Պարսկաստանի Կեդրօնական Կօմիտէի վճռով՝
Յունւար 3-ին (ն. տ.) երեկոյեան ժամը 6-ին մահւան պատժի ենթարկւեցան 9 նահատակ զինւորներու մատնութեան գործին գլխաւոր հեղինակներէն երկուքը՝ Ստեփան եւ Խուս Առաքել: Միւս մատնիչներու մասին Կօմիտէի վճիռը կը մնայ գաղտնի:
Մահլամի դէպքի մատնիչները շատ են. գլխաւորները՝ Խուս Առաքել, Անանիա, Զաքէ, Ստեփան, Մահտեսի Բաղդոյեան եղբայրներ
Մահլամի դէպքէն մի քանի օր անց, շրջանի ՀՅԴ պատասխանատու գործիչ Սամսոնէն գաղտնի, գիշերով, զինուոր Ալեքսանդրապոլցի Համբարձումը եւ յետագային Պարսկաստանի յայտնի հերոս Եփրեմը կ'երթան նահատակ խումբի մատնիչները պատժելու: Անոնք առաջինը կ'երթան Անանիայի տունը, որուն տան պարիսպները բարձր ըլլալով, չեն յաջողիր ներս մտնել. կ'երթան Զաքէի տունը, ուր կը սպաննեն Զաքէն իր ընտանիքով:
Կազմակերպութիւնը աւելի
ուշ, դէպքի մասին քննութիւն կատարելէ ետք, կ'որոշէ պատժել միայն գլխաւորները՝ Անանիան,
Խուս Առաքելը եւ Ստեփանը, իսկ մնացած ինը մեղադրեալները ներում կը ստանան:
Անանիայի
ահաբեկումը կը յանձնուի Փոխիկին, Ստեփանինը՝ Ախալցխացի Լեւոնին (Հաջի Լեւոն) իսկ
Խուս Առաքելինը՝ Դարմոյին (որ աւելի ուշ ինքն ալ ահաբեկուեցաւ կուսակցութեան
կողմէ): Նախապէս կ'որոշուի, որ ահաբեկումները կատարուի նոյն օրը, որպէսզի մատնիչները
փախուստի չդիմեն: Ստեփանի եւ Խուս Առաքելի ահաբեկումները կը կատարուին
յաջողութեամբ:
Իր յուշերուն մէջ Սամսոն կը գրէ.- «Ահաբեկիչներն սկսեցին ուսումնասիրել թէ յանցաւորներից ո՛րին ո՛րտեղ կարող են վրայ հասնել: Այս գործում մեր բարեկամ Մահլամցի կանայք բաւական օգնեցին, տեղեկութիւն տալով թէ յանցաւորներից ո՛վ ո՛ր տեղ է լինում երեկոյեան դէմ: Եւ ահա մի օր, արեւը մտած՝ տղաները գնացին Մահլամ: Դարմօն, որ իր գործի պայմանները գիտէր, Խուս Առաքելին բռնում է նրա մարագում եւ հրացանով սպանում: Լեւոնն առանց հրացանի գնում է Ստեփանի ձիթհանը, տեսնում է նրան կանգնած է դռանը. մօտենում է, դաշոյնը փորը խրում եւ երբ Ստեփանը վայր է ընկնում՝ սպանում է: Փոխիկը Վարդանի հետ գնում է Անանիայի վրայ, բայց նա կարողանում է խուսափել մօտիկ գիւղը, որտեղից փախչում է Ուրմի, ուր եւ մնում է: Մի քանի տարի շարունակ դիմում էր կազմակերպութեան եւ ներում խնդրում: Եօթ տարի յետոյ Դաշնակցութեան շրջանային ժողովը ներում տուեց նրան, որից յետոյ եկաւ Սալմաստ եւ մի տարու չափ ապրեց Մահլամ: Եղբօր հետ կալուածքի բաժանման վէճեր ունէր. իրար հետ չէին հաշտւում: Եղբօր դրդումով մեր մշեցի զինուորներից մէկը սպանում է նրան: Այս մասին մեր կազմակերպութիւնը տեղեկութիւն չունէր. սպանութիւնը կատարուել էր գաղտնի: Շատ ուշ իմացանք թէ ովքեր են սպանել. սպանողին եւ իր ընկերոջը զինաթափ արինք եւ այդ եղաւ նրանց պատիժը»:
Բոլոր տեղեկութիւնները առնուած են Սամսոնի
(Ստեփան Թադէոսեան) յուշերէն