01 February, 2023

Արամի Թաղումը

Փետրւարի 1-ին Երևանում փակւած էին բոլոր պետական հիմնարկութիւններն ու պաշտօնական տները, որովհետև այդ օրը հողին էր յանձնւելու հայոց ժողովրդի մեծ զաւակներից մէկը՝ ներքին գործոց մինիստտր Արամ Մանուկեանը:

Պատրագն սկսելուց դեռ առաջ Պօղոս Պետրոս եկեղեցու դիմաց, Աստաֆեան փողոցի երկայնութեամբ, շղթայ էր կազմել միլիցիոներների խումբը, բազմութեան առաջում կանգնել էր ձիաւոր զօրքը, մէջտեղում՝ ծաղկեայ պսակներով զարդարուն սև դիատար օթոմոբիլը, որի վրայ ծածանւում էր դաշնակցութեան սևազարդ դրօշը, իսկ օթոմոբիլի շուրջը տեղաւորւած էր հետիոտն զօրքը, վերջում թնդանօթաձիգների խումբն իրենց թնդանօթներով:

Խուռն հասարակութիւնը կանգնած էր Աստաֆեանի երկարութեամբ, լեփ լեցուն էր եկեղեցու թէ գաւիթը և թէ ներսը:

Թաղման սգերթին մասնակցելու էին եկել պետական հիմնարկութիւնների, ուսուցչական խմբերի, բարեգործական, կրթական այլ հիմնարկութիւնների, պարբերական հրատարակութիւնների, արհեստակցական միութիւնների, զինւորական գնդերի, զանազան գաւառական համայնքների ու խմբերի, աշակերտական միութեան, քաղաքական կուսակցութիւնների, կանանց միութիւնների և տաճկահայ զանազան ընկերութիւնների, կազմակերպութիւնների ու միութիւնների ներկայացուցիչները:

Բազմահազար ժողովրդի ներկայութիւնը թաղման սգերթին մի իսկական վկայ էր Արամի մեծ ժողովրդականութեան:

Զանգակների տխուր ղօղանջը սգաւոր բազմութեան յայտնեց դպրոցի եկեղեցուց դուրս բերւելը, և զինւորական նւագախմբի մահերգը շարժեց բազմութիւնը դէպի առաջ:

Սգերթի առաջից գնում էր ձիաւոր զօրքը, դագաղի երկու կողմից շղթայ էր կազմել միլիցոներների խումբը, դագաղի առաջից գնում էին աշակերտական ու որբերի խմբերը, իրենց դասատուների առաջնորդութեամբ, ապա բազմաթիւ դրօշակներ էին տարւում, որոնց մէջ աչքի էր ընկնում Հ. Յ. Դաշնակցութեան և վանեցի կանանց ասեղնագործ դրօշը:

Դագաղին հետևում էին պաշտօնակիցների և յարգողների խմբերը, ապա հետիոտն զօրքը, ժողովրդական բազմութիւնը, իսկ վերջից թնդանօթախումբը:

Խուռն բազմութիւնը խռնւում էր դագաղն իր ուսերի վրայ կրելու համար, և կարգապահները հազիւ հնարաւորութիւն ունէին սգերթի կարգը պահելու և իրօք, չէ՞ որ Արամն իր ամբողջ կեանքում կրել էր իր կարող ուսերի վրայ հայ ժողովրդի ճակատագրական դառնութիւնների ամբողջ ծանրութիւնը:

Թափորը կանգ առաւ Աստաֆեան փողոցում Դաշնակցութեան տան առաջ, որի պատշգամբից յարգանքի խօսք ասեց ընկ. Նիկ. Աղբալեանը: Նա վեր հանեց այն խոշոր դերը, որ կատարել է Արամը հայ կեանքում, շեշտեց նրա օգտաւէտ գործունէութիւնը Վանում, երևանում, ուր նա հանրապետութեան հիմնւելու օրից վարում էր ներքին գործերի մինիստրի պաշտօնը:

Ինքնամփոփ մի պատկեր է ներկայացնում նա Արամին Հ. Յ. Դաշնակցութեան, որի առաջին շարքերում գործել էր Արամը, իսկ Դաշնակցութիւնն էլ իբրեւ հայ ժողովրդի գեղեցիկ իդէալների ու ձգտումների մի հարազատ մարմնացում ու ամբողջութիւն: Եւ ինչպէս Արամը, այնպէս էլ Հ. Յ. Դաշնակցութիւնն ու հայ ժողովուրդը շարունակ բամբասւել են ու պարսաւանքի ենթարկւել շատերի կողմից, սակայն ճշմարիտն ու իսկական գնահատման խօսքը մնում է պատմութեան, որն իր փոշիների միջից պէտք է դուրս բերի ազնիւ գործիչների ու յուդաների տիպերը եւ որ այդ յուդաներն իբրեւ մի յաւիտենական սեւ ստւեր ընկած են լուսեղէն առաքինութիւնների յետևը, մշուշելու նրանց գործունէութիւնը:

Այնուհետև խօսեցին «Աշխատանք»-ի խմբագիր Յ. Մխիթարեան և Վէսպեր Վանի և տաճկահայ մտաւորականների կողմից՝ յայտնելով իրենց ցաւը Վանի մէջ յեղափոխութիւնը դարբնող մեծ ուսուցչի մահւան առթիւ: «Չկայ Արամը, էլ ի՛նչպէս վերադառնանք մենք ցաւի ու աւերի հայրենիքը, ասում էր ընկ. Մխիթարեանը, ի՛նչպէս վերստեղծենք այն բոլորը, որ այժմ կործանւած են սև ձեռքով, մենք որբեր ենք հիմա, չունենք մեր առաջնորդ Մովսէսը, որ կարմիր ծովը պատռելով նորից առաջնորդէր մեզ մեր աւետեաց երկիրը:

Էլ ինչպէս վերադառնայ իր աւեր Վաթանը հայ տրտում գեղջուկը, երբ չկայ Արամը, այն կարող ու զօրեղ ձեռքը, որ պիտի ցոյց տար, ի՜նչ կերպ պիտի շինել քանդած օջախը, ի՞նչ կերպ նորէն մարած կրակը վառել»:

Նոր սերնդի կողմից խօսեց ընկ. Դաւիթ Մել. Դադայեանը:

«Նոր սերնդի կողմից եմ եկել ձեզ յարգանքներ մատուցելու մեծ վարժապետներ, հանգիստ ու օրհնութիւն ձեզ, որ ձեր արիւնոտ քրտինքներով մեր լուսաւոր ապագան էք դարբնում: Երախտագիտութեան սուրբ զգացմունքներով մենք ծունկ ենք իջնում ձեր ցան ու ցրիւ ընկած սուրբ շիրիմների առաջ մեծ նահատակներ, մեր ազնիւ վարժապետներ»: Դաշնակցութեան տան առաջից թափորն յառաջացաւ ու կանգնեց Խորհրդարանի շէնքի առաջ, որի պատշգամբից Հայաստանի Կառավարութեան ու մինիստրութեան կողմից խօսեց խնամատարութեան մինիստր և ներքին գործոց մինիստրի պաշտօնակատար ընկ. Ա. Խատիսեանը, որ շեշտեց, թէ Արամի մահով ինչ ծանր կորուստ է հսանում Հայաստանի հանրապետական կառավարութեանը: Թէ որքան ծանր է եղել գործել մի այնպիսի նորակազմ կառավարութեան մէջ, որն իր գոյութեան սկզբից շրջապատւած է եղել հազար ու մի խոչընդոտներով և որի գործունէութեան ծրագիրն անորոշ է եղել շնորհիւ տիրող քաղաքական յեղ-յեղուկ պայմանների և Արամը մէկն է եղել կառավարութեան այն խոհուն, գործունեայ անդամներից, որ երբէք չի կորցրել իր հոգեկան հաւասարակշռութիւնը եւ ամենածանր փորձութիւններից դուրս է եկել պարզերես ու մոմենտի նշանակութիւնն իսկութեամբ ըմբռնող:'

Հ. Յ. Դաշնակցութեան Երևանի Կենտրոնական Կոմիտէի, Խորհրդարանի դաշնակցութեան ֆրակցիայի անունից դրւատանքի խօսքեր ասաց Խորհրդարանի անդամ ընկ. Հայկ Սարգսեանը, մէջ բերելով այն կենդանի ու գործօն մասնակցութիւնը, որ Արամն ունեցել է կոմիտէի մէջ, հանդիսանալով երբեմն նրա տան աւագը:

Նոյն պատշգամբից Վանի և տաճկահայ նոր սերնդի կողմից երախտագիտութեան ջերմ խօսքեր ասաց ընկ. Ոստանիկը:

Ապա թափօրը Բազարնայա, Արխիաեկտորսկայա փողոցներով հասաւ Մոլոկանակայա փողոցը և բռնեց Միլեր հանգստարանի ճամբան:

Բազմահազար ժողովուրդը չնայելով ցրտին, շարունակում էր ուղեկցել հանգուցեալի դագաղին. Ցաւը մեծ էր ու ընդհանրական:

Հանգստարանում ծիսակատարութիւնը վերջանալուց առաջ վերջին մնսա բարևի խօսք ասաց ընկ. Յ. Քաջազնունին, որ շեշտեց, թէ որքան ցանկութիւններ անկատար թողած՝ Արամն անժամանակ հեռանում է մեզանից դէպի յաւիտենականութիւն, խոր կսկծի մէջ թողնելով մեզ բոլորիս:

Գնա, ընկ. Արամ, գնա, սիրելի եղբայր: Դու կատարեցիր քո քաղաքացիական պարտքը քո ժողովրդի հանդէպ և երբ ես էլ կը գամ քեզ մօտ, կը գտնեմ քեզ սիրելի ընկեր, յաւիտենականութեան մէջ, յոյս ունիմ, որ աւետիքի լուրեր կտամ քեզ քո թշւառ հայրենիքից, որի բարօրութեան գործին նւիրեցիր քո ամբողջ գոյութիւնը: Եւ թնդանօթների, հրացանների համզարկերի տակ դագաղը իջեցրին գերեզման:

* * *

Արամի դագաղի վրայ դրւած էին պսակներ հետեւեալ մակագրութեամբ.

1. Վասպուրականի Կանանց Միութիւնից Հիմնադիր Արամին (մի պսակ մի դրօշակ ոսկէ թելերով, սպիտակ խասի վրայ գործած):

2. Վասպուրականի Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոն. Կոմիտէից և «Ախատանք»-ի խմբագրութիւնից:

3. Արամին – Հայաստանի Հանրապ. Կառավարութիւնից:

4. Ժողովրդական հերոս – Արամին – Հայաստանի զօրքերից:

5. Վանի հերոս Արամին – Երեւանի Հայուհեաց միութեան բիւրօից:

6. Անմոռանալի գործիչ Արամին – Իր երախտապարտ պաշտօնեաներից:

7. Ներքին գործերի մինիստր Արամին – Երևանի գաւառի կոմիսարիատից:

8. Անմոռանալի մինիստր Արամին – Ինժիներական եւ երկաթուղային վարչութիւններից:

9. Տանջւած Արամին – Դրօից:

10. Անմոռանալի Արամին – Շահխաթունուց:

11. Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմիտէից:

12. Հ. Յ. Դաշն. Երևանի Կօմիտէից:

Մ. Աւետիսեան
«Զանգ», Երեւան
Գ. Տարի, Թիւ 16
Կիրակի, 9 Փետրւարի 1919 թ.