1 փետրւար 1900
Վասպուրական գացող զինատար խմբակը դեկտեմբեր 2-ին (1899), Ապաղայի Խազան հայի գիւղի սահմանից դուրս գալիս, նկատւում է քիւրդերից: Հաւար է ընկնում:
Զինատարները առանց հրացան արձակելու արագ շարունակում են իրենց ճամբան. քիւրդերն էլ, հաւար գոռալով, չեն թողնում տղաների հետքը: Վերջապէս ստիպւած մի հրացան են արձակում յամառ քիւրդերի վրայ: Մէկը ձեռքից վիրաւորւում է: Քիւրդերը յետ են դառնում միւս գիւղերի ցեղակիցներին օգնութեան կանչելու:
Կամաւորները գիշերը մինչեւ լոյս ճանապարհ են կտրում, սակայն առանց ապահով դիրքի հասնելու: Երբ լուսանում է, նրանք դեռ դաշտումն են լինում, որտեղ գետն անցնելիս թրջւում են մինչեւ կրծքերը: Գետի միւս ափում կրակ են անում թրջւած շորերը չորացնելու: Յանկարծ տեսնում են, որ դաշտը սեւացաւ ձիաւորներից: Կրիտիկական ժամ է. ի՞նչ անել. դիրքերը շատ հեռու են, իսկ իրենք՝ թրջւած մինչեւ ոսկորները եւ անկարող խոյս տալու: Կրակը հանգցնում են եւ վազում դէպի փոսերը ապաստանւելու:
Քիւրդերը յարձակում են գործում զինատարների վրայ: Երկուսին սպանում են: Մնացած չորս հոգին խորամանկութեամբ իսկոյն պառկում են ընկերների դիակների հետ, եւ քիւրդերը, բոլորին էլ սպանւած կարծելով, վազում են դիակները կողոպտելու: Երբ այնքան մօտենում են, որ հազիւ 200 քայլ է մնում, սուտմեռ չորսն էլ սկսում են միասին կրակել: Քիւրդերը, մի քանի զոհ եւ վիրաւոր տալով, սարսափած յետ են փախչում:
Արեւը սկսում է բարձրանալ: Կամաւորները խմբապետ Յովհաննէսի կարգադրութեամբ, փոսերի մէջ յարմար դիրքեր բռնելով, երդւում են կռւել մինչեւ վերջին շունչը իրենց 2 ընկերների դիակների վրայ, եւ այսպէս, մէկ մէկի սիրտ տալով ու «Սանօ, Յովհաննէս» կանչելով, մնում են սպասողական դիրքի մէջ՝ պառկած, տակաւին սառած շորերով...
Յանկարծ Մուստաֆա-բէգի համիդիէները, մօտ 600-ի չափ, գալիս շրջապատում են դրանց եւ «եա Օմար» սալավաթ քաշելով՝ կատաղի յարձակում գործում: Տղաներից երեքը սպանւում են, իսկ Յովհաննէսը, վիրաւորւելով, անկարող է լինում այլեւս հրացան արձակել: Երբ քիւրդերը բոլորովին մօտենում են, Յովհաննէսը ատրճանակով երկուսին վիրաւորում է եւ ընկնում անշնչացած:
Կռւին մասնակցող քիւրդերից մէկը ասել է. «եթէ ֆէդայիները թրջւած չլինէին, անկարելի պիտի լինէր նրանց մօսինիների հետ կռւել. այդ մօսինիների ահից էր, որ առաջին անգամ չվստահացանք քիչ ուժով յարձակում գործել»:
Ֆէդայիներից միմիայն Փուռթօյին ճանաչելով գլուխը կտրում են եւ բերում խաչանցիներին ցոյց տալու:
Քիւրդերից սպանւում են ընդամէնը 13 հոգի եւ երեք հոգի էլ վիրաւոր ընկնում: Սպանւածներից մի քանիսը հոգեւորականներ են, ճակատներից զարկւած: Սրանց կանայք՝ ի նշան խոր վշտի՝ իրենց գլխի ծամերը կտրում են:
Յեղափոխականները իրենց առաջին անգամ ընկնող ընկերների զէնքերը փչացնում են, որպէսզի թշնամու ձեռքը չ'անցնեն: Իսկ միւսների մօտ եղած զէնքի պատճառով քիւրդ ցեղապետների մէջ կռիւ է ծագում. նախապէս հաւարի գնացող ցեղապետը չի հաճում միւսներին բաժին հանել, պատճառաբանելով, որ սպանւած քիւրդերը իր ձիաւորներից են:
Կառավարութիւնը, դէպքի մասին իմանալով, Բերկրիից զօրք է ճամբում քիւրդերի մօտ, պահանջելով ֆէդայիների հրացանները, Պօլիս ուղարկելու համար: Քիւրդերը մերժում են տալու. միայն նահատակ ֆէդայիների դիակներն են տալիս, որ տանեն Բերկրի թաղելու:
Զինատարների մօտ գտնւած «Դրօշակ»-ի թերթերը (Թիւ 6 եւ 7, 1899 թ.) քիւրդերը կարդացնել են տալիս հայերին ու սարսափով լսում Գուրգէնի կռիւների մասին: Եւ այժմ նրանց մէջ լուր է պտտում, իբր թէ «ֆէդայիների կառավարութիւնը» 6000 հոգի պիտի ուղարկի քիւրդերից վրէժ լուծելու: