Սրտի անհուն կսկիծով լսեցի մահը իմ վէթէրան ընկերի: Անողոք մահը ո՛չ խիղճ ունի, ո՛չ էլ խնայել գիտէ: Կարծես քիչ լինէին մեր թանկագին կորուստների շարանը, մահուան գերանդին խլում է մեր շարքերից այնպիսի մէկին, որը դեռ մեզ շատ պէտք էր:
Քսանեւեօթ տարուայ յեղափոխական կեանք ունեցող այդ մեծ մարդը մեռնում է հայրենիքից հեռու, մուրազը սրտին: Չեմ կարողանում մոռանալ իր մի քանի խօսքերը այս տողերը գրողին. «Էլ յոգնեցի, բեզարեցի թափառական կեանքից, պիտի գնամ Արարատի ստորոտը խօսելու նոր տիրապետողների հետ եւ ասելու նրանց, որ պէտք է ապրինք եղբօր պէս: Եթէ լսեցին լաւ, եթէ պլսեցին ու ինձ էլ սպանեցին, արդէն ցանկութիւնս է մայր երկրում, հայրեննի ծոցում թաղուել»:
Երկիր գնալու փափաքը մեծ էր իր մէջ, մանաւանդ ուզում էր գնալ Ախլաթ եւ պարապիլ երկրագործութեամբ: Սրա մէջ էր գտնում իր երջանկութիւնը:
Յանձին Արմէն Գարօի հայ ժողովուրդը կորցնում է մի մեծ մարդ: Ան հասարակ մահկանացուներից չէր, այլ այն հազուագիւտ անձնաւորութիւններից, որոնք ազգերը հարիւրաւոր տարիներում մի անգամ կը ծնին: Այդպիսի դէմքեր մէյմէկ ասուպներ են, որոնք մեր հորիզոնի վրայ կը փայլին:
Գրիչը ձեռքիս մէջ դողդղում է, աչքերս արտասուքով լեցւում են: Անիծում եմ այն անգութ Աստուածը, որ կեանքը խլեց իմ ազնիւ ընկերին, որ դեռ 50 տարիքը չէր բոլորած:
Բ. շարք, ձախէն աջ՝ Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ), Մուրատ Խրիմեան (Սեբաստացի Մուրատ), Աւետիս Ահարոնեան, Միքայէլ Վարանդեան Ա. շարք, ձախէն աջ՝ Արշակ Ներսիսեան (Զօրավար Սեպուհ), Վահագն Տաթեւեան Նկարուած 1909-ին Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Գարօ ջան, ողբում եմ քո մահը: Գիտեմ, որ շատ ես տանջուել ու յոգնել դեռ չիրականացուցած քո բոլոր ծրագիրները քո սիրած ազգի մէջ, բայց այդ օտար երկրի հողը քեզ ծանր թող չթուի: Երբ մեր հայրենիքը ազատուի մեր դարաւոր թշնամիի ձեռքից, այն ատեն մենք ուխտի կուգանք քո գերեզմանին եւ քեզ օտար հողից հանելով կը տանինք այն աշխարհը, որի համար այնքան տանջուեցիր ու հիւծուեցիր: Այդ օտար երկրի սառն հողը եղաւ քո գերեզման, բայց դու կենդանի ես մեր սրտի մէջ յաւիտեան: