Ընկերուհի Նինիշ եւ ամուսինը՝ Բժիշկ ընկեր Յարութիւն Ստեփանեան |
Հանգուցեալ տիկին Նինիշը ծնւել է 1886ին, Թեհրանում: Զաւակն է մեքենագէտ Սերոբ խան Ամիրխանեանի, որ բնիկ Շամախեցի էր, հաստատւած Իրանի մայրաքաղաքում, 1880-ական թւականներին:
Սերոբվ խանը պաշտօնավարում էր պալատում, որպէս լուսարարապետ: Յառաջադէմ մարդ էր եւ նախանձախնդիր իր զաւակների կրթութեան ու դաստիարակութեան:
Երբ Նինիշը Թեհրանում լրացնում է իր տարրական կրթութիւնը, հայրը նրան տանում է Փարիզ, ուր մնում եւ ուսանում է չորս տարի և 1900-1904): Վերադառնալով Թեհրան, նա ջերմ հետաքրքրութիւն է ցոյց տալիս Թեհրանահայ կեանքում նոր կազմակերպւող երիտասարդական միութիւնների հանդէպ, անդամակցում է «Կաթիլ» եւ «Փունջ» միութիւնների, ապա նաեւ Հայ Կանանց «Կարմիր Խաչ» Միութեան:
1909ին ամուսնանում է դոքտ. Յատութիւն Ստեփանեանի հետ, լծակից դառնալով նրան՝ իր ազգային-հասարակական գործունէութեան մէջ:
Տիկին Նինիշը ջերմօրէն նւիրւում է «Կարմիր Խաչ»ի աշխատանքներին եւ գնահատելի մասնակցութիւն բերում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին ի նպաստ կամաւորական շարժման, գաղթականների ու որբերի խնամատարութեան եւ հետագային տարագիրների օգնութեան համար կազմակերպւած բոլոր ձեռնարկներին:
1928ին, երբ Թեհրանի Համայնական Խորհրդի առաջարկով «Կարմիր Խաչ»ը վերակազմւում է «Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն» անւամբ, տիկին Նինիշը հանդիսանում է չորս հիմնադիր անդամներից մէկը:
Նա միաժամանակ անդամակցել է Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Միութեան եւ իր մասնակցութիւնը բերել թեհրանահայ հանրային ու կրթական բոլոր ձեռնարկներին:
Հ. Յ. Դաշնակցութեան շարքերն է մտել 1903-ին, իր անդամակցութիւնը հաւատարմօրէն շարունակելով մինչեւ իր մահը, որ տեղի ունեցաւ մէկ եւ կէս ամիս առաջ, Ապրիլ 4ին եւ խորը վիշտ պատճառեց բովանդակ իրանահայութեան եւ իր գաղափարակից ընկերներին:
Լինելով կեանքի ընկերուհին վեթերան դաշնակցական դոքտ. Յարութիւն Ստեփանեանի, Տիկին Նինիշը իր ուղղակի կամ անուղղակի աջակցութիւնն է բերել թեհրանահայ ազգային-հանրային կեանքում կազմակերպւած այն բոլոր ձեռնարկներին, որոնց մէջ նախաձեռնողի դեր է ունեցել հանգուցեալ դոքտորը:
Նստած ձախէն երկրորդը Ռուբէն Տէր Մինասեան, Տիկին Նինիշ եւ Բժիշկ Ստեփանեան Թաւրիզ, 1921 |
Յիշենք նաեւ, որ 1913-ին, տիկին Նինիշը դոքտորի եւ երկու զաւակների հետ գնում է Պոլիս իր ամուսնու հարազատներին այցելութեան: Պարսկաստան վերադառնալիս նրանք ճամբորդում են Սիմոն Զաւարեանի աճիւնը փոխադրող նաւով: Դոքտորն ու Սիամանթօն պոլսահայութեան ներկայացուցիչներն էին եւ Թիֆլիսում մասնակցեցին նրա յուղարկաւորութեան ու թաղման:
Տիկին Նինիշը վայելում էր Թեհրանահայ հասարակութեան բոլոր խաւերի սէրն ու համակրանքը:
Տիկին Նինիշի ցաւալի մահով մեզնից յաւէտ բաժանւում է հին սերնդի արժանաւոր ներկայացուցիչներից մէկը, որի յիշատակն անմեռ կը մնայ բոլորի սրտում: