Մի քանի օր առաջ հող իջեցրինք ընկ. Գեղամ Թադէոսեանին:
Գեղամը ծնւել էր 1884 թւին Երեւանի Նորք թաղամասում: Համեստ ծնողների զաւակ էր նա՝ շրջապատւած յեղափոխական ազգակիցներով: Նախնական կրթութիւնը ստացաւ Նորքի թաղային դպրոցում, ապա անցաւ քաղաքային դպրոցը եւ վերջացրեց թեմականի լրիւ դասընթացքը: Տնտեսական պայմանները ստիպեցին նրան ընդմիջումներով ստանալ կրթութիւնը եւ վերջացնել 1908 թւին: Դեռ եւս դպրոցական նստարանի վրա նա տարւած էր հայ ժողովրդի ազատագրման ... գաղափարով: Նա փարում է գործօն յեղափոխական կուսակցութեան, Հ. Յ. Դաշնակցութեան:
Վերջացնելով թեմական դպրոցը եւ թողնելով ալեւոր հօրը ... և հիւանդ մօրը մահճում՝ գնում է հայ մտաւորականութեան երազների աշխարհը՝ Էրզրում, Մուշ, Սասուն, որտեղ եւ ստանձնում է տեսչի օգնականի պաշտօն եւ աշխատում խնկելի Զաւարեանի հետ: Նրա հոգեկան աշխարհի վրա մեծ ազդեցութիւն է ունենում մեր մեծ ռահվիրան՝ Զաւարեանը, որի մասին խօսում էր մեծ ոգեւորութեամբ եւ հիացմունքով: Այստեղ կրթական գործի հետ զուգընթաց ապրում է կուսակցական կեանքով:
Յեղափոխական թափառականի անվերջ տենչանքով անցնում է Վասպուրական-Պարսկաստան, 1911 թւին աւագ ուսուցչի եւ ուսուցչի համեստ պաշտօններով: Ուրմիայում, Սալմաստում եւ Թաւրիզում գործում է ծպտուած «մշեցի Յովհաննէս Մարտիրոսեան» անունով:
1911 թ., երբ Պարսկաստանում տիրեց րէակցիան եւ հալածանք Դաշնակցութեան դէմ, Գեղամը Թորոս Ալոյեանի եւ ընկերների հետ առանց յուսահատւելու շարունակում էր յեղափոխական աշխատանքը: Գիշերային աշխատանքներ պահեստների վրայ, վտանգւած ընկերներին աջակցութիւն, ահաբեկումն ֆէոդալ պարսիկ խաներին եւ նրանց թեւ ու թիկունք կազմող ցարական պաշտօնեաներին: Ահա այն յանդուգն ճանապարհը, որով ընթանում է Գեղամը: Նրա ամբողջ կեանքի էութիւնը զոհողութիւն էր գործի եւ ընկերոջ հանար: Այս բոլորի հետ հեզաբարոյ եւ անկեղծ բնաւորութեամբ սիրելի էր բոլորին, եւ դպրոցի մանուկներին, եւ ընկերներին ու ծանօթներին:
Քաղաքներում ու գաւառում վարելով ուսուցչի համեստ պաշտօն, նա ամբողջապէս տարւած էր կազմակերպչական կեանքով, պրոպագանդիստ, կազմակերպող, զինող, կոմիտէի անդամ, հասարակական-կուլտուրական գործիչ...
Համաշխարհային պատերազմի օրերին հասարակական գործով Սալմաստումն էր: Հակաբոլշեւիկեան պրոպագանդով մնաց ֆրոնտում: Երբ շատ շատերը քայքայւած զօրքի հետ լքեցին ռազմաբեմը, նա մինչեւ վերջը մնում է ֆրոնտում:
1918 թւին մի խումբ զինակից քաջերի ասորիների հետ փշրում-ճեղքում է տաճկաքիւրդ-թաթարական զօրաշղթան եւ խորտակւած զօրամասերի, լքւած թնդանօթների ու փշրուած գնդացիրների վրայից սահում-անցնում է ամբողջ հարաւային Պարսկաստանի լեռները՝ Սալմաստից Ուրմիա – Բաբանցուղ-Սուլդուզ-Միանդապ-Սայինգալու-Թիփան Թիփա-Բիջար եւ Համադան, մօտ 500 վերստ տարածութիւն, տեղ-տեղ ճահիճներ, լեռներ ու ձորերը լի քիւրդ թաթարական ցեղերով:
Անցնում է պաշտպանելով 75,000 քրիստոնեայ ժողովուրդ, որ փրկութիւն էր որոնում:
Պարսկաստանից, անհաշիւ նեղութիւններով, Գեղամը վերադառնում է իր հայրենի գիւղը՝ Նորք, ուր նրան սպասում էր ընտանիքը: Եւ այս տարւայ սեպտ. 8-ին քաղաքային 1-ին հիւանդանոցում բծաւոր տիֆից փչեց իր վերջին շունչը:
Հայ աշխատաւոր ժողովուրդը կորցրեց իր լաւագոյն զաւակներից մէկին: Մեր կուսակցութիւնը զրկւեց իր մէկ անխոնջ ու նւիրական անդամից:
Հանգիստ աճիւնիդ, տարաբախտ ընկեր: