18 February, 2023

Մովսէս Գիւլնազարեան (1896-1921)

Մեր կուսակցական ընկերների շարքում իր խառնւածքով ու բնաւորութեամբ մի շատ հետաքրքրական դէմք էր Մովսէս Գիւլնազարեանը: Ընդամէնը վեց տարւայ հասարակական-զինւորական կեանք ունեցաւ, սակայն այդ էլ բաւական է, որ դասւի մեր լաւագոյն զինւորականների շարքում:

Մովսէսը ծնւել է 1896 թ. Օշականում. սկզբնական կրթութիւնը ստացել է հայրենի գիւղում, ապա մտել է Գէորգեան ճեմարանը: 1915 թ. թողնում է դպրոցը եւ մի քանի ընկերների հետ մտնում է հայկական կամաւորական շարքերը, ուր շատ կարեւոր յանձնարարութիւններ է կատարում: Հայկական գնդերի ցրումից յետոյ մտնում է Թիֆլիզի ուսական սպայական դպրոցը, աւարտելուց յետոյ ուղարկւում է արեւմտեան ճակատ: Այստեղ նա քաջ զինւորականի համբաւ է ձեռք բերում, վարձատրւում է Գէորգեան խաչով, ապա մասնակցում է Տարնոպոլի նշանաւոր ճակատամարտին: Մովսէսն այն հազւագիւտ զինւորականներից է լինում, որ մինչեւ վերջը մնում է դիրքերում՝ իր հաւատարիմ զինւորների հետ: Ռուսական բանակի քայքայումից յետոյ անցնում է Հայաստան եւ այստեղ կրկնապատիկ եռանդով աշխատում հայրենի ժողովրդի ու պետութեան համար: Որպէս զինւորական ուղարկւում է ամենավտանգաւոր ու պատասխանատու գործերի՝ Դարալագեազ, Մեղրի, Օրդուբատի շրջանը: Վարում է մի շարք վարչական պաշտօններ:

1921 թ. յունւարին մեծամասնականները հայկական սպայութիւնը աքսորեցին Ռուսաստան եւ Հիւսիսային Կովկաս: Մեր ընկերը գտնւում էր Դարալագեազում: Տեղի է ունենում փետրւարեան ժողովրդական ապստամբութիւնը: Մովսէսը առաջինն է լինում մեր փոքրաթիւ զինւորականներից, որ միանում է այդ շարժման: Փետրւար 18-ին հարաւից արշաւող ժողովրդական մարտիկների գլուխն անցած փորձում է մտնել Երևան եւ սպանւում է Երեւանի այգիներում, Հրազդանի ափին:

Մովսէսի կեանքը արկածներով լի մի պատմութիւն է: Նա այն հազւագիւտ դէմքերից էր, որ ամենուրեք, ուր էլ լինէր՝ մի անսահման վստահութիւն էր ստեղծում իր շուրջը: Ընդունակութիւն ունէր կապելու իր հետ երիտասարդներին, մղելու նրանց, հանրային աշխատանքի, անգամ անձնազոհութեան: Ամեն շրջաում անսահման յարգանք ու հաւատ էր առաջ գալիս դէպի նա: Եւ անշուշտ դրա պատճառն այն է, որ նա ինքը գործի վրա նայում էր որպէս բարոյական պարտականութիւն, պատրաստ էր իր անձը զոհաբերելու յանուն գործի յաջողութեան: Նա կենդանի օրինակ էր իր շրջապատի համար: Այս տեսակէտից նրա գործի, վարքագծի եւ խօսքի մէջ չկար որւեւէ հակասութիւն:

Միշտ կենսուրախ ու միշտ ժպտերես՝ Մովսէսը ունէր հաստատուն, աներեր համոզումներ ու այն դէմքերից էր, որ պատրաստ էր իրեն մահով հաստատելու իր գաղափարների, համոզումների ճշմարտութիւնը: Դրա լաւագոյն ապացոյցը եղաւ իր մահը:

Ընկերական շրջանում մի անփոխարինելի դէմք էր Մովսէսը. Միշտ ծիծաղոտ ու կատակասէր՝ նա ստեղծում էր ուրախ եւ հարազատ մթնոլորտ: Հեգնանքով ու կատակով պատմում էր իր կեանքի ողբերգական վայրկեանների մասին. թւում է, թէ կեանքն էլ նրա համար մի կատակ էր: Այնքան ահ ու մահ տեսած՝ նա չէր փոխւել ներքնապէս: Ու չեմ կասկածում, որ վերջին պահուն, իր պարտքը կատարելիս՝ հայրենիքի ազատարութեան իր կեանքը զոհաբերելիս՝ մահն ընդունել է երգելով ու ծիծաղկոտ:

Գ. Գիւզալեան
«Դրօշակ» - Օգոստոս-Հոկտեմբեր 1926
Թիւ 8-10 (255-257)