Միհրան Շառոյեանը ծնւել էր Սեմալ գիւղում 1900ական թւականներին: Շառոյեան յայտնի յեղափոխական եւ հասարակական գործիչ Մանուկի տղան էր: Նրա հայրը շնորհիւ ունեցած կրթութեան, ճարտար լեզւի ու յեղափոխական գործունէութեան դարձել էր, մի տեսակ, Սասնոյ իշխանը: Սասունցիների ներկայացուցիչն էր կառավարութեան առջեւ: Յեղափոխական կոմիտէի անդամ էր եւ, առհասարակ, գտնւում էր պատասխանատու դիրքերում ու մեծ ազդեցութիւն ունէր ժողովրդի մէջ:
Միհրանը դեռ դպրոցում եղած ժամանակ աչքի ընկաւ իր լուրջ ու խոհեմ բնաւորութեամբ եւ իր ընկերների սիրելին էր: Շատ սիրւած էր եւ հօրից: Յիշում եմ մի դէպք. մի օր Մանուկը այցելեց Մշոյ Կենտրոնական դպրոցը, ուր սովորում էր Միհրանը, մօտեցաւ ու համբուրեց նրան եւ դառնալով աշակերտներին՝ ասաց. «Տղա՛ք, լաւ սովորեցէք, մենք շատ կարիք ունինք կրթւած մարդկանց. մեր գործը դեռ վերջացած չէ»:
Միհրանն էլ հօր խառնւածքն ու գաղափարաները ունէր. ծառայել ժողովրդի շահին, բարձր պահել յեղափոխութեան դրօշը: Եւ իր տւեալներով մի օր կարող էր դառնալ մի Գէորգ Չաւուշ կամ Հրայր, որոնց կեանքն ու գործը ուղեցոյց եղած էին իրեն համար: Կեանքը նրան պատրաստել էր յեղափոխական պայքարի համար:
Դեռ աշակերտական նստարանի վրա Միհրանն արդէն ոգեւորւում էր յեղափոխական գաղափարներով: Հետագայ դէպքերը է՛լ աւելի ամրացրին նրա մէջ յեղափոխական հաւատը: Պատերազմը, ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, նրա կեանքն էլ հիմքից յեղաշրջեց. հայրը, որին անչափ սիրում էր, ընկաւ վիրաւոր թիւրքերի ձեռքով. Երկար ժամանակ տանջելուց յետոյ, բարբարոսները կտրեցին նրա գլուխը եւ տարին Մուշ՝ կառավարութեան: Միհրանն երկու հօրեղբօր հետ փախաւ լեռները, ուր ապաստանում էր ջարդերից ճողոպրած ժողովուրդը: Անտուն, անտէր, միշտ վտանգի տակ, սոված – լինում էին ժամանակներ, երբ 10-15 օրով ոչինչ չէին գտնում ուտելու:
Անխուսափելի կորուստից փրկեց ռուսական գրաւումը: Սասունցիները գաղթեցին Կովկաս: Միհրանն էլ նրանց հետ էր: Նա բռնեց իր հօր տեղը. ժողովուրդը իրաւամբ նրա վրա նայում էր իբրեւ Մանուկի արժանաւոր յաջորդի: Միհրանը իր հօր զաւակն էր:
Այնուհետեւ սասունցիները ունեցած փոթորկայոյզ կեանքի բոլոր դէպքերում Միհրանն իր ժողովրդի մէջ էր թէ՛ կռիւներում թէ խաղաղ աշխատանքի ժամանակ: Հանրապետութեան շրջանին նա Սասնոյ գնդի հոգին էր՝ միշտ առաջին շարքերում, իր մարտակից ընկերների կողքին: երիտասարդութիւնը նրան պաշտում էր: 1920 թ. Կողբի կռիւներին նա վարում էր մի հարիւրեակ եւ աչքի ընկաւ իր քաջութեամբ ու ռազմավարութեամբ: Փայլուն դեր կատարեց եւ փետրւարեան ապստամբութեան ժամանակ եւ Վաղարշապատ առաջին մտնողներից էր: Վաղարշապատի գրաւման միջոցին սպանւեց նրա հօրեղբայր Ստեփանը: «Այսպիսի մահը անմահութիւն է», ասում էր Միհրանը:
Բոլշեւիկեան իշխանութեան երկրորդ անգամ հաստատւելուց յետոյ, Միհրանը մնաց ժողովրդի մէջ եւ մինչեւ վերջ էլ չուզեց բաժանւել նրանից: Նա բոլշեւիկներին համարում էր թիւրքերից էլ վատ, բայց իբրեւ իրատես մարդ՝ գտնում էր, որ պէտք է վերջ տալ կռւին խորհրդային իշխանութեան դէմ եւ նւիրւել խաղաղ աշխատանքի ու Հայաստանի վերաշինութեան: Նրա այս տրամադրութիւնը, սկզբնական շրջանում որոշ չափով արդարանում էր բոլշեւիկների որդեգրած գործելակերպով. Փետրւարեան դասը ստանալուց յետոյ, խորհրդային իշխանութիւնը մի առ ժամանակ հետեւում էր մեղմ, ժողովուրդը սիրաշահելու քաղաքականութեան: Միհրանին ոչ միայն չհալածեցին, այլ եւ վարչական պաշտօն տւին, եւ նա, շնորհիւ իր ընդունակութիւնների, հասաւ շրջանային գործկոմի նախագահութեան, եւ դարձաւ Սամաղարի շրջանի գիւղացիութեան սիրելին:
Այս բանն, ի հարկէ, հաճելի չէր բոլշեւիկներին, որոնց կարծիքով ով որ սիրւում է հասարակութիւնից՝ իրենց թշնամին է: Այդ պատճառով Միհրանին առաջարկեցին մտնել Կոմունիստական Կուսակցութեան մէջ. Միհրանը մերժեց: Այդքանը բաւական էր, որպէսզի նրան ճանաչէին որպէս անհարազատ տարր եւ սկսէին հալածել: Միհրանը թողեց պաշտօնը, վերադարձաւ գիւղ եւ անձնատուր եղաւ տնտեսական աշխատանքի: Միհրանին այստեղ էլ հանգիստ չձգեցին. անհրաժեշտ էր մի առիթ գտնել հեռացնելու համար նրան սասունցիների միջից: Պատրւակ ծառայեց Խուշոյեանի սպանութիւնը, որի առթիւ Միհրանին տարիուկէս չեկա նստեցրին ու դատի յանձնեցին, բայց դատարանը, հասարակական կարծիքի ճնշման տակ, ստիպւած եղաւ անպարտ արձակել նրան:
Դատարանից անպարտ ճանաչւելուց յետոյ էլ չեկան շարունակեց հետապնդել Միհրանին. դաւեր էր լարում նրա դէմ, կեղծ փաստեր ու սուտ վկայութիւններ էր հաւաքում, մեղադրում էր թէ ժողովրդին գրգռում է իշխանութեան դէմ, հակաբոլշեւիկ գործունէութիւն է ցոյց տալիս, դաշնակցական գործերով է զբաղւում եւ այլն: Եւ մի օր էլ նորից որոշեց բանտարկել Միհրանին, բայց նա ժամանակին իմանալով խուսափեց Արագածի բարձրունքները եւ ապրեց փախստական դրութեան մէջ:
Չեկան, ի հարկէ, չէր կարող հանդուրժել, որ
Միհրանը ազատ մնայ: Փոյթ չէ թէ նա անմիջական վնաս չէր հասցնում խորհրդային
իշխանութեան, փոյթ չէ թէ նրա նպատակը բոլշեւիկների դէմ կռւելը չէր, այլ չեկիստների
ձեռքով սպանւելուց ազատւելը, չեկայի վարիչները չէին կարող հանգիստ սրտով դիտել
Միհրանի պէս ժողովրդական համբաւ ունեցող մէկի ազատ ապրելը: Եւ ձեռք առնւեցին
արտակարգ միջոցներ Միհրանին բռնելու համար. անգամ 100 ոսկու վարձատրութիւն
խոստացւեց նրա տեղը յայտնողին: Ահա թէ ինչպէս է նկարագրում մի ականատես Միհրանի
մահւան մանրամասնութիւնները.
«Միհրանի եւ Յովհաննէսի ցաւալի մահը տեղի ունեցաւ դեկտ. 5ին: Միհրանը եւ միւս տղաները հաւաքւած կը լինեն Ագարակ գիւղը: Չեկիստները լուր կառնեն այդ մասին. կենտրոնից կը գան միտ 200 չեկիստներ: Զինւած գնդացիրներով ու թնդանօթներով՝ կը պաշարեն Ագարակը: Տղաները կը սկսեն դուրս գալ գիւղից, որ փախչեն: Միհրանենց տան ետեւը, պարտէզի մէջ կը կապեն գնդաձիրներ: Միհրանին կպչում է 40ից աւելի գնդակ: Միւսները մի կերպ պրծնում են, իսկ Յովհաննէսը կը փախչի դէպի դպրոցի կողմը, բայց կընկնի վիրաւոր: Չեկիստների պետը գալով՝ վերցնում է իր ատրճանակը եւ կրակում գլխին: Եւ այնուհետեւ հասնող ամէն չեկիստ մէկ անգամ հրացան է արձակում անշնչացած դիակին, մինչեւ որ դիակը կտոր-կտոր է լինում: Ապա չեկիստները կը հաւաքեն տղամարդկանց առանձին, կանանց առանձին եւ կը լեցնեն տները. այնպէս, ինչպէս 1915թ. թիւրքերն էին անում մեր ժողովրդի գլխին. վերջը կը սկսեն մորթել անասունները, կովեր ու եզներ, թալանել տները, կարծես թէ 1915թ. մեր գիւղի կոտորածը լինէր։ Դիակները երեք օր անթաղ մնացին: Յետոյ, կենտրոնից ճառ ասողներ եկան եւ իրենց հետ բերին մի քանի մետր կտոր ժողովրդին բաժանելու եւ այդպիսով յուզւած մտքերը հանդարտեցնելու համար»...
Միհրանի դաւադիր սպանութիւնը սեւ սուգի մատնեց ո՛չ միայն սասունցիներին, այլ ամբողջ ժողովուրդը, որ յանձին նրա կորցրեց մի կարող, անձնուրաց գործիչ: Այդ միջահասակ, փոքր գլխով, համակրելի դէմքով, խոհուն աչքերով, լուրջ ու քաջ երիտասարդը անհունօրէն սիրւած էր իր շրջապատի կողմից: Իր հօր նման, նա կոչւած էր անկեղծ ու նւիրւած առաջնորդ լինելու համիտեան դժոխքից ազատւած մի բուռը սասունցիներին: Նա մեռաւ դեռ ծաղիկ հասակում՝ առանց տեսնելու վերջնական ազատութեան արշալոյսը: Հանգի՛ստ նրա ոսկորներին. թո՛ղ նրա յիշատակը անմար մնայ բոլորիս սրտերում եւ նրա կեանքը՝ ոգեւորութեան անսպառ աղբիւր հպարտ Սասունի նոր սերունդներին: