26 January, 2023

Ռոստոմի Թաղումը

Նկարը՝ Թիֆլիսի Հայոց Վանքի եկեղեցին

Կիրակի, յունւարի 26-ին, Թիֆլիսում տեղի ունեցաւ Ռոստոմի թաղումը:

Առաւօտեան ժամը 10-ին հանգուցեալի բնակարանի շուրջն էին հաւաքւել բազմաթիւ ընկերներ, համակրողներ եւ խուռն բազմութիւն: Ժամը 10 եւ կէսին Ռոստոմի դագաղը դուրս բերին Արեւելեան Բիւրօի եւ Վրաստանի Կենտրոնական Կօմիտէի անդամները:

Դրսում Ռոսոտմի բնակարանի մօտ Արեւելեան Բիւրօի կողմից խօսեց ընկեր Յովսէփ Արղութեանը: Նա մօտաւորապէս ասաց հետեւեալը.- Ծանր է, չափազանց ծանր ինձ այսօր վերջին հրաժեշտի խօսք ասել մեր այն անզուգական ընկերոջը, որի հետ ես գործել եմ տասնեակ տարիներ շարունակ: Նա, որ երեսուն տարի աշխատել ու տանջւել է հայ ժողովրդի փրկութեան համար, լքում է մեզ այսօր, իր երազների իրականացման նախօրէին: Հայ ժողովուրդը իր ամենամեծ զաւակին է թաղում այսօր, առանց նրա կեանքի ու գործի մեծութիւնը լաւ ճանաչելու: Բոլոր ընկերների կողմից ի վերջին մնաս բարեւն ասելով, սիրելի Ռոստոմ, ուխտում ենք աւարտել քո գործը:

Ապա սգերթը նախօրօք սահմանւած կարգով ու օրինակելի կարգապահութեամբ Ռէուտովսկայա, Միխայէլեան փողոցներով, Վորոնցովի կամուրջներով, Մադաթեան եւ Մեծ Վանքի փող. հասաւ Վանքի մայր եկեղեցին, ուր խռնւել էր մեծ բազմութիւնը:

Սգերթի առջևից գնում էին բարձր դասարանների աշակերտ աշակերտուհիները, ուսանողուհիները իրենց դրօշակներով, երկու օրիորդ տանում էին Ռոստոմը մեծադիր նկարը գիրլեանդով զարդարւած, ապա առեւտրական դպրոցի աշակերտների նւագախումբը: Սգերթի երկու կողմից գիրլեանդով շղթայ էին բռնել տրամւայի ծառայողները եւ մեր բանւոր ընկերները, որոնք եւ կարգ էին պաշտպանում: Նրանք իրենց կրծքերին ունէին կարմիր եւ սեւ ժապաւէնները:

Այնուհետեւ գալիս էր Ռոստոմի դագաղը, ուր ծաղիկներ չկային: Դագաղը, շրջապատել էին մօտիկ ընկերները որոնք փոխէփոխ իրենց ուսերի վրայ տանում էին Մեծ Ուսուցչի աճիւնը: Դագաղին հետեւում էին հարազատներն ու հազարաւոր ժողովուրդ. իսկ վերջից գալիս էր գիմնազիոնների նւագախումբը:

Ժողովուրդն այնքան շատ էր, որ Վորոնցովի ու Մադաթեան կղզու կամուրջներն էր բռնել: Թափորը եկեղեցի հասաւ ժամը 12-ին:

Պատարագից յետոյ Վանքի բակում խօսեց Բենիկ վարդապետը իբրեւ տղայոց 3-րդ գիմնազիայի ներկայացուցիչ: Նա Ռոստոմին համարելով ազգի, հայրենիքի, ճշմարտութեան ու ազատութեան անաղարտ մարտիկ, գիմնազիայի կողմից խոստում տւեց, որ նրա պատգամները, իրենք կը կատարեն սրբութեամբ:

Նոյն տեղում թիւրքահայ դաշնակցական ընկերների կողմից խօսեց Հմ.այեակ Մանուկեան, որը Ռոստոմին համարեց հայ դատի մարմնացումը ու իրական արտայայտութիւնը: Ռոստոմը,- ասաց նա,- մեր մեծ ուսուցիչը իր շունչ, իր հոգին դրեց մեր ժողովրդի մէջ ու նրա ազատութեան համար աշխատեց 30 տարի. հայ ժողովուրդը իր մէջ կը պահի նրա յիշատակը, իրականացնելու նրա գաղափարները:

Այնուհետև նոյն կարգով սգերթը մեկնեց դէպի գերեզմանատուն անցնելով Մեծ Վանքի, Մադաթեան, Բարիատինսկայա, Գոլովինեան, Գւորցովայա փող., Երևանեան հրապարակ, Պուշկինեան, Մուխրանեան փողոց, Ցոցիանովի վերելքով, Ալազանսկայա փ., Կախէթ. հրապ. և Լազարեսկայա փող.:

Ճանապարհին Աւ. Շահխաթունեանի անւան գրադարանի մօտ, ուր պատից կախւած էր Ռոստոմի նկարը՝ գիրլեանդով զարդարւած: Այստեղ խօսեց ընկ. Վահան Խորէնին, Հ. Յ. Դ. Վրաստանի Կենտրոնական Կոմիտէի, նրա օրգան «Յառաջ»-ի խմբագրութեան և Բագւի Հ. Յ. Դ. Կենտրոնական Կոմիտէի կողմից, որը մօտաւորապէս ասաց հետևեալը.- Հայ ժողովուրդի Ազատութեան Ոգու մարմնացումի դիի առաջ՝ նրա էութիւնը ճիշտ պատկերացնելու համար ես հարկ եմ համարում յիշել նոյն ժողովրդի ապրումների ու տենչանքների բանաստեղծական արտայայտութեան մի հեքիաթ.- Ապրում էր արևելքում ասում է հեքիաթը, մի շատ դժբախտ, հայի պէս ու հայի չափ դժբախտ ժողովուրդ. նրա փրկութեան գաղտնիքը գտնւում էր հեռու, անյայտ, փշոտ ու արիւնոտ ճանապարհ ունեցող Ազատութեան Տաճարում: Այդ ժողովուրդից տարիներ շարունակ ինքնակամ ուխտեալներ, ինքնազոհ նահատակներ էին դնում եւ անթիւ արգելքներ յաղթահարելով, վիշապների եւ հրէշների հետ կռւելով՝ աշխատում էին մտնել տաճարը եւ ձեռք բերել փրկութեան գաղտնիքը: Եւ գնում էին շատերը, լաւերը, գնում էին հազարներով, բայց ոչ ոք չէր կարողանում Ազատութեան Տաճարի ներսը մտնել: Մի դաժան անէծքով թէ թովչանքով նրանք բոլորը գալիս եւ ընկնում էին տաճարի դռանը հասնելով: Ոչ ոք չէր մտնում ներսը, բայց էլի գալիս էին եւ չէին վհատում, որովհետեւ միայն իրենք ինքնակամ եւ յոժարակամ զոհւողները գիտէին հաստատ, որ մի օր մէկը պէտք է մտնի տաճարի ներսը, պէտք է հասնի իր նպատակին: Եւ այն էլ գիտէին, որ այդ մէկը, ժողովրդի փրկութեան գաղտնիքին հասնողը պէտք է լինի ժողովրդի լաւագոյն զաւակը: Երբ դժբաղդ ժողովուրդի լաւագոյն զաւակն էլ ընկնի Ազատութեան Տաճարի սեղանի առաջ՝ ժողովուրդը պիտի փրկւի...

Ահա եւ մեր հայ ժողովուրդը զոհաբերեց հեքիաթի պահանջած լաւագոյն զաւակին, իր ամենավսեմ ու անձնազոհ Ուխտեալին:

Ռոստոմը, մեր ազատամարտի Մեծ Նախավկաների Սուրբ Երրորդութեան ամենագեղեցիկ վերջինը իր կեանքով ու մահով վերացնում է հայ ժողովւրդի վրայից նրա Արտաւազդեան կաշկանդման ու ստրկութեան անէծքը: Արեւելքի մեծ սոցիալիստն եւ առաջին, իսկական սոցիալիստը համակ գաղափար, համակ անձնազոհութիւն, համակ իդէալ անձնազոհ կեանքով յաղթահարում է հայ ժողովրդին հալածող չար բախտը եւ հարթում, բաց անում վերջնականապէս դէպի նրա Ազատութեան եւ երջնակութեան տաճարը տանող տատսկոտ ու արիւնոտ ճանապարհը:

Եւ մեր Ազատութեան Ոգու այս չքնաղ, այս լուսաւոր դէմքը կոչ է անում մեզ հաւատարիմ մնալ իր Մեծ ու Սուրբ Ուխտին, բարձր պահել իր դրօշակը եւ գնալ իր նման աննմանների կեանքի գնով հարթած ճանապարհով դէպի Ազատութեան ու Հաւասարութեան, դէպի բոլոր ժողովուրդների միութիւնն ու եղբայրութիւնը: Խոնարհւենք Նրա սուրբ դիի առաջ եւ խնդրենք մեզ կտակել իր սուրբ ուխտը եւ ուխտենք հաւատարիմ մնալ Ռոստոմին – Նրա Ուխտին, Նրա ոգուն, Նրա գործին:



Այնուհետեւ սգերթը կանգ առաւ Երեւանեան հրապ. Քաղաքային ինքնավարութեան շէնքի մօտ, ուր խօսեցին ընկ. Արտ. Աբեղեան, Ա. Խոնդկարեան եւ Վ. Ահարոնեան, որոնցից առաջինը Ռոստոմին բնորոշեց իբրեւ ճշմարտութեան, համերաշխութեան ու ազատութեան մարմնացում, որի ապացոյց նրա կեանքն ու գործունէութիւնն է: Այսօր,- ասաց ընկերը,- մեռաւ Ռոստոմի երկրային կեանքը, բայց սկսւում է նրա անմահութեան շրջանը. կը գան սերունդներ, կանցնեն սերունդներ, բայց Ռոստոմի եւ նրա ընկերների հիմնած գաղափարները կը մնան ամուր եւ անկործան:

Սոցիալիստ յեղափոխականների շրջանային կոմիտէի եւ Հայաստանի Խորհրդարանի եւ Հայաստանի Խորհրդարանի սոց.-յեղափ. ֆրակցիայի կողմից խօսող Ա.րշամ Խոնդկարեանը ցաւ յայտնելով Դաշնակցութեան կրած ծանր կորուստի առիթով ասաց, որ հայ քաղաքական կեանքի գարունքին մէկիկ-մէկիկ ընկնում են դալար տերևները, որոնք պիտի գեղեցկացնէին մեր կեանքը: Աթաբէկեանից, Յովնան Դաւթեանից, Կոստիայից, Կարճիկեանից, Աւ. Շահխաթունուց յետոյ իր պոստի վրայ ընկաւ եւ Ռոսոտմը, որը մեծ ցաւ է պատճառում նաեւ մեզ: Հայաստանը սպասում էր, որ կը գայ Հեղինակութիւնը՝ Ռոստոմը, որը Հայաստան մեկնելու պահին ընկաւ: Կրկին ցաւակցութիւն յայտնելով Ռոստոմի կորուստի առիթով՝ ճառախօսը հայ հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրեց, որ նա իր հայեացքը դարձնի դէպի Հայաստան, որը Ռոստոմի կէտ նպատակն էր:

Վարդգէս Ահարոնեանը ռուսերէն լեզւով տւեց մի քանի բնորոշ գծեր Ռոստոմի գործունէութեան եւ բնոյթի մասին: – Ռէակցիայի օրերին,- ասաց նա,- երբ վախկոտ ու թոյլ յեղափոխականները շարքերն էին լքում, Ռոստոմը ամուր կանգնած մնում էր իր տեղում, յեղափոխականի պոստում: Ռոստոմը եռանդ էր, Ռոստոմը՝ խիղճ էր, Ռոստոմը միտք էր, Ռոստոմը մի յեղափոխական էր, որ աշխարհի բոլոր ժողովուրդներին միացնում էր: Որտեղ կար յեղափոխութիւն, այնտեղ էր Ռոսոտմը, որտեղ յեղափոխութեան մարտափողն էր հնչում՝ Ռոստոմն առաջին շարքերումն էր: Նա ոչ միայն իր ժողովրդի մասին էր մտածում, այլ արևելքի բոլոր ժողովուրդների: Ռոստոմը գործում էր ամենածանր պայմաններում, ե՛ւ Տաճկաստանի դեսպոտիզմի օրերին, ե՛ւ Ռուսաստանի ցարիզմի օրերին: Այժմ էլ նրա յիշատակը յաւերժացնելու համար Հայ Յ. Դաշնակցութիւնը խոստում է տալիս, որ կը շարունակի նրա կիսատ թողած գործը եւ կիրականացնի նրա գաղափարները:

Ժամը 4-ին մօտ սգերթը հասաւ Կախէթեան հրապարակ, ուր խօսեց բանւոր Արամը, որն ընդգծեց, թէ Ռոստոմը հարազատ էր հայ աշխատաւորին. նրա խնամքի առարկայ է եղել հայ աշխատաւորը, սկսած գործարաններից մինչեւ դաշտի մշակը՝ գիւղացին եւ 30 տարի շարունակ նրանց ամուր կապել է Դաշնակցութեանը, որոնք երբէք չեն դաւաճանել Դաշնակցութեանը: Ռոստոմը մեզնից հեռանում է այն ժամանակ, երբ պիտի ժպտար. նա թէեւ մեռաւ եւ գնաց գերեզմանի մութ գիրկը, իր դաւանակից ընկերների մօտ, բայց մենք, բանւորներս, մեր կոպիտ ձեռքերով կը դարբնենք, կը փայփայենք եւ կը պաշտենք նրա գաղափարները:

Ինչպէս սկզբում, այնպէս էլ այժմ մերթ առաջին խմբի նւագով, մերթ վերջին խմբի նւագով՝ թափորը հասաւ գերեզմանատուն երբ մութը վրայ էր հասնում: Սգերթի ժամանակ մի քանի տեղ լուսանկարւեցաւ թաղման հանդէսը:

Սգերթը դեռ եւս գերեզմանատուն չհասած՝ ժողովուրդը բռնել էր գերեզմանի չորս կողմը եւ անցնելու հնարաւորութիւն չկար:

Հայաստանի հանրապետութեան կառավարութեան կողմից խօսեց Թիֆլիսում գտնւած Հայաստանի խաղաղարար պատւիրակութեան նախագահ Մարտ. Յարութիւնեանը, որը շեշտելով այն հանգամանքի վրայ, որ ռոստոմը չի կարողացել իր անմիջական մասնակցութիւնն ունենալ կազմակերպւող Հայաստանի գործերի մէջ, բայց նրա ջանքերով է, որ հայ քաջարի զինւորը հանդէս եկաւ իրեն անհաւասար ոյժի դէմ եւ այսօր, մանր ազգութիւնների բախտը տնօրինողներին համոզեց, որ հայ ժողովուրդը, ապրելու եւ կռւելու ընդունակութիւն ունեցող ժողովուրդը, հերոսներ ունի իր սահմանները պաշտպանելու համար: Այն կարծիքը, որ ստեղծւել է Հայաստնաի մասին եւ այն՝ ինչ որ շուտով ստանալու է Հայաստանը, բոլորը Ռոստոմի աշխատանքի պտուղն է: Հայաստանի կառավարութեան պատւիրակութիւնը միաձայն այն կարծիքի է, որ Ռոստոմի թաղումը պիտի լինի ազգային-պետական: Հայաստանի կառավարութիւնն ու պարլամենտն եւս կանգնած կը լինեն նոյն տեսակէտի վրայ: Ճառախօսը վերջում Հայաստանի կառավարութեան կողմից ցաւակցութիւն է յայտնում Դաշնակցութեանը, հանգուցեալի հարազատներին, ընկերներին եւ հայ հասարակութեանը, նրանց կրած ծանր կորուստի համար:

Ապա հանդէս է գալիս Հայ ժողովրդական կուսակցութեան Թիֆլիսի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Յ. Սպէնդիարեանը, որը Ռոստոմին համարեց Դաշնակցութեան գաղափարական նահապետը: Ռոստոմը,- ասաց նա,- աստանդական գործիչ էր. ուր որեւէ խորհրդակցութիւն էր լինում հայկական դատի շուրջը՝ նա այնտեղ էր: Ռոստոմը ազգային ռոմանտիզմի հովերից զուրկ չէր: Նա ըստ ամենայնի խոշոր դէմք էր եւ այսօրւանից նա պատկանում է պատմութեան: Վերջին ճառախօսը Հայ ժողովրդական կուսակց. անունից ցաւակցութիւն է յայտնում Դաշնակցութեանը նրա կրած ծանր, անփոխարինելի կորուստի առիթով:

Ղարսի Դաշնակցական ընկերների կողմից խօսեց ընկ. Հ.ամազասպ Նորհատեան, որն ասաց թէ Դաշնակցութեան ոսկեզօծ էջերը Ռոսոտմն է գրել. նրա կարմիր թերթերը նա է գրել.- Ռոսոտմը եղել է ամեն տեղ ու ամեն երկրի յեղափոխական շարժմանն իր մասնակցութիւնը ցոյց տւել: Նա սիրում էր ուրիշ ժողովուրդներին այնպէս՝ ինչպէս իր ժողովրդին: Ռոստոմը.- ասաց ընկեր Նորհատեանը,- յեղափոխական դրօշակը ձեռքին միշտ առաջին շարքերումն էր. իսկ այսուհետեւ նրա հոգին պիտի սաւառնի հայ ժողվորդի գլխի վրայ: Ռոստոմի մահով ընկաւ Դաշնակցութեան ճակատի ամենաթանկագին գոհարը»:

Ապա Թիֆլիսի տեղական կոմիտէի կողմից խօսեցին ընկ. Ա. Աւագեան, հայ զինւորների կողմից՝ Յ. Տէր Յարութիւնեան, Դաշնակցական ուսանողների կողմից՝ Այվազեան եւ Զաքաթալայի դաշնակց. Ընկերների կողմից Յ. Սարգսեան: Ժամանակի ուշ լինելու պատճառով ցուցակագրւած մի քանի ներկայացուցիչնեըր չկարողացան խօսել:

Երբ Ռոստոմի դագաղը գերեզման իջեցւեց, երեկոյեան հողմից ծածանւող կարմիր դրօշակներ խոնարհւեցին գերեզմանին, իսկ բազմահազար սգաւորները մի ակնթարթ ծունկի եկան, հնչեց երաժշտութեան մեղեդին. վայրկեանի խորհրդաւորութիւնից լսւեցին հեկեկոցներ:

Եւ այսպէս, մինչեւ մեղեդին ընդհատւեց:

Վերջում նւագախումբը թնդացրեց «Մեր Հայրենիք»ը:

Եւ այսօր Լաւ Մարդու աճիւնը ամփոփւեց Սիմէօնի, Շահխաթունու, Քեռու եւ մեր միւս ընկերների պանթէօնում:

Թաղման կարգը կատարում էր մի քահանայ: Պսակներ չկային: Ներկայ էին քաղաքական կուսակցութիւնների, դաշնակցական մարմինների, հասարակական կազմակերպութիւնների եւ պարսից հիւպատոսի ներկայացուցիչները:

Թաղումը վերջացաւ երեկոյեան ժամը 5-ից անց:

«Յառաջ», Թիֆլիս
Ա. Տարի, Թիւ 12, 13