13 January, 2022

Իմ Մեծ Ուսուցիչը՝ Նիկոլ Դուման

Գրեց՝ Դրօ

Պատանի հասակից երբ մտայ մարտական խմբի մէջ, մեզ համար երեք մեծութիւններ գոյութիւն ունէին,– մէկը՝ Սերոբ Աղբիւրը, որը կոչում էինք հայդուկապետ, Անդրանիկը, որի ձայնը գալիս էր Սասունից եւ Ն. Դումանը: Այս երեքը յեղափոխութեան եւ հերոսութեան մարմնացումն էին այդ ժամանակներուն երիտասարդութեան աչքին:

Ն. Դումանի մասին առաջին անգամ մեզի խօսեց Քղեցի Պօղոսը, որ նրա զինուորն էր եղել թէ՛ Պողաս Քէսանում եւ թէ Խանասորում: Նա Դումանին պատկերացրեց իբրեւ կամք ու վճռականութիւն: «Չկայ որեւէ ծանր վայրկեան,– ասաց նա,– որ Դումանի երկաթէ կամքը թուլանայ եւ ղեկավարի առողջ դատողութիւնը մթագնի»:

Խանասորի արշաւանքին բուն կազմակերպիչն ու ղեկավարը Դումանն էր, բայց դժուարութեամբ ընտրուեց յիսնապետ: Սալմաստի փոքր շրջանում, հաւաքուած էին 250-300 հայդուկներ, որոնց անհրաժեշտ էր զինուորական կարգ ու սարք տալ: Դումանն էր, որ կարողացաւ գլուխ բերել այդ դժուարին գործը, իր խիստ բնաւորութեամբ եւ հեղինակաւոր անձով: Եւ որովհետեւ հրամանատարի ընտրութիւնները կատարւում էին զինուորների քուէներով, Դումանը իր խիստ վերաբերումին պատճառով, հազիւ յիսնապետի քուէ ստացաւ: Գլխաւորապէս հին հայդուկներն էին, որոնք կանգնեցին Դումանի կողքին: Նա, սակայն, վճռական կերպով յայտարարեց, թէ ոչ մէկ նշանակութիւն չունի, իրա համար հրամանատար կամ յիսնապետ լինելը: Ինք կը կատարէ իր սրբազան պարտականութիւնը իբրեւ զինուոր, կատարեալ անձնուիրութեամբ:

Խանասորի դաշտում, քիւրտերի կրած ջարդից յետոյ, երբ նահանջը տեղի պիտի ունենար, Դումանն էր որ դարձաւ իրական ղեկավարը եւ կրցաւ դէմ կանգնիլ վրայ հասնող թուրք եւ քիւրտ ուժերի յարձակումներին, հնարաւորութիւն տալով, որ հայ ֆէտայիները շատ քիչ կորուստով ազատուին եւ վերադառնան դէպի Պարսկաստան: Թիկունքային այդ կռիւներին, Սեւ Քարեցի Սաքոյի ձիաւորները մինչեւ վերջ անբաժան մնացին Դումանից:

Հայդուկային կռիւների մէջ Դումանը երկու անգամ վիրաւորուել էր: Այդ կռիւներից յետոյ, պարսկական հալածանքների պատճառով, Դումանը նորից անցնում է Կովկաս եւ պաշտօնավարում Բագուի մէջ, նաւթային սէնտիքայում:

1903ին, երբ Դաշնակցութիւնը կազմակերպում էր Սասունի եւ Վանի ապստամբութիւնները՝ Դումանը կուսակցութեան վերին մարմնին ներկայացնում է մի ծրագիր, որով բացատրում է՝ թէ ռուսական կառավարութեան թշնամական վերաբերումը, տաճկական սահմանների ուժեղ պաշտպանութիւնը եւ համիտական գունդերի կազմակերպութիւնը շատ են դժուարացնում ու մեծ զոհեր խլում հայ խմբերից: Ուստի՝ Դուման առաջարկում է պատրաստուած ղեկավար տարրեր միայն մտցնել երկիր անհատապէս եւ կանգ չառնել նիւթական որեւէ զոհողութեան առջեւ՝ զէնքեր գնելու, ժողովուրդը տեղին վրայ զինելու եւ կռուող ուժերը նոյնպէս տեղին վրայ կազմակերպելու համար: Այս ծրագրի հիմնական նպատակն այն էր, որ այլեւս սահմանը անցնող զինեալ խումբեր՝ ռուսական եւ քիւրտ-թրքական երկու հարուածների տակ չընկնեն եւ զուր տեղ մեծամեծ զոհեր չտան: Ինչպէս ինքն էր ասում՝ «որպէսզի հայութեան այս ասլան տարրը խնայուի թշնամու անհաւասար ուժերի կրկնակ հարուածներից, մինչեւ երկիր հասնիլը»:

