Հ. Յ. Դ.եան բոլոր մարմինները կամ կոմիտէները, ամենուրեք եւ սկզբից ի վեր, գործում են զանազան յատուկ անունների տակ, լինեն նրանք մի վայրի, գաղափարի կամ անձի բնորոշիչներ, որոնք աչքառու դեր են կատարել հայ ժողովրդի ազատագրական – յեղափոխական դժւարին, այլ սակայն պատւաբեր պայքարի ճամբի վրայ: –Արշակ Վռամեանի անունը, որի կեանքն ամբողջութեամբ անսակարկ եւ յարատեւ նւիրում է եղել, ի խնդիր իր պաշտած ժողովրդի ազատագրման սրբազան գործին, դեռ երիտասարդ հասակում զոհելով իր թանկագին կեանքը, բազմահազար ուրիշների նման, որոնք գիտակցօրէն զոհ գնացին նոյն վսեմ գաղափարի իրագործման համար:
Անտարակոյս, մեզանից ոմանք ծանօթ են Արշակ Վռամեանի կեանքին ու գործին. դժբախտաբար, սակայն, շատերը բան չգիտեն նրա փոթորկալից ու յարաշարժ կեանքի մասին, որ այնքան կարճատեւ եղաւ. ուստի, դաստիարակչականօրէն անհրաժեշտ է, որ գոնէ համառօտակի ծանօթանանք դրան, ներշնչւելու եւ վերանորոգւելու համար, մա՛նաւանդ ներկայի տժգոյն եւ երբեմն անհրապոյր ազգային, քաղաքական կեանքում: Մեր գործիչներից շատերը, տիրող խի՛ստ աննպաստ պայմանների բերմամբ՝ Թիւրքիայում եւ Ռուսաստանում գործել են զանազան ծածկանունների տակ, այդպէս էլ Արշակ Վռամեան հանրածանօթ անւան տակ գործող անձը ուրիշ մէկը չի եթէ ոչ, իսկական անունով գրեթէ քչերին միայն ծանօթ՝ Օննիկ Դերձակեանը, որ երբեմն ստորագրել է նաեւ Վարազ, Վահապ:
Արշակ Վռամեանը ծնւել է Պոլսում, 1870-ին, ուր եւ ստացել է իր նախնական ուսումը. ապա գնացել է Էջմիածին, Գէորգեան ճեմարանում ուսումը շարունակելու, իր հետ ունենալով Լ. Շանթին, Կոմիտասին եւ ուրիշների: 1889-ին շրջանաւարտ լինելով, վերադառնում է Պոլիս: Վռամեանն իբր ռուսական նամակատան պաշտօնեայ, հեշտութեամբ հնարաւորութիւն է ունենում ծանօթանալ Պոլսի հայ գաղափարական երիտասարդութեան հետ, եւ Յովհ. Իուսուֆեանի միջոցով, 1894-ին մտնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, անգնահատելի օգտակարութիւն բերելով նրան, մինչեւ իր կեանքի եղերական վախճանը:
Յաջորդ տարին (1895) ընտրւում է Կ. Կ.-ի անդամ եւ վարում է Վարդգէս խումբը. միաժամանակ իր մասնակցութիւնը բերելով Բանք Օտտոմանի գրաւման նախապատրաստական աշխատանքներին: Ցոյցերի առթիւ Վռամեանը եւս ձերբակալւում է, սակայն յաջողում է բանտից փախչելով ապաստանել ռուսական դեսպանատունը, այլապէս, մահւան էր դատապարտւել թրքական պատերազմական ատեանի կողմից: Մօտ մի ամիս յետոյ որպէս փախստական անցնում է Բուլղարիա: 1897-ի գարնանը շրջում է Բուլղարիայի եւ Ռումանիայի հայաշատ քաղաքները, իբր կուսակցական գործիչ՝ Վրաազ-Վահապ ծածկանւան տակ: 1898-ին մեկնում է Ժընեւ, ստանձնելով Հ. Յ. Դ.-եան Արեւմտեան Բիւրոյի գործավարութիւնը, հազիւ 28 տարեկան հասակում, Դրօշակի խմբագրութեանը եւս մաս կազմելով միաժամանակ հետեւելով համալսարանական դասախօսութիւնների: Իր հետ ունենում է իբր անմիջական գործակիցներ՝ Ռոստոմին, Մ. Վարանդեանին ու Սարգսին: Սակայն, առաջին իսկ վայրկեանից, նա ստանձնում է պատասխանատու խմբագրի պաշտօնը, որը վարում է այնքան ձեռնհասութեամբ:
Վռամեանն իբրեւ Հ. Յ. Դ. Գերագոյն Ընդհ. Ժողովի պատգամաւոր մասնակցում է հետեւեալ ժողովներին.- 1904, Դեկտեմբերին Սօֆիա. 1907, Մարտին, Վիեննա. 1909, Սեպտեմբերին Վառնա, 1911՝ Պոլիս, 1913ին՝ Կարին: 1907, Յունւարին Ամերիկայից մեկնում է Կովկաս, կազմակերպչական գործով, բազմարդիւն գործ կատարելուց յետոյ: Յաջորդ տարին, 1908, Օսմանեան սահմանադրութեան հռչակումից յետոյ, դարձեալ անցնում է Պոլիս: Ընտրւում է երեսփոխանական ժողովի անդամ, պաշտպանելով գաւառի արդար իրաւունքները, միաժամանակ անողոք պայքար մղելով պահպանողական-յետադիմական տարրերի դէմ: Այդ ժամանակ, Վասպուրականի հայութեան յուզող մի հարց կար, դաւաճան Դաւոյի մատնութեան աններելի եւ անյետաձգելի հարցն էր, ահա այդ ուղղութեամբ, Վիեննայի ընդհ. ժողովի յատուկ հրահանգով, Վռամեանն ու Յովսէփ Տէր Դաւթեանը քննութիւն պիտի բացէին, յանցանքը հաստատելուց յետոյ, դաւաճանին մահւամբ պատժելու որոշումով:
Եւ ահա, թիւրք ոստիկանութեան քթին տակ, դաւաճանը շանսատակ է լինում, մատնութիւնից հազիւ երկու ամիս անց՝ 1908, Մարտ 10-ին, 18-ամեայ քաջակորով Տաճատ Թերլեմէզեանի զոյգ ատրճանակների անշեղ հարւածների տակ:
...
