14 December, 2022

Հայաջինջ «Խաղաղութիւն»

Ուշի ուշով կարդացէք մեր ընկերոջ սրտառուչ տեղեկագիրը Տարօնոյ եւ շրջակայքի մասին. նա այլեւս չի գուժում աղետաբեր անակնկալներ, չի նկարագրում խմբական ահռելի ջարդեր – ո՛չ, Տաճկահայաստանը «խաղաղւել է»... Եւ այժմ այդ երջանիկ խաղաղութեան վայրերից տարբեր ձայներ են հնչւում, տարբեր շղթաների ու սրերի շառաչիւն... Հարկահանութի՜ւն, հարստահարութիւն, կօռ ու բէգեար. – առերևոյթս սարսափելի չեն: 

Այո՛, սարսափելի չեն դրանք, երբ կատարւում են շա՜տ թէ քիչ բարեկարգ երկներում, ուր սահմանւում է և յարգւում օրէնքը: Բայց չմոռանանք, որ Թիւրքիայի մասին է խօսքը, ուր կարգ ու կանօնի տեղ բացարձակ անիշխանութիւն է տիրում, ուր օրինաւորութեան փոխարէն՝ թագաւորում է անսանձ կամայականութիւնը: Վաղուց ծամծմւած ու հնացած ճշմարտութիւններ... սակայն դեռ քանի՜ցս պիտի կրկնւին նրանք, մինչև որ համոզեն բոլոր կարճատեսներին ու ապիկարներին, որոնք տակաւին օրօրւում են խաբուսիկ երազներով՝ թէ օսմանեան կառավարութիւնը երբ և իցէ կը փորձէ ինքնաբերաբար կարգ մտցնել այդ անիշխանութեան մէջ:

Տարօնոյ տեղեկագի՜ր... ամէն մի տողից արիւն ու արտասուք է կաթում: Երբ կարդում էք, թէ ինչպէս հայ խղճուկ գիւղացին՝ իր ամէն ինչքը յափշտակւած, իր զաւակները մերկ ու անօթի թափառելիս, մատնւում է անվերջ ու չարքաշ աշխատանքի սոսկ օտարների քմահաճոյքին յագուրդ տալու համար. երբ լսում էք, թէ որպիսի հրէշային պայմաններում է կատարւում այդ դժոխային աշխատանքը՝ միացած ծեծի ու բռնութիւնների, անպատւութեան եւ ամէն տեսակ վայրագութիւնների հետ, որոնք միայն յատուկ են թիւրք ոաշտօնեաներին, ակամայ մղւում էք երևակայութեամբ դէպի հինաւուրց գետութեան ժամանակները, երբ մարդկային ամէն արժնապատւութիւն առոչինչ էր համարում, երբ մարդ-էակը մի անշունչ իր էր հզօր ու բռնակալ իշխողների ձեռքում... «Զազի՛ր ստրուկ, աշխատիր ու տանջւիր. Յանուն տիրոջ շահի՝ պարտաւոր ես տանջւելու...» Եւ հլու, անասնական հնազանդութեամբ գործում էր ստրուկը:

Անյիշատակ օրերի այդ քստմնելի գերութիւնը յարութիւն է առել այժմեան Տաճկաստանում, և այն դեռ աւելի յետախաղաց պատկերով: Հռօմի կամ Յունաստանի գերին ապրում ու աճում էր ապահով. Նրա պատիւն էին բռնաբարում, նրա ամէն մարդկային իրաւունքներն էին ոտնատակ տալիս, բայց նա ապրում էր, և նրա կեանքը չէին յափշտակում: «Քաղաքակրթւած» Թիւրքիայի մէջ այդ վերջին արտօնութիւնը ևս խլւած է հայից. «Զազի՛ր գեավուր, աշխատի՛ր ու տնքա՛, պարտաւոր ես միշտ տնքալու, որովհետև գեաւուր ես»: Այո՛, հայը նոյն իսկ հնադարեան ստրուկին էլ նախաձնելու պատճառ ունի:

Կօռ ու բէգեար անօրինակ բարբարոսութիւններով, առասպելական ձևի հարկահանութիւն, ուր ամէն մի տզրուկ պաշտօնեայ իր բաժինն ունի – և այդ բոլորը մշտենջենաբար, դժբախտ հայրենիքի բոլոր անկիւններում... Ահա՛ մի խարազան, որ աւելի սպառնական ու աղետաբեր է, քան բոլոր ուրիշ խարազանները, քան նոյն իսկ խմբական կոտորածները: Կտրել, ցամաքեցնել ժողովրդի տնտեսական հասոյթները – ահա՛ ամէնաարմատական միջոցը նրան իսպառ բնաջինջ անելու: Մի տեղ կառավարութիւնն է կեղեքողը, մի այլ տեղ աւելանում են և քիւրդ աւատականները: Երբե՛ք օրինական գործողութիւն, երբե՛ք մի կաթիլ անգամ անաչառութիւն. Տաճկաստանը ամենայն յամառութեամբ շարունակում է նիրհել մի քաօսային, խառնակ դրութեան մէջ, ուր ցօլանում են և ստրկութիւնն ու ֆէօդալականութիւնը, և միահեծան բռնապետութիւնն ու անսանձ, փաշայական անիշխանութիւնը և մերթ ընդ մերթ նոյնիսկ բացարձակ մարդակերութիւնը: Տաճկաստանը չի առաջադիմում, նա մնում է թշնամի ու հակառակորդ ամէն բարեփոխումների, և այդպէս կը մնայ յաւէտ, մինչև որ մի արտաքին ուժ, մի փրկարար հոսանք չի ճեղքիլ այդ անշարութեան կեղևը և չի ոչնչացնիլ Աբդիւլ-Համիդական ներկայ ռէժիմը, որ տակից գլուխ ներկայացնում է մի կազմակերպւած աւազակութիւն, մի կատարելագործւած սիստէմ թալանի ու կողոպուտի: Մեր անդրդւելի համոզմունքն է այդ: Թո՛ղ, ով որ կ'ուզէ՝ հայրենիքի դառն կացութիւնը ողբալով և ունայն, խաբուսիկ յոյսերով օգնութիւն աղերսէ մեր արիւնախում թշնամուց. թո՛ղ, ով որ կ'ուզէ, յեղափոխականներին տիրող չարիքների պատճառ համարէ և, յեղափոխութիւնն անիծելով՝ անցնէ հակայեղափոխականների, կամ «խոհեմ հայրենասէրների» շարքերը. թո՛ղ, ով որ կ'ուզէ, երեխայաբար հաւատայ, որ Հայաստանում անդորրութիւն է տիրում, երբ այնտեղ չկան ապստամբական շարժումներ: Մենք վաղուց հրաժեշտ ենք տւել խաբուսիկ երազներին: Օսմանեան կառավարութիւնը որոշել է բնաջինջ անել հայ անբաւական տարրը,– ուրեմն ամբողջ օսմանեան հայութիւնը. խնդիրը միայն գործադրած միջոցների մէջ է: Այո՛, բայց մենք ևս անսասան ենք մեր որոշման մէջ՝ երբեք չդնել մեր սուրը պատանում, մինչև որ չեն վերանայ անիրաւութիւնն ու բռնութիւնները մեր սգաւոր հայրենիքից, մինչև որ հայաստանցին զուրկ կը մնայ մարդ-քաղաքացու իրաւունքներից: Եւ տանջւած հայութիւնը այսօր մեզ հետ միասին տոգորւած է մի գերագոյն տենչով՝ լաւ է մեռնել կռւելով, քան թէ ապրել տանջւելով:

«Դրօշակ» - 31 Մարտ 1898
Թիւ 3 (83)