02 December, 2022

Հայաստան Ինչպէս Խորհրդային Դարձաւ

Թիֆլիս, 17 դեկտ. 1920

Դեկտեմբեր 2-ից ի վեր Հայաստանը սովիէթական դարձած է:

Տաճկական ներխուժման եւ ներքին տնտեսական կեանքի դժուարութիւններին մատնուած ժողովուրդը կանգնած էր երկընտրանքի առաջ – կա՛մ թուրքը եւ կամ ռուսները: Դէպքերի ճակատագրական դասաւորումը, երրորդ մի ոյժի բացակայութիւնը հայ ժողովրդին ստիպեցին ընտրել ռուսներին – պոշեւիկ թէ այլ տեսակի, այս խնդիրը չէր կարող մեծ նշանակութիւն ունենալ: 

Դարեր շարունակ՝ հայ ազգը համոզուած էր, որ միայն ռուսն է, որ գործօն միջամտութիւն է անում եւ իր կամքը պարտադրում տաճիկներին, թէեւ առանց արմատապէս լուծելու Հայաստանի ճակատագիրը: Ժողովուրդը, լքուած աշխարհում ամէնքից եւ ամէն տեսակ աջակցութիւնից, առանց նոյնիսկ մի խրախոյս լսելու իր բարեկամներից, թէեւ արդէն երկու ամիս էր, որ կռւում էր՝ իր ֆիզիքական գոյութիւնը վտանգի ենթարկելով,– հաւտացած էր, որ այս անգամ էլ իրական օգնութիւնը տաճիկների դէմ՝ կարող էր գալ միայն ռուսների կողմից:

Հայ պօշեւիկները, Ռուսաստանի պօլշեւիկեան իշխանութեան բազմահարիւր ու բազմահազար գործակալները ամբողջ երկու տարուց իվեր այդպէս էին ասում ու կրկնում անվերջ ու անդադար: Նրանց խօսքը չէր ազդում, մեր ... հեռու էին, զբաղուած՝ իրենց ներքին խնդիրներով. չէր ազդում եւ այն ժամանակ, երբ պօշեւիկները Ատրպէճանը գրաւեցին եւ Վրաստանում հսկայական գործունէութեան սկսեցին՝ իրենց փրօփականտը տարածելով նաեւ Հայաստանի վրայ: Պօլշեւիկեան գրգռումները չազդեցին նոյնպէս, երբ բանակը յաջողապէս էր կռւում տաճիկների դէմ...: Բայց հանգամանքները փոխուել էին. ո՛չ մի կողմից ո՛չ մի յոյս չկար. մնում էր միայն ռուսական քաղաքական ուղղութիւնն ընդունիլ՝ մինչւ որ մեր հարցն էլ համաշխարհային անկախ ուրիշ խնդիրների հետ միասին վճռուէր աշխարհի ընդհանուր բախտն որոշողների կողմից: Ամէն մէկի, նոյնիսկ օտարների համար պարզ հասկանալի էր, որ հայ ժողովուրդը քաղաքական յուսահատական հանգամանքների թելադրանքի տակ էր, որ իր աչքը սևեռում էր Ռուսաստանից գալիք զինական օգնութեան:

Մոսկուայի կառավարութիւնը վաղուց էր, որ մեծամեծ խոստումներով աշխատում էր ռուսական ուղղութիւնը ընդունեել տալ Հայաստանին: Սակայն, Հայաստանի կառավարութիւնը, բարոյապէս կապուած՝ եւրոպական պետութիւնների քաղաքականութեան հետ՝ չէր կարող սակարկութեան դնել իր քաղաքական ազնւութիւնը: Հայոց կառավարութեան համար կարեւորն այն էր, որ բանակցութիւնների միջոցով Մոսկուային եւս ընդունել տայ այն, ինչ համաձայնական պետութիւնները վաւերացրել էին, ինչ հայ ժողովուրդն իր դարաւոր զոհաբերութեամբ եւ իր արեան գնով էր ձեռք բերել – անկախութիւնն ու ազատութիւնը: Մ. Նահանգների ու եւրոպական պետութիւններից մի քանիսի տեսակէտները Հայաստանի մասին՝ բոլորովին արդարացնում էին Հայաստանի դիւանագիտական բանակցութիւնները Ռուսաստանի հետ: Չէ՞ որ նրանք պայման էին դնում, որ միայն Ռուսաստանի համաձայնութեամբ եւվաւերացումով է, որ հայկական անկախութիւնն ու հողային սահմաններն ամրապնդուած կը լինեն:

Ժողովրդի այս տրամադրութեան վրայ մեծապէս ազդում է խորհրդային Ռուսաստանի Երեւանի ներկայացուցիչ Լըգրանի գործունէութիւնն ու առաջարկները: Նա խոստանում է Ղարաբաղ-Զանգեզուրը կցել Հայաստանին, տաճիկ զօրքերն անմիջապէս յետ քաշել տալ դէպի նախկին ռուսական (1914-ի) սահմանը՝ միլլի կառավարութեան հետ համաձայնութեամբ կամ ռուս. զէնքի ոյժով. տաճիկ զօրքերը պէտք է պարպեն ... Տրապիզոն-Էրզրում-Մուշ-Վան շրջանը, ուր մնալու էր միայն, ժամանակաւորապէս, տաճկական վարչութիւնը, որպէսզի բանակցութիւններով վերջնապէս որոշուէին Հայաստանին անցնելիք հողամասերը: Ռուսաստանը պէտք է տար Հայաստանին նաեւ երեք միլիոն ռուբլի ոսկի՝ կազմելու համար պետական հիմանդրամը, ինչպէս եւ Հայաստանին էր զիջում Ռուսաստանում գտնուող հայ մշակոյթի առարկաները – նշխարներ, գրադարաններ, եւայլն:

Պէտք է խոստովանիլ, որ հայ ժողովուրդը կտրուած պիտի լինէր իր պատմական բոլոր աւանդութիւններից, թիւրքի հանդէպ Ռուսաստանի օգնութեան վրայ կոյր հաւատքից, որպէսզի կարողանար մերժել Լըգրանի այդ հրապուրիչ առաջարկները: Հանրային կարծիքը ուժեղ ճնշում է գործ դնում կառավարութեան վրայ, մանաւանդ որ Օհանջանեանի դահլիկը հարկադրուած էր ընդունիլ Էնկիւրիի զինադադարի ստորացուցիչ պայմանները, որոնք խիստ չարագուշակ էին հայ ժողովրդի ապագայի նկատմամբ:

Ինչո՞ւ չընդունիլ Լըգրանի առաջարկները, քանի որ վերջ ի վերջոյ դա ժամանակաւոր մի միջոց էր տաճիկների ոտնձգութիւններին վերջ տալու համար, եւ հայկական հարցի վերջնական լուծումը այլ գործօններից էր կախուած:

Օհանջանեանի դահլիճը հաւանութիւն է յայտնում ստորագրել այդ համձայնագիրը, որով Հայաստանը պարտաւորւում էր, ռուսական աջակցութեան ու զիջումների փոխարէն, թոյլ տալ ռուսական ոյժերի անցքը Հայաստանի մի որոշ նեղ գօտիով՝ պայմանով որ միաժամանակ, տուեալ րոպէին, 600 ռուս զինուորից աւելի չգտնուէր հայկական հողամասերի վրայ, եւ Հայաստանի վրայով տրանզիտ (transit) անցնող նիւթերից հարիւրին 25-ը Հայաստանին մնար:

Լըգրան համաձայնագրի ստորագրումից անմիջապէս յետոյ, հարկաւոր է համարում գնալ Բագու՝ Ղարաբաղ-Զանգեզուրը Հայաստանին յանձնելու խնդիրը յաջողցենլու, ինչպէս եւ Մոսկուա՝ այնտեղի տաճկական դիւանագիտական ներկայացուցչութեան հետ պատերազմին վերջ տալու եւ Հայաստանի հարաւային սահմանների մասին հասկացողութեան գալու համար: Նա մեկնում է Երեւանից հոկտեմբեր 21-ին:

Հայկական կառավարութիւնը կարծում էր այդ բանակցութիւններով հասած լինել իր գլխաւոր նպատակին – ապահովել հայ բանակի թիկունքը ռուս-թաթարական զօրքի յարձակումներից, ինչպէս եւ ձեռք բերել Ռուսաստանի միջամտութիւնը՝ թիւրքերին յետ մղելու համար դէպի նախկին սահմանները:

Մինչեւ Ոըգրանի վերադարձը, սակայն, քաղաքական պայմանները խիստ փոփոխուեցին: ղարսի անկումը, Ալէքսանդրապոլի զինադադարը, պօլշեւիկեան փրօփականտը՝ ժողովրդի ռուսասիրական հակումների հիման վրայ, տաճիկների ներխուժմանը մի կերպ վերջ տալու համար – այս ամէնը Լըգրանին պատրւակ ծառայեցին նոր պայմանները առաջարկելու: Նա պատճառաբանում էր թէ քանի որ տաճիկները չեն լսում ռուսներին եւ թոյլ չեն տար ռուսական ներկայացուցիչ Բուդու Մդիվանիին մասնակցելու զինադադարի բանակցութիւններին, պէտք էր – որպէսզի ռուսական միջնորդութեան առաջարկը գործօն ու ազդու լինէր-ռուսական զօրք մտցնել հայկ. հողամասերը: Նա չափազանց սիրալիր էր երեւում, կասկածներ յայտնում տաճիկների մտադրութեան վրայ, նոյնիսկ չէր պնդում իր վերջին առաջարկների վրայ, միաժամանակ խոստանալով իր դիւանագիտական աջակցութիւնը:

Ռուսական խաբէութիւնը պարզուեց, երբ նոյեմբեր 28-ին ռուսական զօրամասեր Իջեւան (Քարւանսարայ) մտան՝ յանկարծակիի բերելով հայ կառավարութիւնը: Նուազ ապշած չերեւաց նաեւ Լըգրանը, որ ներողութիւն խնդրեց, հեռագիր ուաւ Բագու եւ Մոսկուա, որպէսզի այդ զօրքերը ետ քաշուէին հայկական հողից: Հայ-ռուս մի զինուորական պատուիրակութիւն պէտք էր գնար Իջեւան՝ միջադէպը խաղաղ կերպով լուծելու համար: Հայկական կառավարութիւնը միաժամանակ կարգադրած էր, որ զինուորական միջոցներ ձեռք առնուէին ռուս զօրքը ետ մղելու համար, եթէ խաղաղ միջոցները չբաւէին:

Տեղի է ունենում հայ եւ ռուս զօրքի ընդհարում: Մեր սահմանապահ մի քանի հարիւր զինուորները ռուսական 6000 լաւ զինուած զօրքի չեն կարողանում դիմադրել, գերի են վերցւում եւ զինաթափւում. իսկ ռուսական զօրքը շարունակում է շարժուել դէպի Դիլիջան:

Քաղաքական ... հետեւանքը լինում է այն, որ Լըգրան այլեւս չի թաքցնում, որ իր դիմումներն օգուտ չունեցան, որ «Հայաստանի Կոմմունիստ կուսակցութիւն» (կազմակերպուած Բագւում, ուր եւ մնում էր մինչեւ նոյեմբերի վերջը) որոշել է խորհրդային դարձնել Հայաստանը, ուստի իրեն մնում է միայն հպատակուել այդ կարգադրութեան:

Նոր բանակցութիւնների արդիւնքն այն կը լինի, որ հայկական կառավարութիւնը, դարձեալ հանրային կարծիքի ուժեղ ճնշման տակ, համաձայնւում է, որպէսզի հայ ժողովուրդն իր ոյժերով անէ այդ, առանց դրսից եկած գործիչների ղեկավարութեան, առանց անիշխանութիւն ձգելու երկրի մէջ եւ առանց թշնամու հանէպ բոլորովին քայքայելու երկրի զինուորական դեռեւս բաւական յուսալի ոյժը:

Մնացածը ձեզ յայտնի է: Կազմւում է ժամանակաւոր Յեղափոխական Կօմիտէ, որին մասնակցում են Զօրավար Դրօ եւ Արսէն Տէրտէրեան (դաշնակցականներ), եւ հինգ կոմմունիստներ, պայմանով որ Դրօ դիքտատորական իշխանութիւն ունենայ, մինչեւ նոր Յեղափոխական Կօմիտէի Երեւան հասնիլը Զօրավար Դրոյին յանձնուեց նաեւ Հայաստանի զինուած ուժերի ընդհանուր հրամանատարութիւնը՝ իբր գրաւական, որ զինուորական ոյժերը կը պահպանուի անվթար:

Ահա այն մանրամասնութիւնները, հակիրճ, գլխաւոր գծերի մէջ, որոնք պարզուեցին Հայաստանի վերջին իրադարձութիւնների շուրջը:

Globe
«Հայրենիք», Պոսթոն
23-րդ Տարի, Թիւ 2679
Շաբաթ, Փետորւար 19, 1921