23 January, 2023

ՄՈՒԽԻ. Միքայէլ Բատալեան

Գանձակ գաւառի Բանանց գիւղի պարծանքն էին սրանք (Մուխի, Մուքէլ, Գրիգոր), իբրեւ անբաժան ընկերներ եւ «իգիթ»-ներ: Երեքն էլ կայտառ, կենսուրախ երիտասարդներ, երեքն էլ դեռ մանուկ հասակից սիրահար զէնքի, որի գործածութեան մէջ կատարելագործւել էին չորս տարի զինւորութիւն անելով ռուսական բանակի մէջ:

Իբրեւ յեղափոխականներ՝ առաջին անգամ նրանք աչքի ընկան հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, Ջրաբերդի (Գիւլիստան) շրջանում, իրենց փորձառու եւ յանդուգն կռիւներով: Իսկ ընդհարումներից յետոյ՝ իրենց տերորիստական գործողութիւններով:

Այս երրորդութեան մէջ ամենից աչքի ընկնող դէմքը Մուխին էր, որ վայելում էր սրտոտ կռւողի համբաւ:


1907 թ. յունւարի 23-ին, յայտնի Լօլաձէի տերորի ժամանակ կրծքից մահացու վէրք ստանալով, նա հազիւ իրեն կարողանում է նետել հայոց եկեղեցու բակը, որտեղ մեր մի ուսանող ընկերոջ գրկում փչում է իր շունչը:

Մի խումբ ընկերներ Մուխիի դիակը տնից-տուն տեղափոխելով՝ խոտով լիքը սայլի մէջ փոխադրում են հայոց վերին գերեզմանատան մօտ, դէպքի վայրից շատ հեռու մի հայի տուն, որտեղից նոյն գիշերը դիակը գաղտնի փոխադրւեց գերեզմանատուն եւ հողին յանձնւեց:

Ոստիկանութիւնը շատ փնտրեց ընկ. Մուխիի դիակը, բայց չգտաւ, որովհետեւ անգամ նրա խեղճ քրոջից գաղտնի պահւեց, երկար ժամանակ, իր սիրելի եղբօր գերեզմանի տեղը:

«Բանանցի Երրորդութիւնը. Մուխի, Մուքէլ, Գրիգոր»
«Դրօշակ» – Յունիս-Յուլիս 1930
Թիւ 6-7 (301)