան է գալիս Գիւլխանդանեանի կազմակերպական կարողութիւնները. Ռոստոմի և Գիւլխանդանեանի գլխաւորած Ազգային Խորհրդի գործադրած անգնահատելի ջանքերի շնորհիւ կարելի է լինում յետ մղել թշնամուն, որ նպատակադրել էր ձեռք բերել Բագւի նաւթահորերը, լրացնելու համար թիւրք-գերման բանակի ունեցած նաւթի հրամայական պահանջը:
Գերման հրամանատար Լիւդէնդօրֆը խոստովանում է իր յիշատակարանում, որ զինակիցների պարտութեան պատճառներից մէկն էլ՝ հայոց դիմադրութիւնն էր Բագւում, որ զրկել էր գերման զօրքին շուտափոյլ բենզին ունենալու հնարաւորութիւնից:
Հայկական հերոսական դիմադրութիւնը սակայն անկարող է լինում տոկալ գերազանց ոյժերի ճնշումին և Բագուն ընկնում է 1918 սեպտեմբերին. Ռոստոմն ու Գիւլխանդանեանը կազմակերպում են հայ ժողովրդի գաղթը դէպի Էնզելի, 80 հազարից աւելի հայ բազմութիւն ապաստանում է պարսկական հիւրընկալ հողը.
Այստեղ էլ կրկին երեւան է գալիս Ազգային Խորհուրդը և ստանձնում է նրանց հոգատարութիւնը. Բարեբախտաբար կարճ է տևում Բագուի թրքական արիւնոտ տիրապետութիւնը. Գաղթականութիւնը Գիւլխանդանեանի առաջնորդութեամբ վերադառնում է Բագու. 1919ին Գիւլխանդանեանը Հայաստանումն է և ներքին գործոց նախարար Ա. Խատիսեանի դաճլիճում. 1920ին իբրև ելևմտական նախարար Հ. Օհանջանեանի կառավարութեան մէջ:
Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, իշխանութեան արտօնութեամբ անցնում է Թիֆլիս, ապա Կ. Պոլիս իբրև Պատասխանատու Մարմնի անդամ: Քեմալական յաղթանակից յետոյ մեկնում է Բուխարեստ և մնում մինչև 1929: Այս թւականից յետոյ հաստատւում Փարիզում և նւիրւում է գրական աշխատանքների: Իր փոթորկոտ և հարուստ կեանքի յուշերն է գրել «Հայրենիք» ամսագրում: Աշխատակցել է նաև «Հայրենիք» և «Յառաջ» օրաթերթերին:
Առանձին գրքերով լոյս է ընծայել «Հայ թաթարական ընդհարումներ» երկու հատոր, «Ազգային շարժումների պատճառները 19րդ դարում», «Յեղափոխական հայուհիները». 1943ին լոյս է տեսել «Կովկաս, երկիրը, ժողովուրդը և պատմութիւնը» լուրջ ուսումնասիրութիւնը, որի երկրորդ հատորն էլ մնում է անտիպ: Ունի մի շարք ձեռագրեր ևս:
1944ին հոկտեմբերին Մօնմարանսի իր բնակարանում ձերբակալւում է ստոր դաւադիրների յերիւրածոյ մի զրպարտութեան հետևանքով. ձերբակալւում են նաև մի շարք անմեղ անձինք ի միջից այլոց Հայ Կ. Խաչի երկու անդամուհիներ: Թէև շուտով պարզւում է քսութիւնը և բոլոր ձերբակալւածներն առանց դատի անպարտ ճանաչւելով ազատ են արձակւում, սակայն դէպքը խիստ ծանր է ազդում Գիւլխանդանեանի զգայուն հոգու վրայ: Յօժարութեամբ է տարել ցարական շրջանի ծանր բանտարկութիւնը, սակայն հոգեկան դառն տառապանքների մէջ է անց կացնում այս բանտարկութիւնը որ նիւթւած էր մի քանի անարգ հայանունների միջոցով յետին նպատակներով:
Իր յառաջացած տարիքում հոգեկան այդ ապրումներով տասնև մէկ ամիս բանտից բանտ տարւելով հիւանդանում և հիւծւում է: Ազատ է արձակւում 1945 սեպտ. 26ին ֆիզիքապէս բոլորովին քայքայւած:
Տառապած մարմինը չի դիմանում մի նոր հիւանդութեան և հին կաղնին ընկնում է անշունչ, բանտից ազատւելուց հազիւ երեք ամիս յետոյ...