25 April, 2023

Հրաչ Աւետիսեան


Թեհրան, մայիս 8

Նոր մա՜հ, նոր կորո՜ւստ...

Այս անգամ անողոք մահը խլեց մեր շարքերից անվեհեր ռազմիկ ընկ. Հրաչին...

Եւ որքա՜ն անակնկալ, որքա՜ն արագօրէն... Եօթ օրուայ մէջ թոքերի բորբոքումը կտրեց նրա կեանքի թելը...

Դեռ երեկ, առողջ ու առոյգ, լի էր ապրելու ու գործելու տենչանքով:

«Ես դեռ ապրելու եմ, դեռ հերթը իմը չէ» – ասում էր նա կատակով իր մօտիկ ընկերներին...

Եւ արդարև, հերթը նրանը չէր. նա դեռ մեծ իղձեր ունէր, որ իրականացած չէին. նա դեռ ազգային վեհ իդէալներ ունէր, որոնց նա ձգտել էր և որոնց համար նա գործել ու պայքարել էր համարեա 40 տարի, պատրաստ զոհաբերելու իր կեանքը...

Մանկական ջինջ ու անկեղծ հաւատով էր ներշնչուած նրա հոգին դէպի ՎԱՂՈՒԱՆ օրը:

ԱՅՍՕՐԸ նա համարում էր ժամանակաւոր դժբախտ մի պատահար, որ բնական էր ազգի երկարատև պայքարի մէջ: Ուր յաղթութիւն կայ, այնտեղ կարող է լինել և պարտութիւն...

Եւ նա լուռ ու ինքնամփոփ, մեկուսացած ու զբածուած իր շօֆերական առօրեայ ծանր աշխատանքներով, համբերութեամբ քարշ էր տալիս տարագրի դառնաղէտ կեանքը...

Ո՞վ կարող էր երեւակայել, որ այդ լռակեաց, խոհուն ու համեստ արտաքինի տակ բաբախում է քաջարի ռազմիկի անվեհեր սիրտը. մի սիրտ, որի զարկերակը խփել է միշտ ներդաշնակօրէն ազգային ազատագրական պայքարի զարկերակի հետ...

Յեղափոխական բուռն տեմպերամենտով. ի ծնէ ռազմական ձգտումներով, քաջարի ու անվեհեր, բայց միաժամանակ գերմանացու նման կարգապահ,– իր անձնականը հանրայինին ենթարկող, ընկերասէր,– ընկ. Հրաչը հանդիսանում էր մէկը մեր աննման ռազմիկների շարքում, որ մարմնացել էր իր մէջ մեր ազատագրական շարժման դիւցազնական օրերի՝ 90-ական թուականների բարոյական բարձր ու ջինջ աւանդութիւններն ու գաղափարները:

Անկեղծ դառնութեամբ ու խոր վշտով էր նա խօսում նոր սերունդի մէջ տարածուած գաղափարազրկութեան, բարոյական թուլութեան ու մեղկութեան մասին:

Բայց իսկոյն իր լաւատեսութեան մէջ, նա շտապում էր մխիթարել թէ ընկերներին և թէ իրեն, որ այդ յոռի երևոյթներն արդիւնք են յետպատերազմեան անկման շրջանի և մեր տարագրական պայմանների և որ նրանք կանցնին, կը վերանան հայրենիքի ազատագրութեան առաջին իսկ օրերից...

Եւ այսպէս աննկուն իր հաւատամքի մէջ, լի ազատատենչ ու հայրենատենչ երազ-յոյսերով, նա անակնկալօրէն փակեց յաւիտեան իր աչքերը, զոհ գնալով տարագրական ցրտաշունչ կեանքին...

Կա՞յ խօսք, կա՞յ գրիչ, որ հարազատօրէն արտայայտէր այն յաւիտենական ողբերգութիւնը, այն մշտական ցաւատանջ բախումը, որ առաջ է գալիս մարդկային հոգու վեհ ձգտումների, երազների ու վառ յոյսերի, քնքոյշ ու ջերմ զգացումների և կեանքի դառնաշունչ ու օրհասական հովերի միջև, որոնց մարդ-անհատը ճակատագրականօրէն զոհ է գնում...

Բայց թող լինի անխռով քո հոգին, սիրելի ընկեր Հրաչ, քանզի դու թողիր հայ ռազմիկների պանծալի պատմութեան մէջ անջնջելի բարի յիշատակ:

Խմբագրական
«Ալիք», Թեհրան
Բ. Տարի, Թիւ 7 (55)
Կիրակի, 8 Մայիս 1932