Սահմանագլուխ, 8 յունիս
Սասուն միակ վայրը չէ, որտեղ յեղափոխական հրդեհը հետզհետէ աւելի լայն շրջաններ է գրաւում, ուր ջանքեր են դրւում՝ ազատւելու բռնակալի ատելի լծից: Կռիւ Բասենում, կռիւ Վասպուրականի լեռներում, կռիւ Ապաղայում, կռիւ Արճէշի շրջակայքում... Ամեն տեղ էլ միևնոյն տեսակի կռիւ – յեղափոխական չնչին փոքրամասնութիւնը տաճկական ահագին կանոնաւոր զօրքի եւ բաշիբօզուկ քրդերի լէգէոնների հետ... Մէկը հարիւրի դէմ:
Ի պատիւ հայ ֆէդայիների պէտք է ասենք, որ հազւագիւտ բացառութիւններ չեն այն կռիւները, որտեղ մի բուռ ֆէդայիներ շատ անգամներ պատաւաւոր յաղթանակով են դուրս գալիս ճակատամարտից: Այդպիսիներից է Արճէշի կռիւը: Մայիսի սկիզբներին, Դաշնակցութեան «Մ...» կենտրօնական կօմիտէն, համաձայն Ընդհանուր Ժողովի որոշման, իր տրամադրութեան տակ եղած գծերից մէկով երկիր անցկացրեց, Աշոտ-Երկաթի խմբապետութեամբ, մի մարտական խումբ: Խումբը ապահով սահմանն անցնելուց յետոյ, ապաստանում է լեռներում (Դաշնակցական խմբերը իբրեւ սկզբունք են ընդունել չիջևանել հայ գիւղերում՝ նկատւած դէպքերում գիւղացուն վնաս չպատճառելու համար):
Իններորդ օրը, խումբը շարունակ 15 ժամ ճանապարհ գնալուց յետոյ՝ որոշում է հանգիստ առնել Սօսկունայ գիւղի մօտ, Արճէշին մէկ ժամ մնացած՝ Խօջալլու կոչւած մթին ձորակում:
Խմբի պաշարը սպառւած լինելով՝ երկու հոգի ուղարկում են հաց բերելու. գնացողները չեն վերադառնաում: Խմբապետը նորից ուղարկում է երեք հոգի – Քղեցի Պօղոսը եւ երկու Ապրօներին: Գնացողները գիւղ չհասած, հանդիպում են քրդերի եւ որովհետև անզէն են լինում, ընկնում են նրանց ձեռքը. բարբարոսները անմիջապէս դանակներով մորթում են Պօղոսին, որը յեղափոխական հին հայդուկներից էր. Ապրօյին էլ վիրաւորում եւ բանտարկում են, իսկ միւս Ապրօն աջողում է փախչել ու խմբին պաշար հասցնել:
Հետևեալ օրը, երբ խումբը պատրաստւում է ճանապարհւելու, խմբի պահապան զինւորը իմաց է տալիս, որ քրդերի մի ահագին գունդ պաշարել է այն քարայրը, որտեղ խումբը մի քանի ժամ առաջ իջել էր իր դիրքից՝ ցրտից ու անձրևից պատսպարւելու համար: Խմբապետը անմիջապէս կարգադրում է կռւի պատրաստւել սկսւում է հրացանաձգութիւնը, մերոնք ներսից, իսկ թշնամին դրսից: Ամբողջ օրը այդ ձևով անցկացնելուց յետոյ, երեկյոեան խմբապետի հրամանով՝ եկրու հոգի փորձում են դուրս գալ այրից և մի քիչ շփոթութիւն ձգել թշնամու մէջ, որը և աջողվում է: Օգտւելով վայրկենական շփոթութիւնից՝ ամբողջ խումբը կազմ ու պատրաստ դուրս է գալիս այրից և բացօդեայ սկսւում է մի տաք կռիւ: Բայց նախ քան այրից դուրս գալը, խմբապետը դիմում է հետևեալ միջոցին.– Որովհետև զանազան պատճառներով խմբից յետ էին մնացել չորս հոգի, երկու հոգի էլ պաշար բերելու ժամանակ սպանւել և բռնւել էին, պակասած անդամների աւելորդ բեռը և նրանց բաժին պայթուցիկ նիւթերը անհնարին է լինում հետը վերցնել, ուստի խմբապետը որոշում է այդ բոլոր իրերը այրի մէջ մի տեղ հաւաքել և դուրս գալուց առաջ ռումբերի երկար պատրոյգը վառել: Քրդերը իսկոյն գրաւում են այրը: Այդ րոպէին ռումբերի ահռելի պայթումը քարուքանդ է անում այրը և տեղն ու տեղը գետին փռում 20-ի չափ քրդի դիակներ: Մնացածները սարսափած այս տարօրինակ երևոյթից, փախուստ են տալիս, միջոց տալով խմբին ապահով պատռել շղթան և անցնել: Մի քիչ հեռանալով տղերքը դիրք են գրաւում և սկսում գնդակահար անել փախչող թշնամուն:
Մերոնցից սպանւում և յետ են մնում ընդամենը եօթը հոգի, իսկ թշնամուց սպանւում են մօտաւորապէս 55 քիւրդ, որոնցից մի քանիսը ամենայայտնի թոռուններից (ցեղապետ-ազնւական):
Վասպուրականի, Ապաղայի, Բասենի կռիւների մանրամասնութիւնները տակաւին չենք ստացել: