Հայկական Ազատամարտի ռահիվարներից էր եւ Հ. Յ. Դաշնակցութեան առաջին շրջանի գործիչներից Մարգար Վարժապետը՝ բուն անունով Մարգար Ամիրեան, Տարօնի Վարդենիս գիւղից, ծնուած 1858ին, ունեւոր եւ աստուածավախ մի ընտանիքում:
Հինգ տարեկան հասակում՝ ծնողները դրել էին Մարգարին գիւղի Բաղդասար քահանայի տէր-Թոդիկեան դպրոցը, ուր նա մնաց մինչեւ պատանեկութիւն: Կենդանի մտքի տէր ու հայրենասէր մարդ էր Բաղդասար քահանան. բացի Նարեկից ու Սաղմոսից՝ նա իր աշակերտներին պատմում էր դրուագներ հայոց պատմութիւնից, Հայկի ու Արամի, Արտաշէսի ու Տիգրանի, Մամիկոնեան քաջերի մասին: Եւ ուշիմ ու տպաւորուող Մարգարը ոգեւորւում ու ներշնչւում էր հայ հերոսների մեծագործութիւններով: Վաղ հասակից արթնացաւ նրա մէջ հայրենասիրական զգացումը:
1872ին Վարդենիս է գալիս Ս. Կարապետի վանահայրը: ԵԿեղեցում տիրացութիւն անող պատանի Մարգարը գրաւում է նրա ուշադրութիւնը եւ համոզելով ծնողներին՝ տանում է հետը Ս. Կարապետի վարժարանում ուսում տալու համար: Այստեղ Մարգարը մնում է 7 տարի՝ վերջին երկու տարիները, իբրեւ դասատու վանքի դպրոցում: Ջանասէր ու հետաքրքիր՝ Մարգարը ժամանակի համար լաւ կրթութիւն է ստանում: Մասնաւորապէս լաւ ծանօթանում է հայոց անցեալին: Ս. Կարապետի վանքում դեռ կենդանի էր Խրիմեան Հայրիկի ոգին. վանքի մթնոլորտը յագեցած էր հայրենասիրական զգացումներով: Եւ Մարգարը խորապէս ազդւում է այդ մթնոլորտից:
Նիւթական դժուարութիւնները եւ դպրոցի վրայ ծանրացած պարտքը ստիպում են Մարգարին դիմելու արտասահմանի հայրենակիցների օգնութեան: Նա ուղեւորւում է Կովկաս, ուր ծանօթանում է Գր. Արծրունիի եւ Րաֆֆիի հետ եւ ստանում է նրանց նիւթական ու բարոյական աջակցութիւնը: Կովկասում շփւում է ազգասիրական շրջանակների հետ, ազդւում է կովկասահայ գրականութիւնից ու գաղափարներից: Անցնում է Պոլիս, ուր արժանանում է Խրիմեան Հայրիկի ջերմ աջակցութեան ու քաջալերանքին: Զինուած նոր գաղափարներով եւ նիւթական միջոցներով՝ վերադառնում է Վարդենիս եւ աւելի մեծ եռանդով նւիրւում է կրթական-հայրենասիրական գործին: Նա այլեւս չի բաւականանում միայն դսատիարակչական աշխատանքով, այլեւ յեղափոխական քարոզչութիւն է անում: Յորդորում է երիտասարդութեան կազմակերպուել ու զինուել եւ դիմադրութիւն ցոյց տալ քրտական յարձակումներին: Տարօնում նոյն ուղղութեամ բգործում էին եւ առաջնորդ Ներսէս վարդ. Խարախանեանը եւ Ս. Կարապետի միաբան Վարդան վարդապետը, որոնց հետ մտերիմ յարաբերութիւն է հաստատում: Կովկասից Ս. Կարապետի ուխտաւոր անունով՝ Տարօն այցելող յեղափոխական «գործակալների» հետ եւս կապ է հաստատում նա: Այսպէս, նրա հետ տեսնուել ու նրա աջակցութիւնն են վայելել Մ. Մարգարեանը, Ա. Բարխուդարեանը, Մ. Ղազարեանը, Թաւաքալեան-Զաքքին եւ ուրիշներ:
Մարգար Վարժապետի աշխատանքը ապարդիւն չի անցնում: Երիտասարդութիւնը սկսում է ըմբոստութեան նշաններ ցոյց տալ եւ ակն ընդ ականի քաղաքականութեան հետեւել հարստահարիչ քրտերի վերաբերմամբ: 1890ին պատահում է մի դէպք, որի հետեւանքով Մարգար Վարժապետը ստիպուած է լինում հեռանալ հայրենի գիւղից եւ անցնել Կովկաս՝ Թիֆլիս: Գիւղական մի հարսանիքի ժամանակ ազատում է քրտերի առեւանգումից հարսին եւ այդպիսով գրգռում է նրանց թշնամութիւնը:
Թիֆլիսում Մարգարը մեծ հեղինակութիւն է ձեռք բերում պանդուխտների շրջանում: Մասնակցում է Քրիստափորի եւ Ռոստոմի վարած յեղափոխական խմբակների գործունէութեան: Եւ 1891 թ. գարնան, արդէն, իբրեւ Դաշնակցական, մի խմբի գլուխն անցած, զէնք է փոխադրում դէպի Տարօն եւ նոյն տարի աշնան վերադառնում է Կովկաս՝ յաջողութեամբ լրացնելով իր առաքելութիւնը: Ապա, Արաբոյի խմբի հետ,ն որից անցնում է Երկիր եւ Խնուսի ու Մուշի շրջաններում քարոզչական եւ կազմակերպական աշխատանք է կատարում, իբրեւ դաշնակցական գործիչ: Մարգարի համբաւը տարածւում է ոչ միայն հայերի, այլեւ քրտերի մէջ, որոնց աւազակութիւնները այլեւս անպատիժ չէին անցնում: Թուրք կառավարութիւնն եւս ուշադրութիւն է դարձնում նրա վրայ եւ միջոց է փնտռում ձերբակալելու:
1892ին, Աւզուտ գիւղում հայերի ձեռքով սպանւում է մի թուրք սպայ: Բաղէշից եկած հրամանի վրայ, գիւղը շրջապատւում է զինուորներով, որոնք խիստ չարչարանքի են ենթարկում գիւղացիներին՝ պահանջելով յանձնել սպանողներին: Մատնութեան վրայ ձերբակալւում եւ Բաղէշի բանտն է նետւում եւ Մարգար Վարժապետը: Մի ամբողջ տարի պահւում է բանտում՝ անլուր տանջանքներ կրելով: Եւ հակառակ որ ինքը մաս չունէր սպանութեան մէջ, խոստովանում է իր յեղափոխական լինելը եւ աներկիւղ պարզում այն պատճառները, որոնք ստիպել էին նրան կռուի դուրս գալ անարդար ու բռնակալ կառավարութեան դէմ: Տեղի է ունենում դատական կատակերգութիւն, եւ Մարգար Վարժապետը դատապարտւում է մահուան:
Համարեա մի տարի Մարգար Վարժապետը մնաց Բաղէշի բանտում՝ ամէն վայրկեան սպասելով մահուան, բայց երբեք չկորցրեց իր բարոյական կորովը: Բանտում էլ նա նոյն արի, հաւատաւոր եւ ըմբոստ յեղափոխականն էր եւ բախտակից բանտարկեալներին ներշնչում էր իր գաղափարները:
1893 թ. Յունուար 27ին Մարգար Վարժապետը կախուեց Բաղէշում: «Դրօշակ»ի ականատես թղթակիցը հետեւեալ ձեւով է նկարագրում նրա կեանքի վերջին վայրկեանները.–
«Երբ Մարգար կը հրաւիրուի ի կախաղան, երեսնամեայ երիտասարդը պարզ, անխռով կը դիմէ դէպի մահ եւ կանգնած աթոռի վրայ, կախղաանի տակ, կը դառնայ դէպի յախուռն բազմութիւնը եւ կը պոռայ.– «Հայե՛ր, մի՛ վհատիք, քաջ գիտցէք, որ այլեւս հասած ենք մեր նպատակին: Թէեւ ես կը մեռնիմ, բայց դուք պիտի ապրիք: Միայն այն երջանիկ ժամանակ զիս ալ չմոռնաք: Եթէ խանդակաթ այցելուներ ունենամ գերեզմանիս շուրջը, ոսկերքս ալ կը հրճուին ու կը խայտան»:
Երիտասարդի գլուխը մտնում է օղակի մէջ, դահիճը քաշում է ոտքերի տակից աթոռը: Մի կարճ խրխռոց, ոտքերի եւ կապած թեւերի անկանոն մի երկու թափահարութիւն եւ... ամէն բան վերջացած էր արդէն»: