1/12/98
(Նամակ Պարսկաթիւրք Սահմանագլխից)
Շատ բան
էր կատարւած, բան էր տեսնւած Պարսկաստանում, բայց այն դէպքի նմանը, որը պիտի նկարագրեմ,
չլսւած երեւոյթ է մեզ մօտ: Մի երկիր, ուր կաշառքը միակ օրէնքն է. մի երկիր ուր իշխողների
ու դրանց ստորադրեալների տրամադրութիւնը միշտ փոխարինել է որ եւ է կարգ ու կանոն, բնականաբար,
չէր կարող զարմացնել ոչ ոքի իր ամէնօրեայ վայրենութիւններով. բայց ներկայ դէպքը, կրկնում
եմ, նոյն իսկ Պարսկաստանում անզուգական է:
Հոկտեմբերի
10-ին Տաճկաստանից անցնում են Սալմաստ 10 հոգի տաճկահայ կտրիճներ, որոնք որոշ պատճառներով
ստիպւած են լինում բաժանւել Վասպուրականում գործող դաշնակցական մի զինակիր խմբից: Կամենալով
ապաստանւել Մահլամ գիւղում, նոքա մտնում են մի տեղացու տուն: Գիւղացիները, իմանալով
այդ մասին եւ երկիւղ կրելով գիւղատէր եւ դատաւորի օգնական Հաջի-խանից, պահանջում են
եկւոր հիւրերից անմիջապէս թողնել գիւղը: Վտանգաւոր եւ դժւար ճանապարհներով անցած խմբակը՝
քաղցած, յոգնած եւ տկար՝ խնդրում է գիւղացիներից մի-երկու օր ժամանակ տալ իրենց, միայն
փոքր ինչ հանգստանալու, կազդուրւելու համար, եւ հեռանում է գիւղից դէպի այգիները, պատսպարւելու
մի հնձանում: Գիւղական մի քանի ցեցեր, սակայն, դրանով էլ չեն բաւականանում եւ դրանցից
մէկի, այն է աղա-Զաքոյի առաջնորդութեամբ դիմուն եմ Խոյի եւ Սալմաստի դատաւոր Զարղամ-իւր-Միւոլքին,
խնդրելով ձերբակալել հայ «ղաչաղներին» եւ խստիւ պատժել նրանց: Զարզամ-իւր-Միւլքը գիւղական
մատնիչների եւ Հաջի-խանի առաջնորդութեամբ իսկոյն ուղարկում է հայերի վրայ մի վաշտ զօրք
երկու թնդանօթներով եւ 300 հոգի էլ հարեւան Սօմայի քիւրդ զինւորներից: Խիստ հրամաններ
ստացած այս խուժանը շրջապատում է հայերի գտնւած այգին եւ անմիջապէս սկսում է հրաձգութիւն
հրացաններից եւ թնդանօթներից: Դէպքը տեղի է ունենում հոկտեմբերի 13/25-ին, երեքշաբթի
լուսադէմին: Դժբախտ զինակիրները, միանգամայն չկամենալով որ եւ է համարձակ քայլով վնասել
տեղական հայ ժողվրդի շահերին, այսինքն երկուղ կրելով, որ մի գուցէ գիւղը տուժի, եթէ
իրենք դիմադրութիւն ցոյց տան կառավարութեան՝ դուրս են գալիս զօրքի առաջ եւ յայտարարում,
որ իրենք երբեք պարսկական կառավարութեան դէմ ոչինչ չեն ունեցել, որ հետները ունեցած
զէնքը միայն աւազակների դէմ ինքնապաշտպանութեան հարմար կարող է ծառայել, եւ որ զէնք
կրելով նրանք յանցանք չէին կարող տեսնել, քանի որ Պարսկաստանում սովորաբար արգիլւած
չէ այդ. Բայց եթէ, այնուամէնայնիւ, կառավարութեան կողմից ակյ իրենց վերաբերմամբ որ
եւ է կասկածներ՝ ապա նրանք կը յանձնեն իրենց մօտ եղած հրացանները եւ իրենք էլ անձնատուր
կը լինեն:
Ահա այն
սոսկալի րօպէն, երբ զուգադիպւում են արեւելեան բարբարօսութիւնը մի կողմից եւ ժողովրդասէր
զինակիրների անձնազոհութիւնը միւս կողմից... Թէեւ մինչեւ օրս Պարսկաստանում հայերի
եւ առհասարակ քրիստօնեաների վերաբերմամբ յայտնի չեն սպանման կամ գլխատման պատժի դէպքեր,
բայց այս անգամ, իբր պատասխան ինը հերօսների մեծահոգութեան՝ զօրքը նրանց սրի ճարակ
է դարձնում, իսկ Հաջի-խանը՝ ընկածների գլուխները անմիջապէս կտրել տալով՝ ուղարկում
է Զարղամին...
Դէպքի տպաւորութիւնը...
բայց չէ, թող այդ մասին վկայեն այն գարշելիները, որոնք ծնկաչոք աղաչում էին Ջարղամին
եւ Հաջի-խանին ազատել իրենց՝ հայ «ղաչաղներից»: Այդ յուդաներն իսկ այսօր դիւահարւել,
ապշել, բարոյապէս սպանւել են իրենց մատնութիւնների հետեւանքները տեսնելով... Խե՞ղդ
անց կը կանցնեն արդեօք նրանք էլ իրենց վիզը, հետեւելով իրենց նախահօր Յուդային, թէ
պիտի խեղդւին ուրիշներից... Առ այժմ աղա-Զաքօյի մասին միային յայտնի է, որ նա իր կնոջ
եւ աղջկայ հետ իր բարեմիտ հպատակութեան համար վարձատրւել է մահով...
Չենք կանգ
առնիլ երկար նաեւ դէպքին հետեւող իրողութիւնների վրայ: Ինչքան եւ դրանք մէկը միւսից
ճնշող, մէկը միւսից զազրելի, յուզիչ ու ծանր լինեն՝ այնուամէնայնիւ նսեմանում են իրենց
խոհեմութեանը զոհ գացած ինը երիտասարդների եղերական վախճանի առջեւ...
Երբ Սալմաստի
փոխանորդ Խաչիկ վարդապետը պահանջում է Ջարղամից նահատակւածների գլուխները, նա պատասխանում
է, որ յանձնել է տաճիկ կառավարութեան, մինչդեռ դէմքերի լուսանկարները առնելով, նա թաղել
է տալիս գլուխները Քէօհնա-Շահար գիւղի փողոցներից մէկում: Այդպիսով Խաչիկ վարդապետին
յաջողւում է ստանալ միայն սպանւածների դիակները եւ թաղել Մահլամի գերեզմանատանը:
Այս բոլոր
եղելութիւնները զանազան առիթներով եւ զանազան տեղերում, իհարկէ, բողոքներ եւ միջամտութիւն
յարուցին. Խաչիկ վարդապետ Դատեանը, Ատրպատականի առաջնորդ Այվատեան եպիսկոպոսը, անգլիական
եւ ռուսաց հիւպատոսները Ամիր-Նիզամին եւ Սադրազամին դիմացին: Խաչիկ վարդապետին թոյլ
տւին իր պաշտօնատեղին վերադառնալ, Հաջի-խանը պաշտօնանկ եղաւ: Ուրիշ ոչ մի առանձին հետեւանք:
Ջարղամը իբր Սալմաստի եւ Խոյի դատաւոր՝ առ այժմ Խոյ քաշւեց... Աւելացնենք արդեօք, որ
անգլիական ընդհանուր հիւպատոս Վուտի միջամտութեամբ պարսից եւ քիւրդ զինւորների ձեռքով
սպանւած 9 նահատակների գլուխները յետ տւին հայերին եւ հոկտեմբեր 30-ին կատարւեց նրանց
կրկնակի թաղման տխուր հանդէսը...
Վերջացնելով
ներկայ թղթակցութիւնը՝ կ'աշխատենք հետեւեալ անգամ տալ նահատակ մեր ընկերների պատկերները
եւ նրանց վերաբերեալ կենսագրական տեղեկութիւններ՝ Թող վառ մնան մեր սրտերում նրանց
յիշատակը եւ բազմապատկի մեր արիութիւնն ու եռանդը մեզ սպասող նորանոր դժւարութիւնների
հանդէպ...
«Դրօշակ»
- 30 Նոյեմբեր 1898
Թիւ 11
(91)
ՄԱՀԼԱՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Ո՞ւր Պօլիս եւ ուր Պարսկաստանի Մահլամ գիւղը, բայց տաճկի
բռնակալութիւնը այստեղ էլ կարողացաւ հասցնել իր արիւնոտ թաթը, կարողացաւ կատարել մի
անլուր, մի քստմնտելի ոճիր – 9 անձնատուր եղած հայեր խողխողւած են նրա չարամիտ թելադրութեամբ
չէզոք հողի վրայ:
Նայեցէք պատկերին – 9 հայ գլուխներ՝ որպէս մի նոր նողկալի
մարտահրաւէր՝ ձգւած են հայ ժողովրդի երեսին:
«Արիւնոտ դա՜ս» մռմռացին անշուշտ բռնաւորի արբանեակները
ոճրագործութեան ժամին: Այո՛, գազաններ, կարդում ենք, կարդո՛ւմ այդ «արիւնոտ դասը» մեր
թանկագին ընկերների նահատակ դէմքերի վրայ. չէ՞ որ մահը յաւիտեան դրոշմում է իր զոհի
շրթունքներին նրա վերջին մրմունջները, աղօթքն ու անէծքը, աչքերի մէջ՝ վերջին ցոլքը,
ճակտի կնճիռներում՝ վերջին մտքերը: «Արիւնոտ դաս...» մռնչացիք դուք, իսկ ի՞նչ է ասում
մեզ այս դէմքը, ա՛յ այս, որի շուրջն ասես պսակ են կազմել այս արիւնշաղախ ճակատները.
նայեցէ՛ք, մեռա՞ծ է նա թէ քնած. Ձեր դաւաճան ձեռքի գնդակը մեխւած է ճակատին, բայց շրթունքի
վրայ դեռ խաղում է ժպիտը՝ պաղ, սարսեցուցիչ ժպիտ, որ կանգ է առել ժամանակի մէջ անանց,
անվերջ. դա միեւնոյն ժպիտն է, որ հարիւրաւոր տարիներ խարոյկների բոցերի տխուր ցոլքերում
փայլել է վեհ արհամարհանքով՝ բռնութիւնից ի վե՜ր, վե՜ր, իսկ երբ նահատակի մարմինը մոխիր
է դարձել, այդ սպանիչ, այդ ցուրտ ժպիտը զայրացած երկնքում փոխւել է վրիժառու շանթի՝
ճայթելով անիրաւութեան, անարդարութեան գլխին:
Ահա՛ միւսը, նրանից աջ, աչքերը չռած ու սպառնալից, շրթունքները
բաց, մազերը խռիւ. ի՞նչ է այդ, սարսափի պատկե՞ր... օ՜, ո՛չ, դա սարսափ չէ,– մահը ինքը
երկիւղով է մօտեցել նրան,– դա մարմնացած զայրոյթ է իր իսկ անձի դէմ, որ չի կարողանում
հրդեհ դառնալ, վառել միանգամից իր հայրենակիցների սրտերը հայկական խարոյկով ու նրա
բոցերով մոխիր դարձնել ամօթալից բռնութիւնը:
Ահա երկու պատկեր եւս, վարը, նահատակների շարքի բոլորովին
վերջում. երկու գեղջուկ գլուխներ սրով եւ գնդակով խոցւած. երկար տարիներ կռացած արօրի
վրայ՝ պատռում էին նրանք մայր երկրի սիրտը իրենց արնախում թշնամիներին կշտացնելու համար.
վերջապէս երբ դառնութեան բաժակը լցւեց, ցաւը մսից ոսկորին անցաւ, արօրը թողին, զէնք
առան. մաճին սովոր ջլոտ ձեռքին խորթ չեկաւ արեան գործիքը՝ քանի որ նա ճանապարհ էր հարթում
դէպի սիրած արօրը, դէպի խաղաղ վաստակը: Ահա պինդ փակւած են նրանց աչքերը, ծնօտներն
իրար սղմած այնպէս, որ ասես դեռ լսւում է նրանց նզովքը՝ պատիր խոստումներին հաւատալով
զէնքը վայր դնող հային:
Խաղաղ են միւս բոլոր դէմքերը. ո՞վ կարող է ասել, թէ մահու
սարսափը մի չնչին հետ ունի այնտեղ, ո՛չ մի ցաւ, ո՛չ մի վիշտ, կատարած սրբազան պարտքի,
մղած պայքարի արդարութեան գիտակցութիւնն է, որ մեղմութեամբ փայլում է այդ դէմքերին,
յաւիտենական խաղաղութիւնն է, որ նկատւում է այնտեղ:
Նահատա՛կ ընկերներ, դուք անձնատուր եղաք՝ չկամենալով ձեր
դիմադրութեամբ վտանգել Մահլամի հայ ազգաբնակութիւնը: Դուք չգիտէիք, որ այդ գիւղացիներից
ոմանք համակիր են եղել ձեր թշնամիներին, եւ այդ ողբերգական անգիտութեան մէջ զոհւեցիք
իսկական յեղափոխականին վայել ասպետական անվեհերութեամբ...
Հանգի՜ստ ձեր ոսկորներին, թանկագին ընկերներ. ձեր տւած
վերջին դասը սուրբ է մեզ համար. արիւնի տառերով արձանագրում ենք մեր յիշողութեան մէջ:
«Դրօշակ»
- 31 Յունւար 1899
Թիւ 1
(92)