Կարճ ժամանակ յետոյ վրայ է հասնում Սասունի ապստամբութիւնը, որ կանխահաս կերպով պայթեց՝ թիւրքերի նախայարձակ լինելուն հետեւանքով: Կովկասում կազմակերպուած խումբերը – Խան, Նեւրուզ, Դուման, Գայլ Վահան – մեկնեցին երկիր: Դաշնակցութեան վերին մարմինը, դէպքերու գահավէժ ընթացքին պատճառով, կատարուած իրողութիւնների առաջ էր գտնւում: Հրայրի եւ Անդրանիկի հերոսական կռիւները սկսած էին արդէն, եւ անկարելի էր չորս կողմից արձագանգ չտալ նրանց անմիջապէս: Դումանի ներկայացրած ծրագիրը, որ ժամանակի կարօտ էր, չիրագործուեց:

Դաշնակցութեան անմման այդ մարտիկը, Նիկոլ Դուման, հակառակ իր տեսակէտին, երբ վերին մարմինէն երկիր անցնելու հրահանգ ստացաւ, առանց վայրկեան մը անգամ տատամսելու ձգեց նաւթային գործերի մէջ ունեցած իր բարձր դիրքն ու պաշտօնը, անցաւ Պարսկաստան, որտեղից ձիաւոր խմբով մտաւ երկիր:

Ն. Դուման վերադարձաւ իր առաքելութենէն եւ դարձեալ պաշտօն ստանձնեց Կասպեան Նաւթային ընկերութեան մէջ, իբրեւ որոշ մէկ ճիւղի ընդհ. վարիչ:

1905ի Փետրուարի 6-ին, Աբրահամ Գիւլխանդանեան հեռախօսին առջեւ է կանչում Դումանին, որը գտնւում էր հանքերում, եւ յայտնում նրան, որ թաթարները սկսել են հայերին ջարդելու Բագու քաղաքում՝ կառավարութիւնը արգելիչ միջոցներ ձեռք չի առնում: Դումանը, սկիզբը կարծում է, թէ Աբրահամը կատակ է անում եւ ուզում է իրան մի կերպ քարշ տալ ժողովի, այնքա՜ն որ անսպասելի էր լուրը: Աբրահամի լուրջ պնդումների վրայ, Դումանը իսկոյն լծում է ձիան կառքը, հետը վերցնում է մեր մարտիկներից մէկին եւ մեկնում Բագու, թրքական գիւղերի միջեւ երկաթուղին կտրուած էր:

Դումանը հասնում է Բագու եւ Մելիքեանի նկարչատունը դարձնում իրա կեդրոն: Նա առաջին հերթին իր ձեռքի տակ ունէր միայն 7 հոգուց բաղկացած մեր ահաբեկչական խումբը: Երեկոյեան լուրեր են հասնում, թէ հայերի բնակարանները հրդեհի են տալիս բնակիչներով, մօտ 300 զոհ կայ. 6000ի հասնող Բագուի ռուսական զօրաբաժինը դիտողի դերումն է իսկ ոստիկանութիւնը զէնքի եւ փամփուշտի աջակցութիւն է տալիս թուրքերին:

Շատ ծանր էր կացութիւնը, 25 հրացան միայն ունէին պահեստում, երկու տասնեակ ատրճանակներով, որոնք գտնւում էին թրքական թաղերում: Այդ զէնքերը գնուած էին, որ փոխադրուէին Թրքահայաստան, ինչպէս կատարւում էր պարբերաբար:

Բագուի Կեդր. Կոմիտէն, Դումանի հետ խորհրդակցաբար նամակ է ուղղում իշխան Նակաշիձէին, որ նահանգապետն էր, եւ յայտարարում նրան, որ եթէ անմիջապէս ջարդերը չդադարեն, ամբողջ պատասխանատւութիւնը ընկնելու է իր վրայ եւ ինքը մահուան է դատապարտուելու*: (*Մայիս ամսուան մէջ Նակաշիձէն տեռորի ենթարկուեց Դաշնակցութեան կողմէ)

Իշխանը հեգնանքով է կարդում նամակը եւ միւս օրը ձիաւոր գնդով անցնելով փողոցներից՝ ականատես է լինում բոլոր այդ ջարդերին: Հայերից շատեր ազատուելու համար իրենք զիրենք նետում էին ռուսական գնդի կողմը, բայց նահանգապետը, առանց ուշ դարձնելու, ձիերը քշում հեռանում էր, նրանց թողնելով թաթարների սրի բերանը:

Դումանը հենց առաջին օրուանից փրկութեան ուրիշ միջոց չի տեսնում, եթէ ոչ կռիւ տալ: Նա իր այդ եօթը հոգին զանազան տեղեր գցելով հակահարուածներ է տալիս: Առաջին գիշերն իսկ կարողանում է կազմակերպել վաթսուն կռուողներ եւ բոլորն ալ փողոցից փողոց, թաղից թաղ յարձակման մէջ է դնում:

Երկրորդ օրը, ամսի եօթը առաւօտեան, հազարի հասնող թուրք ամբոխը Չեօպերէքէնթից գալով առաջանում է դէպի հայոց եկեղեցին, խուժելու համար հայկական թաղերից ներս: Իր եօթը վստահելիներով, որ միշտ յարձակումից յետոյ իբրեւ պահեստի ուժ իր տրամադրութեան տակ էր պահում, Դումանը վճռում է դուրս գալ եւ դիմաւորել այդ ամբոխը: Աբրահամ Գիւլխանդանեանը, որ իր գլխաւոր գործակիցն էր, Պապաշայի հետ մէկտեղ փորձում է արգելք լինել, որպէսզի Դումանը անձամբ միայն եօթը հոգով դուրս չնետուի այդ կատաղած ամբոխի առաջ: Դումանը կտրուկ յայտարարում է. «Եթէ մեզ կը մեղադրեն կարճատեսութեամբ, ոչ ոք սակայն իրաւունք ունի թքելու Դաշնակցութեան ղեկավարութեան վրայ, զոհաբերութեան ոգի պակաս տեսնելով նրա մէջ: Երբ վտանգը սպառնում է հայ ժողովուրդին, մենք մահը գիտենք արհամարհել»:

Դումանը դուրս է նետւում եօթը առիւծների հետ, ընկերները անկիւններից, իսկ ինքը իր բարձր հասակով փողոցի մէջտեղ կանգնած՝ կրակ են բաց անում թիւրքերի վրայ եւ խուժանը, սարսափահար, տասնոցներից համազարկից մի քանի տասնեակ դիակներ թափելով յետ է նահանջում:

Կայծակի արագութեամբ տարածւում է Դումանի այս հարուածին լուրը եւ մինչեւ երեկոյ, մօտ երեք հարիւր հայեր, զանազան զէնքերով զինուած, նոյնիսկ որսորդական հրացաններով, գալիս են եւ իրանց անձը դնում են նրա տրամադրութեան տակ:

Նրանց զանազան խմբերի բաժանելով, Դումանը անցնում է հակայարձակման բազմաթիւ կէտերից, նպատակ ունենալով թէ հակահարուած տալու եւ թէ թրքական թաղերից փրկելու հայ ընտանիքների մնացորդներին:

Ամսի ութի երեկոյեան յաջողում է թագստոցից դուրս բերել Դաշնակցութեան պահեստի հրացանները: Նա այդ հրացանները տալիս է ամենավստահելի կռուողներին, որոնց մէջ էր Առիւծ Աւագը: Գիշերը, Հայոց գիւղից, իր խումբը, Մկրտիչ Մելիք Աղամալեանի ղեկավարութեամբ, ուղղում է դէպի Գուրի Մէյտանը որ Բագուի թրքական միջնաբերդն էր:

Շնորհիւ Դումանի ընդհանուր յարձակումներին եւ մանաւանդ Գուրի Մէյտանի մէջ տրուած կատաղի հարուածներին, ամսի իննին թշնամին զգաց, որ անպատիժ կերպով չի կարող հայերին ջարդել. թիւրքերը զսպուեցին: Կազմուեց հաշտութեան հայեւթիւրք խառն յանձնախումբ եւ կռիւը դադար տուեց:

Ա. Գարօն եւ Սիմոն Զաւարեանը չէին կարող հանգիստ նստել Թիֆլիզ: Չնայած երկաթուղու ճանապարհին սպառնացող թրքական վտանգներին, նրանք գալիս են Բագու, ուր գումարւում է պատասխանատու ժողով: Մասնակից են Կ. Կոմիտէի անդամներից Աբրահամ Գիւլխանդանեանը, Յարութիւն Շահրիկեանը, Գրիգոր Աղաճանեանը, Լեւոն Թադէոսեանը:

Ն. Դումանը ժողովում այն տեսակէտն է պաշտպանում, թէ տեղական բնոյթ չի կրում այդ դէպքը, ոչ էլ հայ կապիտալի դէմ պայքար մըն է միայն: Հապա դա ռուս պետութեան կողմից հայութեան դէմ կազմակերպուած մի դաւադրութիւն է, որ արձագանգ կը տայ ամբողջ Անդրկովասում: Դումանը ցոյց է տալիս անմիջական անհրաժեշտութիւնը զէնքի մատակարարման մի մարմին ստեղծելու՝ ամէն գնով Կովկասի հայութիւնը զինելու համար: Այդ ձեռնարկը նոր էր սկսուել, երբ ծայր տուին Նախիջեւանի ջարդերը: Նիկոլի նախատեսութիւնը սխալ չէր:

Ժողովը տրամադրութիւն է յայտնում կազմելու Կովկասի հայութեան ինքնապաշտպանութեան պատասխանատու մարմին՝ Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ: Նիկոլը վճռապէս հակառակում է յայտարարելով. «Բիւրօն է ամբողջ Անդրկովկասի պատասխանատուն, իսկ Կեդր. Կոմիտէներից իւրաքանչիւրը՝ իր շրջանին, ուր որ պէտք է՝ հրամանատարութիւն կը նշանակուի»:

Հենց այդ ժողովում որոշւում է որ Դումանը ստանձնէ Երեւանի նահանգի պաշտպանութեան հրամանատարութիւնը իբրեւ ամէնէն վտանգուած շրջանի, տաճկա-պարսկական սահմանների մօտ:

Դումանը անցնում է Երեւան եւ անմիջապէս սկսում է ամբողջ նահանգի կազմակերպութեան: Ստեղծում է երեք ձեւի խումբեր – գիւղի պաշտպանութեան խումբը, շրջանի թռուցիկ խումբը՝ նոյնպէս գիւղացիներից կազմուած եւ երրորդ՝ հայդուկային խումբեր, որոնք շարժուն էին եւ օգնութեան էին հասնում պէտք եղած տեղը:

Երեք ամսուան ընթացքում Երեւանի նահանգի բոլոր հայ գիւղերը իրենց ապահովութիւնը ունէին թշնամիի վտանգի դէմ: Ա՛յն աստիճան լաւ կազմակերպուած էր ինքնապաշտպանութեան գործը, որ շատ մը գիւղեր, նախապէս լքուած եւ հրդեհի մատնուած, կրկին լեցուցին վերադարձողներով:

Աշնան արդէն բազմաթիւ շրջանների միանգամայն տիրապետում է Նիկոլը: Նոյնիսկ Նախիջեւանի լեռնային շրջանին եւ Նախիջեւանի քաղաքին:

Դումանը խիստ էր իր հրամանների մէջ եւ պահանջկոտ: Նրա ձեռքը մեր վրայ զգում էինք հարիւրաւոր մղոն հեռաւորութիւնից:

Ճամբաների  երկայնքին շատ մարդիկ էին սպանում էդ ժամանակ: Դումանը հրամայեց իր խմբապետներին, որ ամէն մի սպանուած հայի փոխարէն երեք հոգի խփեն: Նա պնդեց իր պահանջի վրայ եւ չուզեց ոչ մի բացատրութիւն լսել: 1906ի գարնան հայութիւնը գերակշիռ դիրք գրաւեց ամէն տեղ: Երեւանի նահանգի խմբերից ոմանք օգնութեան հասան Զանգեզուրին: Դումանի հետ միշտ խորհրդակցութեան մէջ էր Սեւ Քարեցի Սաքօն, որ Ղազախի ղեկավարն էր: Նա միշտ Դումանի խորհուրդներով էր առաջնորդւում եւ պէտք եղած օգնութիւնը ստանում նրանից:

Շատ վայրերում թիւրքերը յուսահատուեցին: Դուրս եկաւ Դումանի հրահանգը - «Ցարական իշխանութիւնը հարեւան ժողովուրդները իրար դէմ հանեց. մենք որեւէ թշնամութիւն չունենք իրար հանդէպ. մենք պայքարում ենք ցարական բռնակալութեան դէմ: Ուստի, հրահանգում եմ բոլոր մարտական ուժերին լինել վերջին ծայր զգոյշ: Այնտեղ, որտեղ թրքութիւնը վերջ է տալիս թշնամութեան, ամենախիստ պատիժի կ'ենթարկուեն մեր ուժերը, եթէ կռիւներ տեղի տան»:

***

Նոր էր խեղդուել Միհրանական շարժումը, երբ ծագում առաւ անջատական շարժում: Շատ էր «ձախացել» մանաւանդ Դաշնակցական երիտասարդութիւնը Բագուի մէջ, որ դասակարգային կռուի եռուն կաթսան էր: Ռամանի շրջանի հայկական մեխանիկ գործարանում երեքից չորս հազար բանուորութիւն գործադուլ էր յայտարարել: Գործարանները երկու ամսից ի վեր փակ էին: Բանուորները այնպիսի պահանջներ էին դրել,  որ անկարելի էր իրականացնել: Բագւում գործարանների կառավարիչները տեռորի տակ էին գտնւում: Մեր բանուորութիւնն ալ նոյն հովերից էր տարուել եւ սպառնում էր գնդակահարել վարիչներին:

Շատ պատասխանատու ժողով էր հրաւիրուած Բագու: Տեղական կոմիտէները, Կեդր. Կոմիտէն, եւայլն: Հրաւիրել էին Դումանին եւ խնդրել, որ անպատճառ ներկայ լինի: Դումանը ինձ հետը վերցրեց եւ գացինք ժողովի:

Դումանի ներկայութեան մենք նրա զինուորները՝ միշտ լուռ էինք: Դումանը ամբողջ ժողովի ընթացքում լսում էր ժողովականների ծայրայեղ կարծիքները: Սեղանի վրայ էին դրուած իբրեւ օրակարգ, բանուորների պահանջները.– կամ գոհացնել նրանց եւ կամ աշխատանքի տարիներին հաւասար հատուցում վճարել:

Քուէարկութեան միջոցին 25 հոգուց 4ը ձեռնպահ մնացին, 3 հոգի դէմ արտայայտուեցին՝ Գրիգոր Աղաճանեանը, բանուոր Վահանը եւ Շէկ Յովսէփեանը, 18 ձայնի մեծամասնութեամբ ժողովը որդեգրեց ծայրայեղ պահանջների որոշումը:

Որոշումը տրուելուց յետոյ Դումանը վեր կացաւ տեղից իր երկար ու նիհար հասակով եւ յայտարարեց. «Հիմա որ որոշումը տուիք լրացաւ, ես ուզում եմ խոսել»: Նա ծոցից հանեց ցուցակ մը եւ փաստացի թիւերով ու տուեալներով ապացուցեց, որ 1900ից սկսած, օտար ընկերութիւններից հայ բանուորութիւնը 80 տոկոսով հեռացուած է. նրանց մեծ մասը տեղաւորուած են հայ ընկերութիւնների մէջ: 40-50, 000 հայ բանուորներ լեռնային եւ աղքատ շրջաններում իրենց  ընտանիքները պահում են Բագուից հասցուած դրամներով: Այս բոլորը պարզուելէ ետք, Դուման յայտարարեց. «Մտածո՞ւմ էք ինչ էք անում այդպիսի թեթեւ որոշումներ տալով: Սխալ էք ըմբռնում Դաշնակցութեան որդեգրած սոցիալիզմը: Ես ձեզ յայտնում եմ. այնտեղ ուր կապիտալը հալածւում է իբրեւ հայ կապիտալի եւ հայ հարուստը պատժւում է իբրեւ հայի, ես նրա կողքին եմ կանգնած: Դաշնակցութիւնը անտարբեր չի կարող լինել ազգային բոլոր արժէքների հանդէպ»:

Այս յայտարարութիւնից յետոյ, Գրիգոր Աղաճանեանը առաջարկեց վերաքննել տրուած որոշումը: Ժողովը համաձայնեց եւ ընդունեց աւելի մեղմ բանաձեւ, լիազօրելով Շահրիկեանին, Լեւոն Թադէոսեանին եւ Աղաճանեանին՝ միջնորդելու բանուորների եւ գործատէրերի միջեւ 

*** 

Անդրանիկի ապստամբութեան շարժումը զուգադիպեց եկեղեցական կալուածների գրաւման, եւ ռուսերի հայատեաց քաղաքականութեան ուժեղացման՝ Կալիցինի ձեռքով:

Պատանի էինք մենք: Մեր նշանաբան էր դիմադրութիւն ցոյց տալ իշխանութեան եւ կամովին զիջումներ չանել երբեք: Յեղափոխական ներշնչման գլխաւոր աղբիւրներից մէկն էր այդ օրերին Անդրանիկի հերոսական կռիւը, «Երբ Անդրանիկը մի քանի հարիւր կտրիճներով կուրծք էր տալիս տաճկական բանակներին ու քրտական աշիրէթներին, յանուն հայ ժողովուրդի պատուին եւ ազատութեան, մենք նոյնպէս կուրծք կը տանք ցարական կառավարութեան եւ մեր արիւնը կը թափենք՝ յանուն հայ ժողովուրդի իրաւունքներին» – Այս խօսքը բերնէ բերան շրջում էր եւ ոգեւորում մեզ:

Կարիք եմ զգում Դումանի կարծիքը մէջ բերել այս առթիւ Անդրանիկի մասին:

Սասունի ապստամբութիւնից վերջ երբ որ Անդրանիկը անցել էր Անդրկովկաս, ամիսու կէս հիւրն էր եղել Դումանին:

Հայ-թաթարական ընդհարումներից ետք, երբ ես Դումանի մօտ էի, մի օր հարց տուի իրան եւ ասի« «Դու Անդրանիկին ճանաչեցիր. Արժանի՞ էր իր համբաւին որ ունէր նա մեր մէջ եւ դարձել էր մեր նշանաբանը 1904 թուին»: Դումանը, ինչպէս սովորութիւն ունէր միշտ, հետեւեալ կարճ պատասխանը տուեց ինձ. «Հայդուկապետ լինելը պաշտօն չէ, այլ արժէք: Դու տեսար Քեռուն, Մուրատին Սեպուհին, Կոտոյի Հաճիին եւ շատ ուրիշներին: Անդրանիկը՝ բնութեան այդ զաւակը՝ իր յեղափոխական հոգու թափով կարողացաւ ղեկավարել այդ արժէքները»:

*** 

Յարգա՜նք իմ մեծ ուսուցչի յիշատակին յարգա՜նք զէնքի եւ հարազատ եղբայրիներին – Սերոբ, Անդրանիկ, Գէորգ Չաւուշ, Քեռի, որոնք մեր յեղափոխութեան դարբիններ էին եւ կրթեցին բազմաթիւ սերունդներ: Նրանք էին, որ արիւն թափելով թօթափեցին ստրկութիւնը մեր ուսերից եւ հայ ժողովուրդին ներշնչեցին հաւատք իր ազատութեան եւ ապազգային հանդէպ:

Դաշնակցութեան հիմնադրութենէն 59 տարիներ վերջն ալ Նիկոլ Դումանի եւ իր գործակից վարպետների հաւատքն ու զոհաբերութեան ոգին շարունակում են ներշնչել նոր սերունդներին՝ նոյն վճռականութեամբ եւ ոգիով դիմագրւելու ապագան:

«Հայրենիք», Պոսթոն
Կիրակի, Ապրիլ 1- Երեքշաբթի, Ապրիլ 3, 1956
57-րդ Տարի, Թիւ 13,361-13, 3632

Նիկոլ Դուման. Մահւան 15 ամեակին առիթով

Նիկօլ-Դուման