02 December, 2023

Վեց Զինատար Նահատակներ (Կենսագրական)

Առաջ ենք բերում մի քանի կենսագրական տեղեկութիւններ այն վեց զինատար նահատակների մասին, որոնց վարած կռւի մանրամասները ընթերցողը կը գտնի «Դրօշակի» այս համարի պարսկա-տաճկական սահմանագլխից գրած թղթակցութեան մէջ: Մեռածներից չորսի պատկերը տպագրում ենք, որ միւս երկուսի՝ Յովհաննէս Աւետիսեանի եւ Սանօ Յարութիւնեանի պատկերները չկան, իրենց ընկերների կողքին դնելու համար*:

Յովհաննէս Աւետիսեան, 27 տարեկան, շատախցի: Վասպուրականում Դաշնակցական կազմակերպութեան մուտք գործելու օրից՝ իր փոքրիկ խմբով յարում է նրան եւ գործում է «Դաշնակցութեան» դրօշակի տակ: 1895 թ. իրենց գիւղի մատնիչ ռէս Սօսունի վրայ ատրճանակ արձակելով երեք տեղից վիրաւորում է:  Այդ դէպքի պատճառով փախստական լինելով, 1896 թւին, դեռ Վանի կոտորածից առաջ, դաշնակցական խմբի հետ անցնում է Պարսկաստան, որտեղ Դէրիկի կռւից ազատւելով՝ նոյն խմբի հետ Սալմաստում 1.5 ամիս տանջւում է բանտում: 1897-ին մասնակցում է Արշաւանքին տասնապետի օգնականի պաշտօնով: 1898 թւի սեպտեմբերին՝ նորից զինատար խմբի հետ մտնում է Վասպուրական եւ մի ամբողջ տարի գործում է Վանի գիւղերում: 1899 թւի հոկտեմբերին վերադառնում է Պարսկաստան՝ զէնքերի փոխադրութեան պաշտօնով: Յովհաննէսը իր խոհեմութեամբ եւ ճարպիկութեամբ ընկերների աչքի լոյսն էր դարձել: Վերջերս իր գործունէութեամբ այնպիսի յոյսեր էր ներշնչում, որ Վասպուրականի կօմիտէն գրում էր. «կը յուսանք որ Շէրօյի տեղը բռնէ»: Այո՛, Շէրօյի գործունէութեան չ'արժանացրեց նրան բախտը, սակայն Շէրօյի պէս քաջարի կռւելով՝ կեանքը թանկ ծախեց Ապաղայի դաշտում:

Սանօ Յարութիւնեան, 23 տարեկան, Վանի կողմերից, ծնողների մինուճար զաւակ: 1896 թւին Վանում տեղի ունեցած կռիւներին մասնակցելուց յետոյ, Աւետիստանի (արմէնական) խմբի հետ թողնում է Վասպուրականը: Ճանապարհին՝ Չուխայի լեռներում, Աւետիսեանից դժգոհ եւ Մուշեղի խմբին միացած, «չաշնիյ» (պիստօնի) հրացանով քաջաբար կռւում է քիւրդերի դէմ եւ իվերջոյ անվտանգ մտնում է Պարսկաստան: Այստեղ պարսից կառավարութիւնից բանտարկւում է, բայց յետոյ ազատւում: Մասնակցում է 1897 թւի արշաւախմբին: Այդ ժամանակ նա կռւելիս է եղել Պիծի Աշոտի տասնեակում ամէնավտանգաւոր դիրքում, Խանասօրի հովտի Թավրա կոչւած բլուրի վրայ, ուր ամբողջ տասնեակից ազատւեցին միայն 3 հոգի ողջ եւ 2 վիրաւոր: Վիրաւորներից մէկը – աջ թեւի արմունկից – Սանօն էր: Այդ վէրքը շատ վիշտ պատճառեց նրան, սպառնալով զրկել հրացան արձակելու հնարաւորութիւնից: Թեւի վէրքը մի տարի տեւեց. Օպէրացիաների ենթարկւեց հանգուցեալը ասորի բժիշկ Իւխաննայից եւ Ուրմիի եւրօպացոց հիւանդանոցում, բայց դրանք զգալի օգուտ չտւին նրա գօսացած արմունկին: Չէր կարողանում բանեցնել մատները հրացանի ոտը քաշելու համար: Վերջապէս պատահմամբ մի ասօրի բայթալ վերջնականապէս բուժեց նրա արմունկը: Թեւը առողջանալուն պէս՝ Սանօն միանում է, 1898 թւի աշնան, երկրորդ զինատար խմբին: Իր պարտքը կատարելուց յետոյ, 1898-ի ձմեռը գնում է Կովկաս՝ աշխատանքի: 1899-ի գարնանը նորից անցնում է Պարսկաստան զէնքերի փոխադրութեան գործով զբաղւելու: Դժբախտաբար հայրը այս տարի վախճանւում է: Մայրը մի քանի անգամ նամակներով Սանօյին տուն էր կանչում, բայց ապարդիւն: Վերջապէս, տեսնելով որ տղան չէ գալիս, ինքը՝ հազարումի նեղութիւններ քաշելով, եկաւ տղայի յետեւից: Բայց Սանօյի համար շատ դժւար էր բաժանւել գործից. համոզեց մօրը եւ վերադաձրեց ասելով. «Դու գնա, ես իմ եղբայրներիս հետ կուգամ»: Խեղճ մայրը մինչեւ այս օր էլ դեռ աչքը ճամբին՝ սպասում է իր մինուճար զաւակ Սանօյին գրկելու...

Բայց Սանօն Մայր Հայրենիքը աւելի սիրեց քան հարազատ մօրը եւ ապագայի մի նոր սրբատեղի կանգնեցրեց, իր եւ ընկերների դիակներից, Ապաղայի դաշտում...

Մինաս Օհաննէսեան, 25 տարեկան, Կարճկանի կողմերից: Մասնակցել է 1898 թւի սեպտեմբերին Բագրեւանդից Խլաթ գնացող զինատար խմբի յաղթական կռիւներին: Այդտեղից անվտանգ Վան հասնելով, նա միացել էր Շատախցի Յովհաննէսին եւ գործում էր նրա հետ:

Գրիգոր Խաչատրեան, 20 տարեկան, Բ....նի կողմերից: Շատախցի Յովհաննէսը, գաւառներում պտտելիս, բաւական ժամանակ ապաստանում է Գրիգորենց տունը: Վերջինի հայրը, իմանալով, որ Յովհաննէսը անցնելու է Պարսկաստան՝ զէնքի փոխադրութեամբ զբաղւելու, իր միակ զաւակին ինքն է յանձնում Յովհաննէսին ասելով. «Գնա՛, տղաս, իմ միակ ժառանգս դու ես, բայց քեզ տւեցի ազգիս. գնա՛, զոհւիր ազգիդ համար»: Որքան յիշում ենք, յայտնի դէպքերից սա երկրորդ օրինակն է, որ ծնողը սրտաբուխ նւէր է բերում իր որդուն Հայրենիքի սուրբ սեղանին (առաջինը եղել է Կուկունեանցի արշաւանքի ժամանակ):

Խաչիկ Սարգսեան, 26 տարեկան, Թիմուր գաւառից: Սարգսեանի անցեալից դժբախտաբար տեղեկութիւններ չունենք: Խմբին մասնակցեց ծայրայեղ վճռականութեամբ եւ տմարդ թշնամու դիմաց՝ Ապաղայում հերոսի պսակը տարաւ:

Փուրթօ Գրիգորեան, 40 տարեկան, Նորդուզի կողմերից: 1896-ի Վանի դէպքերի ժամանակ իր ընկերներով անցնում է Պարսկաստան: Մասնակցում է 1897-ի արշաւանքին, որտեղից վերադառնալով, նոյն թւին զինատար խմբի հետ անցնում է երկիր: Երկրում շրջում է ազատ: 1899-ի աշնանը, թողնելով ընտանիքը Վանում, գալիս է Պարսկաստան զբաղւելու զէնքերի փոխադրութեան գործով, եւ այդ գործին էլ տալիս է իր անձը...

«Դրօշակ» - Մայիս 1900
Թիւ 4 (106)

*Նկարները չափազանց անորակ ըլլալով, չկարցանք նիւթին հետ ներկայացնել կարդացողին: