Յունւար 14-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, Ժընեւում վախճանւեց ընկ. Անտոն Գոշը – «Դրօշակ»-ի Տեար Անտոնը:
Ծնւելով 1849 թ. դեկտեմբերին Խոտօրջրում՝ 3 տարեկան հասակում Անտոն Պոյաճեանը (նրա իսկական անունը) տեղափոխւում է Կարին, ուր եւ ստանում է իր կրթութիւնը:
Յեղափոխական մարդու համար բնաւորութեան այդ ընտիր յատկութիւնների պատճառով էր, որ նա Բուլգարիայից բերւեց Ժընեւ՝ «Դրօշակ»-ի խմբագրատունը: Այստեղ նա ամէն ինչ էր – ե՛ւ գրաշար, ե՛ւ «Դրօշակ»-ի վարչական մասի վարիչ, ե՛ւ թերթի առաքող, ե՛ւ տան պահապան, ե՛ւ հաշւապահ – ամէն ինչ: Եւ այնուհետեւ մինչեւ մահ նրա անունը անխզելի կապերով կապւեց «Դրօշակ»-ի տան հետ: Երեւակայել իսկ դժւար էր «Դրօշակ»-ի տունը առանց Տեար Անտոնի: Նրա ջանքերով էր, որ Դաշնակցութիւնը, տարիների ընթացքում, հաւաքեց ու կազմեց Ժընեւի իր հարուստ գրադարանն ու արխիւը: Նրա շնորհիւ էր, որ, պատերազմի տարիներին, այդ հարստութիւնը խնամքով պահպանւեց: Եւ Դաշնակցութեան, ինչպէս եւ, առհասարակ, հայ յեղափոխական շարժման պատմութեան հեղինակը, ապագային, շատ ջերմ խօսքեր պիտի ասի Տեար Անտոնի մասին, որ այնքան թանկագին նիւթեր փրկեց պատմութեան համար:
Մասնաւորապէս «Դրօշակ»-ը Տեար Անտոնի հանդէպ ունի մեծ երախտիք: Եւ յարգանքով ու սիրով է, որ վերջին հրաժեշտի խօսքն ենք ասում մեր վաստակաւոր վէտէրան ընկերոջ: