Բայազէտի գրաւումից մի երկու ժամ առաջ դաւադիր քրդի գնդակին զոհ է գնում Դաշնակցութեան ամենահին անդամներից մէկը – Խանասօրի մարտիկ Թորոսը, որ 25 տարի ամենաջերմ կերպով նուիրուած գործում էր հայոց դատի համար:
Ճակատագիրը շատ անողոք և դաժան կերպով հարուածում է մեր ամենանուիրական և ազնիւ գործիչներին և այդ մի այնպիսի ժամանակ երբ նրանց կարիքը ամենասուր կերպով է զգացւում, երբ նրանց տեղը այժմ բռնող չունենք:
Թորոսը, այդ ազնիւ և անխոնջ գործիչն էլ գնաց:
* * *
Երևանի մի հարուստ ընտանիքի զաւակ էր նա (ծնուել է 1863 թուին): Տեղական գիմնազիան աւարտելուց յետոյ գնաց համալսարան սովորելու, բայց մտադրութիւնը փոխեց և մտաւ Տուլայի կայսերական զինագործարանը՝ զինագործութիւն սովորելու:
Այդ այն շրջանն էր, երբ Տաճկահայոց ազատութեան համար թէ արտասահմանում և թէ Կովկասի հայաբնակ քաղաքներում կազմակերպւում էին զանազան գաղտնի խմբակներ և ընկերութիւններ, այդ այն ոգևորութեան շրջանն էր, երբ Րաֆֆին իր վէպերով ոգևորել և գերել էր Կովկասի հայ երիտասարդ սերնդին: Ալօյեանը այդ շրջանի պտուղն էր. նա մտնելով նորակազմ «Դաշնակցութիւն» կուսակցութեան շարքերը, որոշում է նուիրուել հայ ժողովրդի դատին: Եւ իր գործունէութիւնը աւելի արդիւնաւէտ դարձնելու համար, նա սովորում է զինագործութիւն՝ սեփական արհեստանոցից զէնք մատակարարելու համար հայ մարտիկներին:
Ո՞վ չէ յիշում Երևանի Աստաֆեան փողոցի Ալօյեանի արհեստանոցը, որ հայ մարտիկների համար ուխտատեղի էր դարձել: Այդ շրջանում (90-ական թուականների առաջին կիսին) Ալօյեան չէր բաւականանում միայն յեղափոխական գործով. նա ջերմ մասնակցութիւն էր ցոյց տալիս և տեղական հասարակական գործերին՝ դպրոցական, գրադարանական:
Քաղաքական պայմանները թոյլ չեն տալիս Գալուստին իր փայփայած գործը – յեղափոխական զինագործարանը – կանոնաւոր և աւելի արդիւնաւէտ տանելու: Նա տեղափոխւում է Պարսկաստան և Թաւրիզում հիմնում Դաշնակցութեան արհեստանոցը:
Պարսկաստանումն է սկսւում Ալօյեանի ամենաեռանդուն և նուիրական գործունէութիւնը: Այստեղ նա Թորոս կեղծ անուան տակ իր մաքուր գործունէութեամբ գրաւում է ո՛չ միայն ընկերների, այլ և տեղական ազգաբնակութեան սիրտը և անսահման վստահութիւնը: Թորոսի անկաշառ և կենսուրախ բնաւորութիւնը նրան սիրելի են դարձնում ամբողջ Ատրպատականի հայութիւնը:
Դաշնակցութեան գործունէութեան ամենաեռուն շրջանն էր: Տաճկա-Հայաստանում տեղի էին ունենում ջարդեր. հարկաւոր էր մորթուող ժողովրդին օգնութեան հասնել: Երկիր էին անցնում Պարսկաստանի վրայով զինուած խմբեր, տեղափոխւում էին զէնքեր, և Թորոսը այդ եռուն գործունէութեան շունչ տուողներից մէկն էր: Նրա արհեստանոցը տենդային գործունէութեան մէջ էր: –Կազմակերպական գործերով նա յաճախ ապրում էր Սալմաստում, Խոյում. նա ամեն տեղ էր, ուր գործը պահանջում էր, և միշտ ուրախ, միշտ երգն ու կատակը շրթունքներին:
1897 թուին պատրաստւում էր Խանասօրի արշաւանքը: Հարկաւոր էր մաքրել Պարսկաստանից Վան անցող գիծը քրդերից և վրէժ լուծել Շարաֆ բէկից, որ Վանից փախած 800 անզէն հայերին կտոորելով՝ Սուլթանից մեծ պարգևների և շքանշանների էր արժանացել: Այդ արշաւանքում Թորոսն իր արժանաւոր տեղն ունէր: Այդ արշաւանքի ժամանակ «վրէժխնդիր հայ ֆիդայի» գործը առաջին անգամ Թորոսը երգեց Արաուլ լերան գագաթից: Մինչև օրս էլ հայ ժողովրդի սիրած երգերից մէկն է նրա յօրինած «Կարկուտ տեղաց Խանասօրի դաշտումը» երգը: Նա այդ արշաւանքից յետոյ մի քանի տարի ևս մնաց Պարսկաստան: Այդ ժամանակ արդէն նա և Սամսոնն էին իրենց ուսերի վրայ տանում ամբողջ գործը:
Պարսկաստանում Թորոսը կուսակցական գործերից դուրս հետաքրքրւում և մասնակցութիւն էր ունենում նաև տեղական հասարակական գործերում: Նրա ջանքերովն էին, որ Լիլաւայի դպրոցը իր անմխիթարական վիճակից դուրս բերուեց. Կովկասից նրա հրաւէրով էին, որ եկան նոր ոյժեր, որոնք այդ դպրոցը բարձրացրին միջնակարգի,– առաջինը Պարսկաստանում և որտեղ իրենց կրթութիւնն ստացան պարսկահայոց այժմեան գործիչները:
Դաշնակցութեան ամբողջ գործունէութեան պատմութիւնը Պարսկաստանում առանց Թորոսի և իր ընկեր Սամսոնի անհասկանալի և խիստ թերի կըմնայ:
* * *
1902 թ. Թորոսն անցնում է կրկին Կովկաս և Երևանում ձերբակալւում ու բանտարկւում: Բանտային կեանքը և այն ժամանակուայ խստութիւնները մասնաւորապէս Դաշնակցական գործիչների վերաբերմամբ բոլորովին չեն ազդում Թորոսի վրայ: Նա շարունակում էր ամեն կերպ յարաբերութեան մէջ լինել ընկերների հետ, տեղեկանալ գործերի ընթացքի մասին և իր խորհուրդներն ու կարծիքները յայտնել: Բայց միշտ իր բնաւորութիւնը պահելով, միշտ կատակելով: Բանտից Պարսկաստանի ընկերներին հաղորդելով իր ձերբակալութիւնը,– աւելացնում է կատակով հետևեալը. «...Գրում եմ ձեզ մի նորութիւն էլ. ինձ կառավարութիւնը մեղադրում է, որ ես քանի տարի շարունակ Պարսկաստանում յեղափոխական գործերին եմ մասնակցել, զէնքեր եմ պատրաստել, կռիւներ եմ արել: Կառավարութեան այսպիսի անլուր զրպարտութիւններին ի՞նչ պատասխանեմ: Դուք վկայեցէք. ես կեանքիս մէջ ոտս Պարսկաստան դրե՞լ եմ, թէ յեղափոխութիւնն ի՞նչ բան է՝ ճանաչե՞լ եմ...»:
Բանտից դուրս գալուն պէս, նա նորից նետւում է յեղափոխական ասպարէզը աւելի մեծ թափով: Ռուսահայերը այդ ժամանակ ենթարկուած էին Գոլիցինի ամենախիստ ճնշմանը: Փակուած էին հայ դպրոցները, գրադարան-ընթերցարանները:
Կուսակցական գործերից բացի, հարկաւոր էր հոգ տանել ժողովրդի կրթութեան, նրա իրաւունքների պաշտպանութեան մասին: Եւ Թորոսը դարձաւ Արարատեան դաշտի ամենաեռանդուն և նուիրուած գործիչներից մէկը: Կազմակերպւում էին Երևանեան նահանգի հայաբնակ գիւղերը. կազմւում գաղտնի դպրոցներ, շրջուն գրադարաններ, պահպանելու համար ժողովրդի մէջ մայրենի լեզուն ու գրականութիւնը: Շրջուն պրօպագանդիստները ազգային գիտակցութեան և ինքնաճանաչութեան գաղափարներն էին տարածում և արմատացնում ամենախուլ անկիւնների հայաբնակ գիւղերում անգամ: Հարկաւոր էր պաշտպանել ժողովրդի ոտնահարուած իրաւունքները, ազատել նրան պաշտօնեաների գործած բռնութիւններից: Այս ուղղութեամբ գործելը մի ոգևորիչ և շարժուն կեանք էր առաջ բերել հայ ժողովրդի մէջ: Որքան սաստկանում էին Գօլիցինեան հալածանքները, այն չափ ժողովրդի մէջ ազգային գիտակցութիւնը, կազմակերպուելու և դիմադրութեան գաղափարը աւել լայն չափերով էր տարածւում:
Այսպիսի գործունէութեան արդիւնքն էր, որ եկեղեցական կալուածների գրաւման ակտը մեծ ցնցում առաջ բերեց մեր ժողովրդի բոլոր խաւերում և նրան ոտի կանգնեցրեց կատարուած բռնութեան դէմ:
Թորոսը կլանուած էր այդ գործերով: Առաջին ուժեղ և անդրանիկ ցոյցը Ալէքսանդրապօլից յետոյ Երևանում և իր շրջանում կազմակերպեց: 1903 թուի յուլիս ամսին հազարաւոր բազմութիւնը խուժեց Երևանի առաջնորդարանը և առաջնորդ Սուքիաս արքեպիսկոպոսին առաջներն առած տարան Էջմիածին, բողոքելու և ստիպելու Կաթողիկոսին, որ նա ո՛չ մի զիջում չանի: Շրջակայ գիւղերից թափւում կին խմբերը և միանում այդ ցոյցին:
Գաւառապետի ուղարկած կազակները և ստրաժնիկներն անկարող են նրանց առաջն առնել. և ցուցարարները Թորոսի առաջնորդութեամբ մտնում են Էջմիածնի վանքը: Նոյնպիսի ցոյցեր և զինուած ընդհարումներ միաժամանակ պատրաստել էին ուրիշ շրջաններումն էլ: Դէպի Էջմիածին էին խուժել Աշտարակի, Օշականի շրջանի գիւղացիները, Սարդարապատի, Ղամարլուի և Սուրմալուի հայերը:
Թորոսը կլանուած էր կազմակերպական և հասարակական գործերով: Երևանում Ալօյեանների տունը դարձել էր իրաւամբ ազգային տուն: Այնտեղ էին պատսպարում, այնտեղ էին կերակրւում և կազմակերպւում յեղափոխական գործիչները և մարտիկները: Այնտեղ էին լցւում գիւղացիները և իրենց կարիքները յայտնում Թորոսին, կամ նրա միջամտութիւնը խնդրում: Թորոսը իր անձից բացի, իրենց շէն օջախն էլ էր զոհել հայ ժողովրդի դատին:
Հայ-թիւրքական ընդհարումների ժամանակ ինչպէս Դումանը զինուորական խմբերի շունչն էր և ղեկավարը: Դերւիշն էլ (Թորոսի երկրորդ կեղծ անունը) զինական մթերքների կազմակերպողն էր, մատակարարողն ու ղեկավարողը: Նրա երեք գծանի հրացանները ինչպէս Արաուլից որոտում էին Խանասօրի դաշտում, այստեղ, Կովկասումն էլ ազատեցին հային մի սոսկալի կօշմարից և նրան պատուով դուրս բերեցին այդ կռուից:
Թորոսի գործունէութիւնը այնքան ընդարձակ է և այնքան բարդ, որ անկարելի է լրագրական սուղ էջերում ամփոփել և անհնար էլ է ներկայ պամաններում ամբողջովին տալ:
* * *
Լիժինի հալածանքներն ստիպում են Թորոսին թողնել Կովկասի գործունէութիւնը և անցնել Տաճկաստան, մանաւանդ, որ այնտեղ, ինչպէս և Պարսկաստանում կատարւում էին աւելի մեծ գործեր: Թորոսի ներկայութիւնն այն կողմերում աւելի անհրաժեշտ էր: Եւ մենք տեսնում ենք 908-ից նրան Տաճկա-Հայաստանի զանազան մասերում՝ Վանում, Շատախում, Բիթլիզում, Բայազէտում: Ամեն տեղ նոյն մրջիւնային աշխատանք, նոյն անխոնջ գործունէութիւնը, անտրտունջ և ուրախ կատարելիս:
Վերջին դէպքերի ժամանակ, երբ համաեւրոպական պատերազմը Տաճկաստանին էլ էր մէջ բերում, երբ Տաճկահայ խնդիրը նորից սուրս կերպով հրապարակ եկաւ, երկրի ընկերները նրան առանձին թղթերով ուղարկում են Կովկաս: Նա գտնւում է Բայազէտում այն ժամանակ, երբ Ռուս-տաճկական պատերազմը յայտարարուած էր արդէն և երբ ռուս զօրքերի հետ հայ կամաւորների խմբերը ազատ, զինուած մտնում էին Տաճկաստան: Թորոսի վաղեմի իդէալը կատարուած էր. նա տեսնում էր հայ ժողովրդի տանջանքի վերջը, նրա արշալոյսը: Նա կամենում էր րոպէ առաջ վազել, ընդառաջ գնալ և գրկել ընկերներին, հայ կամաւորների խմբին և նրանց հետ միանալ: Ի զուր են անցնում թէ տեղական ընկերների և թէ ռուսական հիւպատոսի յորդորները, որ նրան պահեն մի երկու ժամ էլ, մինչև զօրքի մուտքը, բայց նա ամեն վտանգ աչքն առած՝ դուրս է վազում և ընկնում դարանած քրդի գնդակից:
Երբ երկու ժամ յետոյ ազատարար զօրքը մտնում է Բայազէտ, Թորոսն արդէն մեռած էր...
Ճակատագրի զարմանալի նմանութիւն կայ Աբովեանի հերոս Աղասիի և Թորոսի մէջ: Աղասին երբ ռուսական զօրքերով մտնում է Երևան, դաշոյնահար է լինում թաքնուած պարսկից և չի տեսնում բռնակալ պարսկական տիրապետութեան վերջը: Նոյն Երևանցի երկրորդ հերոսը գնդակահար է լինում իր սիրած երկրի սահմանի վրայ այն րոպէին, երբ միւս բռնակալ պետութեան վերջն է դրւում, երբ իր 25 տարուայ փայփայած գործի արշալոյսն էր ծագում...
Ալօյեանը չկարողացաւ տեսնել իր սիրած հայրենիքի ազատութեան արևի ծագելը, բայց նա տեսաւ այդ ծագող արևի առաջին ճառագայթները, որոնց նա 25 տարի սրտատրոփ սպասում էր, և որոնց մի փոքր առաջ գրկելու համար իր կեանքը տուեց: Իր տեսած արշալոյսի այդ առաջին ճառագայթները նա պիտի տանէ և աւետէ Քրիստափորին, Սիմոնին, Դումանին և միւս ընկած հերոսներին, որոնք նոյնպէս սպասում էին: Թող դա լինի Թորոսի վարձատրութիւնը և յաւիտենական հանգիստը:
Ս. Գրիգորեան
«Արեւ», Բաքու
Կիրակի, 9 Նոյեմբերի 1914
Ա. Տարի, Թիւ 179