Սակայն՝ մահապատժից գոհ չէին մնացել թուրք կառավարական շրջանները, ջարդարար, աւազակաբարոյ խուժանն ու, դժբախտաբար նաեւ հայանուն տականքները: Հակառակ Օսմ. Սահմանադրութեան հռչակման, աննուղայ թիւրքը նոր առիթի էր սպասում, շարունակելու համար իր աւանդական ջարդն ու կողոպուտը, եւ երկու լարի վրայ խաղաղալով՝ մէկ կողմից հրապարակով հաւասարութեան, եղբայրութեան եւ հաշտութեան ջատագովներ ներկայանալով, միւս կողմից սակայն, թաքուն կերպով, այս անգամ ընդհ. ջարդեր կազմակերպելով, ուր որ հասնում էր իրենց արիւնոտ ու պիղծ թաթը, յաճախ ապաւինելով հայի աւանդական միամտութեան, եւ լրտես-մատնիչների գործակցութեան:
Վռամեանի գործակից, բժիշկ Տէր Դաւթեանը, Վանից վերադառնում է Կովկաս, զեկուցելու գերագոյն Մարմնին տիրող կացութեան մասին, իսկ Վռամեանը մնում է Վասպուրականում կազմակերպելով տասնեակ երիտասարդ ուսուցիչներ, որոնք իրենց հերթին նւիրւում են քարոզչական վտանգաւոր աշխատանքի, գիւղից գիւղ շրջելով, Րաֆֆիի «Կայծեր»ի պէս: Վռամեանը դարձեալ Պոլիս է անցնում, ազգային եւ կուսակցական շրջանակներում ընդհ. խանդավառութիւն ստեղծելով, որը սակայն երկար չի տեւում, երբ 1909, Մարտ 31-ին, հասնում է Ադանայի հայութեան կոտորածի գոյժը որին զոհ են գնում երեսուն հազար անմեղ հայեր, այսպէս կոչւած Օսմ. Սահմանադրութիւնից հազիւ մի տարի անց. ամբողջ արեւմտահայութիւնը ցնցւում է. սկսում է դարերի ստրկական թմբիրից սթափւել, անհաշիւ զոհեր տալուց յետոյ:
Վռամեանը շեշտակի խարազանում է կառավարութեանը՝ մամուլով, իբրեւ ջարդերի պատասխանատու, որի հետեւանքով, մի քանի ճիւաղներ պաշտօնանկ արւելով դատարան են ուղարկւում, անշուշտ ձեւի համար, բուն նպատակն էր խաբել հայերին, պատրաստելով աւելի ահաւոր եւ ընդհ. ջարդ. Ներկայ արտայայտութեամբ ցեղասպանութիւն, որը նա գործադրեց պատմութեան մէջ որպէս առաջինը, Առաջին Աշխարհամարտի ընթացքում, որի նախօրեակին, զոհ գնաց նաեւ ինքը Վռամեանը, Իշխանի հետ:
Վռամեանը, Իշխանը եւ Արամը կանչւում են կուսակալի մօտ: Բոլորից առաջ Վռամեանն էր, որ գիտակցում էր թէ իրենց ի՜նչ ճակատագիր է սպասում. համոզում է Արամին, չներկայանալ իրենց հետ, Վանի ինքնապաշտպանուեան կռիւները կազմակերպելու եւ ղեկավարելու համար:
Նրանց ճակատաբաց, անխռով դիմեցին դէպի գիտակցական նահատակութիւն հակառակ կուսակալին չներկայանալու մասին տրւած խորհուրդների, որոնց Վռամեանը պատասխանում է.-
-«Եթէ մեր զոհւելով դէպքերը կարողանանք 15 օր ուշացնել, այդ կը լինի Վասպուրականի հայութեան փրկութիւնը»:
Վերջացնելու համար, ահա մի քանի տող՝ իր մտքերից.-
–«Իրաւունքը՝ ինչպէս առաջ, այսօ՛ր ալ սուրին ծայրն է. այսինքն անոնք միայն իրաւունք ունին, որ սուր ունին կամ գէթ եաթաղանին դէմ զմելի մը: Իրաւունքը արցունքոտ թաշկինակին ծայրը կապեցինք մենք. փոխանակ սուրին ծայրը դնելու: Պոռացէք ուզածնուդ չափ, թէ իբր մարդ, ուրիշներու վայելած ազատութիւնը դուք ալ ստանալու իրաւունք ունիք: Կոկորդնիդ ու արցունքնիդ մեղքցէք: Պարապ խօսքեր են ատոնք՝ ինչպէս դատարկ փամփուշտ մը առանց վառօդի»: