12 December, 2022

Մեր Սաթենիկը

(Իշխանուհի Արղութեանի յիշատակին)

90-ական թւերին մի հոսանք սկսուեց դէպի Թաւրիզ: Կովկասահայ օրիորդներից շատերն անցան չինական պարիսպներից այս կողմը ուսուցչութեան պաշտօններով, որոնց մէջ առաջընթացներից եղել են Սաթենիկն եւ տողերիս գրողը:

Սաթենիկ, Մարօ, Կատօ եւ Աննա, անուններ, որոնց հետ մինչեւ հիմա էլ կապուած է հոգիս, աղջիկներ, որոնց անձնազոհ գործունէութեան առաջ գլուխ պիտի խոնարհենք, որովհետեւ նրանք թողին Կովկասի փարթամ կեանքը, եւ իրենց նուիրեցին պարսկահայ սերունդի լուսաւորութեան:

Հասարակական եւ յեղափոխական ջիղն այնքան զարգացած է եղել նրանց մէջ, որ գիշեր ու ցորեկ աշխատել են ընդհանուրի գործի համար, ով ինչով կարողացել է:

Ամբողջ խմբակի առանցքը եղել է Սաթենիկը:


Բնաւորութեամբ մեղմ, անոյշ ժպիտը դէմքին, քաղցր խօսքը բերանին, բոլորին հաւասարապէս սիրելի:

Անգամ ընկերների շրջանում հեղինակութիւն էր, նրա ասածը բոլորին ընդունելի էր: Երւանդ (Իշխանը), Դուման, Վարդապետ (Թաւաքալեան), Ֆարամազ (Սարգիս) եւլն. բոլորը, բոլորը նրա խօսքին յարգանքով էին վերաբերւում:

Նա խօսում էր չափուած-ձեւած, հանդարտ, սառը, համոզուած, մի քիչ էլ կակազելով:

Նա իսկական յեղափոխական էր, նա պատրաստ էր կեանքը դնել հայ ազատագրութեան գործին, եւ այդ բանը շատ անգամ նա փորձով ցոյց է տուել:

Երբեմն պարսիկ կնոջ հագուստով ուղտի վրայ նստած, ձիւն ու բուքի միջով անցել է «Աւետեաց Երկիրը», ուր մազապուրծ ազատուելով թշնամիների որոգայթից, նորէն լծուել է նուիրական աշխատանքին: Խանասորի արշաւանքից յետոյ աքսոր գնաց Երուանդի հետ հեռաւոր Վոլօգդեայի նահանգը, աշխատելով մասամբ թեթեւացնել ամուսնու վիճակը:

Այդքան տանջանքներից յետոյ սակայն, Սաթենիկին վիճակուած չէր ճաշակելու կեանքի քաղցրութիւնենրն իր տենչացած ու երազած հայրենիքի նոր արշալոյսին, եւ նա քամելով տարագորւթենա դառն ու լեղի բաժակը մինչեւ մրուրը, մեռաւ օտար հորիզոնների տակ, իր սիրելի Երուանդի կողքին:

Խաղաղութիւն ոսկորդներիդ, անգին ընկերուհի, եւ հանգիստ տանջուած մարմնւոյդ, մխիթարութիւն սիրեցեալ արփոյիտ (Իշխանի եւ Սաթենիկի աղջիկը՝ Արփի):

Վ. Յ. (1931 թ. 24 ապրիլի, Ռեշտ)
«Ալիք», Թեհրան
Ա. Տարի, Թիւ 10
Հինգշաբթի, 28 Մայիս 1931