13 February, 2022

Տիկին Եղիսաբէթ Զօրեան-Ռոստոմ (1874-1949)

Ստեփան Զօրեան (Ռոստոմ), դուստրը՝ Թագուհի, կինը՝ Եղիսաբէթ Մելիք-Շահնազարեան

Այս տարուայ Փետրուար 13-ին Ժընեւում իր մահկանացուն կնքեց տիկին Եղիսաբէթ Զօրեան, կրթական-հանրային ասպարէզի վրայ տասնամեակներ շարունակ անձնուիրաբար գործած հազուագիւտ հայուհիներից մէկը՝ համալսարանական կրթութեամբ: Կեանքի ընկերը Ստեփան Զօրեան – Ռոստոմի (1867-1919), Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրների երրորդութեան կրտսերագոյն անդամի:

Ծնուած էր 1874 թ. Մայիս 5-ին Շուշի քաղաքում: Զաւակն էր պատմական Արցախի, խրոխտ Ղարաբաղի հին ու ազնուական գերդաստաններից մէկի՝ Իսահակ Մելիք-Շահնազարեան ընտանիքի: Սկզբնական կրթութիւնը հայրենի քաղաքի ռուսական դպրոցում է ստանում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի Գիմնազիաներից մէկում, որ եւ աւարտում է 1893-ին: Յաճախում է ժամանակի յեղափոխական նշանաւոր դէմքերի ղեկավարութեամբ կազմակերպուած աշակերտական, գաղտնի հաւաքոյթներին, ուր եւ ծանօթանում է Քրիստափոր Միքայէլեանի, Սիմէոն Զաւարեանի եւ Ստեփան Զօրեանի (Ռոստոմ) հետ:

Աւարտելով իր միջնակարգ ուսումը՝ օրիորդ Եղիսաբէթ Մելիք-Շահնազարեան մեկնում է Ժընեւ ու մտնում տեղւոյն համալսարանի բնագիտական բաժինը: Այնտեղ կրկին հանդիպում է Ռոստոմին, որ «Դրօշակ»ի խմբագրութիւնը եւ կուսակցութեան կեդրոնի գործերն էր վարում այդ ժամանակ: Փոխադարձ սիրոյ եւ համակրութեան հետեւանքով՝ այդտեղ կատարւում է նրանց նշանադրութիւնը (1894): Աղջկայ ծնողները խիստ դժգոհ են մնում այն բանից, որ իրենց՝ այդ նշանաւոր ընտանիքի զաւակը որոշել է իր կեանքը կապել մի հալածական, աղքատ ու անտոհմիկ յեղափոխական երիտասարդի հետ: Տարիներ յետոյ եւս, երբ տեղի է ունենում (1898 թ., Թիֆլիս) նրանց պսակադրութիւնը, ծնողները դարձեալ չեն հաշտւում կատարուած իրողութեան հետ: Ու այդպէս՝ դեռ երկար ժամանակ:

Մի յատկանշանական երեւոյթ Զօրեան-Ռոստոմ ամուսնների կեանքի մէջ: Պսակադրութեան գիշերն իսկ՝ նորեփեսայ Ռոստոմը հարկադրուած է լինում թողնել ամէն ինչ եւ արտասահման հեռանալ, խուսափելու համար զինքը հետապնդող ցարական ոստիկանութեան հալածանքներից:

Եւ այդպէս էլ, Զօրեան ամուսինները, քանի դեռ ողջ էր Ռոստոմը, վերջինիս յեղափոխական անհանգիստ կեանքի եւ յարաշարժ տեղափոխութիւնների բերումով՝ նրանք բաղդատաբար սակաւ տարիներ միայն իրար հետ են լինում միեւնոյն վայրում, շատ քիչ վայելում ընտանեկան անդորը կեանքի հաճոյքները: Յաճախ, շատ յաճախ է պատահում, որ Ռոստոմ, յեղափոխականի իր կոչման հետեւելով, երկար կամ կարճ ժամանակով թողնում է տուն ու տեղ, ընտանիք ու երեխաներ եւ գործի ետեւից վազում այս կամ այն վայրը, հայրենի աշխարհի մէկ կամ միւս անկիւնը:

Եւ տիկին Եղիսաբէթը մեծ համբերութեամբ ու զոհաբերութեան պատրաստակամութեամբ տանում է իրեն բաժին ընկած այդ կացութեան ծանրութիւնը: Չէ՞ որ դեռ 1894-ին Ժընեւում, իրենց նշանադրութեան օրը եւ ներկայութեամբ անմոռանալի Գարեգին Խաժակի, օրիորդ Եղիսաբէթը ձեռքը «Դրօշակ»ի վրայ էր դրել եւ երդուել՝ երբեք ու բնաւ, ոչ մի կերպ չխանգարել Ռոստոմին, վերջինիս հանրային-յեղափոխական գործունէութեան մէջ: Հետագային, 1905-ից յետոյ, տարիներ շարունակ Թիֆլիսում ապրելով միեւնոյն տան մէջ (Ելիզաւետինսկայա փողոց), դէմ-դիմաց յարկաբաժինենրում, ես ականատես էի այդ բանին եւ միեւնոյն ժամանակ տիկին Եղիսաբէթի անսահման զոհաբերութեան:

Այս կապացկութեամբ ասեմ այն եւս, որ այդ տարիներին Ռոստոմի մօտ էին ապրում նաեւ իր մայրն ու քոյրը: Զօրեան ամուսիններն ունէին երկու զաւակ, մէկն աղջիկ եւ միւսը մանչ: Վերջինս դժբախտաբար անառողջ էր ի ծնէ եւ շուտ մահացաւ:

* * *

1899-ին տիկին Եղիսաբէթը Բոլգարիա է գնում, ուր նորէն իրար հանդիպում են նորապսակ ամուսինները: Ֆիլիպէում տիկինը հիմնում է մի օրինակելի մասնաւոր դպրոց, աջակից ունենալով որոշ ժամանակ ամուսնոյն, իսկ յետոյ՝ ուրիշ վարժուհիներ: Ռոստոմը շարունակ ճամբորդութեան մէջ էլ ինում, կուսակցական գործերով տարուած: Դպրոցի եւ ընտանիքի հոգսերը տիկին Եղիսաբէթի վրայ էին ընկած: Դրանց վրայ գալիս եւ աւելանում են հակառակորդ կուսակցականների կողմից լարուած դաւերը: Երեք տարի յետոյ, տիկինը մեկնում է Կովկաս:

Այդտեղ, նոր միայն, ծնողները հաշտւում են ստեղծուած կացութեան հետ եւ իրենց զաւակին կրկին Զուիցերիա են ուղարկում, շարունակելու եւ աւարտելու համար ուսումը: Ապա թէ, տիկին Զօրեան կովկաս է վերադառնում: Բնակութիւն են հաստատում Թիֆլիս:

Այդտեղ, ինչպէս յիշեցի վերը, մեր անմիջական հարեւանն էր անզուգական Ռոստոմը, բոլորիս եւ մանաւանդ Դաշնակցական երիտասարդութեան գաղափարական ուսուցիչը եւ կոչեցեալ առաջնորդը: Տիկին Եղիսաբէթը մասնակցութիւն չունէր կուսակցական կեանքում: Կը բաւէին իրեն ընտանեկան հոգսերը, զաւակների խնամքը եւ նիւթական վիճակի ծանրութիւնը, որ գրելէ ամբողջովին տիկնոջ վրայ էին բարդուած: Ռոստոմն ինքը կլանուած էր կուսակցական-յեղափոխական գործերով. մի ոտը Թիֆլիս էր, միւսը՝ ամէն տեղ: Շարունակ մի վայրից միւսն էին կանչում ու տանում իրեն:

1905 թւին, երբ Կովկասի հայութիւնը կրկին մի փոքր ազատ շունչ քաշել սկսաւ ու վերաբացուեցին մեր դպրոցները, տիկին Եղիսաբէթ Զօրեան նորէն մանկավարժական ասպարէզ նետուեց: Բնագիտութեան դասեր ստանձնեց Թիֆլիսի Յովնանեան եւ Գայիանեան օրիորդաց միջնակարգ դպրոցներում, իր բաժին մասնակցութիւնը բերաւ ժողովրդական համալսարանի դասախօսութիւններին, անգամ ընտրուեց Ներսիսեան Դպրոցի հոգաբարձական կազմի եւ հանրային ուրիշ մարմինների:

Այդ տարիներին ես, նաեւ որպէս պաշտօնակից մօտէն դիտած եմ տիկին Եղիսաբէթի հանրային եւ մասնաւորապէս մանկավարժական-դպրոցական գործունէութեան ու կարող եմ ասել, որ նա իր կոչման բարձրութեան վրայ էր կանգնած: Առհասարակ թուով քիչ, շատ քիչ վարժուհիներ են եղած մեր իրականութեան մէջ, որ տիկին Զօրեանի հետ բաղդատուել կարենային իրենց բազմակողմանի զարգացումով եւ մասնագիտական պատրաստութեամբ:

Նա գիտէր լաւ ուսուցանել իր ստանձնած դժուարին առարկաները, աշակերտուհիներին սիրելի դարձնել աւանդած նիւթը: Համարւում էր խիստ եւ պահանջկոտ ուսուցչուհի, այր մարդու նման յաճախ, բայց որովհետեւ տիրապետում էր իր առարկաներին եւ գիտէր ըմբռնելի ու մատչելի, հետաքրքրական դարձնել ամէնն իր աշակերտուհիների համար, ուստի եւ սիրուած ու յարգուած էր սրանցից, միեւնոյն ժամանակ պատկառազդու էր նա բոլորի աչքին:

Այսպէս շարունակեց տիկին Զօրեան իր մանկավարժական-հանրային գործունէութիւնը Կովկասում մինպեւ 1914 թ., երբ կրկին Ժընեւ գնաց՝ դոկտորական քննութիւն տալու համալսարանում, որ եւ յաջողւեց յետոյ (1920): Իրեն հետ էր նաեւ աղջիկը, օրիորդ Թագուշ, որ յաճախ քաղաքի Գեղարուեստից վարժարանը, հետեւելով նկարչական դասընթացներին:

Առաջին մեծ պատերազմը պատճառ եղաւ, որ Զօրեան ամիւսնները դարձեալ, այս անգամ արդէն առ միշտ, կտրուեն իրարից: Տիկինը չկարողացաւ այլեւս Կովկաս վերադառնալ: Ռոստոմն էլ 1919-ին Թիֆլիսում զոհ գնաց համաճարակ հիւանդութեան:

Եւ տիկին Զօրեան այնուհետեւ մշտապէս, մինչեւ իր մահը, մնաց Ժընեւում, աղջկայ հետ միասին: Վերջինս ամուսնացաւ այնտեղ մի արուեստակից զուիցերիացու հետ եւ վայելում է շնորհալի նկարչուհու անուն: Մայրը, տիկին Եղիսաբէթ, պաշտօավարեց զուիցերիացի ծանօթ հայասէր Քրաֆթ-Բոնարի հիմնած «Հայաստան» որբանոց-դպրոցում (Ժընեւ) 11 տարի անընդհատ (1923-1934), մինչեւ փակումն այդ օգտաշատ հիմնարկութեան: 1934-ին Ժընեւի հայ գաղութը տօնեց տիկին Զօրեանի մանկավարժական-հանրային քառասնամեայ գործունէութեան յոբելեանը: Նոյնը արաւ եւ Փարիզի հայութիւնը՝ 1935 թուին:

Յանձին տիկին Եղիսաբէթ Զօրեանի՝ մեր ժողովուրդը կորցնում է իր արժանաւորագոյն զաւակներից մէկին: Յաւերժանում է մի տիպար հայ կին՝ եւրոպական կրթութեամբ, բարձրագոյն ուսումով մի եզակի վարժուհի ու դաստիարակչուհի, կեանքի հաւատարիմ ընկեր եւ լծակիցը Հ. Յ. Դաշնակցութեան յաւէտ անմոռանալի հիմնադիրներից մէկի՝ Ստեփան Զօրեան – Ռոստոմի:

Վ. Վէմեան
«Հայրենիք» Ամսագիր
Յունիս 1949
ԻԷ. Տարի, Թիւ 6 (281)