Այս անգամ մեռնողը Հայ Ազատամարտի ուխտեալ մարտիկների շքեղ փաղանգից է – Հրաչ Աւետիսեան, որ դեռ պատանի օրերից նետուեց մեր Ազատագրական շարժման փոթորկալից ասպարէզը և մինչև վերջ կրօնական երկիւղածութեամբ ծառայեց նրա Դատին՝ մնալով միշտ հաւատարիմ իր դաւանած գաղափարի սրբազան աւանդներին և լինելով միշտ պարտականութեան առաջաւոր դիրքերում...
Հանգուցեալը ծնուել էր Ալէքսանդրապոլում 1880 թուին, տնտեսապէս բարեկեցիկ մի ընտանիքում: Ապագայում հայրը առևտրական պատճառներով ընտանիքը տեղափոխում է Կաղզուան և հաստատւում այդտեղ, ուր և փոքրիկ Հրաչին դնում է տեղի ծխական դպրոցը: Չորս տարի այդ դպրոցում կարդալուց յետոյ Հրաչը ուղարկւում է Ղարսի ծխական դպրոցը, որ մի բաժանմունքով բարձր էր: Այդ դպրոցն էլ վերջացնելով՝ պատրաստւում է մտնել Ճեմարան և ընդունւում է որպէս որդեգիր Խրիմեանի: Սակայն Հրաչը իր անհանգիստ խառնուածքի և տաք բնաւորութեան պատճառով մի խումբ աշակերտների հետ ըմբոստանում է դպրոցի խիստ ռէժիմի դէմ և վտարւում:
1895 թուին անցնում է Թիֆլիս և մտնում Ներսիսեան դպրոցը: Այստեղ էլ չի յաջողւում ուսումը շարունակել: Նա մանկութիւնից սէր ունենալով զէնքի հետ, աւելի գերադասում է որսորդութիւնն ու հրացանը, քան ուսումը: Հետագայում միայն ինքնաշխատութեամբ մասամբ լրացնում է թերի մնացած կրթութիւնը:
90-ական թուականներից արդէն կովկասահայ երիտասարդութեան մէջ սկսուել էր գաղափարական խմորումներ առաջ գալ: Սահմանի միւս կողմում Սասունի և Զէյթունի ապստամբութիւնները, Կուկունեանի խմբի արշաւանքի փորձերը դէպի երկիր – խորապէս ազդում են ինչպէս կովկասահայ սերունդի առաջադէմ տարրերին, այնպէս և Հրաչին, որը հաւաքելով իր շուրջը 18 հոգի պատանիներ՝ կազմում է «Աստղ» խումբը, երկիր անցնելու մօտիկ դիտաւորութիւններով: Նա այն օրերին (95 թ.) յարուած էր Հնչակեան կուսակցութեան, որպէս ժամանակի ուժեղ կուսակցութիւնը: Սակայն նոյն թուականի վերջերին անցնում է Թիֆլիս և իր մի ընկերոջ միջոցով ծանօթանում Քրիստափորի հետ, որի թողած բարոյական կախարդող ազդեցութեան տակ մտնում է Դաշնակցութեան շարքերը և մինչև իր կեանքի վերջը մնում հաւատարիմ այդ կուսակցութեան գաղափարներին:
Հրաչը կարճ ժամանակից Քրիստափորի յանձնարարութեամբ անցնում է Ղարսի շրջանը և լծւում է սահմանագլխի փոխադրական աշխատանքներին, ուր բռնւում է ռուս կառավարութեան կողմից և բանտարկւում: Սակայն անչափահաս լինելու պատճառով կարճ ժամանակից ազատւում է:
1897 թուին Հրաչը դիմում է անում Հ. Յ. Դաշնակցութեան կենտրոնին և ցանկութիւն յայտնում իր ընկերներով մասնակցելու Խանասորի պատմական արշաւանքին. սակայն այստեղ ևս մերժում է ստանում իր անչափահաս լինելու պատճառով: Այնուհետև իր երկու ընկերներին վերցնելով նա անցնում է Յունաստան և մասնակցում Կրէտէի ապստամբութեան, որից յետոյ այդ շրջանում մնում է երեք ամիս և ապա վերադառնում նորից Կովկաս:
1900 թուին մտնում է զինուորական ծառայութեան մէջ մինչև 1903 թիւը:
1905 թուի հայ-թաթարական կռիւներին Հրաչը մէկն է լինում Սեբաստացի Մուրատի, Աւոյի, Կորիւնի հետ Զանգեզուրի ինքնապաշտպանութեան բուռն կռիւներին մասնակցողներից...
Հաշտութիւնից յետոյ անցնում է Թիֆլիս, ուր ծայր էր տուել Միհրանական անիշխանական շարժումը, որից մեծապէս տուժում էր գաւառի գիւղացիութիւնը և որը զսպելու համար Հրաչը ուղարկւում է Ղարս-Կաղզուանի շրջանը:
Նա մասնակցել է նաև Պարսկաստանի յեղափոխութեան կռիւներին: Դեռ այսօր էլ Մուժամբարի հայութիւնը և շրջակայ թուրք գիւղացիութիւնը երախտիքով են յիշում Խմբապետ Հրաչի անունը, որ 1909 թուին իր փոքրաթիւ ընկերներով կուրծք դէմ տուեց Ղարադաղի վայրագ խաների յարձակումներին և փրկեց թէ մուժումբարցիներին վերահաս կոտորածից եւ թէ շրջանի գիւղացիութեան ունեցուածքը թալանից...
Պատերազմի օրերին Հրաչը կամաւորական V-րդ խմբի մէջ նշանակւում է Համազասպի օգնական, որպէս հեծելազօրքի պետ և մասնակցում է բազմաթիւ կռիւների:
1921 թ. Փետրուարեան ապստամբութեան Բաշ Ապրանի ուղղութեան հրամանատարական կազմը. Ձախէն աջ. ոտքի 3րդ. Գրիգոր Արամեան, 4րդ. Աւագ Քհնյ. Հաճեան: Նստած 4րդ. Հրաչ Աւետիսեան, 5րդ. Վաղարշակ Գենտիրի, 6րդ. Վարոս Բաբայեան: Գետինը 3րդ. Գուրգէն Սարգիսեան Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Ապա Հ. Հանրապետութեան օրոք Ղարսի նահանգում դառնում է միլիցիայի վարիչ, մասնակցում մայիսեան յայտնի ըմբոստութիւնը ճնշելու գործին: Իսկ փետրուարեան ապստամբութեան ժամանակ եղել է Ապարանի ճակատի հրամանատարական կազմի մէջ:
Տարագրութեան օրերին շատ շատերի հետ նա էլ է անցնում հիւրընկալ Պարսկաստան և նուիրւում խաղաղ աշխատանքների՝ մինչեւ 1932 թ. ապրիլ 28-ը, ուր, աւաղ, մեռնում է կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, երազները անկատար, հայրենիքի կարօտը սրտում, հերոսի համար դառն պայմանների մէջ, կսկծալի վիշտ պատճառելով իր ծանօթներին և գաղափարական ընկերներին...
Թող հողը ծանր չը գայ քո տարգիր աճիւնիդ, քաջարի մարտիկ...